Translate

Showing posts with label երազանք. Show all posts
Showing posts with label երազանք. Show all posts

2/05/2015

Ինչպես ես սկսեցի իմ սիրած գործը. Handmade

Անցյալ տարի ամռանը շրջում էի գրախանութում և պատահական տեսա մի ամսագիր` շապիկին գեղեցիկ ձեռքի աշխատանքի նկարներով: Երկու համար գնեցի և վազեցի տուն: Հենց շքամուտքում մեր հարևանին հանդիպեցի և ասացի, որ նոր գործ եմ սկսում, միայն թե իմանաս, թե ինչ եմ մտածել…
Ինչո՞ւ ամեն ինչ այդպես պատահական և արագ ստացվեց: Իրականում իմ մեջ արթնացավ այն երազանքը, որն ունեի շատ վաղուց և հասկացա, որ այն իրականացնելու համար ամենահարմար նախադրյալները հիմա են: Սովորաբար ես շատ չեմ մտածում ապագայի մասին, բայց այդ գաղափարը մտքումս միշտ ունեցել եմ:
7-8 տարի առաջ բարեկամուհուս ասացի, որ մեր տան հարևանությամբ գտնվող շենքում մեծ ընկերություն եմ ստեղծելու, որտեղ հիանալի նվերներ կպատրաստենք հարևանությամբ գտնվող մանկապարտեզի երեխաների համար: Մտքումս միայն բարեգործությունն էր ու երեխաներին ուրախացնելու մեծ ցանկությունը: Բոլորը մտածում էին՝ այս ինչ է խոսում 16 տարեկան այս աղջիկը, և ես զգում էի, թե ինչպես էին ինձ թերահավատորեն նայում: Եվ արդեն 20 տարեկանում գլխումս կայծակնային արագությամբ ծագեց այդ վաղեմի և մեծ երազանքն իրականացնելու գաղափարը: Սկսեցի նվերներ պատրաստել բոլոր ծանոթ և անծանոթ մարդկանց համար: Մեկ ամիս անց հեռուստաեթերում առաջին անգամ մի քանի վայրկյանով ցուցադրվեց իմ աշխատանքը և ես զգացի, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Մեկ տարվա ընթացքում փորձեցի պատրաստել տարբեր նվերներ ընկերներիս համար՝ գործած գլխարկներ, ձեռնոցներ, գլխազարդեր, կոշիկներ… Դրանից ևս մեկ տարի անց ունեցա առաջին պատվերս: Շատ ոգևորիչ էր. հիշում եմ, թե ինչպես գումարը վերցրեցի և ուրախությունից ցնծում էի: Դա իմ առաջին եկամուտն էր իմ իսկ աշխատանքից: Ավելի հաճելի զգացում չի կարող լինել: Մինչ այդ նման երջանկության մեջ հայտնվել էի այլ ընկերություններում հաջողություններ գրանցելիս: Բայց այս անգամ միանգամայն այլ, անբացատրելի բան տեղի ունեցավ: Մի պահ աշխարհը տվեցին ինձ և առաջին անգամ ես զգացի, որ կարող եմ. ուղղակի պետք է շատ աշխատել:
Ամիսներ անց թողեցի բոլոր գործերս և օր ու գիշեր սկսեցի աշխատել այդ գաղափարի վրա: Անցավ ինչ-որ ժամանակ և հասկացանք, որ թիմն անհրաժեշտ է մեծացնել՝ սկսեցինք փնտրել աշխատասեր և խանդավառ երիտասարդներ: Սկզբում սովորեցնում էինք նրանց աշխատանքը: Հենց այդ ժամանակ ես զգացի, թե ինչ է նշանակում սեփական գործ ունենալ և պատասխանատու լինել դրա համար: Երբ աշխատում ես ինչ-որ ընկերությունում, կատարում ես այն աշխատանքը, որը քեզ տալիս են և երբ ամեն ինչ ավարտվում է, դրա դիմաց գումար ես ստանում: Իսկ այս դեպքում պետք է ինքդ որոշումներ կայացնես. ի՞նչ անես, ո՞ւմ համար, ինչպե՞ս ներկայանաս, ինչպե՞ս տարբերվես արդեն գոյություն ունեցող շուկայում, ինչպե՞ս թիմ ձևավորես, ինչպե՞ս ընտրես մարդկանց, ովքեր քեզ կօգնեն, ինչպե՞ս կարգավորես քո օրվա գրաֆիկը, որպեսզի ոչ մի պատվեր չուշանա, թերությունները հասցվեն շտկվել և անես անհնարինը հաճախորդին գոհացնելու համար:
Սակայն վերջում, երբ լսում ես հաճախորդի դրական արձագանքը, հասկանում ես, որ ջանքերդ գոնե մի քանի տոկոսով իրենց արդյունքը տվել են և ավելի խանդավառությամբ ես սկսում առաջ շարժվել: Վերջերս, երբ ուսումնասիրում էի Նոլան Բուշնելի խաղերի ստեղծման պատմությունը, հասկացա և համոզվեցի, որ միայն խանդավառությունը կարող է օգնել քեզ հավատալ սեփական հաջողությանը: Շրջապատի կարծիքը ժամանակի խնդիր է: Այսօր ես անում եմ մի աշխատանք, որը չափազանց շատ եմ սիրում և աշխատում եմ այնպիսի երիտասարդների հետ, որոնց կարծիքն ինձ համար շատ կարևոր է: Ես սիրում և հարգում եմ մեր թիմի յուրաքանչյուր անդամին: Ես զգացել եմ, թե որքան հզոր ենք մենք: Իսկ դա գալիս է մեր միասնական գաղափարի, աշխատանքի, աշխատասիրության և միմյանց նկատմամբ մեծ սիրո շնորհիվ: Իմ խորհուրդը բոլորին՝ ցանկացած գործ արեք ՄԵԾ խանդավառությամբ:

