Translate

1/31/2014

Վայրկյանի ուժը



Մարդկային ամենատարբեր հոգեկան աշխարհի դրսևորումները արտացոլվում են նրա արտաքինում՝ մասնավորապես հայացքում:
Ներքին աշխարհի արտացոլումը արտաքին աշխարհում միշտ չէ որ հասկանալի է թվում:
Ուրախության մեջ թախիծ տեսնելը ոչ բոլորին է հաջողվում:
Կան մարդկային տեսակներ, ովքեր ապրում են միայն հոգևոր կամ միայն նյութական արժեքներով:
Միստիկ գրողներից և ընդհանրապես հոգևոր արժեքներով ապրող մարդկանցից լավագույն օրինակը մեզ համար Գրիգոր Նարեկացին է:
Մարդիկ տարբեր տարիքում և տարբեր հանգամանքներում են սկսում գնահատել իրենց տրված յուրաքանչյուր վայրկյանը:
Ցավալի է, բայց միայն կորստի դեպքում ես հասկանում, որ այն, ինչ ունեցել ես, իսկական ուրախություն և հրաշք էր: Հաճախ ազատության մեջ քայլելով՝ ընկերներիդ, հարազատներիդ հետ զրուցելով, չես էլ կարող մտածել, որ այդ ամենից հրաշալի բան չկա աշխարհում: Իսկ հաճախ, հայտնվելով այնպիսի մի վայրում, որտեղից անհնար է դուրս գալ, գուցե և կարճ ժամանակով, բայց այդ լռությունը, դուրս գալու անկարողությունը, ոչնչով չես փոխարինի, և այդ ամենի գիտակցումը ավելի է խոցում քեզ:

Դժվար է, բայց պետք է գնահատել ապրելու յուրաքանչյուր վայրկյանը, որ քեզ տրված է: Լավի մասին մտածելով՝ միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև, որ այդ ամենը քո ձեռքերում է և դա կարող է երկար չտևել: Իմ կարծիքով երջանկությունը չի կարող մշտական լինել: Դա ընդամենը մի քանի վայրկյան կամ առավելագույնը րոպե է: Եվ զգալ և գնահատել այդ վայրկյանները՝ կարող են հրաշքի վերածել ձեր մյուս օրերը: Դրա մասին անընդհատ հիշելով՝ կարող եք ապրել նույն դրական րոպեները և լցվել նույն լավատեսությամբ:
Պետք է գնահատել ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը, չէ՞ որ այն թանկ է և անգնահատելի բոլորիս համար: Երբ զրուցում ես մտերիմիդ հետ, անգամ չմտածելով, որ տարիներ կամ նույնիսկ վայրկյաններ հետո հնարավոր է կողքիդ չլինի:
Հաճախ հիվանդությւոնը վրա է հասնում անկանխատեսելի և չսպասված ժամանակ, և զարգանում այնպիսի արագությամբ, որ չես հասցնում սթափվել արագընթաց իրադարձություններից: 
Սարսափելի է այն զգացումը, երբ գիտես անզոր ես, անկարող օգնել քեզ համար ամենաթանկ մարդուն:
Երբ գիտես, որ հիվանդությունը իր խոր արմատներն է գցել, և պայքարելը անիմաստ է դարձել:
Երբ ներքուստ արտասվում է հոգիդ, ուզում ես բարձրաձայն հեկեկալ, բայց նայում ես աչքերի մեջ և ժպտում, կարծես ոչինչ չի եղել:
Երբ գիտակցում ես, որ գուցե սա վերջին վայրկյանն է, վերջին րոպեները, և սիրտդ թրթռում է այդ ամենի զգացումից:
Երբ թաքնվում ես մի անկյուն, երբ ուզում ես միայնակ լինել և արտասվել անցանկալի իրականությունից, բայց որքան հնարավոր է երկար ես ցանկանում կողքին մնալ:
Թվում է, թե ինչ է որ, բոլորս ենք մահկանացու, բայց տխրությունը համակում է հոգիդ, մարմինդ և իշխում քեզ անկախ քո կամքից:
Երբ շրջապատը պատվում է մռայլ, գորշ գույներով: Երբ կյանքը ավարտած ես համարում և անկարող այն շարունակելու:
Երբ կյանքը կորցնում է իր իմաստը, երբ չես պատկերացնում և նույնիսկ չես ուզում հավատալ, որ ոչինչ ետ չես բերի, որ այլևս քո կողքին չի լինի, որ այլևս չես տեսնի նրա ժպիտը, քեզ կարեկցող հայացքը:

Երանի՜ ժամանակը կանգ առներ, երանի կյանքը հավերժ լիներ, երանի ոչինչ եղած չլիներ…
Հարազատ էր կորցրել…
Եվ այդ ամենը խորհելու և կյանքը էլ ավելի գնահատելու առիթ էր դարձել:
Երբեմնի կարևոր թվացող նյութական արժեքները ի չիք էին դարձել:
Դժվար է այժմ ուրախանալ մի բանով, որը նախկինում անգամ չես էլ նկատել:
Ի՞նչ անել, ո՞րն է հոգեպես ավելի կարևոր, ապրել՝ գնահատելով ամեն վայրկյանը և զգալով կյանքի վայելչությունը դառնության հետևում թաքնված, թե՞ մեռնել՝ անզոր և թույլ զգալով քեզ դիմադրելու կյանքի քամահրանքներին:
Հանկարծ ապրածդ տարիները մթագնում են գորշ ամպերի մռայլ գույներով, ծածկվում սև շղարշով, և փակում արևի շողերի ցանկացած առկայծող լույսի նշույլները:
Ի վերջո, ապրել և գնահատել, ցնծալ և ուրախանալ՝ վեր դասելով հոգևորը նյութականից:
Վերջապես, գտեք ձեր մեջ ուժ բոլորդ, գտեք և վերգտեք ձեզ այս կյանքում. նոր հնավորություններով, նոր հույսով ու նոր հավատով սկսեք ապրել :)


Մարիամ Նազարյան

1/27/2014

Քննարկում. Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե – Երիտասարդ Վերթերի տառապանքները


Գրքասերների ակումբը վերսկսել է իր քննարկումները

Այս տարվա առաջին քննարկումը կլինի Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի "Երիտասարդ Վերթերի տառապանքները" ստեղծագործությունը:
Սիրով հրավիրում ենք բոլորին քննարկմանը, որը տեղի կունենա հունվարի 30-ին /հինգշաբթի/, ժամը 19:30-ին, Հանրապետության 37 հասցեում /մուտքը՝ Մելիք Ադամյան փողոցից, Հովնանյան հիմնադրամ, 2-րդ հարկ/:

Ոչինչ մարդուն այնքան կարևոր չի դարձնում, որքան սերը:      




Մարիամ Նազարյան

1/20/2014

Երբ միակ շփվելու ձևը հեռախոսն է կամ համացանցը...

