Translate

9/07/2015

Ովքե՞ր են մեզ հարազատ մարդիկ



Աշխարհում կան դրական կամ բացասական մարդիկ: Իսկ ո՞վ է որոշում, ինչու՞ ես դու բացասական կամ դրական: Արդյոք կա նման սահմանում, կանոն: Իրականում յուրաքանչյուր անհատ չափազանց յուրահատուկ է: Մենք գուցե նման ենք իրար ֆիզիկական կառուցվածքով, էապես շատ չենք տարբերվում, բայց տարբերվում ենք մեր ուղեղի աշխատանքով: Իսկ ինչու՞ է մեզնից յուրաքանչյուրի ուղեղը տարբեր ձևով աշխատում:
Մեր ուղեղը նման է բույսերին: Ուղեղի աճն ու զարգացումը, աշխատանքի արդյունավետությունը հիմնապես կախված է, թե որտեղ, երբ և ինչ պայմաններում է գտնվում:
Եթե բույսերին աճեցնենք իրենց համար նպաստավոր վայրում, որը մեծապես դրական է ազդելու այդ տեսակի բույսի վրա, ապա արդյունքում կունենանք հրաշալի արդյունք:
Երբ մենք մեզ գտնում ենք այս կյանքում, այսինքն մեր ուղեղը հայտնվում է մի այնպիսի միջավայրում, որտեղ հնարավորություն ունի արդյունավետ զարգանալու, մենք սկսում ենք հիմնապես աճել, զարգանալ, փոխվում է մեր աշխարհայացքը, մեր շրջապատը ներկվում է միանգամայն այլ գույներով: Եվ հենց այստեղ է ի հայտ գալիս մարդկանց լավ կամ վատ տարբերակելու առաջին առիթը: Մենք սկսում ենք զգալ և տեսնել, որ հասարակությունում ապրող ինձ <տարեկից> անձնավորությունը ինձ նման չի ապրում, և քանի որ ես ապրում եմ ինձ համար հարազատ և հաճելի աշխարհում, ինձ <տարեկից> անձնավորության գործողությունները ինձ համար դառնում են խորթ, անսովոր, ոչ հաճելի, բացասական
Տարիներ առաջ գուցե ես իրեն ինձ հարազատ համարեի: Իսկ ե՞րբ են մարդիկ հարազատ լինում. երբ Ձեր հոգեկան զարգացվածությունը, մտածելակերպը, հետաքրքրությունները ինչ-որ չափով համընկնում են: Երբ ոչինչ չի համընկնում, այդ մարդը քեզ համար դառնում է ուղղակի տհաճ, բացասական լիցքեր փոխանցող:
Կարծում եմ այս ամենը բոլորը գիտեն, և եթե միշտ գիտակցենք, որ յուրաքանչյուր անձնավորություն լավն է, դրական և հաճելի է այն միջավայրում, որտեղ այժմ ինքը գտնվում է, ապա աշխարհում կվերանան վեճերը կախված մարդկանց տեսակների հետ, ոչ ոք չի փորձի փոխել դիմացինի ապրելաոճը, և փորձի այդ ապրելաոճի մեջ դրական և բացասական կողմեր փնտրել:
Ուղղակի կհանի նման անձնավորություններին իր մոլորակից, և միայն կապրի իր համար հարազատ անհատների մոլորակում:
Շատ հաճելի է, երբ մարդը գտնվում է կատարյալ ներդաշնակության մեջ և ապրում է իր մոլորակում, որտեղ չկան անհաշտություններ, չկան բացասական լիցքեր: Եվ դրական զգացողությունները այնքան շատ են, որ կարծես ապրում է իսկական դրախտում:


