Translate

7/27/2013

Քնելը կարևոր է...



Մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի հանգստի, որը կարող է լինել և՛ ակտիվ, և՛ պասիվ: Սակայն շատ կարևոր է ոչ միայն այն, թե որքան ժամանակ ենք մենք քնում, այլ նաև` թե որ ժամերին ենք քնում: Ըստ որոշ հետազոտությունների` օրվա որոշակի ժամերին մարդկանց մոտ արտադրվում է քնի հորմոն, և ամենաճիշտն այն է, որ մարդը ժամը 1-ին արդեն խորը քնի մեջ լինի: Ինչպես գիտեք, քնելու ժամանակ մենք անցնում ենք երկու փուլ. սկզբում մակերեսային քուն է լինում, որի ժամանակ մենք նույնիսկ լսում ենք շրջապատի ձայները, այնուհետև անցնում ենք խորը քնի փուլ, որտեղ տեսնում ենք երազներ: Սակայն հաճախ այս հերթականությունը խախտվում է, որն ինքնին նշանակում է որևէ ֆունկցիայի խախտում, և մարդը լիարժեք չի կարողանում հանգստանալ: 
Ժամանակը ռացիոնալ օգտագործելու և արդյունավետ աշխատելու համար հարկավոր է առույգություն և արագ կողմնորոշվելու կարողություն, որը հնարավոր է միայն լիարժեք հանգստի դեպքում: Հակառակ այն կարծիքին, որ մարդն իր կյանքի 1/3 մասը անցկացնում է քնած և փոխարենը բազմաթիվ այլ օգտակար բաներ կարող էր անել, և հետևաբար կարելի է քիչ քնել, միանգամայն սխալ է: Քնի միջոցով, ինչպես լիցքավորվում են մարտկոցները, այնպես էլ լիցքավորվում է մարդը և դա շատ կարևոր է: Երբեք մարդը չի կարող անընդհատ հաջողության հասնել, երբ իր քունը խախտված է. հետևաբար կամ առողջական խնդիրներ ունի, կամ դրանք շուտով կառաջանան: 
Այսպիսով, իմ խորհուրդը ձեզ, որ քնեք ճիշտ ժամանակին: Հիշեք` առավոտյան արված աշխատանքը ավելի արագ և հեշտ է ստացվում, քան գիշերային ժամերին արվածը: 
Մի՛ վտանգեք ձեր առողջությունը:

Մարիամ Նազարյան

7/26/2013

<Արի տուն> ծրագրի մասնակիցները





«Այստեղ ամենից շատ արևն է ինձ դուր գալիս…»
15-ամյա Սարգիս Արսենյանը առաջին անգամ է ՀայաստանումՍարգիսը  Հայաստան է եկել Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքից:
«Այստեղ ինձ դուր է գալիս ամեն բան, բայց ամենից շատ՝ արևը… Առաջին անգամ եմ Հայաստան եկել,  այստեղ ոչ մի ծանոթ չունեմ, սակայն ծանոթացել եմ տարբեր երկրներից ժամանած հայազգի պատանիների հետ, ինչպես նաև Հայաստանում բնակվող երիտասարդների հետ: Ինձ լավ են վերաբերվում այն տանը, որտեղ հյուրընկալվել եմ:
Ծրագրի մասին հորեղբայրս է ասել, և այժմ անչափ ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվում…»: 

«Հայաստանում ինձ այդ ազատություն է դուր գալիս…»

16-ամյա Նատալի Գաբրիելյանը եկել է Իրաքի Բաղդադ քաղաքից:
«Արի տուն» ծրագրի մասին լսել է այնտեղի հայկական եկեղեցուց և հայոց լեզվի ուսուցչուհուց և ծնողների աջակցությամբ այժմ գտնվում է Հայաստանում:
«Հայաստանում մորաքույրս է բնակվում, ես ծնվել եմ Բաղդադում: Արմատներով Վանից ենք: Հայաստանը մեր հայրենիքն է, իսկ Բաղդադը` մեր ծննդավայրը: Հայրենիքում գտնվելը երազ է մեզ համար: Տանը հայերեն ենք խոսում:
Ինձ դուր է գալիս Արարատը, Արագածը, բնություն…
Եթե համեմատենք Հայաստանը Իրաքի հետ, ապա այստեղ դրությունը լավ է: Ի տարբերոթյուն Բաղդադի` Երևանում աղջիկները ավելի ազատ են:
Հայաստանում ինձ այդ ազատությունն է դուր գալիս…»:

«Ուզում եմ դատավոր դառնալ…»
Դավիթ Մասուրյանը Շվեդիայից է: «Արի տուն» ծրագրի մասին տատիկից է իմացել: Դավիթը ընտանիքի հետ է եկել Հայաստան:
«Մեզ մոտ հայություն գրեթե չկա: Ինձ ամենից շատ այստեղ գրավում է այն, որ բոլորը հայեր են և հայերեն են խոսում /տանը մենք նույնպես հայերեն ենք խոսում/:
Մեզ մոտ ավելի ազատ են պատանիները: Շվեդիայում 6-րդ դասարանում եմ սովորում: Ուզում եմ  դատավոր դառնալ:
Զբաղվել եմ սպորտով. շախմատի եմ գնացել, պրոֆեսիոնալ ֆուտբոլի: Մեկնել եմ Դանիա` մասնակցելու ֆուտբոլային խաղերին:
Հայաստանում պատանիները ավելի շատ տարված են սոցիալական կայքերով: Ես օգտագործում եմ ինտերնետը հիմնականում դասերի և լրացուցիչ տեղեկություն ստանալու համար: Ինձ այսպիսի շփումը ավելի է դուր գալիս, քան սոցիալական կայքերով միմյանց գրելը:
Եթե լավ կրթություն ստանամ, ես կդառնամ արդար և լավ դատավոր, չնայած ընկերության մեջ  ներողամիտ եմ…

Մարիամ Նազարյան

7/25/2013

Ընկերների դերը, ազդեցությունը անկախ մեր կամքից

Ընկերությունը այն դեպքում է լինում, երբ միմյանցից որոշ բան կարող եք սովորել, երբ միմյանցից տարբերվում եք, երբեմն նախանձում և ձգտում հասնել միմյանց հաջողություններին, այլապես այն ընկերություն չի համարվի:
Լավ ընկերները երջանկություն են, այդ առումով ես ինձ երջանիկ եմ համարում: Հաճախ ես կորցնում նրանց, բայց հենց նույն վայրկյանին հայտնվում է նոր ընկեր, անկախ մեր կամքից: Անհնար է առանց նրանց: Աղջիկները կհամաձայնեն ինձ հետ, մենք բաժանում ենք մեր ընկերներին մի քանի խմբի.
  •  Նրանք, ում հետ մենք անում ենք ամեն ինչ . և՛ դաս, և՛ բամբասանք, և՛ գնումներ, և՛ այլն,
  • Նրանք, ում հետ միայն դասերից, գրականությունից, աշխատանքից ենք խոսում,
  • Նրանք, ում հետ պատրաստ ենք ծայրահեղ քայլերի,
  • Նրանք, ում շատ ենք սիրում , ամեն օր մտածում և ոչ հաճախ խոսում,
  • Նրանք, ում հետ անցկացնում ենք մեր կյանքի մեծ մասը, պատրաստ ենք ամեն ինչի:
Հետևաբար ազդեցությունն էլ իր հերթին լինում է և՛ դրական, և՛ բացասական:
Բայց, ինչպես ասում են, խելացին իրենից առավել խելացիների հետ է շփվում ավելի խելացի դառնալու համար:
Խելացի բոլորս ենք մեզ համարում, և իսկապես, անխելք մարդ չկա, պարզապես ընդհանուրի մեջ մի փոքր ավելի խելացի և շատ խելացի են լինում:
Եղե՛ք ընկերասեր, դրա մեջ վատ բան չկա, ինչքան շատ ընկերներ, այնքան շատ գաղափարներ, հետաքրքիր մտքեր… : 
Միայն թե իսկական և լավ ընկերները երկուսից ոչ ավել են լինում:
Ինչպես ասում են մեկ ընկերը լավ է, երկուսը` արդեն բավական է, երրորդը` արդեն ճոխություն է:
Հաստատ ցանկացած ընկերոջից կարելի է առնվազն մեկ լավ բան սովորել, չէ՞ որ ցանկացած մարդ բացի վատ կողմերից, նաև շատ դրականն ու ոգեշնչողն ունի:
Ընկերներն իմ կյանքում շատ մեծ դեր են խաղում, ինքս էլ չգիտեմ դա լավ է թե վատ: Բայց ես չեմ դժգոհում, մեկը մյուսին լրացնելով, օգնում են հասկանալ ամեն մեկին: Անհնար է պատկերացնել իմ մեկ օրը առանց նրանց:

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ……… :) 


Մարիամ Նազարյան


comment