Translate

7/31/2013

Միացե՛ք մեզ, և ամեն օր միասին փորձենք ընթերցել և քննարկել... :)

Բլոգում այսուհետ կլինի նոր նախաձեռնություն, որի կարգախոսն է. միացե՛ք մեզ, և ամեն օր միասին փորձենք ընթերցել և քննարկել...
Կարծում եմ շատերին դա դուր կգա: Ամեն օր առաջարկվելու է գրքերից հատվածներ, որոնք կարող եք ընթերցել համապատասխան լինքով; Այն կտեղադրվի առանձին բաժնով, որը  կարող եք տեսնել բլոգի աջ մասում, այնուհետև սեղմելով նրա վրա,  կարող եք ընթերցել օնլայն տարբերակով՝ մեր ֆեյսբուքյան էջում:
Սկզբում կտեղադրվեն մեր նախընտրած գրքերը, որոնք ամեն օր կներկայացվեն հաջորդական գլուխներով Ընթերցողները կարող են ազատ մեկնաբանել իրենց կարծիքները:
Կտեղադրվեն նաև ձեր կողմից առաջարկվող գրքերի էլեկտրոնային տարբերակները: Իսկ եթե գիրքը անհնար կլինի ձեռք բերել, մենք ամեն կերպ կփորձենք այն գտնել և ներկայացնել ձեզ:
Հուսով եմ՝ մեր նախաձեռնությունը դուր կգա ձեզ... :)
Սպասված բլոգ

7/30/2013

Եկեղեցին՝ որպես հայ ժողովրդին համախմբող մեծ ուժ

Լինելով քրիստոնյա՝ մեզնից շատերը այցելում են եկեղեցի, սակայն շատ անգամ չեն գիտակցում եկեղեցի այցելելու խորհուրդը և պարզագույն կանոնները:
Շատերը մերժում են եկեղեցին, շատ շատերը մոռացել են և իրենց մեջ սառեցրել են այն գաղափարը, որ հայ են ու քրիստոնյա են,  և հետևում են այլ կրոնական խմբերի...
Յուրաքանչյուր հայ, պարզապես, մեծ պարտավորություն պետք է կրի իր ուսերին, և եկեղեցի այցելելը ցուցադրական արարողություն չդարձնի...
Աստված լսում է մեզնից յուրաքանչյուրի խոսքը, և պատարագին մասնակցելը, հաղորդություն ստանալը, խոկման արարողակարգին մասնակից լինելը, ամենևին վատ չէ, եթե դա ձեր հոգու ցանկությունն է, այլ ոչ պարտադրական կամ շահադիտական նպատակ:
Անկեղծ աղոթքը օգնում է բոլորին:

Բոլոր ժամանակներում, հատկապես այժմ,  մեր հաղթանակը մեծապես կախված է մեր համախմբվածությունից:
Մենք առաջին հերթին պետք է համախմբվենք մեր մեծ հավատի շուրջ...
Փա՛ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին Խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությւոնը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանի՛ր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ԱՄԵՆ:

Մարիամ Նազարյան


7/29/2013

Կարդանք մարդկանց մտքերը ժեստերի միջոցով



Յուրաքանչյուր անձ տեղեկություն է տալիս ոչ միայն բառերի (վերբալ), այլև ժեստերի, միմիկայի, հայացքի, այսինքն ոչ վեբռալ նշանների օգնությամբ: Ապացուցված է, որ տեղեկության մեծ մասը (80 տոկոսը), մենք ստանում ենք ոչ վերբալ ձևով, այն դեպքում, երբ բառերը տալիս են միայն 20 տոկոսը ինֆորմացիայի:



Ժեստերի միջոցով կարող եք իմանալ, թե ձեր 
զրուցակցին հետաքրքրու՞մ է այն ինչ դուք նրան ասում եք


Հաճախ մենք կարող ենք այդ մասին իմանալ նրա կողմից տրվող հարցերից, կրկնելու խնդրանքից, սակայն այս ամենը 100 տոկոսանոց չի կարող ցույց տալ նրա հետաքրքրությունը, քանի որ դա կարող է լինել զուտ քաղաքավարությունից ելնելով:
Մարդը, ցուցաբերելով հետաքրքրություն որևէ երևույթի, նա փորձում է մոտենալ տեղեկության աղբյուրին: Լսողը փորձում է մոտ լինել պատմողին:
Պատահում է, երբ որևէ մեկը, այնքան է հետաքրքրված լինում, որ հաճախ չի նկատում է, որ բերանը բաց է, աչքերը լայնացած, որը թույլ կտա մտածելու, որ այս միմիկաները վերաբերվում են հետաքրքրությամբ լսող մարդուն:
Եթե դուք չեք նկատում թվարկված նշաններից ոչ մեկը, ապա Դուք պետք է փոխեք ձեր կողմից ներկայացվող նյութի թեման, այլապես դուք չեք ստանա սպասվող արդյունքը:

Իսկ ինչպե՞ս հասկանալ տվյալ մարդը հավատում է ձեզ, թե՞ ոչ


Հաճախ վերբալ խոսքով տրված համաձայնությունը չի համապատասխանում իրական իրավիճակին: Այս դեպքում փորձեք նկատել միմիկան, ժեստերը, որոնք ձեզ կտան ճիշտ տեղեկություն անձի մտադրության մասին:
Ամենատարածված ժեստի ձևը, որից կարելի է հասկանալլ անվստահության մասին, հանդիսանում են պաշտպանական ժեստերը՝ խաչվող ձեռքերը, ոտքերը: Դա վկայում է այն մասին, որ մարդը չի ցանկանում ընդունել ձեր ասածը:
Միմիկան նույնպես կարող է վկայել ձեզ չվստահելու , չհավատալու մասին, այն դեպքում, երբ ձեր ասվածը ծիծաղ է առաջացնում:
Երբ ստանում ենք անհրաժեշտ ոչ վերբալ նշանները և ճիշտ եք դրանք վերլուծում, այս դեպքում պետք է փոխեք ձեր տակտիկան՝ կամ սկսեք ասել ճշմարտությունը, կամ փոխել փաստերը՝ օգտագործելով ավելի ուժեղ և հաստատող փաստեր: Հնարավոր է, որ այս ամենից հետո դրությունը փոխվի …

7/28/2013

Հաջողության հասնելու գաղտնիքը


Հաջողության բանաձևը ընտանիքում երեխային կօգնի շատ ավելի վեր բարձրանալ:
Փոխադարձ կապը գնահատվում է ավելի բարձր, քան անկախությունը:
Ներկայացնենք մի փոքրիկ պատմություն:
Դեյվիդը պատմում է, որ նա հասել է այն բոլոր նպատակներին, որոնք իր առջև դրել էր, և շատ մեծ մասնագիտական հաջողության է հասել : Եվ նույն հաջողության ցանկացել հասնել նաև անձնական և ընտանեկան կյանքում: Նա այժմ վստահ չէ, չի հասկանում ինքն իրեն կամ ի՞նչն է իր համար կարևոր:
Իր անչափահաս տղան սկսել է օգտագործել թմրանյութեր, դարձել է անկառավարելի և չի ցանկանում նույնիսկ լսել ծնողներին:
Դեյվիդը ցանկանում էր իր երեխաների մեջ սեր առաջացնել դեպի աշխատանքը, բայց մինչ նրանց կհամոզեր դա անելու, նա նախընտրում էր ինքը անել:
Իր որդիներից մյուսը ոչ մի կերպ չէր հաջողում հասնել առաջադիմության դպրոցում: Շրջապատում նա «անտեսանելի» էր, չէր խոսում անգամ մտերիմների հետ: Ծնողները փորձում էին աստիճանական զարգացման տանել տղային, սակայն ոչինչ չէր ստացվում նրա մոտ:
Եվ նրանք հասկացան, որ եթե ցանկանում ես որևէ բան փոխել, ապա պետք է սկսես հենց ինքդ քեզնից:
Նրանք փորձեցին որդուն պարտադրել ոչ թե իրենց սկզբունքները, ցանկությունները, այլ գնահատեն նրա մեջ եղած թեկուզ փոքրիկ ընդունակությունները: Որոշեցին դադարել անհանգստանալ և տալ հնարավորություն որդուն իր անհատականությամբ հասնի հաջողության առանց իրենց միջամտության: Իրենց միակ դերը կլիներ կողքից դիտել և գնահատել իրենց որդու փոքրիկ հաջողությունները, ուրախանալ և գնահատել այն: Եվ այդ ժամանակ նրանք սկսեցին ուրախանալ իրենց որդու համար, այլ ոչ թե առանձնացնել նրան հասարակությունից և դիտողություններ անել: 
Սկզբում տղան ինքն էր խորհուրդ հարցնում, ասում, որ օգնության կարիք ունի, իսկ ծնողները պատասխանում էին, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է:
Շաբաթներ և ամիսներ անց տղան վստահություն ձեռք բերեց ինքն իր հանդեպ: Նա կյանքի ռիթմի մեջ ընկավ և հասավ անհավանական հաջողությունների: Տարիներ անց դարձավ ատլետիկայի չեմպիոն:
Պետք է հետևել մասնագիտական և անձնական էթիկայի կանոններին:
«Ձեր սրտում գտեք ջանասիրություն, քանի որ նրանից հոսում են կյանքի գետեր»,- Պսալմոպեվցա:

Մարիամ Նազարյան
Աղբյուրը` Стивен Р. КОВИ "Семь навыков высокоэффективныь людей"

7/27/2013

Քնելը կարևոր է...



Մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի հանգստի, որը կարող է լինել և՛ ակտիվ, և՛ պասիվ: Սակայն շատ կարևոր է ոչ միայն այն, թե որքան ժամանակ ենք մենք քնում, այլ նաև` թե որ ժամերին ենք քնում: Ըստ որոշ հետազոտությունների` օրվա որոշակի ժամերին մարդկանց մոտ արտադրվում է քնի հորմոն, և ամենաճիշտն այն է, որ մարդը ժամը 1-ին արդեն խորը քնի մեջ լինի: Ինչպես գիտեք, քնելու ժամանակ մենք անցնում ենք երկու փուլ. սկզբում մակերեսային քուն է լինում, որի ժամանակ մենք նույնիսկ լսում ենք շրջապատի ձայները, այնուհետև անցնում ենք խորը քնի փուլ, որտեղ տեսնում ենք երազներ: Սակայն հաճախ այս հերթականությունը խախտվում է, որն ինքնին նշանակում է որևէ ֆունկցիայի խախտում, և մարդը լիարժեք չի կարողանում հանգստանալ: 
Ժամանակը ռացիոնալ օգտագործելու և արդյունավետ աշխատելու համար հարկավոր է առույգություն և արագ կողմնորոշվելու կարողություն, որը հնարավոր է միայն լիարժեք հանգստի դեպքում: Հակառակ այն կարծիքին, որ մարդն իր կյանքի 1/3 մասը անցկացնում է քնած և փոխարենը բազմաթիվ այլ օգտակար բաներ կարող էր անել, և հետևաբար կարելի է քիչ քնել, միանգամայն սխալ է: Քնի միջոցով, ինչպես լիցքավորվում են մարտկոցները, այնպես էլ լիցքավորվում է մարդը և դա շատ կարևոր է: Երբեք մարդը չի կարող անընդհատ հաջողության հասնել, երբ իր քունը խախտված է. հետևաբար կամ առողջական խնդիրներ ունի, կամ դրանք շուտով կառաջանան: 
Այսպիսով, իմ խորհուրդը ձեզ, որ քնեք ճիշտ ժամանակին: Հիշեք` առավոտյան արված աշխատանքը ավելի արագ և հեշտ է ստացվում, քան գիշերային ժամերին արվածը: 
Մի՛ վտանգեք ձեր առողջությունը:

Մարիամ Նազարյան

7/26/2013

<Արի տուն> ծրագրի մասնակիցները





«Այստեղ ամենից շատ արևն է ինձ դուր գալիս…»
15-ամյա Սարգիս Արսենյանը առաջին անգամ է ՀայաստանումՍարգիսը  Հայաստան է եկել Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքից:
«Այստեղ ինձ դուր է գալիս ամեն բան, բայց ամենից շատ՝ արևը… Առաջին անգամ եմ Հայաստան եկել,  այստեղ ոչ մի ծանոթ չունեմ, սակայն ծանոթացել եմ տարբեր երկրներից ժամանած հայազգի պատանիների հետ, ինչպես նաև Հայաստանում բնակվող երիտասարդների հետ: Ինձ լավ են վերաբերվում այն տանը, որտեղ հյուրընկալվել եմ:
Ծրագրի մասին հորեղբայրս է ասել, և այժմ անչափ ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվում…»: 

«Հայաստանում ինձ այդ ազատություն է դուր գալիս…»

16-ամյա Նատալի Գաբրիելյանը եկել է Իրաքի Բաղդադ քաղաքից:
«Արի տուն» ծրագրի մասին լսել է այնտեղի հայկական եկեղեցուց և հայոց լեզվի ուսուցչուհուց և ծնողների աջակցությամբ այժմ գտնվում է Հայաստանում:
«Հայաստանում մորաքույրս է բնակվում, ես ծնվել եմ Բաղդադում: Արմատներով Վանից ենք: Հայաստանը մեր հայրենիքն է, իսկ Բաղդադը` մեր ծննդավայրը: Հայրենիքում գտնվելը երազ է մեզ համար: Տանը հայերեն ենք խոսում:
Ինձ դուր է գալիս Արարատը, Արագածը, բնություն…
Եթե համեմատենք Հայաստանը Իրաքի հետ, ապա այստեղ դրությունը լավ է: Ի տարբերոթյուն Բաղդադի` Երևանում աղջիկները ավելի ազատ են:
Հայաստանում ինձ այդ ազատությունն է դուր գալիս…»:

«Ուզում եմ դատավոր դառնալ…»
Դավիթ Մասուրյանը Շվեդիայից է: «Արի տուն» ծրագրի մասին տատիկից է իմացել: Դավիթը ընտանիքի հետ է եկել Հայաստան:
«Մեզ մոտ հայություն գրեթե չկա: Ինձ ամենից շատ այստեղ գրավում է այն, որ բոլորը հայեր են և հայերեն են խոսում /տանը մենք նույնպես հայերեն ենք խոսում/:
Մեզ մոտ ավելի ազատ են պատանիները: Շվեդիայում 6-րդ դասարանում եմ սովորում: Ուզում եմ  դատավոր դառնալ:
Զբաղվել եմ սպորտով. շախմատի եմ գնացել, պրոֆեսիոնալ ֆուտբոլի: Մեկնել եմ Դանիա` մասնակցելու ֆուտբոլային խաղերին:
Հայաստանում պատանիները ավելի շատ տարված են սոցիալական կայքերով: Ես օգտագործում եմ ինտերնետը հիմնականում դասերի և լրացուցիչ տեղեկություն ստանալու համար: Ինձ այսպիսի շփումը ավելի է դուր գալիս, քան սոցիալական կայքերով միմյանց գրելը:
Եթե լավ կրթություն ստանամ, ես կդառնամ արդար և լավ դատավոր, չնայած ընկերության մեջ  ներողամիտ եմ…

