Translate

10/08/2013

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը

Երկրորդ մաս


«Նշանակում է, սա՞ է երկինքը, որ կա»,- մտածեց նա և չկարողացավ ժպիտը զսպել: Հավանաբար, այնքան էլ հարգալից չէ դեռ չմտած՝ դատողություններ անել, թե ինչ է երկինքը:
Այժմ, երբ հրաժեշտ տվեց երկրին և երկու շողշողուն ճայերի հետ թև թևի բարձրացավ ամպերից վեր, նկատեց, որ իր մարմինն էլ աստիճանաբար դառնում է նրանց պես ճաճանչավետ: Իհարկե, նույն ջահել Ջոնաթանի իրանն էր, բայց ոսկեգույն աչքերի առջև ինքն արտաքնապես փոխվում էր: 
Ճայի մարմնինն էլ մնաց, բայց և այնպես Ջոնաթանը երբեք այդքան լավ չէր կարողացել թռչել: «Տարօրինակ է,- մտածում էր նա,- ես երկու անգամ քիչ եռանդ եմ թափում, իսկ թռչում եմ կրկնակի արագ, ես ինձ կրկնակի ուժեղ եմ զգում, քան երկրի վրա լավագույն օրերիս»:
Նրա սպիտակ փետուրները փայլում ու շողարձակում էին, իսկ թևերը դարձել էին անթերի ողորկ, ինչպես փայլեցրած արծաթյա թիթեղներ: Նա հրճվանքով սկսեց ուսումնասիրել դրանք և մկանների ուժը փորձեց նոր թևերի վրա:
Ժամում երկու հարյուր հիսուն մղոն արագության ժամանակ նա զգաց, որ մոտենում է հորիզոնական թոիչքի առավելագույն սահմանին: Ժամում երկու հարյուր յոթանասուներեք մղոնի ժամանակ հասկացավ, որ ավելի արագ թռչելու ուժ չունի և փոքրիկ հիասթափություն ապրեց: Նրա նոր մարմնի հնարավորությունները նույնպես սահմանափակ էին, ճիշտ է, հաջողվեց զգալիորեն գերազանցել իր նախկին անձնական ռեկորդը, բայց սահման այնուամենայնիվ գոյություն ուներ և դա հաղթահարելու համար հսկայական ջանքեր կպահաջվեին: «Երկնքում,- մտածեց նա,- ոչ մի սահման գոյություն չպետք է ունենա»:
Ամպերը տեղի տվեցին, նրա ուղեկցորդները բացականչեցին.
- Երջանիկ վայրէջք, Ջոնաթա՛ն,- և անհետացան թափանցիկ օդում:
Ծովի վրայով նա թռչում էր դեպի կոտրված, լեռնոտ ափը: Ժայռերի մոտ հինգ-վեց ճայ թռիչքի տարրեր էին մշակում: Հեռու հյուսիսում, հորիզոնի մոտ, թռչում էին ևս մի քանի ճայ: Նոր հեռուներ, նոր մտքեր, նոր հարցեր: «Ինչու՞ այսքան քիչ ճայ կա: Երկնքում պետք է որ ճայերի շատ ու շատ երամներ լինեն: Իսկ ինչու՞ հանկարծ հոգնեցի: Երկնքում, թվում է, ճայերը երբեք չպետք է հոգնեն և չպետք է քնեն»:
Որտե՞ղ էր լսել այդ մասին: Երկրային կյանքի իրադարձություններն ավելի ու ավելի հեռու էին մղվում: Երկրի վրա նա շատ բան էր սովորել, ճիշտ է, բայց մանրամասները դժվարությամբ է հիշում. կարծես թե ճայերը կռվում էին կերի համար, և ինքն Աքսորյալ էր:
Երբ մոտեցավ ափին, մեկ տասնյակ ճայեր թռան ընդառաջ, բայց նրանցից ոչ մեկը ոչ մի բառ չփոխանակեց: Ջոնաթանը զգաց, որ նրանք ուրախ են, որ ինքն այստեղ է՝ տանը: Այդ օրը շատ երկար էր, այնքան երկար, որ ինքը մոռացել էր, թե երբ է ծագել արևը:
Նա շրջադարձ արեց վայրէջքի համար, թևերը թափահարեց, մեկ դյույմ բարձրության վրա անշարժացավ և փափուկ իջավ ավազի վրա: Մյուս ճայերը նույնպես նստեցին, բայց դրա համար բավական եղավ միայն թեթևակի շարժել փետուրները: Նրանք տարածեցին իրենց ձյունաթույր թևերը, քամու հետ օրորվեցին և փետուրների դիրքը փոխելով՝ կանգ առան հենց այն պահին, երբ որ թաթերը դիպան ափին: Հիանալի վայրէջք էր, բայց կրկնելու համար Ջոնաթանը շատ էր հոգնած: Նա դեռ ոչ մի բառ չէր արտասանել և կանգնած քնեց ավազի վրա:
