Translate

7/14/2013

Էլիտար շենքեր







Նախ ներկայացնենք, թե ըստ միջազգային չափորոշիչների, շենքերն ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանեն, որպեսզի կոչվեն էլիտար: Բնակելի օբյեկտների դասակարգումը ըստ հարմարավետության բարձր աստիճանի, այն է էլիտար բնակելի տներ, պետք է համապատասխանեն ստորև ներկայացված բոլոր 8 չափանիշներին.
  • տեղը կամ դիրքը 
  • էկոլոգիապես հուսալի նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների և ճարտարապետության կիրառում 
  • Ակումբայնություն 
  • ինժեներական համալիր կամ կոմպլեքս կառույցների առկայություն 
  • Շենքերի ենթակառույցների առկայություն 
  • Շուկայում էլիտար դիրքավորում 
  • Անշարժ գույքի կառավարում 
  • Գինը 
Տեղը և դիրքը: Առաջին նախապայմանը ինքին շատ կարևոր է: Մենք գիտենք, որ եթե շենքին հարակից կան խանութներ, անհրաժեշտ ծառայություններ մատուցող ընկերություններ, ապա բնակարանի գինը բարձրանում է: Եվ հակառակը, եթե շենքի դիմաց կառուցում են
բարձրահարկ մի էլիտար շենք, և մյուս շինությունը զրկում են բնական լույսից, ապա, բնականաբար գինը իջնում է: Սակայն տեղը և դիրքը որոշելիս այլ չափանիշներ են հաշվի առնում էլիտար շենքեր կառուցելու ժամանակ, քանի որ էլիտար բնակարանների տարածքում պետք է լինեն այնպիսի ենթակառույցներ, որոնք կապահովեն անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Նաև պետք է անաղմուկ լինի, հարմարավետ ամեն առումով, և դրանով է, որ կարևորվում է նաև տեղն և դիրքը:
էկոլոգիապես հուսալի նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների և ճարտարապե-տության կիրառում: Այս կետը մեր մոտ բացակայում է, քանի որ բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ կատարվում է մեր մոտ շատ արագ և միևնույն ժամանակ անորակ: Եվ կարելի է ասել, որ հանուն այդ էլիտար շինություններ ունենալու գաղափարի` ոչնչացնում ենք դարերից եկած մեր մշակութային արժեք ունեցող շենքերը: Մինչդեռ աշխարհի մյուս երկրներում դրանք վերականգնվում են ավելի ժամանակակից ձևերով, և դառնում են հենց տուրիզմի զարգացման խթան:
Ինչ վերաբերում է ակումբայնությանը, ապա պետք է ասեմ հետևյալը` երբ շենքում բնակվում են որոշակի ուղղվածություն ունեցող մարդիկ, միևնույն բնագավառի, միևնույն մասնագիտությանը տիրապետող մարդկանց խումբ է բնակվում, օրինակ` գրողների շենք, նկարիչների շենք… Սա կարևոր պայման է օրինակ` ԱՄՆ-ում, երբ մարդիկ հասնում են իրենց ծերության տարիքին, նրանք հանձնում են բնակարանը պետությանը, և պետությունը տրամադրում է բնակարաններ` այսպես կոչված ծերերի թաղամասում: Եվ գիտե՞ք ինչն է լավ, որ դա ծերանոց չէ, այլ` սովորական բնակարան է, որտեղ բնակվում են միմիայն քո տարեկիցները, այնտեղ կան կենտրոններ, որտեղ կարելի է անվճար օգտվել վարսահարդարման, մատնահարդարման, տարբեր ուղևորությունների և այլ ծառայությունների, և բացի այս ամենից , գտնել շատ հաճելի զրուցակիցներ, որոնք նույնպես կարիք ունեն անկեղծ և դրական երկար զրույցների…
Ինժեներական համալիր կամ կոմպլեքս կառույցների առկայություն: Շենքն արտաքինից չպետք է պարունակի տարատեսակ սարքավորումներ, այսինքն պետք է լինի մեկ միասնական համակարգ, որը կապահովի թե’ ջեռուցումը, թե’ հովացումը, օդափոխանակությունը, ջրահեռացումը և այլն:
Շենքերի ենթակառույցների առկայությունը ենթադրում է, որ հարակից պետք է լինեն մանկապարտեզներ, դպրոցներ, տարատեսակ ծառայություններ մատուցող ընկերություններ, խանութներ և այլն, այսինքն, ամեն ինչ մեկ տեղում:
Էլիտար դիրքավորումը` թերևս բրենդն է: Ըստ բրենդ բառի սահմանման` բրենդը դա միևնույն լսարանում մարդկանց մոտ դրական հույզեր առաջացնող անվանումն է: Ինքնին սա շատ կարևոր հատկանիշ է, որը ապահովում է և’ շահույթը, և’ հասանելիությունը, տարածվածությունը, և , իհարկե, ճանաչելի է դարձնում հասարակությանը:
Անշարժ գույքի կառավարում: Մենք գիտենք, որ ցանկացած ոլորտում, ցանկացած տեղ, նույնիսկ ընտանիքում, և ընդհանրապես, մարդ անհատն ինքն իրեն պետք է կարողանա կառավարել և վերահսկել: Այնպես, ինչպես մարդն է շատ դեպքերում դժվարանում իր գործողությունները կառավարել և վերահսկել, այդքան և նույնսիկ ավելի դժվար է կառավարել մեկ հսկայական շինություն իր ծառայություններով հանդերձ: Այդ իսկ պատճառով շատ է կարևորվում հատկապես ճիշտ կառավարման և վերահսկման համակարգը:
Եվ այս ամենն, իհարկե, ամփոփում է գինը: Գնի մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ այն կապված է սպառողների մտածելակերպի, սպառողական պահանջարկի, նրա աշխարհայացքի, հնարավորությունների և շատ ու շատ գործոնների հետ: Սպառողական պահանջմունքները անընդհատ փոփոխման մեջ են տարիների ընթացքում, գինը պետք է փոփոխել` ըստ շուկայի պահանջարկի և առաջարկի: Շատ սպառողների համար բավական է նույնիսկ բարձր գին սահմանելը, ինչը կարող է նրանց համար լինել բարձր հուսալիության ցուցանիշ: Եվ որքան էլ տարօրինակ է, որ գինը պետք է որոշվի վերջում և պետք է հաշվի առնվի` արդյո՞ք բոլոր 8 կետերը կատարված են լիարժեք, մեզ մոտ հակառակն է սկզբում հաշվարկում են գինը, շահույթը, իսկ թե ինչպիսին կլինի կառույցը, դա արդեն երկրորդական հարց է…

comment