Մարիամ Նազարյան

7/25/2013

Ընկերների դերը, ազդեցությունը անկախ մեր կամքից

Ընկերությունը այն դեպքում է լինում, երբ միմյանցից որոշ բան կարող եք սովորել, երբ միմյանցից տարբերվում եք, երբեմն նախանձում և ձգտում հասնել միմյանց հաջողություններին, այլապես այն ընկերություն չի համարվի:
Լավ ընկերները երջանկություն են, այդ առումով ես ինձ երջանիկ եմ համարում: Հաճախ ես կորցնում նրանց, բայց հենց նույն վայրկյանին հայտնվում է նոր ընկեր, անկախ մեր կամքից: Անհնար է առանց նրանց: Աղջիկները կհամաձայնեն ինձ հետ, մենք բաժանում ենք մեր ընկերներին մի քանի խմբի.
  •  Նրանք, ում հետ մենք անում ենք ամեն ինչ . և՛ դաս, և՛ բամբասանք, և՛ գնումներ, և՛ այլն,
  • Նրանք, ում հետ միայն դասերից, գրականությունից, աշխատանքից ենք խոսում,
  • Նրանք, ում հետ պատրաստ ենք ծայրահեղ քայլերի,
  • Նրանք, ում շատ ենք սիրում , ամեն օր մտածում և ոչ հաճախ խոսում,
  • Նրանք, ում հետ անցկացնում ենք մեր կյանքի մեծ մասը, պատրաստ ենք ամեն ինչի:
Հետևաբար ազդեցությունն էլ իր հերթին լինում է և՛ դրական, և՛ բացասական:
Բայց, ինչպես ասում են, խելացին իրենից առավել խելացիների հետ է շփվում ավելի խելացի դառնալու համար:
Խելացի բոլորս ենք մեզ համարում, և իսկապես, անխելք մարդ չկա, պարզապես ընդհանուրի մեջ մի փոքր ավելի խելացի և շատ խելացի են լինում:
Եղե՛ք ընկերասեր, դրա մեջ վատ բան չկա, ինչքան շատ ընկերներ, այնքան շատ գաղափարներ, հետաքրքիր մտքեր… : 
Միայն թե իսկական և լավ ընկերները երկուսից ոչ ավել են լինում:
Ինչպես ասում են մեկ ընկերը լավ է, երկուսը` արդեն բավական է, երրորդը` արդեն ճոխություն է:
Հաստատ ցանկացած ընկերոջից կարելի է առնվազն մեկ լավ բան սովորել, չէ՞ որ ցանկացած մարդ բացի վատ կողմերից, նաև շատ դրականն ու ոգեշնչողն ունի:
Ընկերներն իմ կյանքում շատ մեծ դեր են խաղում, ինքս էլ չգիտեմ դա լավ է թե վատ: Բայց ես չեմ դժգոհում, մեկը մյուսին լրացնելով, օգնում են հասկանալ ամեն մեկին: Անհնար է պատկերացնել իմ մեկ օրը առանց նրանց:

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ……… :) 


Մարիամ Նազարյան


7/24/2013

Եղե՛ք առաջնորդ, բայց ոչ հրամայող

Մարդն իր էությամբ իշխանության է ձգտում. բոլորի մեջ է թաքնված հրամաններ տալու ձգտումը: Դե ինչ, ոչ բոլորին է հաջողվում, և ոչ հաճելի երևույթ է այն կատարողի համար: Բոլորն են փորձում ենթարկել իրենց պահանջներին և ցանկություններին` հաշվի չառնելով շատ պարզ հանգամանքներ: Այս ամենը ինձ հիշեցնում է մի առակ, թե ինչպես մեծ ձկները փոքրերին ուտելով, վատ օրինակ են ծառայում իրենց հպատակներին, և հետևաբար նրանց հրամանը և պարտադրանքը իրենց ենթարկվելու և հրամանը կատարելու, կորցնում է իր ուժը: Յուրաքանչյուր ոք պետք է առաջին իսկ կատարողը լինի իր առաջադրած օրենքների: Ինչպես ասել է Էմերսոնը ` «Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը»: Հրամայելու և համոզելու ժամանակ պետք է իմանալ և տիրապետել մի քանի պարզ կանոններ: Ներկայացնեմ այդ կանոնները`
  1. «Ենթարկվողը» չպետք է զգա իրեն ստորադաս, անկարող, թույլ և հաշվի չառնի սեփական կարծիքը: Այդ ամենը պետք է ներկայացվի և տրվի այնպես, որ դա հանդես գա միասին միակարծիք որոշման հանգելու, սեփական պարտականությունները ընդունելու գործընթաց, որը ոչ մի պարտադրական և ոչ ցանկալի գործողության կատարման զգացում չի առաջացնի:
  2. Ներկայացրեք Ձեր հրամանը, սեփական կարծիքը տվյալ դեպքի նպատակահարմարության և Ձեր ոչ լիարժեք որոշման մասին այնպես, որ այն դիտվի, թե Դուք ինքներդ էլ դեռ հստակ որոշում չեք կայացրել և տարակուսում եք, բայց մտածում եք, որ դա ամենահարմար տարբերակն է տվյալ պարագայում: Դիմացինը, նկատելով Ձեր «մտատանջությունը», ակամա կփորձի իր դրական պատասխանով օգնել Ձեզ ազատվել այդ մտահոգությունից և աջակցել իր ղեկավարին` նրա աչքին բարձրանալու ցանկությամբ մղված:
  3. Երրորդ կանոնը, որ հետևելով առաջին և երկրորդ կանոններին, փորձեք հմտանալ այդ գործողություններում, և կատարելագործեք Ձեր դերասանական ունակությունները:
Հիշե՛ք, որ ինչպես Ձեզ հաճելի չէ զգալ ստորադասի, ենթարկվողի կարգավիճակը, այնպես էլ մեկ ուրիշին: Ապրե՛ք, առաջինը Ձեզ համար, բայց այդ ընթացքում չմոռանալով, որ Ձեզ չեն խանգարում, չեն խոչընդոտում ոմանք իրականացնելու Ձեր գործողություններին, և նույն խաղաղությունը պարգևեք հարազատ և հայրենակից մարդկանց առաջինը և նոր մոլորակի բնակչությանը: Չեմ կարծում, որ այս բոլորի գիտակցումից հետո էոգիստ, փառասեր մարդկանց թիվը չի կրճատվի: Եղե՛ք, առաջնորդ, բայց ոչ հրամայող: Կյանք ու եռանդ եմ մաղթում բոլոր լիդեռներին և լիդեռության ճանապարհին ակամա հայտնված անհատներին:)

Մարիամ Նազարյան 

7/23/2013

ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ 150 ԴՐԱՄ




Այսօր Երևան քաղաքում շարունակվում էր <վճարել 100 դրամ> երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիան:
Ակցիայի մասնակիցների թիվը գնալով էլ ավելի է ավելանում:
Սկսված շարժումը, անկասկած, կտա իր դրական արդյունքները:
Ամեն մի երիտասարդ այսօր պայքարում էր բոլորի համար:

Ակցիային միացել էին նաև մեծահասակ
մարդիկ, և շատ հաճելի է տեսնել այսքան համախմբված երիտասարդների, և որ բոլորս պայքարում ենք մեկ իրողության դեմ, որը կարող է առիթ հանդիսանալ Հայաստանում ծայրաստիճան աղքատության հաստատմանը...






Մաշտոցի պողոտա

Տեսանյութեր






7/22/2013

Հարցազրույց Մարիամ Այունցի հետ


Մարիամ Այունցը երիտասաարդ ստեղծագործող է:
Հարցազրույցում խոսվում է նրա մարդկային արժեքների, հատկանիշների, մասնագիտական հմտությունների մասին, իսկ վերջում ներկայացված են նրա ձեռքի աշխատանքները:



Ինչպե՞ս ստացվեց և ի՞նչը օգնեց քեզ հասկանալու, որ պատերի դեկորատիվ նկարազարդումը, ամենատարբեր իրերի պատրաստումը ավելի հոգեհարազատ է քեզ և կարող ես քո մասնագիտությանը զուգահեռ օգտակար լինել շրջապատին:
Անկեղծ ասած՝ շատ պատահաբար, ընկերոջս հետ զրուցում էինք, թե ինչ հրաշալի կլիներ զբաղվել հոգեհարազատ ու սիրված գործով՝ հիմնական մասնագիտությունից զատ, և ընկերոջս (այժմ արդեն նշանածիս) խորհրդով փորձեցի մի քանի շապիկ պատրաստել։ Դրական արձագանք ստանալով՝ ոգևորվեցի և սկսեցինք միասին զբաղվել ինտերնետի միջոցով աշխատանքներիս տարածումով։ Պատվերները օրեցօր շատացան, որոշեցինք ընդլայնել ոլորտը. նկարել բաժակների, ապակեղենի, պա երի վրա։ Պատվիրատուների հիացմունքն ու աննկարագրելի դրական արձագանքը ավելի է ոգևորում ու ստիպում երևակայել՝ չձանձրացնելու համար։
Ի՞նչ ես կարծում, 16-18 տարեկան երիատասարդն ունա՞կ է ճիշտ ընտրություն կատարելու մասնագիտության հարցում:
Ես 15 տարեկանում ընդունվեցի ԲՈՒՀ՝ ՀՊՏՀ՝ քաջ գիտակցելով, որ նպատակս հիմնական մասնագիտություն ստանալն է, սակայն հոգուս խորքում միշտ երազում էի արվեստի՝ նկարչության հետ կապված աշխատանքի մասին։ 19 տարեկանում արդեն սկսեցի ստեղծագործական աշխատանքվ զբաղվել: Այսպիսով վստահաբար կարող եմ ասել, որ տիրապետում եմ երկու մասնագիտության։ Չեմ կարծում, որ սխալ եմ արել, քանզի ստացիոնար մասնագիտություն միշտ անհրաժեշտ է մարդուն, իսկ արվեստը միշտ կարող է լինել ուղեկցող մասնագիտություն և չխանգարել հիմնականին։ Քանի որ հասարակության ճաշակն ու պահանջները փոփոխվում են, և երբեք չես կարող կանխատեսել արվեստի պահանջարկը որոշ ժամանակ հետո։
Որքանո՞վ է քեզ անհանգստացնում մարդկանց կարծիքը քո անձի մասին:
Մարդկանց կարծիքը կարելի է դասել մի քանի տեսակի՝ կարծիքներ, որոնք ոգևորում են, մեկ-մեկ քննադատում, սակայն ճիշտ ուղղություն տալիս, կարծիքներ, որոնք կոտրում են, հետ պահում որոշակի քայլերից (սրանք արժեքավոր, մտերիմ մարդկանց կարծիքներն են, ինչու չէ նաև անծանոթների կարծիքներ, որոնք գնահատում են և բարյացակամ վերաբերվում), սակայն կարծիքներ կան, որ միայն արժե անտեսել՝ դրանք անտեղի, անիմաստ ու հիմք չունեցող կարծիքներ են՝ մարդկային նախանձի, չարության արդյունք՝ երբեմն անգիտակցաբար։
Ինչպե՞ս է Մարիամ Այունցը տեսնում կյանքի դժվարությունները, և արդյո՞ք դրանք վախեցնում կամ անհանգստացնու՞մ են իրեն: 
Մարիամ Այունցը չնայած 21 տարեկան է, սակայն հասցրել է տեսնել և ճանաչել շատ, երբեմն նաև չափազանց մեծ դժվարություններ, որոնք մեկ-մեկ հիասթափեցրել են, կոտրել, սակայն ճիշտ խոսք կա՝ То, что нас не убивает, делает нас сильнее.. Ինձ թվում է, ցանկացած դժվարության տակ թաքնված են դասեր, որոնք ուժեղացնում են մեզ։ Չնայած, կյանքի դժվարությունները սարսափելի չեն, քանի որ կողքիս ունեմ շատ ուժեղ մարդ, որը ցանկացած դժվարություն վերցնում է իր վրա:
Քո կարծիքով, շատ կամենալու դեպքում, անհատը կարո՞ղ է իրականացնել իր` երազանքի նմանվող ցանկությունները: 
Այո, իհարկե, այն, որ ես 2 տարի առաջ չէի համարձակվի «ցանկություն» անվանել արվեստի ոլորտում այս՝ չնայած փոքր, բայց ինձ համար շաաատ արժեքավոր աշխատանքը, որը դարձավ իրական, և հիմա վստահ քայլերով ընդլայնվում է ու գնում դեպի հաջորդ՝ ավելի մեծ ու ռեալ երազանքիս իրականացում։ 
Ի՞նչը կարող է մղել մարդուն այն գաղափարի ընդունմանը, որ դժվարություններին պետք է ժպիտով նայել ու առաջ գնալ։ 
Ինձ թվում է, միայն համակերպվելու ունակությունը։ Ժպիտով նայելը որոշ հարցերում հնարավոր չէ, սակայն գոնե միշտ պետք է լինի ամեն ինչի անցողիկ լինելու գիտակցումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ ցանկացած բան և ցանկացած մեկը մոռացվում է ժամանակի ազդեցությամբ։
Եթե հնարավորություն լիներ ժամանակով ետ սլանալ և հայտնվել քո մանկության տարիներին, ի՞նչ կցանկանայիր անել, որը չես արել կամ էլ` ետ բերել: 
Անել՝ ինձ թվում է ոչինչ, ամեն ինչ ճիշտ է և իր բնականոն հունով է ընթանում, բայց կուզեի հետ բերել անչափ սիրելի մարդկանց ներկայությունը, որոնց էլ երբեք չեմ տեսնի։
Ի՞նչ ես կարծում, ի տարբերություն այսօրվա մանուկների, դու առավել երջանիկ և խաղա՞ղ մանկություն ես ունեցել: 
Այո, անհոգ ու իրոք մանկական մանկություն եմ ունեցել, իսկ այսօրվա մանուկները զերծ են շփումից ու մանկական խաղերից՝ համակարգիչների, հեռախոսների և այլն՝ մանկության հետ կապ չունեցող իրերից:
Ո՞ր զգացումն ես այս կյանքում համարում շատ վեհ` մարդկային ամեն տեսակ զգացողություններից: 
Սերը։ Դրա ցանկացած տեսակ՝ սիրելիիդ, ծնողներիդ, ընտանիքիդ, ընկերներիդ, մարդու ու Աստծու հանդեպ։ Միայն դրա առկայության դեպքում է հնարավոր անկեղծություն, վստահություն, կապվածություն, միմյանց օգնելու ու բարին տալու ցանկություն։
Ո՞րն է քեզ համար բարի մարդու կերպարը: 
Ինչպես արդեն նշեցի՝ Սիրո, անկեղծության, վստահության, փոխօգնության առկայությունը։ Պարտադիր պայման է չարության, ստի, նախանձի բացակայությունը:
Արդյո՞ք մարդկային բնավորությունը ձևավորվում է լույս աշխարհ գալուց հետո, թե՞ այն ծնվում է և ավարտվում կյանքի հետ: 
Իմ կարծիքով մարդու բնավորության մի մասը տրվում է ի ծնե՝ փոխանցվում ծնողներից, իսկ մյուս մասը կերտվում դաստիարակությամբ, շրջապատի ազդեցությամբ, դժվարություններով։
Բնավորությունը կարելի՞ է փոխել, թե՞ միայն տեսակետն ու աշխարհայացքն է ենթակա փոփոխման: 
Մեծ ցանկության դեպքում կյանքում ամեն ինչ հնարավոր է։ J Ոմանք փոխում են բնավորությունը սիրելիին դուր գալու, ոմանք մարդկանց մեծամասնությանը ձուլվելու, ոմանք դժվարություններին դիմանալու համար։ Դրա համար կարող են պահանջվել երկար օրեր անգամ՝ տարիներ։ Իսկ աշխարհայացքի փոփոխության համար կարող են պահանջվել հաշված րոպեներ՝ ուրախություն, հիասթափություն, անսպասելի դեպքեր՝ այս ամենի ազդեցությամբ մարդը փոխում է աշխարհայացքը։
Հաջողակ ծնվում ե՞ն, թե դառնու՞մ: Ո՞վ է քեզ համար հաջողակ մարդու վառ օրինակը մեր օրերում: 
Այս դեպքում էլ կարծում եմ որոշ չափով ծնվում, որոշ չափով դառնում։ Հաջողակ են այն մարդիկ, ովքեր ծնվել են բարի, սիրող ընտանիքում, մնացածը հնարավոր է ձեռք բերել տարիների ընթացքում։ Հաջողակ մարդ համարում եմ ինչու չէ նաև ինձ՝ ունեմ հիանալի ընտանիք, սիրում եմ ու սիրված եմ, ունեմ 2 մասնագիտություն, ձգտում եմ ամեն ինչ հասցնել կատարելության։ 
Լինելով շատ հաջողակ քո մասնագիտական բնագավառում` ո՞րն է եղել քո առաջին ստեղծագործությունը և ի՞նչ թեմայով էր: 
Առաջին ստեղծագործություն որպես այդպիսին չեմ կարող նշել, քանի որ ստեղծագործել եմ շաատ վաղ տարիքից, ունեմ բազմաթիվ գործեր, որոնք սակայն մնում են իմ արվեստանոցի պատերի ներսում: Իսկ որպես պատվիրվող և վաճառվող աշխատանք առաջինը եղել է DDT խմբի շապիկը։
Ունեցե՞լ ես անհատական ցուցահանդեսներ: 
Ոչ, ցուցահանդեսներ դեռ չեմ ունեցել։ ԱՆկեղծ ասած՝ հակառակ ստեղծագործական ձգտումներին, չունեմ կազմակերպչական ջիղ, որը կօգնի նման հարցերում, սակայն շուտով հույս ունեմ իրականացնել նաև դա, իհարկե, սիրելիիս և մտերիմներիս օգնությամբ։
Ընտանիքում ո՞վ է ուղղորդել քեզ արվեստի ճանապարհով: 
Չնայած, որ ընտանիքիս անդամները միշտ հորդորել են ընտրել այլ հիմնական մասնագիտություն, սակայն բոլորը միշտ ոգևորում են՝ դրական կարծիքներով, խորհուրդներով ուղղորդում՝ երազանքիս հասնելու համար։
Այդ բնագավառում ովքե՞ր են եղել քո ուսուցիչները: 
Անկեղծ ասած չեմ սովորել և չեմ ունեցել այդպիսի մասնագիտական պատրաստվածություն, սակայն հաճախել եմ հրաշալի արվեստագետի արվեստանոց՝ Սամվել Բաղդասարյան, որի՝ թե՛ արվեստի, և թե՛ այլ բնագավառներում արժեքավոր խորհուրդները միշտ հիշում և կիրառում եմ։ Նա կյանքիս շատ կարևոր մարդկանցից է, ով կարողացել է փոխել շատ բնավորության գծեր, աշխարհայացք։







 https://www.facebook.com/meriem.desighner




Մարիամ Նազարյան
22.07.2013

7/21/2013

Ջուլիետա...

