Translate

10/19/2013

Ծերուկը, որ մոռացել էր մեռնել




Ծերուկը, որ մոռացել էր մեռնել
(ժամանակակից հեքիաթ)



Շատ տարիներ առաջ, մի երիտասարդ երկրում, որի անունը կարևոր չէ, մի քաղաքում, որի անունը նույնպես կարևոր չէ, ապրում էր ջահել մի տղա: Չեմ ուզում տալ տղայի անունը, որովհետև անունը ծնողներն են դնում, չիմանալով, թե ինչ է դառնալու իրենց զավակը՝ փիլիսոփա, թե՞ կոշկակար, մարդասպան, թե՞ բարոյախոս: Նա հանկարծ էր հայտնվել քաղաքում՝ լայն բացված աչքերով, մեծ-մեծ ականջներով: Առաջին օրերին քնում էր բաց երկնքի տակ կամ որևէ բարի մարդու մոտ, ավելի հաճախ՝ անտառում: Քաղաքի բնակիչները դեռ իրենք կարգին տներ չունեին, նրանք կտրում էին մայր անտառը, մետր առ մետր նվաճելով հողը, որի վրա ապագայում պիտի սլանային ասֆալտե փողոցները, ոտքերը հողի մեջ խրեին բարձրահասակ, քարե շենքերը: Քաղաքի տներն այդ ժամանակ փայտից էին, բայց բարի ու համարձակ էր մարդկանց սիրտը, նրանց մատները երազում էին արդարություն ու աշխատանք. և նրանք չէին հոգնում: Ջահել տղայի ձեռքից ոչինչ չէր գալիս. նա չգիտեր փայտ կտրել, տուն սարքել, նա չգիտեր նույնիսկ կարգին երազել, աստղերին նայել…
Բայց մի օր…
Ավելի ճիշտ՝ բայց մի գիշեր…
Ջահել տղան հանկարծ վեր թռավ քնից, տրորեց աչքերը: Առհասարակ քնած, թե արթուն, նա շարունակ խորհրդավոր ձայներ էր լսում, տեսիլքներ, պատկերներ էին գալիս աչքերի առաջ: Վախենում էր, գլուխը պտտվում ու աչքերը հոգնում էին լույսից: Այս անգամ էլ զարթնեց սարսափած, տրորեց աչքերը, լարեց ականջները: Ոչ, տեսիլք չէր. հրդեհ էր սկսվում: Դա բարի մի մարդու տուն էր, հենց անտառի ծայրին, մյուս տներից բավական հեռու: Տղան մի քանի վայրկյան զարմացած նայում էր կրակին՝ դա նրա կյանքի առաջին հրդեհն էր: Գեղեցիկ էր բոցի գալարումը: Եվ մութն էր գեղեցիկ: Բայց միայն այդ չէր, երևի բոլորիվ էլ այդ չէր: Ուրիշ միտք էր, որ այդ պահին խլրտաց նբրա սրտում. տուն էր այրվում, ուրեմն մեկ ուրիշն էլ կդառնա իր նման անտեր-անտիրական: Այդ միտքը մի վայրկյան տևեց: Նա ոտքի թռավ, վազեց դեպի կրակը: «Հրդեհ է, արթնացեք, արթնացեք»: Հրդեհը դեռ նոր էր սկսվում, և նույնիսկ տանտերերը հանգիստ քնած էին: Փայտը նոր էին կտրել անտառից, դեռ թաց էր, դրա համար լավ չէր վառվում: Տղան ճչում էր, կանչում: Գիշերվա, անտառի, երկնքի լռության մեջ՝ այդ կանչը զարհուրելի էր: Ու լսեցին մարդիկ: Բոլոր տներից դուրս թափվեցին, հասկացան կատարվածը, նետվեցին կրակի վրա: Նաև քաջ էին այդ բարի, արդար մարդիկ:
Հրդեհը հանգցրին:
Առավոտյան տղան զարթնեց հերոս դարձած: Ամենքը, իսկ ամենից առաջ փրկվածները, շնորհակալությամբ, սիրով սկսեցին փառաբանել նրան: Հետո քաղաքի մեծահոգի հայրերը որոշեցին տղայի համար տուն կառուցել բարձր բլրի վրա, որտեղից նա կտեսնի քաղաքը՝ ինչպես շախմատի տախտակի վրա: Ինչ իմանաս, հո վերջին հրդեհը չէ՞: Եվ հետո, որոշեցին շեփոր առնել նրա համար, շեփորի ձայնն ավելի զիլ է, բոլորը կլսեն:
- Մեկ է, ես համարյա չեմ քնում,- ասաց տղան,- ձայներ եմ լսում… Իսկ շեփոր ես ինչպե՞ս փչեմ…
- Դա լավ է, որ լսում ես,- ասացին բարի քաղաքացիները,- իսկ փչել կսովորես: Դա դժվար չէ, կսովորես…
Տունը կառուցեցին. Ամենալավ կեչիները կտրեցին անտառից, ներկեցին ամենավառ գույներով, տանիքը ծածկեցին սպիտակ թիթեղով:
- Իմ տան պեսը չկա,- պարծենում էր տղան:
Հաճախ նստում էր լուսամուտի առաջ, փորձում նվագել: Փչում էր ամբողջ ուժով, թոքերը շատ օդ էին տանում, շարժում էր մատները: Բայց եղանակ չէր ստացվում: Բարկանում էր, սև նախանձով նայում անտառի թռչուններին, որ երգում էին առանց երաժշտական կրթություն ունենալու ու որպեսզի նրանց ձայնը չլսվի, փչում էր բարձր, ամբողջ ուժով: Իսկ մի օր մտածեց. «Ասենք, ինչի՞ս է պետք նվագել, կփչեմ և վերջ»:
Երկրորդ հրդեհի զոհը քաղաքապետի տունը եղավ: Վառվեց արշալույսին: Այս անգամ նա զիլ փչեց շեփորը, թեպետ փոքր-ինչ ուշացավ, որովհետև դուր էր գալիս կրակը, որի դեմ պայքարող չկա, որ այրում, մոխիր է դարձնում ամեն ինչ:
Դարձյալ տներից ելավ ամբողջ քաղաքը, հրդեհը հանգցրին: Եվ, որովհետև տունը քաղաքապետինն էր, տղային շքանշան տվին:
Այդ օրվանից նրան կնքեցին շեփորահար անունով, իսկական անունը, որը ոչ ոք չգիտեր, մոռացան:
Անցավ չորս-հինգ տարի, անցան էլի տարիներ:
Շեփորահարն արդեն ջահել չէր, թեպետ դարձյալ սիրում էին նրան, խոնարհվում, երբ նա շքանշանով, շեփորը ձեռքին փողոց էր դուրս գալիս:
Բայց հրդեհներ չկային:
Շեփորահարը տառապում էր անքնությունից, նա նստում էր լուսամուտի առաջ, նայում քաղաքին ու կրակ որոնում, տենդորեն հրդեհ էր որոնում: Արդեն դժվար էր բոլոր լուսամուտները տեսնել, թեպետ նրա տունը բարձր բլրի վրա էր. քաղաքը մեծացել էր, տարածվել, անտառին քշել սարերի գագաթները: Եվ շեփորահարը մի օր դառնությամբ մտածեց, որ եթե այլևս հրդեհ չլինի, կմոռանան իրեն՝ տունը չեն նորոգի, հագուստ չեն տա, շքանշան՝ առավել ևս: Եվ հետո, քաղաքացիները երևի չէին մոռանում, թե ինչպես երկու տարի առաջ, երբ թշնամիները հրով ու սրով լցվեցին քաղաք, ի զարմանս ամենքի, նա հնչեցրեց շեփորը, կարծես ողջունելով հաղթողներին: Ճիշտ է, հետո, երբ քաղաքացիները դուրս շպրտեցին թշնամուն և քաղաք մտան, նորից զիլ հնչեց շեփորը, բայց նա անհանգիստ էր: Բարի մարդիկ հիշաչար չեն, բայց նա գիտեր, որ ամեն ինչ մոռանում են միայն հիմարները: Շեփորահարը տանջվում էր այս մտքերից, իսկ հրդեհներ չկային: Քաղաքի տների մեծ մասը արդեն քարից էր, մարդիկ ավելի զգույշ էին, խելոք:
… Եվ մի գիշեր:
Չար աչքերով, լարված ականջներով նա անցնում էր փողոցից, նայում դռներին, լուսամուտներին: Կեսգիշերը վաղուց էր անցել, բայց շատ տներում լույս կար. մարդիկ կամ ուրախանում էին, կամ խորհում, ճակատները կնճռոտել էին աշխարհի գաղտնիքների վրա կամ տխրություն ունեին: Բայց նրան կրակ էր հարկավոր, կրակ՝ ամեն ինչ լափող, ոչնչացնող, և ամբոխ, որ իրար տրորում էր այդ կրակի ժամանակ և նողկալի ձեռքեր, որ այդ խառնաշփոթության պահին գողանում էին ուրիշի ունեցվածքը, միտքը, պատիվը:
Ոչ մի տեղ հրդեհ չկար:
Նա արդեն իր տան մոտերքում էր, երբ ուղեղի մեջ ասես լուցկի վառեցին: Նա արագ տուն մտավ, վերցրեց նավթով լի ամանը և մոտեցավ հենց առաջին պատահած տանը: Տունը ճոճվում էր մութի և խաղաղության մեջ, ամենքը քնած էին: Տունը փայտից էր, չոր, շատ հին փայտից: Երբ նա ամանի նավթը արդեն թափել էր պատշգամբի փայտերին և լուցկին վառել, նոր միայն հիշեց, թե ում տունն էր: Մի բարի մարդու, որ հաճախ էր կերակրել իրեն, օգնել, սիրել: Ավելի լավ, մտածեց նա, սրանից հետո, երբ հրդեհը հանգնեն, ավելի շատ կօգնի, կսիրի…
Եվ կրակը պատշգամբից սկսեց իր մոլեգին պարը:
Շեփորահարը շտապով տուն վազեց, իր հետ տանելով դատարկ նավթամանը: Բացեց լուսամուտը. այստեղից հրդեհը ավելի լավ էր երևում: Կրակն արդեն մոտենում էր լուսամուտներին, արդեն տանիքն էր բռնկվել, նա լսում էր չոր փայտերի ճարճատյունը:
Եվ փչեց. ուրախ, տագնապալի, բարձր, երևի ինչ-որ եղանակ էլ ստացվեց: Ծերուկ Հոմերոսի օրերից սկսած ոչ ոք այդպես չէր հնչեցրել շեփորը, հաստատ: Բոցի արնագույն լույսը հասնում էր նրա դեմքին, աչքերին, ականջներին, և նա երջանիկ էր:
Քաղաքը զարթնեց, ոչ թե զարթնեց՝ այլ կայծակնահար վեր թռավ:
Հրդեհը, իհարկե, հանգցրին: Բայց տանտիրոջը, նրա երկու աղջիկներին դուրս բերին արդեն այրված ու թաղեցին հաջորդ օրը: Միայն տանտիրուհին ապրեց, թեպետ կուրացել էին աչքերը և միտքը մթագնել էր:
Եվ քաղաքը նորից սկսեց խոսել շեփորահարի մասին, մեծարել նրան, փող տալ: Շտապ նորոգեցին նրա տանիքը, մի նոր շքանշան տվին: Միայն թե փողոցներով սկսեցին շշուկներ սողալ, ահավոր շշուկներ: Բոլորը սկսեցին կասկածել բոլորին, արթուն մնալ գիշերները, դռները երկաթից շինել և սրտերը՝ ավելի երկաթից:
Բայց հրդեհները սկսեցին կրկնվել:
Վառվեց նաև քարաշեն մի տուն, հետո երկրորդը:
Շեփորահարն ուրախացավ. այդ երկու տունը ինքը չէր վառել, ուրեմն, քաղաքում իր նմաններ էլի կային: Զարմանքով, ուրախությամբ՝ ամեն անգամ նա փչում էր դեղին շեփորը և լայն բացած աչքերով տեսնում մարդկանց սարսափը, ստորությունը, թուլությունը: Ու հաճախ, երբ նա սկսում էր փչել, մարդիկ հասկանում էին, որ ինչ-որ տեղ, ուրեմն, վաղուց մարել է հրդեհը և մոխրացել է ամեն ինչ: Իսկ շշուկները սողում էին՝ տնից տուն, սրտից սիրտ և ավելի երկաթակուռ էին դառնում դռները, սրտերը, մտքերը, մարդիկ վախենում էին մտածելիս, անգամ հայելուն նայելիս. թվում էր ինչ-որ մեկն ականջ է դնում:
Տարիներն անցնում էին:
Եվ եկավ տարին, երբ մեռան շշուկները, բացվեցին դռներն ու սրտերը: Հրդեհները վերջացան: Քաղաքն արդեն լրիվ քարաշեն էր, մարդիկ ազատ էին շշուկներից, կասկածներից, նրանք սկսեցին սովորել իրենց մտքերը բարձրաձայն ասելուն: Լավ էր, թեպետ սկզբում՝ անսովոր: 
Այդպես անցավ քսան տարի:
Եվ չեղավ այլևս ոչ մի հրդեհ: Շեփորահարն արդեն զառամյալ էր, կլիներ վաթսուն կամ ութսուն տարեկան: Արդեն շատերը գիտեին, որ նա էր վառել իր բարերարի տունը, որ մեռավ, որի կինն ապրում էր դեռ՝ կույր ու խելակորույս, բայց նույնիսկ դա կարծես ներել էին կամ ուզում էին մոռանալ: Գուցե նա հարյուր տարեկան էր, ո՞վ գիտե, մահն էլ երևի թույլ էր տարիների թվաբանությունից:
Եվ մի գիշեր…
Եվ մի գիշեր նորից լսվեց շեփորի ձայնը: Տագնապով, անցած օրերի սարսափով մարդիկ դուրս թռան տներից, որոնելով հրդեհը, որ հանգցնեն, իրար օգնելով, զգույշ, մեջք մեջքի:
Բայց հրդեհը չկար:
Իսկ ծերուկ շեփորահարը փչում էր: Մարդիկ իրար նայեցին ինչ-որ բան հասկացած, հետո ուրախ ծիծաղեցին, բարձր, զարամացած, իսկ մի քանիսը գնացին դեպի շեփորահարի տուն, որը դեռ բլրի վրա էր: Շեփորը դեռ հնչում էր խռպոտ, չոր ու կատաղի, երբ մարդիկ ներս մտան: Ծերուկը կանգնած էր բաց լուսամուտի առաջ՝ սպիտակ գիշերանոցով, որ պատանքի էր նման: Նա փակել էր աչքերը, որովհետև այդպես հնարավոր էր հրդեհ հորինել, բաց աչքերը խանգարում էին: Նա նման էր դիակի, որ միայն հինգ րոպեով դուրս էր եկել շիրմաքարի տակից. և մարդիկ գոռացին.
- Լռիր, մեռել:
Ծերուկը իրոք լռեց, փակ աչքերով նայեց մարդկանց, ձեռքից ցած գցեց շեփորը, որը զնգաց ժանգոտ ու խեղճ: Նա չտեսավ, բայց լսեց մարդկանց: Հետո փլվեց հատակից ու մեռավ: Երևի պարզապես մոռացել էր մեռնել:
Հիշեցրին: Հիշեց: Մեռավ:
Ահա բոլորը:
Իսկ աշխարհում հրդեհներ այլևս չէին լինելու:
Չէի՞ն լինելու…

1966թ. 


"Ապրած և չապրած տարիներ" գրքից 
Վարդգես Պետրոսյան

comment