Translate

7/13/2013

Հայելու առջև

Համարու՞մ եք Ձեզ այս կյանքում կայացած, հասարակության մի մասը կազմող անհատ:
        Աշխարհում յուրաքանչյուրս մի մասնիկն է Երկիր մոլորակի և, որքան էլ զարմանալի է, մենք կազմում ենք այդ ամբողջականության մի փոքրիկ մասն անգամ, բայց յուրաքանչյուրիս գոյությունն է, որ ապահովում է այդ ներդաշնակ միասնությունը: Ես ինձ համարում եմ կյանքում կայացած, որոշ թերացումները հաշվի առնելով, և, ի վերջո, ես էլ եմ հասարակության անդամ, և որպես մարդ-անհատ, դեմ չեմ իմ կարծիքն ու տեսակետը հայտնելու մարդկությանը:
    Հաջողա՞կ եք Ձեզ համարում այս կյանքում:  
        Կարծում եմ հաջողակ և երջանիկ չեն ծնվում, այլ դառնում են: Այո, ես  հաջողակ մարդ եմ: Հաջողակը մի փոքր լայն հասկացություն է` կախված անձնավորության կարգավիճակից, նրա համար հաջողակ լինելը տարբեր բաներ կարող է նշանակել…
       Հավատու՞մ եք այս կյանքում հրաշքների:
         Կյանքն ինքնին հրաշք է: Պետք է դա գիտակցի մեզանից յուրաքանչյուրը: Մոլորակի միակ անկրկնելի հրաշքը մարդն է, ով ծնվում է աշխարհի երեսին իր յուրովի կերպարանքով, չնմանակելով ոչ-ոքի: Յուրաքանչյուրս ունենք մեր ուրույն տեղը այս աշխարհում և տարբերվում ենք մեր արտաքինով, մտածելակերպով, գաղափարներով, և շատերն են ձգտում լիդերության: Առհասարակ, կյանքում հրաշքներ քիչ են լինում, իսկ տեսնել և գնահատել այդ ամենը, չի հաջողվում շատերին: Պետք է գնահատել բնության զարթոնքը, մարդկային հանճարեղ մտքերը, մշակութային արժեքները, այդ ամենը ինձ համար ուղղակի հրաշքներ են, որոնք կարող են միտքդ տանել շատ հեռուներ: Ես հավատում եմ հրաշքների գոյությանը:
    Որքանո՞վ է Ձեզ անհանգստացնում մարդկանց կարծիքը Ձեր անձի հանդեպ:
          Եթե բացասական կարծիք եմ լսում, դա երբեմն ինձ ուրախացնում է: Չէ՞ որ անհայտ մարդու մասին չեն խոսի, դա ինձ համար նշանակում է որ որոշակի տեղ եմ զբաղեցնում հասարակությունում, և գուցե նախանձի և քննադատության առիթ լինում: Մենք գիտենք, որ որքան մարդը հանճարեղ է լինում, այդքան էլ հասարակ է լինում, և կարողանում է իրեն համարել հավասար բոլորին, անկախ նյութական և հոգևոր արժեքներից: Մարդն ինչքան վեր է դասում իրեն, այնքան վար է գտնվում, նույնիսկ ավելի քան ինքն է պատկերացնում:
    Ի՞նչ է սերը:
           Որքան էլ շատերը որոշ ժամանակ հրաժարվում են այդ մասին մտածել, սակայն այդ ժամանակ ավելի շատ են մտածում և սիրում: Ինչպես բոլորս գիտենք, այն տարբեր դրսևորումներ է ունենում. սեր ծնողների, ընկերների, երեխաների և այլ մարդկանց, նույնիսկ իրերի նկատմամբ: Տարբեր տարիքում ծնողների նկատմամբ սերը տարբեր աստիճանների և մակարդակների վրա է գտնվում. դա նկատած կլինի մեզանից յուրաքանչյուրը: Երբեք պետք չեն գունազարդ բառեր, հաճոյախոսություններ, այդ ամենը զգացվում է մեկ հայացքից անգամ: Ինչպես ասել է Արքիմեդը. <Սերը թեորեմ է, որը պետք է ամեն օր ապացուցել>: Ես կասեմ իմ կարծիքը այդ մասինՃիշտ է, շատ հաճելի է, երբ քեզ սիրում են, դա մեկ այլ զգացողություն է, սակայն երբ ինքդ էլ ես սիրում, այն նմանվում է  մեկ ամբողջական, գեղեցիկ, գունավոր գնդի, որն անընդհատ, նույնիսկ իներցիայով շարժվում է առաջ: Այո, ես ոչ թե սիրահարվել, այլ սիրել եմ, և սիրում եմ:
    Եվ վերջում, ինչ կմաղթեք Ձեր ընթերցողներին:
         Սիրեք և հարգեք բոլորին` անկախ ազգությունից, տարիքից, կարգավիճակից: Ամեն չար միտք, վատ ցանկություն` բումերանգի պես կարող է ետ վերադառնալ: Հաջողության գաղտնիքը դրանում է


        Մարիամ Նազարյան

  

