Translate

7/16/2013

Ես եմ, դու ես, ես չկամ...

                                                      
 Ես եմ, դու ես, ես չկամ...
 Ես և դու մեկ ամբողջություն ենք: Ամբողջականության մեջ ես և դու չկանք:
Այնուամենայնիվ մենք կանք, մենք անհատ ենք, անհատականություն, հասարակության անդամ, մեր կարծիքը ծանրակշիռ է գուցե, մեր որոշումները էական և կարևոր են գուցե, բայց ես չկամ, դու էլ չկաս:
Փոխարենը կանք մենք` մեկ ամբողջական էություն, մեկ ամբողջական հոգու արտացոլում:
Իմ միտքը տատանվում է ուժգին քամուց, որոշումս արմատախիլ է անում փոթորիկը ուժգին, բայց ես չկամ, իսկ մեր միտքն ու կարծիքը, ի տարբերություն ինձ, ամուր և անսասան են:

Ես եմ, դու ես, մենք ենք...

 Ես տարակուսում եմ, տարբեր պարագաներում գուցե երկար երկմտում, բայց ես չկամ, իսկ մենք վստահ և մտածված ու հաստատակամ առաջ ենք շարժվում, իսկ ճանապարհին հանդիպած դժվարությունները մեզ չեն կարող ստիպել երկմտել:
Տրված խնդիրը ես հաստատ կլուծեմ 2 ժամում, բայց ես չկամ այլևս, իսկ մենք այն կլուծենք, հավանաբար, 10 րոպեում:
Մենք քայլում ենք դեպի անհայտ, բայց մեր համար ակնհայտ ուղով, սակայն ես չկամ, դու չկաս, հետևաբար չկա նաև <մենք>-ը, այսուհետ կա <նա>. <նա>-ն` ես եմ, դու ես, մենք ենք…
Ես եմ, նա է, ես չկամ...

 <Նա> մեզ հուսախաբ չի անի, <Նա> շատ վստահ է, ուժեղ, պատրաստ ամեն դժվարություն հաղթահարելու, պատրաստակամ է և ունի հետևորդներ, դաշնակիցներ ու աջակիցներ…
<Նա> արդեն ունի իր ուրույն տեղը հասարակության մեջ, դեռ ոչ այդքան հաստատված, բայց ջանք և եռանդ չի խնայում` հասնելու մեծ բարձրունքների, իսկ հաջողությունը սարերի ետևում չէ, այս պահին այն շատ մոտ է :
<Նա> զարգացրել է իր տրամաբանությունը, միտքը ճկուն է, մարզված, պատրաստ մրցելու, մատուցելու, առաջադրելու իր տեսակետը հասարակության մեջ և իր գաղափարներով կսլանա առաջ` իրականացնելով այդ ամենը համապատասխան ոլորտներում և ճանաչում կունենա հասարակության լայն շերտերում:
<Նա> անչափ աշխատասեր է, հանգիստը նրա համար չէ. անդադար և մեծն նվիրումով աշխատանքն է բնորոշ իրեն:
<Նա> ընդզվող է տիրող անօրինականություններին, պայքարող է  և արդարության ջատագով:
<Նրա> հոգեկան աշխարհը շատ հուզական է, այն լի է վեհ գաղափարներով, անդառնալի իրականության հետևանքների սարսափելի զգացումներով, սակայն <նա> անկոտրում է, քանի որ <նա> ես եմ, դու ես և մենք ենք, իսկ մենք արագ ընկճվող և հանձնվող չենք և չենք լինի…