Մարիամ Նազարյան
23.08.2015

2/05/2015

Ո՞րն է երջանկությունը




Ի՞նչ է երջանկությունը, արդյոք կարելի է միշտ երջանիկ լինել:
Երջանկությունը հաճախ կապվում է ինչ որ իրադարձությամբ: Օրինակ՝ ծնվում է Ձեր փոքրիկը, հանդիպում եք Ձեր կյանքի ընկերոջը, բարձրանում եք Մասիսի գագաթը…
Հենց այդ վայրկյաններին Դուք ներքուստ կամ բարձրաձայն գոչում եք՝ Ես երջանիկ եմ
Երջանկությունը կարելի է զգալ այն ժամանակ.
- երբ Ձեր հոգին ու մարմինը կատարյալ ներդաշնակության մեջ են,
- երբ արտաքին աշխարհն իր բացասական լիցքերով չի խաթարում Ձեր ներքին աշխարհի խաղաղությունը
Կյանքում միշտ էլ լինում են պահեր, որ ստիպում են Ձեզ անդադար լաց լինել: Լինում են պահեր, որ ցանկանում եք մարդկությունից շատ հեռու ու միայնակ ապրել: Ձեր հոգին փոքրանում է, ներկվում գորշ գույներով, ամեն ինչում տեսնում եք միայն բացասականը: Ոչինչ չի փոխում Ձեր հոգու տխրությունը այնքան ժամանակ, մինչև բարձրացնում եք Ձեր գլուխը, և հանկարծ, կարծես լուսավորվում են Ձեր մտքերը, թողնում եք, որ շրջապատող դրական լիցքերը թափանցեն Ձեր ներքին աշխարհ և լուսավորեն ու ջերմացնեն այն սառնությունը, որը տիրում էր:
Սկսվում է իսկական գարուն Ձեր հոգում, Ձեր մեջ արթնանում է այն թաքնված էներգիան ու կյանքը, որին ստիպել էիք լուռ ննջել…
Յուրաքանչյուրիս կյանքում միշտ էլ տեղի են ունենում անկումներ ու վերելքներ: Յուրաքանչյուր անկում նախորդից ավելի խորն է լինում, և անկմանն հաջորդող յուրաքանչյուր վերելք նախկին վերելքից ավելի արժեքավոր է լինում:
Երբեք մի կորցրեք Ձեր հավատը. անկումները պետք են, որպեսզի արժեքավոր վերելքներ լինեն:


Մարիամ Նազարյան
05.02.2015

Ինչպես ես սկսեցի իմ սիրած գործը. Handmade

Անցյալ տարի ամռանը շրջում էի գրախանութում և պատահական տեսա մի ամսագիր` շապիկին գեղեցիկ ձեռքի աշխատանքի նկարներով: Երկու համար գնեցի և վազեցի տուն: Հենց շքամուտքում մեր հարևանին հանդիպեցի և ասացի, որ նոր գործ եմ սկսում, միայն թե իմանաս, թե ինչ եմ մտածել…
Ինչո՞ւ ամեն ինչ այդպես պատահական և արագ ստացվեց: Իրականում իմ մեջ արթնացավ այն երազանքը, որն ունեի շատ վաղուց և հասկացա, որ այն իրականացնելու համար ամենահարմար նախադրյալները հիմա են: Սովորաբար ես շատ չեմ մտածում ապագայի մասին, բայց այդ գաղափարը մտքումս միշտ ունեցել եմ:
7-8 տարի առաջ բարեկամուհուս ասացի, որ մեր տան հարևանությամբ գտնվող շենքում մեծ ընկերություն եմ ստեղծելու, որտեղ հիանալի նվերներ կպատրաստենք հարևանությամբ գտնվող մանկապարտեզի երեխաների համար: Մտքումս միայն բարեգործությունն էր ու երեխաներին ուրախացնելու մեծ ցանկությունը: Բոլորը մտածում էին՝ այս ինչ է խոսում 16 տարեկան այս աղջիկը, և ես զգում էի, թե ինչպես էին ինձ թերահավատորեն նայում: Եվ արդեն 20 տարեկանում գլխումս կայծակնային արագությամբ ծագեց այդ վաղեմի և մեծ երազանքն իրականացնելու գաղափարը: Սկսեցի նվերներ պատրաստել բոլոր ծանոթ և անծանոթ մարդկանց համար: Մեկ ամիս անց հեռուստաեթերում առաջին անգամ մի քանի վայրկյանով ցուցադրվեց իմ աշխատանքը և ես զգացի, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Մեկ տարվա ընթացքում փորձեցի պատրաստել տարբեր նվերներ ընկերներիս համար՝ գործած գլխարկներ, ձեռնոցներ, գլխազարդեր, կոշիկներ… Դրանից ևս մեկ տարի անց ունեցա առաջին պատվերս: Շատ ոգևորիչ էր. հիշում եմ, թե ինչպես գումարը վերցրեցի և ուրախությունից ցնծում էի: Դա իմ առաջին եկամուտն էր իմ իսկ աշխատանքից: Ավելի հաճելի զգացում չի կարող լինել: Մինչ այդ նման երջանկության մեջ հայտնվել էի այլ ընկերություններում հաջողություններ գրանցելիս: Բայց այս անգամ միանգամայն այլ, անբացատրելի բան տեղի ունեցավ: Մի պահ աշխարհը տվեցին ինձ և առաջին անգամ ես զգացի, որ կարող եմ. ուղղակի պետք է շատ աշխատել:
Ամիսներ անց թողեցի բոլոր գործերս և օր ու գիշեր սկսեցի աշխատել այդ գաղափարի վրա: Անցավ ինչ-որ ժամանակ և հասկացանք, որ թիմն անհրաժեշտ է մեծացնել՝ սկսեցինք փնտրել աշխատասեր և խանդավառ երիտասարդներ: Սկզբում սովորեցնում էինք նրանց աշխատանքը: Հենց այդ ժամանակ ես զգացի, թե ինչ է նշանակում սեփական գործ ունենալ և պատասխանատու լինել դրա համար: Երբ աշխատում ես ինչ-որ ընկերությունում, կատարում ես այն աշխատանքը, որը քեզ տալիս են և երբ ամեն ինչ ավարտվում է, դրա դիմաց գումար ես ստանում: Իսկ այս դեպքում պետք է ինքդ որոշումներ կայացնես. ի՞նչ անես, ո՞ւմ համար, ինչպե՞ս ներկայանաս, ինչպե՞ս տարբերվես արդեն գոյություն ունեցող շուկայում, ինչպե՞ս թիմ ձևավորես, ինչպե՞ս ընտրես մարդկանց, ովքեր քեզ կօգնեն, ինչպե՞ս կարգավորես քո օրվա գրաֆիկը, որպեսզի ոչ մի պատվեր չուշանա, թերությունները հասցվեն շտկվել և անես անհնարինը հաճախորդին գոհացնելու համար:
Սակայն վերջում, երբ լսում ես հաճախորդի դրական արձագանքը, հասկանում ես, որ ջանքերդ գոնե մի քանի տոկոսով իրենց արդյունքը տվել են և ավելի խանդավառությամբ ես սկսում առաջ շարժվել: Վերջերս, երբ ուսումնասիրում էի Նոլան Բուշնելի խաղերի ստեղծման պատմությունը, հասկացա և համոզվեցի, որ միայն խանդավառությունը կարող է օգնել քեզ հավատալ սեփական հաջողությանը: Շրջապատի կարծիքը ժամանակի խնդիր է: Այսօր ես անում եմ մի աշխատանք, որը չափազանց շատ եմ սիրում և աշխատում եմ այնպիսի երիտասարդների հետ, որոնց կարծիքն ինձ համար շատ կարևոր է: Ես սիրում և հարգում եմ մեր թիմի յուրաքանչյուր անդամին: Ես զգացել եմ, թե որքան հզոր ենք մենք: Իսկ դա գալիս է մեր միասնական գաղափարի, աշխատանքի, աշխատասիրության և միմյանց նկատմամբ մեծ սիրո շնորհիվ: Իմ խորհուրդը բոլորին՝ ցանկացած գործ արեք ՄԵԾ խանդավառությամբ:

Ինչպես ես սկսեցի իմ սիրած գործը. Handmade
Մարիամ Նազարյան 
06.12.2014

1/07/2015

Նարեկ Աղավելյան: Մարդիկ իրենց սառնությամբ օրեցօր վերածվում են անշունչ մանեկենների


Նարեկ Աղավելյան

Իմ նկարները հիմնականում մարդկանց
մեղքերի, հարգանքի և հոգատարության 
բացակայության մասին են: 