Ջուլիե~տա... Մեզնից ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ մեր կողքին չի լինի բոլորի լավագույն ընկերը, խորհրդատուն, ամենակարող մայրիկը, անչափ անհանգստացող և իր թոռնիկների համար աշխարհի ամենախելացի տատիկը...
Բոլորի համար է դժվար. աշխատանքային ընկերները, հարևանները, զարմիկները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենց կողքին չէ նրանց լավագույն զրուցակիցը, իրենց ջերմ և եռանդով լի ընկերը...
Բայց նա միշտ մեր հոգում է, նրա խոսքերը, խորհուրդները, ձայնը միշտ կմնան մեր հոգում, նա մեր կողքին է, պարզապես ֆիզիկապես այժմ անհնար է դարձել նրա ներկայությունը...
Իր աշխատանքային ողջ գործընթացի տարիներին երբեք չի թերացել. կարևոր գործերը միայն իրեն են վստահել:
Իր կյանքի անցած ուղին միայն լավ օրիինակ կարող է լինել բոլորիս համար:
Ապրենք նրա նման, նրա օրինակով, մխիթարվենք Աստծով` հավատալով, որ հոգին, իրոք, անմահ է և Ջուլիետա հայուհու հոգին արդեն երկնային մաքու~ր, մաքու~ր բարձրունքներում է...

