Translate

7/05/2013

Գնահատե'ք Ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը

Ցավալի է, բայց միայն կորստի դեպքում ես հասկանում, որ այն, ինչ ունեցել ես, իսկական ուրախություն և հրաշք էր: Հաճախ ազատության մեջ քայլելով` ընկերներիդ, հարազատներիդ հետ զրուցելով, չես էլ կարող մտածել, որ այդ ամենից հրաշալի բան չկա աշխարհում: Իսկ հաճախ, հայտնվելով այնպիսի մի վայրում, որտեղից անհնար է դուրս գալ, գուցե և կարճ ժամանակով, բայց այդ լռությունը, դուրս գալու անկարողությունը, ոչնչով չես փոխարինի, և այդ ամենի գիտակցումը ավելի է խոցում քեզ: Դժվար է, բայց պետք է գնահատել ապրելու յուրաքանչյուր վայրկյանը, որ քեզ տրված է: Լավի մասին մտածելով` միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև, որ այդ ամենը քո ձեռքերում է և դա կարող է երկար չտևել: Իմ կարծիքով երջանկությունը չի կարող մշտական լինել: Դա ընդամենը մի քանի վայրկյան կամ առավելագույնը րոպե է: Եվ զգալ և գնահատել այդ վայրկյանները՝ կարող են հրաշքի վերածել ձեր մյուս օրերը: Դրա մասին անընդհատ հիշելով՝ կարող եք ապրել նույն դրական րոպեները և լցվել նույն լավատեսությամբ:
Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը...

Մարիամ Նազարյան 

7/04/2013

Զարմանալի է անհատն իր էությամբ


Բնավորության առաջացման և առհասարակ ենթարկվող փոփոխությունների մասին քննարկումները բազմաթիվ են:
Բոլորի մեջ արմատացած է իրեն յուրահատուկ բնավորությունների փունջը: Եվ տեսնել այդ ամենը, հասկանալ, չի հաջողվում նույնիսկ ինքներս մեզ` բացահայտելու մեր անկանխատեսելի քայլերը կապված մեր մեջ արմատացած գաղափարների միջոցով:

Մեզնից յուրաքանչյուրը չի կարող հստակ կանխատեսել իր քայլը կապված այս կամ այն դեպքի կամ երևույթի հետ: Նույնպիսի անակնկալ է սպասվում մեզ, երբ փորձում ենք կռահել դիմացինի մտադրությունները: Կարելի է նոր բնավորության գիծ ձեռք բերել, բայց անհայտ վերացնել նախկինը կամ փոխել դժվար թե հաջողվի: Բոլորս ենք ինքներս մեզ ճիշտ համարում բոլոր հարցերում: Սակայն երբեմն անհրաժեշտ է մի փոքր մտածել, որ Ձեր անմիտ քայլով /խորացված վատ բնավորության, որը ինքներդ ընդունում ենք/, անհանգստություն չպատճառեք Ձեր մտերիմներին:
Մարդիկ կարող են այս ամենը շատ հանգիստ ընդունել և ասել, որ նրանք գիտեն և մտացված են գործել, իսկ հետևանքները նախօրոք կանխատեսել են և շատ ուրախ են կատարվածի համար: Նման մարդիկ պարզապես փորձում են իրենց տեսակով առավել արտահայտիչ ձևով տարբերվել հասարակությունից իրենց «անցանկալի» բնավորությամբ և այս ամենը թաքցնում «կատակ» անվան տակ:Միակ վատ կողմը այն է, որ այս ամենի պատճառով մտերիմների միջև տարաձայնություն է առաջանում, սակայն նրանք իրենց վատ չեն զգում, նույնիսկ ներքուստ ժպտում և ուրախանում են:
Յուրաքանչյուրդ մտածեք Ձեր յուրաքանչյուր արտաբերած բառի մասին, որը կարող է այնքան խոցելի լինել, որ «ներողություն» բառը ոչ մի արժեք չունենա և այն ճակատագրական քայլի լինի Ձեր կամ Ձեր ընկերոջ համար:


Զարմանալի է անհատն իր էությամբ:

7/03/2013

Ի՞նչ է սերը

Հաճախ քննարկվող և տրվող հարց: Կարելի է ասել` այն տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է հասկացվում: Սակայն նրա բնույթը բոլոր պարագաներում նույնն է:
Որքան էլ շատերը որոշ ժամանակ հրաժարվում են այդ մասին մտածելուց, սակայն այդ ժամանակ ամենաշատն են մտածում և սիրում:
Ինչպես բոլորս գիտենք, այն տարբեր դրսևորումներ է ունենում. սեր ծնողների, ընկերների, երեխաների և այլ մարդկանց, նույնիսկ իրերի նկատմամբ: Տարբեր տարիքում ծնողների նկատմամբ սերը տարբեր աստիճանների և մակարդակների վրա է գտնվում. դա նկատած կլինի մեզանից յուրաքանչյուրը:
Երբեք պետք չեն գունազարդ բառեր, հաճոյախոսություններ այդ մասին, այդ ամենը զգացվում է մեկ հայացքից անգամ:
Տարբեր հեղինակներ տարբեր գրքերում միանգամայն տարբեր մոտեցում և մեկնաբանում ունեն այս երևույթի մասին: Ես չեմ հիշում որևէ իմ կարդացած գրքերից, որ գոնե մեկում այդ մասին չխոսվեր: Եվ ինչպես ասել է Արքիմեդը «Սերը թեորեմ է, որը պետք է ամեն օր ապացուցել»:
Եվ վերջապես մեզնից ոչ ոք չի ծնվում սիրելու կարողությամբ, մենք սովորում ենք սիրել:
Ես կասեմ իմ կարծիքը այդ մասին: Ճիշտ է` շատ հաճելի է, երբ քեզ սիրում են, դա մեկ այլ զգացողություն է, սակայն երբ ինքդ էլ ես սիրում, այն նմանվում է մեկ ամբողջական, գեղեցիկ, գունավոր գնդի, որն անընդհատ, նույնիսկ իներցիայով շարժվում է առաջ:

Ի՞նչ է սերը.
  • Դա այն է, երբ տրամադրությունդ կրկնակի անգամ կարող է փոփոխական լինել, քան մինչ այդ: 
  • Երբ ժամանակ առ ժամանակ քեզ հետաքրքրում է ամեն ինչ կամ ոչինչ:
Սիրե՛ք և հարգե՛ք բոլորին ` անկախ ազգությունից, տարիքից, կարգավիճակից: Ամեն չար միտք, վատ ցանկություն բումերանգի պես կարող է ետ վերադառնալ: Հաջողության գաղտնիքը դրանում է…

Մարիամ Նազարյան

comment