Translate

Showing posts with label աշխատանք. Show all posts
Showing posts with label աշխատանք. Show all posts

2/05/2015

Ինչպես ես սկսեցի իմ սիրած գործը. Handmade

Անցյալ տարի ամռանը շրջում էի գրախանութում և պատահական տեսա մի ամսագիր` շապիկին գեղեցիկ ձեռքի աշխատանքի նկարներով: Երկու համար գնեցի և վազեցի տուն: Հենց շքամուտքում մեր հարևանին հանդիպեցի և ասացի, որ նոր գործ եմ սկսում, միայն թե իմանաս, թե ինչ եմ մտածել…
Ինչո՞ւ ամեն ինչ այդպես պատահական և արագ ստացվեց: Իրականում իմ մեջ արթնացավ այն երազանքը, որն ունեի շատ վաղուց և հասկացա, որ այն իրականացնելու համար ամենահարմար նախադրյալները հիմա են: Սովորաբար ես շատ չեմ մտածում ապագայի մասին, բայց այդ գաղափարը մտքումս միշտ ունեցել եմ:
7-8 տարի առաջ բարեկամուհուս ասացի, որ մեր տան հարևանությամբ գտնվող շենքում մեծ ընկերություն եմ ստեղծելու, որտեղ հիանալի նվերներ կպատրաստենք հարևանությամբ գտնվող մանկապարտեզի երեխաների համար: Մտքումս միայն բարեգործությունն էր ու երեխաներին ուրախացնելու մեծ ցանկությունը: Բոլորը մտածում էին՝ այս ինչ է խոսում 16 տարեկան այս աղջիկը, և ես զգում էի, թե ինչպես էին ինձ թերահավատորեն նայում: Եվ արդեն 20 տարեկանում գլխումս կայծակնային արագությամբ ծագեց այդ վաղեմի և մեծ երազանքն իրականացնելու գաղափարը: Սկսեցի նվերներ պատրաստել բոլոր ծանոթ և անծանոթ մարդկանց համար: Մեկ ամիս անց հեռուստաեթերում առաջին անգամ մի քանի վայրկյանով ցուցադրվեց իմ աշխատանքը և ես զգացի, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Մեկ տարվա ընթացքում փորձեցի պատրաստել տարբեր նվերներ ընկերներիս համար՝ գործած գլխարկներ, ձեռնոցներ, գլխազարդեր, կոշիկներ… Դրանից ևս մեկ տարի անց ունեցա առաջին պատվերս: Շատ ոգևորիչ էր. հիշում եմ, թե ինչպես գումարը վերցրեցի և ուրախությունից ցնծում էի: Դա իմ առաջին եկամուտն էր իմ իսկ աշխատանքից: Ավելի հաճելի զգացում չի կարող լինել: Մինչ այդ նման երջանկության մեջ հայտնվել էի այլ ընկերություններում հաջողություններ գրանցելիս: Բայց այս անգամ միանգամայն այլ, անբացատրելի բան տեղի ունեցավ: Մի պահ աշխարհը տվեցին ինձ և առաջին անգամ ես զգացի, որ կարող եմ. ուղղակի պետք է շատ աշխատել:
Ամիսներ անց թողեցի բոլոր գործերս և օր ու գիշեր սկսեցի աշխատել այդ գաղափարի վրա: Անցավ ինչ-որ ժամանակ և հասկացանք, որ թիմն անհրաժեշտ է մեծացնել՝ սկսեցինք փնտրել աշխատասեր և խանդավառ երիտասարդներ: Սկզբում սովորեցնում էինք նրանց աշխատանքը: Հենց այդ ժամանակ ես զգացի, թե ինչ է նշանակում սեփական գործ ունենալ և պատասխանատու լինել դրա համար: Երբ աշխատում ես ինչ-որ ընկերությունում, կատարում ես այն աշխատանքը, որը քեզ տալիս են և երբ ամեն ինչ ավարտվում է, դրա դիմաց գումար ես ստանում: Իսկ այս դեպքում պետք է ինքդ որոշումներ կայացնես. ի՞նչ անես, ո՞ւմ համար, ինչպե՞ս ներկայանաս, ինչպե՞ս տարբերվես արդեն գոյություն ունեցող շուկայում, ինչպե՞ս թիմ ձևավորես, ինչպե՞ս ընտրես մարդկանց, ովքեր քեզ կօգնեն, ինչպե՞ս կարգավորես քո օրվա գրաֆիկը, որպեսզի ոչ մի պատվեր չուշանա, թերությունները հասցվեն շտկվել և անես անհնարինը հաճախորդին գոհացնելու համար:
Սակայն վերջում, երբ լսում ես հաճախորդի դրական արձագանքը, հասկանում ես, որ ջանքերդ գոնե մի քանի տոկոսով իրենց արդյունքը տվել են և ավելի խանդավառությամբ ես սկսում առաջ շարժվել: Վերջերս, երբ ուսումնասիրում էի Նոլան Բուշնելի խաղերի ստեղծման պատմությունը, հասկացա և համոզվեցի, որ միայն խանդավառությունը կարող է օգնել քեզ հավատալ սեփական հաջողությանը: Շրջապատի կարծիքը ժամանակի խնդիր է: Այսօր ես անում եմ մի աշխատանք, որը չափազանց շատ եմ սիրում և աշխատում եմ այնպիսի երիտասարդների հետ, որոնց կարծիքն ինձ համար շատ կարևոր է: Ես սիրում և հարգում եմ մեր թիմի յուրաքանչյուր անդամին: Ես զգացել եմ, թե որքան հզոր ենք մենք: Իսկ դա գալիս է մեր միասնական գաղափարի, աշխատանքի, աշխատասիրության և միմյանց նկատմամբ մեծ սիրո շնորհիվ: Իմ խորհուրդը բոլորին՝ ցանկացած գործ արեք ՄԵԾ խանդավառությամբ:

Ինչպես ես սկսեցի իմ սիրած գործը. Handmade
Մարիամ Նազարյան 
06.12.2014

7/06/2014

Արտյոմ Վարդանյան. Հայաստանում ինձ համար շատ դժվար է մասնագետ գտնելը


1.Այսօր Jambo Exotic Park & Restaurant-ն իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստանի ռեստորանների շարքում, ի՞նչը առիթ հանդիսացավ նման համալիր ունենալու հենց Հայաստանում:
Հայաստանը իմ ծննդավայրն է, Հայաստանը աշխարհի իմ ամենասիրելի երկիրն է: Ուրիշ շատ գործեր եմ ձեռնարկել այլ երկրներում, բայց նմանատիպ բան չէ: Չնայած, անկեղծ ասած, յուրաքանչյուր ուրիշ երկրում սա`  որպես բիզնես նախագիծ, շատ ավելի լավ կաշխատի, ինչպես նաև շատ ավելի մեղմ պայմաններում: Ղրիմում շփվել եմ գազանանոցի տիրոջ հետ, որը բացել է կենդանիների պարկ, նաև Ամստերդամի պարկը, որը իր մեջ ներառում է շատ ռեստորաններ, սրճարաններ, իրենք պետության կողմից ստանում են 4մլն դոտացիա, իսկ տոմսերի արժեքը 28 եվրոյից է սկսում: Այստեղ ոչ մի արտոնություն չկա:
2.Քսան տարի ապրելով Հայաստանում, հե՞շտ է Ձեզ համար այստեղ գտնել լավ մասնագետ:
Լրիվ տարբեր է այստեղ մարդկանց մտածելակերպը: 180 աստիճանով տարբերվում է: Այնտեղ ամեն մեկը իր աշխատանքը գիտի: Այս ամենը գալիս է Հայաստանի իրավիճակից, որ հիմա շատ մարդիկ ստիպված են լինում զբաղվել լրիվ ուրիշ մասնագիտությունով՝ լինելով լրիվ ուրիշ մասնագետ: Զբաղվել մի բանով, որը իրենց գործը չի: Մեր մոտ դառնում են շատ լայն պրոֆիլի մասնագետներ: Նրանք կարող է մեր ուսանողների նման շատ բան չիմանան, բայց շատ լավ իրենց մասնագիտությունը գիտեն: Ինձ համար սարսափելի դժվար է մասնագետ ընտրելը: Մարդիկ իրենց փորձով շատ ավելի մեծ արդյունքի են հասնում, քան սովորելով:
3.Կարո՞ղ եք նշել Հայաստանի և Հոլանդիայի աշխատանքային շուկայի տարբերությունները:
Այստեղ աշխատողը ոչ մի բանով պաշտպանված չէ: Ամեն վայրկյան տնօրենը կարող է գործից հանել աշխատողին: Արտասահմանում դու չես կարող հանել գործից աշխատողին առանց լուրջ պատճառի.  օրենքը միշտ աշխատողի կողմն է: Աշխատողը կարող է դատի տալ քեզ ու 100 տոկոսով կշահի դատը: Մեզ մոտ էլ եղավ այդպիսի մի դեպք: Աշխատողներից մեկը շատ վատ էր աշխատում և ես հայկական մեթոդներով ասացի, որ էլ չգա աշխատանքի, և այդ չգալը ինձ վրա նստեց 3 տարի:
Դիմել էր բժշկի, որ դեպրեսիայով հիվանդ է, և 3 տարի իր բուժման զգալի մասը մենք էինք փոխանցում: Աշխատանքային շուկայում աշխատանքի պահանջարկ ունեմ, որը, Ճիշտ է,  շատ դժվար է բավարարվում, բայց կգտնեմ երիտասարդների, որոնց կսովորեցնեմ ու հաջողության կհասնենք:
4. Ի՞նչ մարքեթինգային քայլեր են կատարվել բիզնեսի զարգացման համար:
Ցանկացած բիզնեսում, երբ դու պետք է սկսես ինչ-որ գործունեություն ծավալել,   կա՛մ դու պետք է ունենաս շատ մեծ գումար, կա՛մ դա պետք է լինի ինչ-որ Know-how, կա՛մ լավ բիզնես առնես արդեն գործող, բայց այդ դեպքում վտանգը մեծ է, որ կարող  է խափանես այդ բիզնեսը ու չկարողանաս նախկին ղեկավարի նման ճիշտ գործել:  Եվ ամենակարևորը  շուկայում պետք է լինես յուրահատուկ: Հայաստանում մի քիչ այլ է, այստեղ քո բիզնեսից հիմնականում օգտվում են քո ծանոթ-բարեկամները:
Ճիշտ մարքեթինգային քայլ իրականացնելու համար պետք է նախ ուսումնասիրես շուկան, վերցնես վիճակագրություն՝ տեսնելու համար, թե ինչպես է զարգացել բիզնեսը, որում ցանկանում ես ներդրում կատարել:
Ամենալավ մարքեթինգը նա է, երբ խոսում ես մարդկանց հետ, սեփականատերերի հետ, ընկերանում ես նրանց հետ, և իրենք շատ հեշտ, առանց որևէ բանի իրենց գաղտնիքները քեզ ասում են:
Այն ժամանակ, շատ պատահական ինչ-որ տարածք էինք գնել, որտեղ հյուրանոց էր եղել, բայց շատ վատ վիճակում էր: Գործընկերներս ասեցին վաճառենք, և որոշեցինք վերանորոգելուց հետո նոր վաճառել: Եվ վերանորոգման ժամանակ զգացի, որ պահանջարկ կա: Դա 2003-2004 թվականներն էր, երբ, մանավանդ Ամստերդամում, տուրիզմը զարգացած էր: Եվ մենք հաջողության հասանք: Բայց հիմա ուրիշ մարքեթինգ պետք է իրակացնել, որովհետև տուրիզմի շուկան նստած է ճգնաժամից հետո: Բիզնեսը 14-16 անգամ արենդայի գինն արժե: Կամ պետք է վերցնես 0-ից մի շենք կառուցես, բայց դա էլ շատ բարդ է, որովհետև այնտեղ լիցենզիա չեն տալիս: Հայաստանում մարդիկ կարող են իրենց տունը հյուրանոց սարքել: Այնտեղ այդպես չէ, բայց, եթե ինչ-որ ժամանակ այդ շենքի վրա եղել է լիցենզիա, դու կարող ես վերականգնել դա: Այդպիսի մի խումբ կար, ու մենք վերցնում էինք տարածքը, պայմանագիր էինք կնքում, իրենք ընթացքում վերականգնում էին լիցենզիան, իսկ մենք կառուցման ժամանակ Ռուսաստանից ֆինանսավորում էինք ստանում: Հիմա այդ բոլոր հյուրանոցները վաճառել ենք: Symphony հոթելները կան, ես այդ ցանցը 0-ից եմ ստեղծել: Ամեն ինչ պահպանվել է իմ ստեղծած ներքին հարդարանքով… պարզապես մենք կարողացանք մեր բիզնեսը բարձր արժեքով վաճառել:
5.Թերևս միակ դժվարությունը Jambo այցելելու, քաղաքից փոքր-ինչ հեռու գտնվելն է: Հետագայում կան տրանսպորտի հետ կապված պլաններ:
Շուտով կլինի: Մենք նույնիսկ երկու հարկանի տրանսպորտ ենք որոշել բերել արտասահմանից, որը ոչ միայն մեզ համար կաշխատի, այլ նաև տուրիստների համար:
6.Ի՞նչ լրացուցիչ ծառայություններ է մատուցում Jambo-ն:
Մենք  2 ամիս է, ինչ բացել ենք Jambo Exotic Park & Restaurant-ը: Ընթացքում նոր հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում: Դահլիճի տանիքին բացօթյա տարածք է լինելու հարսանեկան արարողությունների համար: Միգուցե այստեղ լավ չգործի, պարզապես հայերը ստանդարտներից շեղվել այդքան էլ չեն սիրում: Սակայն մենք առաջարկում ենք օրիգինալ կորպորատիվ միջոցառումներ, հարսանեկան հանդիսություններ, ծննդյան տոնակատարություններ, ձիավարություն: Մանկական ժամանցի մեջ մտնում է նաև Jolly Art ընկերության կողմից առաջարկվող ավազե նկարչությունը:

Jambo Exotic Park & Restaurant-ը հիանալի վայր է Ձեր ընտանիքի, հարազատների և ընկերների հետ ժամանց անցկացնելու համար: Մանրամասն կարող եք ծանոթանալ ֆեյբուքյան էջում - Jambo Exotic Park & Restaurant:

04.07.2014
Մարիամ Նազարյան

7/27/2013

Քնելը կարևոր է...



Մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի հանգստի, որը կարող է լինել և՛ ակտիվ, և՛ պասիվ: Սակայն շատ կարևոր է ոչ միայն այն, թե որքան ժամանակ ենք մենք քնում, այլ նաև` թե որ ժամերին ենք քնում: Ըստ որոշ հետազոտությունների` օրվա որոշակի ժամերին մարդկանց մոտ արտադրվում է քնի հորմոն, և ամենաճիշտն այն է, որ մարդը ժամը 1-ին արդեն խորը քնի մեջ լինի: Ինչպես գիտեք, քնելու ժամանակ մենք անցնում ենք երկու փուլ. սկզբում մակերեսային քուն է լինում, որի ժամանակ մենք նույնիսկ լսում ենք շրջապատի ձայները, այնուհետև անցնում ենք խորը քնի փուլ, որտեղ տեսնում ենք երազներ: Սակայն հաճախ այս հերթականությունը խախտվում է, որն ինքնին նշանակում է որևէ ֆունկցիայի խախտում, և մարդը լիարժեք չի կարողանում հանգստանալ: 
Ժամանակը ռացիոնալ օգտագործելու և արդյունավետ աշխատելու համար հարկավոր է առույգություն և արագ կողմնորոշվելու կարողություն, որը հնարավոր է միայն լիարժեք հանգստի դեպքում: Հակառակ այն կարծիքին, որ մարդն իր կյանքի 1/3 մասը անցկացնում է քնած և փոխարենը բազմաթիվ այլ օգտակար բաներ կարող էր անել, և հետևաբար կարելի է քիչ քնել, միանգամայն սխալ է: Քնի միջոցով, ինչպես լիցքավորվում են մարտկոցները, այնպես էլ լիցքավորվում է մարդը և դա շատ կարևոր է: Երբեք մարդը չի կարող անընդհատ հաջողության հասնել, երբ իր քունը խախտված է. հետևաբար կամ առողջական խնդիրներ ունի, կամ դրանք շուտով կառաջանան: 
Այսպիսով, իմ խորհուրդը ձեզ, որ քնեք ճիշտ ժամանակին: Հիշեք` առավոտյան արված աշխատանքը ավելի արագ և հեշտ է ստացվում, քան գիշերային ժամերին արվածը: 
Մի՛ վտանգեք ձեր առողջությունը:

Մարիամ Նազարյան

6/23/2013

Սկսեցի աշխատել արդեն ուսանող...