Մարիամ Նազարյան

7/20/2013

Հովհաննես սարկավագի տեսակետը հայ երիտասարդների մասին


Որպես ՀՀ քաղաքացի և հոգևոր դասի ներկայացուցիչ ի՞նչ բացասական գծեր եք նկատում մեր երիտասարդների մեջ, որոնք նույնքան բացասական հետևանքներ կարող են ունենալ, նույնիսկ` ճակատագրական կարող են լինել նրանց համար:
Համեմատած անցյալ տարիների` շատ երիտասարդներ կան, ովքեր եկեղեցու հետ ընդհանրապես կապ չունեն, նույնիսկ ամիսը մեկ անգամ չեն այցելում: Որպես քաղաքացի նաև ասեմ, որ շատ երիտասարդներ կան, ովքեր չեն հետաքրքրվում նաև քաղաքականությամբ, հայ մշակույթով, իսկ դասական մշակույթին ուշադրություն ընդհանրապես չեն դարձնում, չեն ուզում առնչվել, որը ինձ հուզող հարցերից է: Քաղաքականությանը հետևել չի նշանակում մտնել քաղաքականություն, ուղղակի պետք է տեղյակ լինել երկրի իրավիճակին, անց ու դարձին և այլն, և, միգուցե, որևէ բանով կկարողանաս օգնել, իսկ եթե դու տվյալ երկրի քաղաքացի ես, դու երիտասարդ ուժ ես, իսկ դա ենթադրում է, որ մի մեծ ուժ ես:
Ամառային արձակուրդներ են, և գիտենք, որ պատանիների մեծամասնությունն իր ժամանակը սոցիալական կայքերում է անցկացնում, ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում եկեղեցին, և արդյո՞ք ճիշտ եք դա համարում:
Սոցիալական կայքերում շատ-շատ բաներ կան, որ միաժամանակ և’ օգտակար են, և’ վնասակար: Կախված է նրանից, թե որքանով ես դու ճիշտ օգտագործում դա: Օրինակ` սոցիալական կայքը ինքը վատ բան չէ, մենք կարողանում ենք կապ հաստատել մեր` արտերկրում գտնվող ընկերների հետ: Բայց եթե չափից ավելի ես օգտվում, դա արդեն դառնում է պատուհաս, այսինքն կախում ես ունենում:
Ո՞րն է Ձեր խորհուրդը թե’ երիտասարդներին, թե’ ծնողներին:
Յուրաքանչյուր մարդ իր զավակին պետք է կարողանա ճիշտ դաստիարակել և զրկել այդ ամենից: Հասարակ օրինակ բերեմ` կերակուրը ինքը շատ լավ բան է մարդու համար, սնունդ է, որը սնում է, նույնիսկ մեր տրամադրությունը կարող է բարձրացնել, բայց չափից ավելի ուտելու դեպքում, գիրանում ենք, բացի դրանից ընկնում ենք մեղքի մեջ, որը կոչվում է որկրամոլություն: Ամեն բան իր չափի մեջ է գեղեցիկ և լավ: 
Սուրբ Սարգիս եկեղեցում ամեն երեքշաբթի կազմակերպվում է Խոկման արարողություն, մի փոքր կներկայացնե՞ք այդ մասին:
Ոչ միայն Սուրբ Սարգիս եկեղեցին է կազմակերպում, այլև Մայր աթոռում, Սուրբ երրորդություն եկեղեցում նույնպես կազմակերպվում են Երիտասարդաց հավաքույթներ, մեկնություններ, տարբեր ծրագրեր, խոկման արարողություններ:
Ովքե՞ր են այցելում եկեղեցի և միանում են Երիտասարդաց միությանը, կա՞ ապահով կամ անապահով լինելու հանգամանքը:
Եկեղեցի այցելողները այնպես չէ, որ բոլորը ապահովված են: Այն մարդիկ են, ովքեր իրենց չեն <ծախում>:
Եկեղեցին ամեն հնարավոր բան անում է, ինչը թույլ չի տալիս մարդկանց անդամակցել ամենատարբեր աղանդավորական խմբերին: 
Քանի որ ՀՀ օրեսդրությամբ քրիստոնեությունը ՀՀ պետական կրոն չէ, այլ ազգային կրոն է և կազմում է մեծամասնություն, այսինքն` եթե պետական կրոն ունենայինք, մենք չէինք կարող դասվել դեմոկրատ երկրների շարքին: Եվրոխորհրդյան կանոնները ենթադրում են և’ լավ բաներ, և’ վատ բաներ: Դեմոկրատիան լավ բան է, բայց յուրաքանչյուր ազատություն ունի իր սահմանները: Աստված էլ ստեղծեց մարդուն, բայց տվեց իր սահմանները, ասեց` ազատ ես ամեն ինչի մեջ, բացի այս ծառից: Դեմոկրատիան` ինքը ազատություն է, որը պետք է սահմաններ ունենա: Իսկ մարդիկ աշխարհում որոշեցին, որ եթե կրոն ես ընդունում քո երկրում, դու դեմակրոտիական երկրների շարքում չես կարող լինել, և ոչ մեկ քո հետ հաշվի չի նստի: 
Բոլոր ժամանակներում էլ եկեղեցու դերը շատ մեծ է եղել: Երբ պետականություն չենք ունեցել, համախմբողը և առաջնորդողը ժողովրդին եկեղեցին է եղել: Որքանո՞վ է այդ համախմբողի և առաջնորդողի դերը կարևորվում մեր օրերում:
Կարող եմ ասել, որ շատ է կարևորվում: Այն ժամանակ, երբ եկեղեցին ժողովրդին ուղղորդել և առաջնորդել է, եթե մեկը փորձեր եկեղեցուն քարկոծել, այդ նույն ժողովուրդը կանգնում էր եկեղեցու դիմաց, որպեսզի առաջինը իրեն քարկոծեն, բայց հիմա շատ քչերը կան այդպիսին. ցավոք, նրանք չեն կարող երկար պահել…
Կարծում եմ կոնկրետ կրոնը, որևէ ազգի կրոնը, դա դպրոց է, որ պարտադիր յուրաքանչյուր մարդ պետք է հաճախի, պետք է կրթվի, այսինքն պետք է ունենալ գոնե մինիմալ հոգևոր կրթություն: Եթե Նոր կտակարան չորրորդ ավետարանիչների ավետարանը ընթերցեք, ապա մինիմալ կրթությունը ապահովված է:
Ի՞նչ եք կարծում, երբ խնդիր է ծագում պատանիների կամ նրանց ծնողների մոտ, ու՞մ պետք է դիմեն. ճի՞շտ է արդյոք հոգեբանին դիմելը:
Հոգեբանները առաջացել են կամ դուրս են եկել եկեղեցուց: Այն հոգևորականները, ովքեր իրենց կարգը փոխում էին կամ կարգալուծ էին լինում, հեռանում էին եկեղեցուց, և հետագայում հոգեբան էին դառնում:
Մեղքերի խոստովանությունը, որ մարդիկ անում են եկեղեցում, արդեն պրակտիկ գիտելիքներ է տալիս, ինչի շնորհիվ հոգևորականը կարող է մարդկանց ճիշտ խորհուրդներ տալ: Եվ այսպես առաջացավ հոգեբանությունն ու հոգեբուժությունը: Նորմալ է, որ մարդը այցելի հոգեբանին, բայց կարևոր է, որ հոգեբանները նույնպես ունենան հոգևոր կրթություն, որովհետև հոգին արդեն հոգևոր է, Աստված է փչել իր շունչը մարդու մեջ, այսինքն առանց հոգու չես կարող բուժել այդ հոգին...
Հոգեբանի աշխատանքը շատ մեծ, դժվարին աշխատանք է. ինչ-որ մեկին, այսինքն` իր ծանր հոգեկան վիճակում լսել, նամանավանդ, խորհուրդներ տալ, որովհետև դու մի պահ ապրում ես այդ աամեն ինչը, տրամադրվում ես և այլն, և պետք է իրեն ճիշտ խորհուրդներ տաս, որպեսզի ինքը հանկարծ չփորձի իրեն վնասի:
Լավ կլինի, որ յուրաքանչյուր ընտանիք, ինչպես առաջ կային համայնքին պատկանող հոգևորականներ /նրանք  շրջում էին համայնքում և խորհուրդներ ու խրատներ տալիս/, այնպես էլ հիմա հաճախեն հոգևորականի մոտ:
Նման իրավիճակում գտնվող մարդիկ հոգևորականի հետ անպայման պետք է խորհրդատվություն ունենան: Շատ ճիշտ է, որ յուրաքանչյուր մարդ հոգեբանին այցելելուց հետո գնա եկեղեցի, որպեսզի այդ թողությունը Աստծուց ստանա: Յուրաքանչյուր հոգեկան վիճակ նաև մեղքերի հետևանք է, և առանց թողության չես կարող վերականգնել նախկին հոգեվիճակդ:
Նյութական ծանր պայմաններում ապրող երիտասարդների մոտ կարծեք թե խորացել է չարությունը: ԽՍՀՄ-ի տարիներին մարդիկ միմյանց հավասար էին համարում` անկախ նյութական կարգավիճակից: Իսկ այժմ Հայաստանում կարելի է ասել միջին խավ չկա: Ի՞նչ կառաջարկեք միմյանց հանդեպ չարացած երիտասարդներին այդ վիճակից հանելու համար:
Այսօր էլ կան մարդիկ, ովքեր ապահովված են ապրում, բայց մեկը մյուսի նկատմամբ կամեցող է: Դա նաև դաստիարակությունից է գալիս, երբ մտածում է, թե ինչու նա ունի մի բան, որը ես չունեմ... Մարդը աստվածային էակ է, դրա համար ինքը ունի այն հատկությունը, որը նշանակում է արարել, ստեղծել, ուրեմն պետք է փորձել ստեղծել: Ի՞նչ է նշանակում ընկերություն, բարեկամություն, որ պետք է մեկը մյուսին չօգնի, չաջակցի…
Արդյոք այսօր ամուսնացող, ընտանիք կազմող հայ երիտասարդը գիտակցու՞մ է ընտանիքի արժեքը և դերը հասարակության մեջ:
Հնում ամուսնանում էին շատ ավելի վաղ տարիքում, երբեմն աղջիկները 14-15տ, տղաները 16-17տ: Չէի ասի` իրենք շատ ավելի զարգացած էին, քան այսօրվա երիտասարդները այդ տարիքի: Բայց, ըստ երևույթին, այն ժամանակ ապրում էին ծնողների հետ, և ծնողները ինչ-որ չափով պակաս տեղերը լրացնում էին:
Այսօր նրանք ամուսնանում են և մեծամասամբ առանձին են ապրում: Իհարկե, ես չեմ քաջալերում ծնողների հետ ապրելը, և ոչ էլ մերժում եմ: Բայց և այնպես, նորաստեղծ ընտանիքի համար ճիշտ է, որ առանձին ապրեն, նոր ընտանիք, նոր թագավորություն ստեղծելու, ինքնուրույն դառնալու համար:
Բայց, բնականաբար, դա չի վերաբերվում 18-20 տարեկան երիտասարդներին: Տարիքը չի կարևորվում, բայց ավելի մեծ տարիքում մարդիկ որոշ չափով ձևավորված և կայացած են, և կարող են իրենց ընտանիքը ճիշտ կազմակերպել:
Ներկա օրերում եկեղեցով ամուսնանալը ճոխություն է, այսինքն մադկանց համար գրեթե նույնն է,ինչպես թանկարժեք մեքենայի, զգեստի կամ ռեստորանի առկայությունը հարսանիքին, այնպես էլ եկեղեցին` նույն արժեքը ունի շատերի համար: Այո’, շատերը կան, որ գիտակցելով են գալիս դրան:
Յուրաքանչյուր մարդ, ով բաժանվում է և եկեղեցով է ամուսնացել, չեմ կարծում, որ բաժանման ժամանակ հիշում կամ մտաբերում է այն խոսքերը, որոնք բարձրաձայն ասաց և խոստացավ կատարել Աստծո առաջ. <տեր> և <հնազանդ>: Եթե այս բառերին մեծ ուշադրություն դարձնեն, չեմ կարծում, որ նույնիսկ բաժանում տեղի կունենա: Ինչի՞ մասին է խոսքը, եթե տեր և հնազանդ պետք է լինեն…
ՀՀ սփյուռքի նախարարությունն ունի մի հրաշալի ծրագիր` <Արի տուն>, որի շրջանակներում ամեն տարի բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ են գալիս Հայաստան և շփվում տարբեր ծագերից եկած իրենց հասակակիցների հետ: Ձեր կարծիքով այդ շփումները կարո՞ղ են մեր երիտասարդներին ինչ-ինչ դրական լիքցեր հաղորդել, առաջնորդել դեպի լավն ու բարին, դեպի համամարդկային բարձր արժեքները:
Միմիայն դրականը: Ինքս արևմտահայ եմ, ծնողներս գաղթել են Սիրիայից, ես ծնվել եմ Հայաստանում, բայց 3 տարի սովորել եմ Երուսաղեմի հոգևոր ճեմարանում: Մենք արևելահայերս շատ բաներ ունենք սովորելու արևմտահայերից, այսինքն` սփյուռքահայերից, և սփյուռքահայերն էլ` հայաստանաբնակներից:
Հայրենիքը իրենց համար իր ուրույն տեղը ունի, Արարատ լեռը իր առանձին տեղը… Հայաստանաբնակներիս համար այդպես չէ: Մենք այստեղ ենք գտնվում և այդ քաղցրությունը չենք զգում: Եվ նույնիսկ ծաղրում ենք նրանց, ովքեր ասում են Արարատի տեսարանով տուն ունենք:
Բացի նրանից` իրենք օտար երկրում են ապրում, Եվրոպայում և թեկուզ Արևելքում, բայց իրենց քաղաքակրթությունը, մշակույթը այլ է Հայաստանի հետ համեմատ: 
Ես շատ եմ ուզում, որ արևմտահայերը Հայաստանում բնակվեն, բայց ցավում եմ, որ այնտեղի սերունդները կարող են սովորել այստեղի կարծրատիպերը: Հիմա տեսնենք ապագայում, թե ինչ կլինիի…
Մնում է, որ բոլորս աղոթենք բոլորի համար, և որ Աստված ամեն բան կհարթի…

Մարիամ Նազարյան
20.07.2013

7/19/2013

Իմ ուսուցչուհին, ով ինձ <մեծ> դասեր է տվել...