Միայն ձայնն ես լսում, լավագույն դեպքում տեսնում:
Այս ամենից սարսափելի բան լինել չի կարող...
Գիտակցում ես, որ Հայաստանում ես, բայց ինչի՞ հենց մենք պետք է ապրենք հարյուրավոր կիլոմետրեր հեռու: Ամենադաժանը՝ երբեք իրար չտեսնենք, բայց ճանաչենք ու խոսենք, միայն այդ միտքը կարող է սպանել մարդուն:
Պետությունը ուժեղ է համարվում, երբ նրանում կան կայուն, մեծ ու ուժեղ ընտանիքներ, համայնքներ, մարզեր...
Հայաստանում ճիշտ հակառակն է, արթնանում ես ամեն առավոտյան և հասկանում են, որ դու բոլորովին մենակ ես, որ կարող ես շփվել միայն հեռախոսով կամ համացանցով, որ անցյալում մնացին այն օրերը, երբ բոլոր եղբայրներդ ու բարեկամներդ կողքիդ էին, և երբեք չեն գա այդ օրերը:
Շատերը Եվրոպայում, Ամերիկայում են ծնվել, չտեսնելով ճանաչում ես, խոսում ու հասկանում, որ երբեք չեն գա մշտական, ոչ էլ դու կգնաս, ու հավիտյան դատապարտված ես միայնակ պայքարելու Հայաստանում արդեն ոչ թե թշնամիներիդ, այլ օրենքների դեմ, քանի որ ոչ թշնամի է մնացել, ոչ բարեկամ, ներկա պահին բոլորիս նեղություն տվողը պետությունն է իր նորանոր օրենքներով:
Հետաքրքիր է, բոլորս ինչ-որ բանի ենք սպասում, բայց ոչ ոք չի համախմբվում մի գաղափարի շուրջ և ոչինչ չի անում..... ինչքան կարելի է...

Մարիամ Նազարյան

1/14/2014

Ամեն ինչ սկսվեց շատ անսպասելի


Ամեն ինչ սկսվեց շատ անսպասելի, ընդամենը մեկ ուղարկված նյութից, ինչի համար շատ շնորհակալ եմ Հրաչյա Մանուկյանին, ով հանդիսանում է հաջողության բլոգի, ինչպես նաև https://www.truthly.me/ - ասե՛ք ինձ ճշմարտությունը, սոցիալական կայքի հեղինակը:
Ստանալով ինձ համար շատ կարևոր և դրական արձագանքներ իմ առաջին նյութի վերաբերյալ, այն կրեց շարունակական բնույթ: http://success.am/author/mariam_nazaryan/ 
Որոշ ժամանակ անց որոշեցի փոխել մասնագիտությունս, սկսեցի լրագրություն ուսումնասիրել, սովորել, այնուամենայնիվ որոշեցի դառնալ տնտեսագետ-լրագրող՝ համադրելով արդեն առկա մասնագիտությունը նորի հետ: Ինչ խոսք, լուրջ տնտեսագետ-լրագրող լինելու մասին վաղ է խոսելը, մինչ այդ հարկավոր է շատ սովորել...
Հաջողության բլոգը որոշ ժամանակ անց փոխեց իր ֆորմատը. շարունակեցի մնալ հաջողության բլոգի մշտական ընթերցողը, իսկ գործարար մարդկանց խորհուրդ կտամ հետևել նաև բիզնես գաղտնիքներ բլոգի նյութերին :)
Այնուհետև ես սկսեցի աշխատել Love.am ամսագրի էլեկտրոնային պարբերականի հետ, որից հետո ընկերներիս օգնությամբ և խորհուրդներով բացեցինք մեր բլոգը - Սպասված:
Սպասված - տարօրինակ է հնչում, պարզապես այլ տարբերակ չկար, դոմենի խնդիր կար, ի վերջո, այդքան էլ վատ չէ :)
"Արի տուն" ծրագրի շրջանակներում աշխատելու ժամանակ հասկացա որքան սովորելու և աշխատելու կարիք կա լրագրության բնագավառում:
Եվ լսելով իմ ամենասիրելի դասախոսի /դիպլոմային աշխատանքի ղեկավար/՝ Մարիամ Բաբայանի խորհուրդը, կաշխատեմ դառնալ լավ տնտեսագետ-լրագրող:
Շնորհակալ եմ բոլորին ինձ աջակցելու, մեր փոքրիկ, բայց ջերմ թիմի բոլոր անդամներին, իմ բոլոր ընկերներին, ծանոթներին՝ մեզ հետևելու և բազմիցս աջակցելու համար, ձեր բոլորի շնորհիվ է, որ մեր աշխատանքները դեռ շարունակվում են:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ








Մարիամ Նազարյան

comment