Ես իմ աշխատանքային պրակտիկան սկսեցի, երբ սովորում էի երկրորդ կուրսում: Սկզբում այցելեցի «Ռեսո» ապահովագրական ընկերություն և մոտ մեկ ամիս գնալուց հետո արդեն հասկացել էի աշխատանքի բնույթը: Դա 2010 թվականն էր, երբ ավտոմեքենաների ապահովագրությունը պարտադիր էր դարձել: Այնուհետև, «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերությունում ընդունվեցի աշխատանքի և արդեն գրանցվեցի որպես գործակալ: Քանի որ «ԻնգոԱրմենիա»-ն տաքսիների ապահովագրություն չէր իրականացնում, ես նաև «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերությունում տաքսի ընկերության ապահովագրական պայմանագրեր կնքեցի: Այնուհետև, երբ տարին ավարտվեց, կարծես այդ իրարանցումը նույնպես ավարտվեց և թվում էր` այլևս ոչինչ չկա անելու: Ամառային արձակուրդներին «Օրիֆլեյմ» կոսմետիկայի ընկերությունում ընդունվեցի որպես խորհրդատու: Սկզբում ամեն ինչ լավ էր ստացվում և դա ինձ ուրախացնում էր: Ավելի ուշ, ինչպես նաև հիմա, օգտվում եմ միայն ինձ համար:
Նույն տարում` 2011 թվականին, Հայաստանում անցկացվում էր մարդահամար: Եվ ես որոշեցի մասնակցություն ունենալ: Աշխատեցի որպես հաշվարար: Չնայած դժվարություններին` գործն ինձ դուր էր գալիս: Հաջորդ տարում, կարդալով հայտարարությունը, այցելեցի Vision International People Group ընկերություն, որտեղ ինձ ասեցին, որ սկզբում պետք է մասնակցեմ իրենց կողմից կազմակերպվող եռօրյա բիզնես սեմինարներին: Մասնակցելով սեմինարներին` ինձ համար բավական նոր բաներ իմացա` թե աշխատանքային ոլորտի թերությունների և առավելությունների, թե ընկերության հաջողության և դրական կողմերի մասին: Բայց մի քանի օր գնալուց հետո ես հրաժարվեցի այլևս գնալ: Ես ինձ չէի տեսնում այդտեղ, որ կարող եմ լավ աշխատող լինել: Բացի այդ, մի քանի օր այցելելու ընթացքում այդպես էլ չկարողացա ճիշտ պատկերացում ստանալ աշխատանքային պարտականությունների վերաբերյալ:
 Այս տարի ընդունվեցի Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում աշխատանքի: Աշխատանքի հիմնական դժվարությունը կայանում էր նրանում, որ այն հերթափոխային էր, իսկ այդ ժամանակահատվածը համընկավ իմ դիպլոմային աշխատանքի պաշտպանության և պետական քննության ժամանակի հետ: Չնայած այս ամենին ամեն ինչ հաջող անցավ:
Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդ պետք է ճկուն լինի աշխատանքի հարցում, պետք է աշխատի տարբեր բնագավառներում, թեկուզ կարճ ժամանակով: 
Այդ ամենը թույլ է տալիս նոր հմտություններ ձեռք բերել ցանկացած աշխատանքում: Ներկայումս առաջարկվող աշխատանքները բազմազան են և ընտրել այդ ամենից քեզ ավելի հարմարը և հոգեհարազատը` ավելի քան դժվար է: Բայց այդ ամենն օգնում է քեզ հետագայում քո ընկերությունն ունենալու:
Կարևորը` ցանկությունն է և նպատակը: Պետք է Դրայզերի «Հանճարի» հերոս Յուջինի պես փորձել ամեն աշխատանք

comment