Ակնարկիս հերոսուհուն` իմ ուսուցչուհուն, լավագույնս ներկայացնելու ցանկությունը ստիպում է ինձ առավել զգոն լինել...
Կյանքում շատ մեծ եռանդով կատարելով իր` ուսուցչուհու դժվարին աշխատանքը, նա շաատ կամեցող և դրական էներգիայով լցված անձնավորություն է:
Ակնարկիս հերոսուհին Արտաշատի թիվ 1 միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, բազմավաստակ մանկավարժ Կարինե Մովսիսյանն է:
Ոչ միայն ուսուցիչ է, այլև լավագույններից մեկն, ով իր հոգու խաղաղությամբ, չափազանց բարի և դրական ժպիտով պարզապես չի կարող մարդու հոգում չտպավորվել որպես լուսավոր և վառ կերպար...
Միայն լուռ հետևելով նրա արտաբերած յուրաքանչյուր խոսքին, արտահայությանը, խորհուրդներին` չես կարող չոգեշնչվել վեհ գաղափարներով, չես կարող զերծ մնալ հուզական խոր և հարուստ  ներաշխարհից...
Ամենօրյա իր արդար աշխատանքով կրթել է բազմաթիվ սերունդներ և դեռ քանի~  սերունդներ կկրթվեն ու կդառնան հայ անունը կրող արժանի զավակներ:
<Օգնեք այն մարդկանց, ովքեր նյութական օգնության կարիք ունեն, բայց երբեք նա չպետք է իմանա, որ դուք եք օգնել: Բարեգործն իր անունը չպետք է բարձրաձայնի. դա արդեն բարեգործություն չէ, այլ մեծամտություն, փառքի և ճանաչման հասնելու ձգտում>,- բաց դասերից մեկի ժամանակ այսպես էր խոսում իմ ուսուցչուհին:
Իմ ուսուցչուհու վարած բաց դասերը եղել են իմ կյանքի լավագույն դասերը, որոնք ինձ տվել են մարդու կոչման արժանանալու անհրաժեշտ խորհուրդներն ու խրատները:
<Հիմա մենք ձեր մեջ սերմերն ենք ցանում, ինչպես բնության մեջ պտղատու ծառերի սերմերը, իսկ տարիներ հետո պետք է տեսնենք մեր տվածի պտուղները...>,- սրանք այդ մարդ-ուսուցիչ վառ անհատականության խոսքերն են, որոնք մինչև կյանքի վերջ կուղեկցեն ինձ:
Կարելի է անընդհատ սովորել այսպիսի հանճարեղ անհատականություններից: Ես շատ քիչ մարդկանց  գիտեմ, ովքեր այդքան գրականասեր են, հավատով և հույսով լեցուն...
Իմ հիշողության մեջ առանձնահատուկ ձևով միշտ ամուր կպահեմ ուսուցչուհուս բոլոր խոսքերը` իմաստուն և ինչ-որ տեղ մարգարեական:

Մարիամ Նազարյան

7/18/2013

Հեռվում ապրող մի աղջիկ

Մաս երկրորդ

Մեկնելուց առաջ...
Ի տարբերություն անցած տարիների` այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնցից շատերն օտարության մեջ են ծնվել, մեծացել /զգացել են դեպի հայրենիք ձգող ուժն ու հզորությունը, և հայրենիքում ապրելու երջանկությունը/:
Հայուհու պատմությունը գրեթե բոլոր հայերի պատմությունն է: Երբ իջնում է գյուղում ապրելու իր փոքրիկ տնակից, նրան օգնում են բոլորը, սկզբում մի քիչ դժվար է լինում, բայց հետագայում ամեն ինչ հարթվում է...
Չարժե որևէ մեկին մեղադրել: <Ուղեղների հոսքը> շարունակում է... Չեն նվազում այն մարդկանց թվաքանակը, ովքեր ձգտում են ապրել արտերկրում: 
Չենք կարող ասել, որ եվրոպացիները փոքր-ինչ ռոբոտացված աշխատանք են կատարում, քանի որ հենց իրենք են 1915թ-ին Հայաստանում բացել մանկատներ և օգնել որբ երեխաներին և որբևայրի մայրերին:
Եվ ինչու± ձեռք չմեկնել այդ խեղճ գյուղացուն, որը ծնել է տաղանդավոր երեխաներ և գուցե կորցրել է իր տունն ու տեղը` քամուց, փոթորիկից, սարերից եկող ջրի հեղեղներից կամ գուցե 1988-ին Գյումրիի երկրաշարժից:
Ճիշտ է, այժմ տնակներում ապրող մարդկանց թիվը քչացել է, այնուամենայնիվ, չի վերացել:
Ինչու± ստեղծել հիմնադրամներ, որպեսզի բարեկարգվեն ճանապարհները, երբ Հայաստանում մարդիկ ապրելու տուն չունեն, անկողին չունեն, և վերջապես տանիք ու սեփական մի փոքրիկ կտոր հող չունեն:
Մեկնելուց առաջ գուցե արժե մեկ անգամ ևս խորհել այս ամենի մասին, ևս մեկ անգամ մտածեք այն դրականի և բացասականի մասին, որը տեղի կունենա մեկնելու դեպքում: Մեկնելուց առաջ մի անգամ ևս հայացք գցեք հայկական հրաշալի բնությանը, մտածեք, որ ոչ ոք, բացի ձեզնից չի կարող առավել լավ պայքարելու հայրենիքի զարգացման և բարեկարգման համար...
Հ. Գ. ես հավատում եմ այն օրվան, երբ չեն լինի տնակներում ապրող մարդիկ, հայերն իրենց գործարաններն կկառուցեն ու բիզնեսը կսկսեն Հայաստանում, չեն լինի տատիկների կարոտով լցված սպասող հայացքները...