Առաջին իսկ օրերին Ջոնաթանը հասկացավ, որ այստեղ թռիչքի մասին ավելի շատ բան ունի սովորելու, քան իր ողջ կյանքի ընթացքում: Բայց և այնպես՝ տարբերություն կար: Այստեղ ճայ-համախոհներ էին ապրում: Նրանցից յուրաքանչյուրը կյանքի նպատակը համարում էր թռիչքի գաղտնիքների մեջ թափանցելը, ձգտում էր թռիչքի կատարելության, որովհետև թռչել նրանք սիրում էին աշխարհում ամեն ինչից առավել: Դրանք զարմանալի թռչուններ էին, բոլորն՝ առանց բացառության, և նրանք օրավուր, ժամ առ ժամ կատարելագործում էին օդում շարժվելու տեխնիկան և փորձում սավառնելու նոր ձևեր:
Ջոնաթանը կարծես թե մոռացել էր այն աշխարհի մասին, որտեղից եկել էր, այն ափի մասին, որտեղ ապրում էր Երամը, որը չգիտեր ինչ է թռիչքի երջանկությունը և թևերից օգտվում էր միայն կեր հայթայթելում կերի կռիվ տալու համար: Բայց երբեմն հանկարծակի հիշում էր:
Մի անգամ առավոտյան, երբ իր դաստիարակի հետ միասին ծալած թևերով մի քանի արագընթաց տակառ կատարելուց հետո ափին հանգստանում էր, հիշեց հարազատ վայրերը:
-Սալիվա՛ն, իսկ ո՞ւր են մյուսները,- հարցրեց նա անձայն, որովհետև լիովին տիրապետել էր տեղացի ճայերի՝ տարածության վրա հաղորդակցվելու ոչ բարդ ձևերին. նրանք ոչ ճչում էին, ոչ էլ հայհոյում:
-Ինչու՞ այստեղ մենք քիչ ենք: Գիտե՞ս, այնտեղ, որտեղից եկել եմ, ապրում էին...
-...Հարյուր հազարավոր ճայեր: Գիտեմ,- Սալիվանը գլխով արեց,- Ջոնաթա՛ն, միտքս միայն մի պատասխան է գալիս: Քեզ նման թռչունները հազվագյուտ բացառություն են: Մեզնից շատերն այնքան դանդաղ են առաջ շարժվում: Մենք մի աշխարհից տեղափոխվում ենք նախորդին շատ նման մեկ ուրիշ աշխարհ և անմիջապես մոռանում, թե որտեղից ենք եկել: Մեզ համար միևնույնն է, թե ուր ենք գնում, կարևորն այն է, ինչ կատարվում է այս վայրկյանին: Պատկերացնո՞մ ես քանի-քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում կերով, պայքարով և երամին իշխելով: Հազարավոր կյանքեր, Ջո՛ն, տասը հազար: Իսկ հետո ևս հարյուր կյանք՝ մինչև կսկսենք հասկանալ, որ գոյություն ունի կատարելություն կոչվածը, և էլի հարյուրը՝ մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է: Նույն օրենքը, հասկանալի է, գործում է և այստեղ: Հաջորդ աշխարհը մենք սովորում ենք մեր սովորածին համապատասխան: Եթե ոչինչ չենք սովորել, սովորում ենք մեր սովորածին համապատասխան: Եթե ոչինչ չենք սովորել, հաջորդ աշխարհը կթվա այնպիսին, ինչպիսին սա է, և ստիպված կլինենք հաղթահարել նույն արգելքները՝ թաթերից կախված նույն կապարե գնդերով: 
Նա տարածեց թևերը և դեմքով շրջվեց դեպի քամին:
- Բայց դու, Ջո՛ն, այնքան շատ բան ես սովորել և այնքան արագ,- շարունակեց նա,- որ հարկ չունեցար այստեղ ընկնելու համար հազարավոր կյանքեր ապրել:
Եվ ահա նրանք կրկին օդ բարձրացան, վերսկսեցին մարզումները: Երկուսով տակառ կատարելը դժվար էր, քանի որ շուռ եկած դիրքով թաթերը վեր պարզած թռչելիս Ջոնաթանը պետք է գլխի ընկներ, թե շրջադարձի վերջին փուլում ինչպես կորացնի թևերը, որպեսզի իր շարժումներն անթերի համընկնեն ուսուցչի շարժումներին:
-Մեկ անգամ էլ փորձենք,- նորից ու նորից կրկնում էր Սալիվանը: - Մեկ անգամ էլ փորձենք: 
-Եվ  վերջապես: - Լա՛վ է:
Հետո նրանք սկսեցին մշակել արտաքին օղակը:
Մի անգամ երեկոյան ճայերը, որոնք չէին գնացել գիշերային թռիչքի, միասին կանգնել էին ավազի վրա. նրանք մտածում էին: Ջոնաթանը սիրտ արեց մոտենալ Տոհմավագին՝ ճայ, որն, ինչպես ասում էին, պատրաստվում էր շուտով հրաժեշտ տալ այս աշխարհին:
- Չիա՛նգ...,- փոքր-ինչ հուզվելով՝ սկսեց նա:
Ծեր ճայը քնքուշ նայեց նրան:
- Ի՞նչ է, որդիս:
Տարիների ընթացքում Տոհմավագը ոչ միայն չէր թուլացել, այլ ընդհակառակը, դարձել էր ավելի ուժեղ, նա թռչում էր Երամի բոլոր ճայերից արագ և կատարելապես տիրապետում էր այնպիսի թռիչքաձևերի, որ մնացածնրեը դեռ նոր էին յուրացնում:
- Չիա՛նգ, այս աշխարհը... ամենևին էլ երկինքը չէ, ճի՞շտ է:
Լուսնի լույսի տակ երևաց, որ Տոհմավագը ժպտաց:
- Ջոնաթա՛ն, դու նորից սովորում ես,- ասաց նա:
- Այո: Իսկ ի՞նչ է մեզ սպասում առջևում: Ո՞ւր ենք գնում: Մի՞թե այնպիսի տեղ չկա, որ երկինք է կոչվում:
- Ոչ, Ջոնաթա՛ն, նման տեղ չկա: Երկինքը տեղ չէ և ոչ էլ ժամանակ: Երկինքը կատարելության հասնելն է: - Նա լռեց: - Դու, կարծես, շատ արագ ես թռչում:
- Ես... Ես արագություն շատ եմ սիրում,- ասաց Ջոնաթանը: - Նա զարմացած էր ու հպարտ, որ Տոհմավագը նկատել էր իրեն:
- Ջոնաթա՛ն, դու մոտենում ես երկնքին, երբ մոտենում ես բացարձակ արագությանը: Դա չի նշանակում, որ պետք է թռչես ժամում հազար կամ միլիոն մղոն արագությամբ, կամ թե սովորես թռչել լույսի արագությամբ: Որովհետև յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի: Բացարձակ արագության հասնելը, որդի՛ս, նշանակում է հայտնվել այնտեղ:
Հանկարծ Չիանգը չքացավ և անմիջապես հայտնվեց Ջոնաթանից հիսուն մղոն հեռու, ջրի եզրին: Հետո կրկին անհետացավ և վայրկյանի մեկ հազարերորդականից հետո արդեն կանգնած էր նրա կողքին:
- Սա պարզապես կատակ էր,- ասաց նա:
Ջոնաթանը զարմանքից չէր կարողանում ուշքի գալ: Նա մոռացավ երկինքը:
- Ինչպե՞ս է հաջողվում: Դու ի՞նչ ես զգում, երբ թռչում ես: Ինչպիսի՞ տարածություն կարող ես անցնել:
- Ուզածդ տարածությունը ուզածդ պահին կարելի է թռչել, մնում է միայն ցանկանալ,- ասաց Տոհմավագը: - Ես եղել եմ ամենուր և ամեն տեղ, ուր թափանցել է միտքս, - նա նայում էր ծովի հարթությանը: - Տարօրինակ է, ճայերը, որոնք հանուն ճանապարհորդության մերժում են կատարելությունը, ոչ մի տեղ չեն թռչում, ո՞ւր կարող են հասնել այդ մլուլ տվողները: Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են ճանապարհորդելուց, հանուն կատարելության, երկնաքարերի նման սավառնում են տիեզերքով մեկ: Հիշի՛ր, Ջոնաթա՛ն, երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ո՛չ տեղը, ո՛չ ժամանակը իմաստ չունեն: Երկինքը...
- Դու կարո՞ղ ես ինձ սովորեցնել այդպես թռչել:
Անհայտության դեմ ևս մեկ հաղթանակի անկնալությունից Ջոնաթանը դողում էր:
- Իհարկե, եթե դու ցանկանում ես սովորել:
- Ցանկանում եմ: Ե՞րբ կսկսենք:
- Կարելի է՝ հիմա, եթե չես առարկում:
- Ես ուզում եմ քեզ նման թռչել,- ասաց Ջոնաթանը, և նրա աչքերը տարօրինակ բոցով բռնկվեցին: - Ասա, ի՞նչ եմ անելու:
Չիանգը խոսում էր դանդաղ՝ խորաթափանց նայելով իր ջահել աշակերտներին:
- Մտքի արագությամբ, այլ կերպ ասած՝ ցանկացածդ տեղը թռչելու համար, - սկսեց նա,- նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես...
Չիանգի խոսքերից ելնելով՝ գործի էությունը այն էր, որ Ջոնաթանը պետք է հրաժարվեր պատկերացնել, թե ինքը քառասուներկու դյույմ թևերի բացվածք ունեցող մարմնի գերին է և սահմանափակված է կանխապես ծրագրավորված հնարավորությունների քանակով: Էությունը այն էր, որպեսզի գիտակցեր՝ ճայի իսկական «եսը» չգրված թվի նման կատարյալ է և միաժամանակ գոյություն ունի ժամանակի ցանկացած պահին, տարածության ցանկացած կետում:
...Շարունակելի

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»
Առաջին մասի շարունակություն
Առաջին մաս


comment