Translate

11/03/2014

Ի՞նչ է տեղի ունենում մեր կյանքում


Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում,անկախ իր կամքից, կրում է փոփոխություններ: Փոփոխություններ կարող են լինել անձնականում, արտաքինում, ընկերական շրջապատում, միջավայրում, անգամ բնակության վայրի հետ կապված: Ցանկացած փոփոխություն դրական միտում ունի, ցանկացած նոր բան հիանալի է թվում: Ժամանակի ընթացքում այդ նորը դառնում է սովորական, և երբեմն կորցնում իր նախկին արտասովոր և յուրօրինակ բնույթը: Այժմ ներկայացնեմ, թե ինչպես ենք մենք արձագանքում այդ փոփոխություններին:
Մենք ունենք մեր առանձնահատուկ ընկերական շրջապատը, հանկարծ հայտնվում է նոր ընկեր, ով լցնում է Ձեր կյանքը, առօրյան (զուգընկերուհու կամ զուգընկերոջ մասին չէ խոսքը), թվում է՝ նա տարբերվում է բոլորից, ամենալավն է Ձեզ հասկանում, չնայած, որ մի քանի օր է ինչ սկսել եք շփվել... Իրականում այս ամենը փոփոխության արդյունքն է, ամեն <նոր> երևույթ իր մեջ արտասովոր և դրական տարրեր է պարունակում, ինչը մեզ ստիպում է առանձնացնել այն ընդհանուրի միջից: Եվ արդյունքում մեզ համար սկսվում է նոր հարմարավետության փուլ, մենք մեզ <հարմարավետ> ենք զգում նոր ընկերոջ հետ շփումներում: Անցնում է որոշ ժամանակ, նորից նոր ու չափից ավել գունավորված հատվածները իջնում են իրենց բարձունքից և հավասարվում բոլորին: Մեր զգացմունքները կապված նոր փոփոխության հետ հանդարտվում են և ամեն ինչ կրկին սովորական է թվում: 
Իսկ ինչու՞ են կյանքում միշտ փոփոխություններ լինում, ինչու՞ ենք մենք միշտ ներկան համեմատում անցյալի հետ, և կամ մերժելով ներկան ու անցյալը խելահեղ ապագա երազում ու պատկերացնում: Մենք բոլորս հոգնում ենք կրկնվող զգայական ազդեցություններից, և երբեմն առանց գիտակցելու փնտրում ենք նորը, արտասովորը: Նոր փոփոխությունները ստիպում են քեզ մերժել անցյալը, քեզ ստիպում են մտածելու, որ անցյալում <հիմար> ես եղել: Իրականում դու այդ անցյալում քեզ շատ երջանիկ ես զգացել իրերի նման դասավորությունից և մարդկանց ներկայությունից, ուղղակի ներկան քեզ թվում է անհավանական ավելի լավը, քեզ թվում է, որ այժմ այնքան երջանիկ ես, որ երբեք այդպես չես եղել: 
Թող միշտ շրջապատող աշխարհը այնպես դասավորված լինի Ձեր շուրջը, որ միայն հարմարավետության զգացումը Ձեզ բոլորիդ համակի:


Մարիամ Նազարյան

8/09/2014

Կյանքում կարևոր է ճիշտ մոլորակ ընտրելը

Այս կյանքում յուրաքանչյուրս ունի իր պատմությունը:
Եթե մի պահ հիշենք մեր անցած ուղին, կարծում եմ բոլորս էլ կհիշենք, թե որքան տարբեր մարդիկ են եղել մեր կյանքում: Նրանցից շատերը փոխարինել են հին ընկերներին, շատերը համալրել մեր ընկերների շարքերը:
Անկախ մեր կամքից մենք նմանվում ենք մեր ընկերներին: Դա կարելի է նկատել անգամ հասարակ զրույցներում, երբ օգտագործում ենք մեր ընկերների բառապաշարից բառեր, անկախ մեր կամքից նրանց նման ենք ծիծաղում…
Մեր շրջապատը մենք ենք ընտրում:
Ցանկությունը քոնն  է, ցանկանում ես հասնել ցանկալի արդյունքի, առաջինը նայի՛ր շուրջդ, եթե գտնես հաջողության հասած մարդկանց կողքիդ, ուրեմն ճիշտ ուղու վրա ես, եթե ոչ, ապա մտածի՛ր՝ հայտվել ես ոչ ճիշտ սենյակում, փոխի՛ր քեզ՝ ընտրելով ճիշտ ընկերակիցներ:
Շատ մեծ է ընկերակիցների դերը մեր կյանքում: Շփում հաջողության հասած մարդկանց հետ կարելի է համարել նաև նրանց հաջողության պատմությունները կարդալը: Երբ կարդում ես նրանց անցած կյանքի մասին, ինքդ սկսում ես այդպես մտածել ու փոխվում է աշխարհայացքդ:
Նման ընկերակիցների կողքին, իհարկե, շատ ավելի լավ է:
Կյանքում նոր գաղափարների և ոգեշնչման հիմնական աղբյուրն են  հանդիսանում քո մոլորակում հայտնված մարդիկ:
Ընկերներիցս մեկի հետ զրուցում էինք, վայրկենապես ծնված միտքը առիթ դարձավ գումար աշխատելու: Իսկ արդյունքը շատ արագ ստացվեց, ընդամենը երկու օր հետո գաղափարը իրականություն դարձավ ու եկամուտ բերեց:

Պետք է միշտ հետևես քո մոլորակին և փորձես այնտեղ քեզ համար հիանալի միջավայր ստեղծել:








Մարիամ Նազարյան




8/05/2014

Օր 3-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» մասնակիցներն արժանացան գյումրեցիների ջերմ ընդունելությանը




Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» մասնակից «Կոմիտաս» (ԱՄՆ), «Ովսաննա» և «Նորահրաշ» (ՌԴ) և «Արցախ» (Եգիպտոս) երգչախմբերը եղան Շիրակի մարզում:
Նրանք նախ այցելեցին Հառիճավանք, որտեղ կատարեցին «Հայր մերը»: Այնուհետև վանքի հոգևոր սպասավոր Գարեգին սարկավագ Կադեյանը փառատոնի մասնակիցներին ներկայացրեց եկեղեցական համալիրի պատմությունը, Կոմիտաս վարդապետի գործունեությունն այնտեղ: Սարկավագը մասնակիցների օրհնության կարգ մատուցեց և մաղթեց հաջող համերգային ծրագիր, որը տեղի ունեցավ երեկոյան՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Համերգային ծրագիրը բացեց Միացյալ Նահանգներից ժամանած «Կոմիտաս» երգչախումբը՝ արժանանալով գյումրեցիների բուռն ծափողջույններին:
Դահլիճում առավել ոգևորություն տիրեց, երբ բեմ բարձրացան Մոսկվայից ժամանած «Նորահրաշ» երգչախմբի փոքրիկ կատարողները: Այնուհետև նրանց միացավ «Ովսաննա» երգչախումբը: Տպավորիչ էին նաև Եգիպտոսի «Արցախ» երգչախմբի կատարումները:
Համերգային ծրագրի ավարտին իր խոսքում «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին նման ջերմ ընդունելության համար և շնորհավորեց փառատոնի մասնակիցներին , որ փայլուն ելույթներ ունեցան:







03.08.2014
Մարիամ Նազարյան

comment