7/17/2013

Հեռվում ապրող մի աղջիկ

Մաս առաջին


Երկիր մոլորակի անկյուններից մեկում ապրում էր մի միայնակ աղջիկ: Նա ապրում էր հեռու-հեռավոր սարերում` մարդկանցից հեռու: Շա~տ էր սիրում իր տնակը ձյունապատ:
Նա ուրախ էր, որովհետև միշտ վերևում էր լինում: Ընկերներ քիչ ուներ. մեկ-երկու թռչուն և գեղեցիկ թիթեռներ: Ոչ ոք չէր տեսել նրան և չգիտեր նրա գոյության մասին: Նրա պատմությունը փոքր-ինչ նման է Սասունցի Դավթի պատմությանը: Բայց այս դեպքում նրան պահել էր ոչ թե Մսրա Մելիքի կինը` հայկական մեղրով ու կարագով, այլ կարելի է ասել, որ նա ծնվել ու մեծացել էր բնության մեջ. քնել թռչունների ծլվլոցի տակ և սնվել օդով ու ջրով:
Դժվար է հավատալ:
Ամառը եկավ, և մարգագետիններում ու սարի լանջերին խոտը կանաչեց. ամռան սկիզբն էր, երբ նրա ծնողները ժամանակավորապես տեղափոխվեցին սարալանջ:
Աղջկա ծնվելուց հետո նրանք մահացան: Աղջկան պահեց Աստված` որպես բարի ու աշխատասեր ծնողների դուստր, ովքեր այնքան շատ էին ցանկանում մի սիրունիկ աղջիկ ունենալ: Աղջիկն էլ եղավ նրանց նման` բարի, գեղեցիկ, աշխատասեր:
Նա, ապրելով իր փոքրիկ ձյունապատ տնակում, շատ ուրախ էր: Նա շատ էր սիրում արևը, երկինքն ու երկիրը: Առավոտյան արթնանում էր թռչունների ծլվլոցից, թիթեռների ուրախ պարից, իսկ երեկոյան քուն մտնում արևի մայր մտնելուն պես: Վերևից տեսնում էր գեղեցիկ տեսարաններ, գեղեցիկ տներ: Բայց երբեք չէր մտածել գնալ և մոտիկից տեսնել այդ ամենը: Հաճախ նկարում էր ձյան վրա այդ տեսարանները, գույզգույն թիթեռները:
Նա շատ էր սիրուն իր շրջապատում գտնվող ամեն ինչ: Նա չէր պատկերացնում իրեն մեկ այլ տեղում ապրելիս: Շատ էր սիրում ձյունառատ եղանակները:
Հաճախ էր նայում և ինքն իրեն մտորում. ո±վ է ինքը, ի±նչ է անում այդտեղ, որտեղի±ց իրեն այդ տնակը, այդ շորերը, որոնք ծնողներն էին հասցրել հագցնել և կարծես նրա հետ էին մեծացել:
Հաճախ էր զգում Աստծո շունչն ու ներկայությունը, որը անսովոր լույս էր սփռում այդ տնակում: Նա չէր կարողանում այդ պահին տիրապետել իր զգացմունքներին:
Երբ արդեն բավական մեծ էր, Աստված որոշեց ուղարկել նրան մարդկանց մոտ, որպեսզի նա էլ իր ծնողների նման զբաղվի բարի գործերով և օգնի իր ամբողջ կյանքում տանջված գյուղացուն, ինչու± չէ, ունենա իր ընտանիքը, երեխաները և ապրի հաշտ ու համերաշխ այս խաղաղ ու լուսավոր աշխարհում:
Հերթական անգամ, երբ հանդիպեց Աստծուն և լսեց այս լուրը, նա չգիտեր` տխրե±ր, թե± ուրախանար: Նա ոչ-ոքի չէր տեսել` բացի Աստծո լույսից և մեկ-մեկ էլ` տաք օրերին, ջրի մեջ տեսել էր իր արտացոլանքը:
Սակայն որոշ ժամանակ անց, երբ արդեն ամռան կեսերի շոգ ու տոթ օրերն էին սկսվել գյուղացու համար, նա որոշեց գնալ հեռվից երևացող կարմիր տանիքների մոտ:
Ամբողջ ճանապարհին նրան տանջում էին զանազան հարցեր, որոնց պատասխանը այդպես էլ մինչև գյուց հասնելը չգտավ:
Նրա ծնողներին շատ քիչ մարդիկ էին ճանաչում: Հիմնականում մեծերը, ովքեր մոտ էին եղել նրանց ծնողների հետ: Նրանցից շատերը այժմ չկային:
Եվ այսպես, երբ հասավ առվակի մոտ, որը կարծես գծում էր գյուղի սահմանը սարալանջ տանող ճանապարհից, նա մի պահ կանգ առավ և տեսավ շոգից հոգնած կենդանիներին, որ ջուր էին խմում ու հագեցնում իրենց ծարավը, իսկ մյուս կողմում` թռվռացող երեխաներին, ովքեր ջուր էին շաղ տալիս միմյանց վրա և զովանում:
Շատ նեղ էր առվակը, չնայած իր երկարության, և աղջիկը հեշտությամբ անցավ նրա վրայով:
Տղաները, որ ինքնամոռաց թռչկոտում  էին, գոռգոռում և խաղում, նկատեցին նրան, մոտեցան, երկար նայելուց հետո հարցրին անունը և պատասխան չստանալով` հասկացան, որ աղջիկը կորել էր, որովհետև չկարողացան որևէ բան իմանալ նրա ծնողների և հարազատների մասին: Երեխաները նրան ուղեկցեցին իրենց տուն: Քանի որ գյուղը փոքր  էր, բոլորը ճանաչում էին գյուղի մեծերին: Երբ երեկոյան հավաքվեցին գյուղի մեծերը և տեսան աղջկան, նրանցից տարիքովը իսկույն հիշեց վաղեմի ընկերոջ տղային, որի դուստրն էր այս գեղեցիկ ու փոքր-ինչ զարմացած աղջիկը: Եվ երբ աղջկան պատմեցին իր պատմությունը, նա մի պահ չէր կարողանում խոսել, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ էր ու երջանիկ:
Նրան Հայուհի կոչեցին: Շուտով նա սովորեց ամեն ինչ անել: Ե'վ հաց էր թխում, և' մաքրություն անում, և' հավերին կերակրում, և' ճաշ էր եփում, գործում, կարում և այլ օգտակար գործեր անում, որոնցով շատ էր օգնում գյուղացուն և այն ընտանիքի անդամներին, ում տանը նա ապրում էր: Չնայած այս ամենին` նա շատ էր երազում իր փոքրիկ, ձյունապատ տնակի մասին: Բայց հասկանում էր, որ նա այլևս միայն չէր կարող ապրել:
Շատ տարիներ անցան: Եվ, բնականաբար նա պետք է ընտանիք կազմեր, երեխաներ ունենար և ապրեր ուրախ և երջանիկ: Իհարկե, մի փոքր ուշ, բայց եկավ այդ օրը: Մեծ հարսանիք արեցին, պարեցին, ուրախացան:
Էլի շատ տարիներ անցան: Աղջիկը 5 երեխա ունեցավ, նրանք շատ գեղեցիկ էին, ոմանք` չարաճճի, բայց միևնույն ժամանակ շատ խելացի: Բոլորին օգնում էին նրանք, ինչպես իրենց ծնողները:
Այպես, ավարտին մոտեցավ մի գեղեցիկ պատմություն, որը չավարտվեց իրականում...

7/16/2013

Ես եմ, դու ես, ես չկամ...

                                                      
 Ես եմ, դու ես, ես չկամ...
 Ես և դու մեկ ամբողջություն ենք: Ամբողջականության մեջ ես և դու չկանք:
Այնուամենայնիվ մենք կանք, մենք անհատ ենք, անհատականություն, հասարակության անդամ, մեր կարծիքը ծանրակշիռ է գուցե, մեր որոշումները էական և կարևոր են գուցե, բայց ես չկամ, դու էլ չկաս:
Փոխարենը կանք մենք` մեկ ամբողջական էություն, մեկ ամբողջական հոգու արտացոլում:
Իմ միտքը տատանվում է ուժգին քամուց, որոշումս արմատախիլ է անում փոթորիկը ուժգին, բայց ես չկամ, իսկ մեր միտքն ու կարծիքը, ի տարբերություն ինձ, ամուր և անսասան են:

Ես եմ, դու ես, մենք ենք...

 Ես տարակուսում եմ, տարբեր պարագաներում գուցե երկար երկմտում, բայց ես չկամ, իսկ մենք վստահ և մտածված ու հաստատակամ առաջ ենք շարժվում, իսկ ճանապարհին հանդիպած դժվարությունները մեզ չեն կարող ստիպել երկմտել:
Տրված խնդիրը ես հաստատ կլուծեմ 2 ժամում, բայց ես չկամ այլևս, իսկ մենք այն կլուծենք, հավանաբար, 10 րոպեում:
Մենք քայլում ենք դեպի անհայտ, բայց մեր համար ակնհայտ ուղով, սակայն ես չկամ, դու չկաս, հետևաբար չկա նաև <մենք>-ը, այսուհետ կա <նա>. <նա>-ն` ես եմ, դու ես, մենք ենք…
Ես եմ, նա է, ես չկամ...

 <Նա> մեզ հուսախաբ չի անի, <Նա> շատ վստահ է, ուժեղ, պատրաստ ամեն դժվարություն հաղթահարելու, պատրաստակամ է և ունի հետևորդներ, դաշնակիցներ ու աջակիցներ…
<Նա> արդեն ունի իր ուրույն տեղը հասարակության մեջ, դեռ ոչ այդքան հաստատված, բայց ջանք և եռանդ չի խնայում` հասնելու մեծ բարձրունքների, իսկ հաջողությունը սարերի ետևում չէ, այս պահին այն շատ մոտ է :
<Նա> զարգացրել է իր տրամաբանությունը, միտքը ճկուն է, մարզված, պատրաստ մրցելու, մատուցելու, առաջադրելու իր տեսակետը հասարակության մեջ և իր գաղափարներով կսլանա առաջ` իրականացնելով այդ ամենը համապատասխան ոլորտներում և ճանաչում կունենա հասարակության լայն շերտերում:
<Նա> անչափ աշխատասեր է, հանգիստը նրա համար չէ. անդադար և մեծն նվիրումով աշխատանքն է բնորոշ իրեն:
<Նա> ընդզվող է տիրող անօրինականություններին, պայքարող է  և արդարության ջատագով:
<Նրա> հոգեկան աշխարհը շատ հուզական է, այն լի է վեհ գաղափարներով, անդառնալի իրականության հետևանքների սարսափելի զգացումներով, սակայն <նա> անկոտրում է, քանի որ <նա> ես եմ, դու ես և մենք ենք, իսկ մենք արագ ընկճվող և հանձնվող չենք և չենք լինի…

Մարիամ Նազարյան

comment