Ինչպես ես սկսեցի իմ սիրած գործը. Handmade
Մարիամ Նազարյան 
06.12.2014

7/17/2013

Հեռվում ապրող մի աղջիկ

Մաս առաջին


Երկիր մոլորակի անկյուններից մեկում ապրում էր մի միայնակ աղջիկ: Նա ապրում էր հեռու-հեռավոր սարերում` մարդկանցից հեռու: Շա~տ էր սիրում իր տնակը ձյունապատ:
Նա ուրախ էր, որովհետև միշտ վերևում էր լինում: Ընկերներ քիչ ուներ. մեկ-երկու թռչուն և գեղեցիկ թիթեռներ: Ոչ ոք չէր տեսել նրան և չգիտեր նրա գոյության մասին: Նրա պատմությունը փոքր-ինչ նման է Սասունցի Դավթի պատմությանը: Բայց այս դեպքում նրան պահել էր ոչ թե Մսրա Մելիքի կինը` հայկական մեղրով ու կարագով, այլ կարելի է ասել, որ նա ծնվել ու մեծացել էր բնության մեջ. քնել թռչունների ծլվլոցի տակ և սնվել օդով ու ջրով:
Դժվար է հավատալ:
Ամառը եկավ, և մարգագետիններում ու սարի լանջերին խոտը կանաչեց. ամռան սկիզբն էր, երբ նրա ծնողները ժամանակավորապես տեղափոխվեցին սարալանջ:
Աղջկա ծնվելուց հետո նրանք մահացան: Աղջկան պահեց Աստված` որպես բարի ու աշխատասեր ծնողների դուստր, ովքեր այնքան շատ էին ցանկանում մի սիրունիկ աղջիկ ունենալ: Աղջիկն էլ եղավ նրանց նման` բարի, գեղեցիկ, աշխատասեր:
Նա, ապրելով իր փոքրիկ ձյունապատ տնակում, շատ ուրախ էր: Նա շատ էր սիրում արևը, երկինքն ու երկիրը: Առավոտյան արթնանում էր թռչունների ծլվլոցից, թիթեռների ուրախ պարից, իսկ երեկոյան քուն մտնում արևի մայր մտնելուն պես: Վերևից տեսնում էր գեղեցիկ տեսարաններ, գեղեցիկ տներ: Բայց երբեք չէր մտածել գնալ և մոտիկից տեսնել այդ ամենը: Հաճախ նկարում էր ձյան վրա այդ տեսարանները, գույզգույն թիթեռները:
Նա շատ էր սիրուն իր շրջապատում գտնվող ամեն ինչ: Նա չէր պատկերացնում իրեն մեկ այլ տեղում ապրելիս: Շատ էր սիրում ձյունառատ եղանակները:
Հաճախ էր նայում և ինքն իրեն մտորում. ո±վ է ինքը, ի±նչ է անում այդտեղ, որտեղի±ց իրեն այդ տնակը, այդ շորերը, որոնք ծնողներն էին հասցրել հագցնել և կարծես նրա հետ էին մեծացել:
Հաճախ էր զգում Աստծո շունչն ու ներկայությունը, որը անսովոր լույս էր սփռում այդ տնակում: Նա չէր կարողանում այդ պահին տիրապետել իր զգացմունքներին:
Երբ արդեն բավական մեծ էր, Աստված որոշեց ուղարկել նրան մարդկանց մոտ, որպեսզի նա էլ իր ծնողների նման զբաղվի բարի գործերով և օգնի իր ամբողջ կյանքում տանջված գյուղացուն, ինչու± չէ, ունենա իր ընտանիքը, երեխաները և ապրի հաշտ ու համերաշխ այս խաղաղ ու լուսավոր աշխարհում:
Հերթական անգամ, երբ հանդիպեց Աստծուն և լսեց այս լուրը, նա չգիտեր` տխրե±ր, թե± ուրախանար: Նա ոչ-ոքի չէր տեսել` բացի Աստծո լույսից և մեկ-մեկ էլ` տաք օրերին, ջրի մեջ տեսել էր իր արտացոլանքը:
Սակայն որոշ ժամանակ անց, երբ արդեն ամռան կեսերի շոգ ու տոթ օրերն էին սկսվել գյուղացու համար, նա որոշեց գնալ հեռվից երևացող կարմիր տանիքների մոտ:
Ամբողջ ճանապարհին նրան տանջում էին զանազան հարցեր, որոնց պատասխանը այդպես էլ մինչև գյուց հասնելը չգտավ:
Նրա ծնողներին շատ քիչ մարդիկ էին ճանաչում: Հիմնականում մեծերը, ովքեր մոտ էին եղել նրանց ծնողների հետ: Նրանցից շատերը այժմ չկային:
Եվ այսպես, երբ հասավ առվակի մոտ, որը կարծես գծում էր գյուղի սահմանը սարալանջ տանող ճանապարհից, նա մի պահ կանգ առավ և տեսավ շոգից հոգնած կենդանիներին, որ ջուր էին խմում ու հագեցնում իրենց ծարավը, իսկ մյուս կողմում` թռվռացող երեխաներին, ովքեր ջուր էին շաղ տալիս միմյանց վրա և զովանում:
Շատ նեղ էր առվակը, չնայած իր երկարության, և աղջիկը հեշտությամբ անցավ նրա վրայով:
Տղաները, որ ինքնամոռաց թռչկոտում  էին, գոռգոռում և խաղում, նկատեցին նրան, մոտեցան, երկար նայելուց հետո հարցրին անունը և պատասխան չստանալով` հասկացան, որ աղջիկը կորել էր, որովհետև չկարողացան որևէ բան իմանալ նրա ծնողների և հարազատների մասին: Երեխաները նրան ուղեկցեցին իրենց տուն: Քանի որ գյուղը փոքր  էր, բոլորը ճանաչում էին գյուղի մեծերին: Երբ երեկոյան հավաքվեցին գյուղի մեծերը և տեսան աղջկան, նրանցից տարիքովը իսկույն հիշեց վաղեմի ընկերոջ տղային, որի դուստրն էր այս գեղեցիկ ու փոքր-ինչ զարմացած աղջիկը: Եվ երբ աղջկան պատմեցին իր պատմությունը, նա մի պահ չէր կարողանում խոսել, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ էր ու երջանիկ:
Նրան Հայուհի կոչեցին: Շուտով նա սովորեց ամեն ինչ անել: Ե'վ հաց էր թխում, և' մաքրություն անում, և' հավերին կերակրում, և' ճաշ էր եփում, գործում, կարում և այլ օգտակար գործեր անում, որոնցով շատ էր օգնում գյուղացուն և այն ընտանիքի անդամներին, ում տանը նա ապրում էր: Չնայած այս ամենին` նա շատ էր երազում իր փոքրիկ, ձյունապատ տնակի մասին: Բայց հասկանում էր, որ նա այլևս միայն չէր կարող ապրել:
Շատ տարիներ անցան: Եվ, բնականաբար նա պետք է ընտանիք կազմեր, երեխաներ ունենար և ապրեր ուրախ և երջանիկ: Իհարկե, մի փոքր ուշ, բայց եկավ այդ օրը: Մեծ հարսանիք արեցին, պարեցին, ուրախացան:
Էլի շատ տարիներ անցան: Աղջիկը 5 երեխա ունեցավ, նրանք շատ գեղեցիկ էին, ոմանք` չարաճճի, բայց միևնույն ժամանակ շատ խելացի: Բոլորին օգնում էին նրանք, ինչպես իրենց ծնողները:
Այպես, ավարտին մոտեցավ մի գեղեցիկ պատմություն, որը չավարտվեց իրականում...