7/12/2013

Հասի'ր կատարելության


Երբեք մի' արեք միջակին հավասար բան: Գտեք այս կյանքում ձերը, և այն կատարեք կամ շատ լավ կամ պարզապես ոչինչ մի ձեռնարկեք:
Սա է այն կարգախոսը, որով առաջնորդվում են շատերը…
Եթե սովորել, ապա լավ, ում է պետք վատ սովորելը կամ միջակի նման, դա նույնն է, որ ոչ մի էական տարբերություն սովորելու և չսովորելու միջև, և ժամանակի վատնում…
Ամեն բնագավառում, կյանքի յուրաքանչյուր դժվար և հեշտ փուլերում կատարելության հասնելու ձգտումները, նպատակները իրականացնելու ցանկությունները բնորոշ են յուրաքանչյուր խելացի, հասուն և նպատակասլաց անհատին:
 Իսկ երբ նպատակին հասնելու ցանկությունը մարում է, երբ մարդը դադարում է սիրել հենց առաջինը ինքն իրեն, ես կասեմ, որ նա պարզապես իրեն տվել է գետի հոսանքին և ինքնահոսի գնում է իրեն անհայտ ուղղությամբ:
Մեզանից յուրաքանչյուրը օժտված է մի հանճարեղ գաղափարով, գուցե շատերը դեռ չեն գտել այդ գաղափարը իրենց մեջ, այն գաղափարը, որով նրանք աշխարհում նոր մի բան կհաստատեն, նոր մի բանի սկիզբ կդնեն, շատերը մահանում են` այդպես չգիտակցելով իրենց գաղափարի իրականացման անհրաժեշտությունը  և կարևորությունը:

Յուրաքանչյուրդ մտածեք ձեր այս կյանքում տրված առաքելության մասին…

7/11/2013

Հաճախակի հանդիպող արտահայտություն


Հաճախակի հանդիպող արտահայտություն մեր երիտասարդների կողմից: Այնքան լսեցի, որ որոշեցի իմ փոքրիկ խորհուրդը տալ այդ արտահայտությունը շատ սիրող մեր երիտասարդներին: 
Ինձ չեն հասկանում, ինձ լքում են, ինձ ոչ ոք չի հասկանում, իմ հոգեվիճակը չեն պատկերացնում…
Ահա այն արտահայտությունը, որը հաճախ կարող ենք լսել 16-22 տարեկան տղաներից և աղջիկներից:
Հիմա ներկայացնեմ իմ տեսակետը այս ամենի հետ կապված:
Մեզնից յուրաքանչյուրը ապրում է իր ստեղծած փոքրիկ մոլորակում, որտեղ լավի հետ կան նաև շատ ու շատ խնդիրներ, իսկ երբ մեր շրջապատում հայտնված անհատը իր խնդիրներից է խոսում, հաստատ իմացեք, որ ոչ բոլորին է հաճելի, իրենց խնդիրներին ևս մեկ խնդիր ավելացնել:
Բոլորս ցանկանում ենք բարի , վառ անհատականությունների հետ շփվել, որպեսզի եթե նույնիսկ փոքր-ինչ տխուր ենք, լցվենք լավատեսությամբ և լավ էներգիայով:
Եվս մեկ բան, երբ բոլորը փորձում են ծնողներին դուր գալ առավելագույնս, ցանկանում են, որ ծնողները լիարժեք հասկանան իրենց և օգնեն առավելագույնս: Կարող է իմ ասածը տարօրինակ թվա, բայց ես այսպես եմ մտածում. ծնողները մեզ պարգևել են կյանք ու, թերևս, կարելի է ավարտել թվարկումը, երբ մենք հասնում ենք 16 կամ 22 տարեկան հասակի, մենք պետք է նպաստենք , որ մեր ծնողները , մեզ կյանք պարգևողները մեկ պահ խոր շունչ քաշեն և լիարժեք երջանիկ և ուրախ լինեն, քանի որ իրենց մեզ հասկանալու ժամանակը անցել է, հերթը մերն է եկել, որ հասկանանք ու գնահատենք այն ինչ արել են մեզ համար, և ամեն օրը տոնի վերածենք նրանց համար:
Ես ինքս չեմ ցանկանում իմ խնդիրները ներկայացնել իմ ծնողներին կամ հարազատներին, ես դրանց փորձում եմ ինքս լուծում տալ, երբեմն ընկերներիս օգնությամբ: Ես չեմ ցանկանում , որ երբ ինձ համար ամեն ինչ արվում էր, որ անհոգ մեծանամ, այժմ կրկնակի <հոգս> լինեմ: Ես ցանկանում եմ, որ իմ ծնողները անհոգ լինեն ինձ համար, ես ցանկանում են, որ չմտածեն, թե ինձ մոտ ինչ –որ խնդիր է առաջացել, այլ մտածեն, որ ամեն ինչ կարգին է, և արժանանան մեծ հարգանքի և պարծանքի, որ ունեն նման զավակներ, որ հպարտանան իրենց երեխաներով և ապրեն երկար ու անհոգ այս դժվարին կյանքը:
Հ. Գ. Եղեք խորհրդավոր, մի՛ բացահայտեք Ձեզ ամբողջությամբ, մի ներկայացրեք Ձեզ շրջապատին լիարժեքորեն, Ձեր մեջ խորհրդավորություն և գաղտնիություն թաքցրեք…

Մարիամ Նազարյան

comment