Մարիամ Նազարյան

7/15/2013

Պետական գնումներ

Մրցակցության խնդիրները պետական գնումների մակարդակում
Ֆինանսների նախարարություն

Պետական գնումների գործընթացը Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգվում է ՀՀ պետական գնումների մասին օրենքով:
Ենթադրենք որևէ պետական հաստատությանը անհրաժեշտ է որևէ գույք, և նա այն ձեռք բերելու համար ներկայացնում է իր հայցը` պետական բյուջեի միջոցով այն գնելու համար: Այստեղ առաջանում է պետական գնումը, ինչը չենք կարող ասել այն դեպքում, երբ կազմակերպությունը իր միջոցների հաշվին կատարում է ուղղակի  գնում:
Ներկայացվում է գնումների պլան, որտեղ նշվում է պահանջվող իրերի ցուցակը: Ենթադրենք կազմակերպությանն անհրաժեշտ սեղանների, աթոռների տեսականու և քանակի վերաբերյալ ցուցակ: Այնուհետև հայտարարվում է մրցույթ և համապատասխան ընկերությունները կարող են ներկայացնել իրենց առաջարկները /հայտերը/:
Տենդերում պարտադիր նշվում է ժամկետը, որի ընթացքում ցանկանում է ընկերությունը այն ձեռք բերել: Առաջինը նշվում է ապրանքի քանակը, որակը և, իհարկե, մատակարարման ժամկետը: Եվ համապատասխան ժամկետում առավել մատչելի գներով ներկայացված ընկերության փաթեթը դառնում է շահող:
Ահա և այստեղ է, որ  առաջանում է մրցակցության հետ կապված խնդիրներ, որոնք պատժվում են օրենքով սահմանված կարգով:
Առաջին դեպքը, որ կարող է լինել, այն է` միևնույն սեփականատերը, ունենալով գրանցված տարբեր անվանումներով ընկերություններ, ներկայացնում է յուրաքանչյուրի անունով առանձին փաթեթ, սահմանելով նրանցում առկա տեսականիները տարբեր գներով: Արդյունքում ցանկացած ընտրության դեպքում` շահող է ճանաչվում իր ընկերությունը:
Երկրորդ` առավել տարածված ձևը, դա հորիզոնական պայմանավորվածության ձևն է: Տվյալ դեպքում մի քանի ընկերություններ, որոնք պետք է գործեն միմյանցից անկախ, նախնական պայմանավորվածություն են ունենում միմյանց հետ: Համաձայն պայմանավորվածության, առաջին տենդերի ժամանակ շահում է Ա կազմակերպությունը, երկրորդի ժամանակ` Բ, երրորդի` Գ և այսպես շարունակ:
Հաջորդ ձևը, որ կցանկանամ ներկայացնել, ներկայացնենք շինարարական կազմակերպությունների օրինակով: Ենթադրենք հայտարարվել է մանկապարտեզի վերանորոգման համար տենդեր: Օրինակ` որևէ տարածաշրջանում գտնվող մանկապարտեզի համար հավանական շահող է համարվում այդ տարածաշրջանում գտնվող շինարարական ընկերությունը: Եվ երբեմն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տվյալ շինարարական կազմակերպությունները մշտապես հաղթող են ճանաչվել տվյալ տարածաշրջանում:
Եվրոպայում և Հայաստանում պետական գնումների բնույթը միմյանցից փոքր-ինչ տարբերվում է: Ինչպես ԵՄ օրենսդրության համապատասխան հոդվածներով /հոդված 101, 102, 103/, այնպես էլ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում են` ինչպիսի խախտումների դեպքում է կիրառվում համապատասխան պատժամիջոցները:
Հենց սրանք էլ հանդիսանում են այն մրցակցային խնդիրները, որոնք առաջանում են պետական գնումների ` կազմակերպությունների կողմից փաթեթները ներկայացնելու գործընթացի ժամանակ: 