6/24/2013

Երբ դադարում ես մտածել


Երբ դադարում ես մտածել, դադարում ես ապրել:
Երբ չես ափսոսում անցածդ ուղու համար, ապա ավելի քան երբեք, զգում ես բավարարվածության զգացում,
Զգում ես, որ ամիսները զուր չեն անցել, 
Իսկ երբ ժամանակի ընթացքում չկան հետաքրքիր ու արտասովոր և' սիրային, և' ընկերական, և' ընտանեկան պատմություններ, որոնք իրենց ավարտով ազդարարում են նորի սկիզբը, ապա զուր է այն ժամանակը, որը պարզապես վատնել եք ինչ-որ երազանքի իրականացման համար,
Երազանքներն ինքնին գլխավոր նպատակներ են, դրանք անտեսել չի կարելի,
Եթե հետևում եք ձեր նպատակի իրականացման ընթացքին, ապա հաջողությունը ուղեկցում է ձեզ,
Եթե ոչ , ապա կա մեծծ պատճառ, որ խորհեք այդ մասին:
Իսկ երկինք նետված հիշողության թերթիկները, միշտ ապրում են մեր հոգու խորքում,
Երբ կարդում ես նրանում նշված դեպքերը, անհնար է՝ ժպիտը չհայտնվի...

Մարիամ Նազարյան

comment