Translate

5/17/2014

Ինչպիսի՞ն պետք է լինի խոնարհ հայ-քրիստոնյան



Այսօր` 21-րդ դարում, չկա խոնարհություն, հեզություն, երբ մարդը իր զոռբայությամբ, բարձր ձայնով, ոտքով հարվածելով կարող է գնալ առաջ: Եվ հիսուսն ասում է՝ հեզ ու խոնարհ մարդիկ տիրելու են աշխարհին: Այդ մարդիկ այնքան քաղցր են, այնքան էներգետիկ, այնքան իրենց ձգող են, որ կարող են հասարակության մեջ խաղաղություն ներշնչել անգամ ամենաբռնկուն պահին: Այն ամենը, ինչ տրված է մեզ Աստծուց` խոնարհությամբ է տրված: Դուք տեսել եք պտղաբեր ծառ, որը դեպի երկինք է նայում: Պտղաբեր ծառը ծանրացած է, կռացած: Հետևաբար այն գլուխը, որը խոնարհ է, լիքն է իմաստությամբ, խոնարհությամբ: Մի պատմություն կա փարիզեցու և մաքսավորի մասին: Փարիզեցու կերպարի մեջ Տերը ցույց տվեց ինքնախաբեություն, ինքնագովասանք: Երբ փարիզեցին աղոթում է, ասում է` Տե'ր, տես ես ինչ մաքուր եմ, ես նման չեմ ուրիշներին: Հպարտությունն էր, որ ավելացրեց փարիզեցու մեղքերը: Հպարտությամբ է, որ մարդիկ կորցնում են ամեն ինչ: Մաքսավորը իր աղոթքում խնդրում էր, որ Տերը ների իրեն: Եվ մաքսավորը եկեղեցուց դուրս եկավ մեղքերից ազատված, իսկ փարիզեցին` ևս մեկ մեղք ավելացրած: Խոնարհությունը զարդ է յուրաքանչյուր մարդու համար, որովհետև Տերը ինքը խոնարհ է: Հիսուսը, երբ քարոզում էր, չէր պարտադրում, նրա քարոզը առաջարկի էր նման: Խոնարհությունը անճարության նշան չէ: Ովքեր համակերպվում են իրավիճակին, ասում են այդպես պիտի լինի. դա խոնարհություն և հեզություն չէ: Համակերպվել վատ երևույթներին` խոնարհ կեցվածք չէ, և հակաքրիստոնեական է: Արտաքինը չի կարող լինել խոնարհ. եթե մարդը միշտ գլուխը կախ, տխուր դեմքով է: Մարդը կարող է խոնարհ լինել` գլուխը բարձր, ուրախ, բայց հոգով հեզ ու խոնարհ:
Քրիստոնեությունը պետք է հասկանանք հոգեբանությամբ: Հոգեբանություն է դա: Ներսի "ես"-ը պետք է խոնարհ լինի: Եթե գիտակցությունը խոնարհ և հեզ չէ, մարդը չի կարող լինել հեզ ու խոնարհ: Հեզությունը թուլության նշան չէ: Հզոր մարդը կարող է լինել հեզ ու խոնարհ: 

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս Եկեղեցու խորհրդակատար Տէր Կարապետ քահանայ Կարապետեան
Խոկման արարողություն 
Մարիամ Նազարյան
13.05.2014



comment