7/14/2013

Էլիտար շենքեր







Նախ ներկայացնենք, թե ըստ միջազգային չափորոշիչների, շենքերն ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանեն, որպեսզի կոչվեն էլիտար: Բնակելի օբյեկտների դասակարգումը ըստ հարմարավետության բարձր աստիճանի, այն է էլիտար բնակելի տներ, պետք է համապատասխանեն ստորև ներկայացված բոլոր 8 չափանիշներին.
  • տեղը կամ դիրքը 
  • էկոլոգիապես հուսալի նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների և ճարտարապետության կիրառում 
  • Ակումբայնություն 
  • ինժեներական համալիր կամ կոմպլեքս կառույցների առկայություն 
  • Շենքերի ենթակառույցների առկայություն 
  • Շուկայում էլիտար դիրքավորում 
  • Անշարժ գույքի կառավարում 
  • Գինը 
Տեղը և դիրքը: Առաջին նախապայմանը ինքին շատ կարևոր է: Մենք գիտենք, որ եթե շենքին հարակից կան խանութներ, անհրաժեշտ ծառայություններ մատուցող ընկերություններ, ապա բնակարանի գինը բարձրանում է: Եվ հակառակը, եթե շենքի դիմաց կառուցում են
բարձրահարկ մի էլիտար շենք, և մյուս շինությունը զրկում են բնական լույսից, ապա, բնականաբար գինը իջնում է: Սակայն տեղը և դիրքը որոշելիս այլ չափանիշներ են հաշվի առնում էլիտար շենքեր կառուցելու ժամանակ, քանի որ էլիտար բնակարանների տարածքում պետք է լինեն այնպիսի ենթակառույցներ, որոնք կապահովեն անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Նաև պետք է անաղմուկ լինի, հարմարավետ ամեն առումով, և դրանով է, որ կարևորվում է նաև տեղն և դիրքը:
էկոլոգիապես հուսալի նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների և ճարտարապե-տության կիրառում: Այս կետը մեր մոտ բացակայում է, քանի որ բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ կատարվում է մեր մոտ շատ արագ և միևնույն ժամանակ անորակ: Եվ կարելի է ասել, որ հանուն այդ էլիտար շինություններ ունենալու գաղափարի` ոչնչացնում ենք դարերից եկած մեր մշակութային արժեք ունեցող շենքերը: Մինչդեռ աշխարհի մյուս երկրներում դրանք վերականգնվում են ավելի ժամանակակից ձևերով, և դառնում են հենց տուրիզմի զարգացման խթան:
Ինչ վերաբերում է ակումբայնությանը, ապա պետք է ասեմ հետևյալը` երբ շենքում բնակվում են որոշակի ուղղվածություն ունեցող մարդիկ, միևնույն բնագավառի, միևնույն մասնագիտությանը տիրապետող մարդկանց խումբ է բնակվում, օրինակ` գրողների շենք, նկարիչների շենք… Սա կարևոր պայման է օրինակ` ԱՄՆ-ում, երբ մարդիկ հասնում են իրենց ծերության տարիքին, նրանք հանձնում են բնակարանը պետությանը, և պետությունը տրամադրում է բնակարաններ` այսպես կոչված ծերերի թաղամասում: Եվ գիտե՞ք ինչն է լավ, որ դա ծերանոց չէ, այլ` սովորական բնակարան է, որտեղ բնակվում են միմիայն քո տարեկիցները, այնտեղ կան կենտրոններ, որտեղ կարելի է անվճար օգտվել վարսահարդարման, մատնահարդարման, տարբեր ուղևորությունների և այլ ծառայությունների, և բացի այս ամենից , գտնել շատ հաճելի զրուցակիցներ, որոնք նույնպես կարիք ունեն անկեղծ և դրական երկար զրույցների…
Ինժեներական համալիր կամ կոմպլեքս կառույցների առկայություն: Շենքն արտաքինից չպետք է պարունակի տարատեսակ սարքավորումներ, այսինքն պետք է լինի մեկ միասնական համակարգ, որը կապահովի թե’ ջեռուցումը, թե’ հովացումը, օդափոխանակությունը, ջրահեռացումը և այլն:
Շենքերի ենթակառույցների առկայությունը ենթադրում է, որ հարակից պետք է լինեն մանկապարտեզներ, դպրոցներ, տարատեսակ ծառայություններ մատուցող ընկերություններ, խանութներ և այլն, այսինքն, ամեն ինչ մեկ տեղում:
Էլիտար դիրքավորումը` թերևս բրենդն է: Ըստ բրենդ բառի սահմանման` բրենդը դա միևնույն լսարանում մարդկանց մոտ դրական հույզեր առաջացնող անվանումն է: Ինքնին սա շատ կարևոր հատկանիշ է, որը ապահովում է և’ շահույթը, և’ հասանելիությունը, տարածվածությունը, և , իհարկե, ճանաչելի է դարձնում հասարակությանը:
Անշարժ գույքի կառավարում: Մենք գիտենք, որ ցանկացած ոլորտում, ցանկացած տեղ, նույնիսկ ընտանիքում, և ընդհանրապես, մարդ անհատն ինքն իրեն պետք է կարողանա կառավարել և վերահսկել: Այնպես, ինչպես մարդն է շատ դեպքերում դժվարանում իր գործողությունները կառավարել և վերահսկել, այդքան և նույնսիկ ավելի դժվար է կառավարել մեկ հսկայական շինություն իր ծառայություններով հանդերձ: Այդ իսկ պատճառով շատ է կարևորվում հատկապես ճիշտ կառավարման և վերահսկման համակարգը:
Եվ այս ամենն, իհարկե, ամփոփում է գինը: Գնի մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ այն կապված է սպառողների մտածելակերպի, սպառողական պահանջարկի, նրա աշխարհայացքի, հնարավորությունների և շատ ու շատ գործոնների հետ: Սպառողական պահանջմունքները անընդհատ փոփոխման մեջ են տարիների ընթացքում, գինը պետք է փոփոխել` ըստ շուկայի պահանջարկի և առաջարկի: Շատ սպառողների համար բավական է նույնիսկ բարձր գին սահմանելը, ինչը կարող է նրանց համար լինել բարձր հուսալիության ցուցանիշ: Եվ որքան էլ տարօրինակ է, որ գինը պետք է որոշվի վերջում և պետք է հաշվի առնվի` արդյո՞ք բոլոր 8 կետերը կատարված են լիարժեք, մեզ մոտ հակառակն է սկզբում հաշվարկում են գինը, շահույթը, իսկ թե ինչպիսին կլինի կառույցը, դա արդեն երկրորդական հարց է…

comment