- Ընտանիքում ո՞վ է ուղորդել Ձեզ արվեստի ճանապարհով: Այդ բնագավառում ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները:
- Ընտանիքում և՛ մայրս, և՛ հայրս արվեստի մարդիկ են: Հայրս վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է և ֆոտոնկարիչ: Մայրս նույնպես դասավանդում է արվեստի դպրոցում: Այդ բնագավառում բազմաթիվ ուսուցիչներ եմ ունեցել: Սովորել եմ երաժշտական դպրոցում և հաճախել եմ նկարչության խմբակի: Երախտապարտ եմ բոլոր ուսուցիչներիցս. նրանք իմ մեջ սերմանել են սերը դեպի արվեստը:
- Ձեր նկարները իրենց ոճով տարբերվում են: Որքանո՞վ է Ձեզ անհանգստացնում մարդկանց կարծիքը Ձեր աշխատանքների մասին:
- Այո, իմ նկարները իրենց ոճով տարբերվում են: Ես նկարում եմ աբստրակտ ոճում՝ դեկորատիվ գրաֆիկա: Սիրում եմ բոլոր ոճերն էլ: Իսկ դասականի մասին խոսք լինել չի կարող, արվետի բոլոր ճյուղերն էլ ինձ համար մեծագույն արժեք ունեն: Ինձ համար մարդկանց կարծիքը նորանոր կտավներ ստեղծելու առիթ է հանդիսանում:
- Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Իմ ոգեշնչման աղբյուրը կյանքն է, այն ամենը ինչ շրջապատում է ինձ՝ մարդիկ, երևույթները, դասական երաժշտությունը:
- Ձեր կարծիքով, շատ կամենալու դեպքում, անհատը կարո՞ղ է իրականացնել իր՝ երազանքի նմանվող ցանկությունները:
- Այո, կարող է, եթե ունենա մեծ կամք և աշխատասիրություն:
- Ունեցե՞լ եք անհատական ցուցահանդեսներ:
- Անհատական ցուցահանդես առայժմ չեմ ունեցել, բայց մտադրություն ունեմ բացել այս տարի:
- Որքանո՞վ են Հայաստանում մարդիկ հետաքրքրված արվեստի գործերով:
- Հետաքրքրվողներ, իհարկե, շատ կան, բայց ուղղվածությունն է մի տեսակ փոխվել, համակարգչի ժամանակաշրջան է, և մարդիկ շատ են ձգտում օգտագործել համակարգիչը:
- Ի՞նչ է պետք անել, որպեսզի հատկապես դպրոցականների մոտ մեծանա հետաքրքրությունը դեպի արվեստը:
- Դասական ուսումնառությանը զուգահեռ պետք է մտածել կրեատիվ ուսումնական մեթոդներ՝ դասը վերածելով խաղի, մրցույթի: Պետք է ոգևորել,պարգևատրել և խրախուսել երեխաներին, ինչպես նաև շատ զրուցել արվեստի մասին:
- Ինչպե՞ս ստեղծվեց <Մանիկեն> անվամբ աբստրակտ նկարը և ի՞նչ խորհուրդ ունի այն:
- Մանեկենը հենց ինքը՝ մարդն է, կանգնած անիվի վրա: Անիվը նրան առաջ տանելու գործիքն է, որի միջոցով սլանում է իր նպատակի ետևից: Մանեկենն իր մեջ ունի նաև անկենդան մարդու խորհուրդ: Շրջապատող մարդկանց մեջ օր օրի նկատում եմ սառնություն ու մի տեսակ անտարբերություն ուրիշի ցավի հանդեպ և նրանց թիվը օրեցօր աճում է,բայց փառք Աստծո ոչ բոլոր մարդիկ են այդպիսին:
- Ո՞րն է Ձեր նկարների խորհուրդը:
- Իմ նկարների խորհուրդը մարդկանց մեջ հոգատարությունը, կարեկցանքը և սերը արթնացնելն է: Իրենց մեջ կրում են նաև Աստծո հետ մտերիմ լինելու գաղափարը: Վերջնական նպատակը, որպեսզի մարդիկ իրենց մեղքերի բաժինը փորձեն հասցնել հնարավորինս մինիմալի:


Մանեկեն

Դիմակահանդես


Նարեկ Աղավելյանի ֆեյսբուքյան էջը, որտեղ ներկայացված են նկարչի բոլոր նկարները

Մարիամ Նազարյան
06.01.2015

11/03/2014

Ի՞նչ է տեղի ունենում մեր կյանքում


Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում,անկախ իր կամքից, կրում է փոփոխություններ: Փոփոխություններ կարող են լինել անձնականում, արտաքինում, ընկերական շրջապատում, միջավայրում, անգամ բնակության վայրի հետ կապված: Ցանկացած փոփոխություն դրական միտում ունի, ցանկացած նոր բան հիանալի է թվում: Ժամանակի ընթացքում այդ նորը դառնում է սովորական, և երբեմն կորցնում իր նախկին արտասովոր և յուրօրինակ բնույթը: Այժմ ներկայացնեմ, թե ինչպես ենք մենք արձագանքում այդ փոփոխություններին:
Մենք ունենք մեր առանձնահատուկ ընկերական շրջապատը, հանկարծ հայտնվում է նոր ընկեր, ով լցնում է Ձեր կյանքը, առօրյան (զուգընկերուհու կամ զուգընկերոջ մասին չէ խոսքը), թվում է՝ նա տարբերվում է բոլորից, ամենալավն է Ձեզ հասկանում, չնայած, որ մի քանի օր է ինչ սկսել եք շփվել... Իրականում այս ամենը փոփոխության արդյունքն է, ամեն <նոր> երևույթ իր մեջ արտասովոր և դրական տարրեր է պարունակում, ինչը մեզ ստիպում է առանձնացնել այն ընդհանուրի միջից: Եվ արդյունքում մեզ համար սկսվում է նոր հարմարավետության փուլ, մենք մեզ <հարմարավետ> ենք զգում նոր ընկերոջ հետ շփումներում: Անցնում է որոշ ժամանակ, նորից նոր ու չափից ավել գունավորված հատվածները իջնում են իրենց բարձունքից և հավասարվում բոլորին: Մեր զգացմունքները կապված նոր փոփոխության հետ հանդարտվում են և ամեն ինչ կրկին սովորական է թվում: 
Իսկ ինչու՞ են կյանքում միշտ փոփոխություններ լինում, ինչու՞ ենք մենք միշտ ներկան համեմատում անցյալի հետ, և կամ մերժելով ներկան ու անցյալը խելահեղ ապագա երազում ու պատկերացնում: Մենք բոլորս հոգնում ենք կրկնվող զգայական ազդեցություններից, և երբեմն առանց գիտակցելու փնտրում ենք նորը, արտասովորը: Նոր փոփոխությունները ստիպում են քեզ մերժել անցյալը, քեզ ստիպում են մտածելու, որ անցյալում <հիմար> ես եղել: Իրականում դու այդ անցյալում քեզ շատ երջանիկ ես զգացել իրերի նման դասավորությունից և մարդկանց ներկայությունից, ուղղակի ներկան քեզ թվում է անհավանական ավելի լավը, քեզ թվում է, որ այժմ այնքան երջանիկ ես, որ երբեք այդպես չես եղել: 
Թող միշտ շրջապատող աշխարհը այնպես դասավորված լինի Ձեր շուրջը, որ միայն հարմարավետության զգացումը Ձեզ բոլորիդ համակի:


Մարիամ Նազարյան

8/09/2014

Կյանքում կարևոր է ճիշտ մոլորակ ընտրելը

Այս կյանքում յուրաքանչյուրս ունի իր պատմությունը:
Եթե մի պահ հիշենք մեր անցած ուղին, կարծում եմ բոլորս էլ կհիշենք, թե որքան տարբեր մարդիկ են եղել մեր կյանքում: Նրանցից շատերը փոխարինել են հին ընկերներին, շատերը համալրել մեր ընկերների շարքերը:
Անկախ մեր կամքից մենք նմանվում ենք մեր ընկերներին: Դա կարելի է նկատել անգամ հասարակ զրույցներում, երբ օգտագործում ենք մեր ընկերների բառապաշարից բառեր, անկախ մեր կամքից նրանց նման ենք ծիծաղում…
Մեր շրջապատը մենք ենք ընտրում:
Ցանկությունը քոնն  է, ցանկանում ես հասնել ցանկալի արդյունքի, առաջինը նայի՛ր շուրջդ, եթե գտնես հաջողության հասած մարդկանց կողքիդ, ուրեմն ճիշտ ուղու վրա ես, եթե ոչ, ապա մտածի՛ր՝ հայտվել ես ոչ ճիշտ սենյակում, փոխի՛ր քեզ՝ ընտրելով ճիշտ ընկերակիցներ:
Շատ մեծ է ընկերակիցների դերը մեր կյանքում: Շփում հաջողության հասած մարդկանց հետ կարելի է համարել նաև նրանց հաջողության պատմությունները կարդալը: Երբ կարդում ես նրանց անցած կյանքի մասին, ինքդ սկսում ես այդպես մտածել ու փոխվում է աշխարհայացքդ:
Նման ընկերակիցների կողքին, իհարկե, շատ ավելի լավ է:
Կյանքում նոր գաղափարների և ոգեշնչման հիմնական աղբյուրն են  հանդիսանում քո մոլորակում հայտնված մարդիկ:
Ընկերներիցս մեկի հետ զրուցում էինք, վայրկենապես ծնված միտքը առիթ դարձավ գումար աշխատելու: Իսկ արդյունքը շատ արագ ստացվեց, ընդամենը երկու օր հետո գաղափարը իրականություն դարձավ ու եկամուտ բերեց:

Պետք է միշտ հետևես քո մոլորակին և փորձես այնտեղ քեզ համար հիանալի միջավայր ստեղծել:








Մարիամ Նազարյան




8/05/2014

Օր 3-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» մասնակիցներն արժանացան գյումրեցիների ջերմ ընդունելությանը




Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» մասնակից «Կոմիտաս» (ԱՄՆ), «Ովսաննա» և «Նորահրաշ» (ՌԴ) և «Արցախ» (Եգիպտոս) երգչախմբերը եղան Շիրակի մարզում:
Նրանք նախ այցելեցին Հառիճավանք, որտեղ կատարեցին «Հայր մերը»: Այնուհետև վանքի հոգևոր սպասավոր Գարեգին սարկավագ Կադեյանը փառատոնի մասնակիցներին ներկայացրեց եկեղեցական համալիրի պատմությունը, Կոմիտաս վարդապետի գործունեությունն այնտեղ: Սարկավագը մասնակիցների օրհնության կարգ մատուցեց և մաղթեց հաջող համերգային ծրագիր, որը տեղի ունեցավ երեկոյան՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Համերգային ծրագիրը բացեց Միացյալ Նահանգներից ժամանած «Կոմիտաս» երգչախումբը՝ արժանանալով գյումրեցիների բուռն ծափողջույններին:
Դահլիճում առավել ոգևորություն տիրեց, երբ բեմ բարձրացան Մոսկվայից ժամանած «Նորահրաշ» երգչախմբի փոքրիկ կատարողները: Այնուհետև նրանց միացավ «Ովսաննա» երգչախումբը: Տպավորիչ էին նաև Եգիպտոսի «Արցախ» երգչախմբի կատարումները:
Համերգային ծրագրի ավարտին իր խոսքում «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին նման ջերմ ընդունելության համար և շնորհավորեց փառատոնի մասնակիցներին , որ փայլուն ելույթներ ունեցան:







03.08.2014
Մարիամ Նազարյան

7/09/2014

Կարոտի ճամփաներով…



«Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի մասնակիցներ Նաիրա Եփրեմյանը և Արմեն Մաչկարյանը նպատակ ունեն ուսումը շարունակելու Հայաստանում: Լատվիայից ժամանած Նաիրան Հայաստանում է գտնվում ընտանիքի հետ: Հետագայում ուսումը Հայրենիքում շարունակելու մտադրությամբ, նրանք եղել են մայրաքաղաքի մի շարք դպրոցներում, հարցուփորձ արել, տեղեկացել ուսումնական ծրագրերի մասին: Նաիրան հիացած է Հայաստանի եկեղեցիներով, իսկ ամենից շատ՜ Խորվիրապով: Խոստովանում է, որ մեծ սիրով է սովորել մեր ազգային երգն ու պարը, հայոց պատմության կարևորագույն էջերը: Նաիրայի համար Հայրենիքը առեղծվածներով լի մի հրաշք երկիր է,որին հրաժեշտ տալը շատ դժվար է: Աղջիկը համոզված է, որ հրաժեշտն անպայման մի նոր հանդիպումի սկիզբ է դառնալու: Վրաստանից եկած 14-ամյա Արմեն Մաչկարյանին էլ ամենից շատ դուր է եկել Գառնու հեթանոսական տաճարը, շրջակա բնությունը, մաքուր օդն ու սառնորակ ջուրը, ինչպես նաև տաճարի հարևանությամբ գործող հայկական գունագեղ շուկան՝ ախորժելի գաթաներով, հայկական չրերով, պահածոներով և ինքնատիպ հուշանվերներով: «Դեռ որքան գույներ ունի Հայրենիքս,որոնք չեմ տեսել….»,-ասում է Արմենը:
Հայորդիներից շատերի համար է Հայրենիքը առեղծված ու մեծ խորհուրդ. նրանցից շատերի աչքերում է հայրենաբաղձության անափ կարոտը….Այդ կարոտի ճամփաներով էլ նրանք կրկին կգան Հայրենիք:


04.07.2014
Մարիամ Նազարյան

7/06/2014

Արտյոմ Վարդանյան. Հայաստանում ինձ համար շատ դժվար է մասնագետ գտնելը


1.Այսօր Jambo Exotic Park & Restaurant-ն իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստանի ռեստորանների շարքում, ի՞նչը առիթ հանդիսացավ նման համալիր ունենալու հենց Հայաստանում:
Հայաստանը իմ ծննդավայրն է, Հայաստանը աշխարհի իմ ամենասիրելի երկիրն է: Ուրիշ շատ գործեր եմ ձեռնարկել այլ երկրներում, բայց նմանատիպ բան չէ: Չնայած, անկեղծ ասած, յուրաքանչյուր ուրիշ երկրում սա`  որպես բիզնես նախագիծ, շատ ավելի լավ կաշխատի, ինչպես նաև շատ ավելի մեղմ պայմաններում: Ղրիմում շփվել եմ գազանանոցի տիրոջ հետ, որը բացել է կենդանիների պարկ, նաև Ամստերդամի պարկը, որը իր մեջ ներառում է շատ ռեստորաններ, սրճարաններ, իրենք պետության կողմից ստանում են 4մլն դոտացիա, իսկ տոմսերի արժեքը 28 եվրոյից է սկսում: Այստեղ ոչ մի արտոնություն չկա:
2.Քսան տարի ապրելով Հայաստանում, հե՞շտ է Ձեզ համար այստեղ գտնել լավ մասնագետ:
Լրիվ տարբեր է այստեղ մարդկանց մտածելակերպը: 180 աստիճանով տարբերվում է: Այնտեղ ամեն մեկը իր աշխատանքը գիտի: Այս ամենը գալիս է Հայաստանի իրավիճակից, որ հիմա շատ մարդիկ ստիպված են լինում զբաղվել լրիվ ուրիշ մասնագիտությունով՝ լինելով լրիվ ուրիշ մասնագետ: Զբաղվել մի բանով, որը իրենց գործը չի: Մեր մոտ դառնում են շատ լայն պրոֆիլի մասնագետներ: Նրանք կարող է մեր ուսանողների նման շատ բան չիմանան, բայց շատ լավ իրենց մասնագիտությունը գիտեն: Ինձ համար սարսափելի դժվար է մասնագետ ընտրելը: Մարդիկ իրենց փորձով շատ ավելի մեծ արդյունքի են հասնում, քան սովորելով:
3.Կարո՞ղ եք նշել Հայաստանի և Հոլանդիայի աշխատանքային շուկայի տարբերությունները:
Այստեղ աշխատողը ոչ մի բանով պաշտպանված չէ: Ամեն վայրկյան տնօրենը կարող է գործից հանել աշխատողին: Արտասահմանում դու չես կարող հանել գործից աշխատողին առանց լուրջ պատճառի.  օրենքը միշտ աշխատողի կողմն է: Աշխատողը կարող է դատի տալ քեզ ու 100 տոկոսով կշահի դատը: Մեզ մոտ էլ եղավ այդպիսի մի դեպք: Աշխատողներից մեկը շատ վատ էր աշխատում և ես հայկական մեթոդներով ասացի, որ էլ չգա աշխատանքի, և այդ չգալը ինձ վրա նստեց 3 տարի:
Դիմել էր բժշկի, որ դեպրեսիայով հիվանդ է, և 3 տարի իր բուժման զգալի մասը մենք էինք փոխանցում: Աշխատանքային շուկայում աշխատանքի պահանջարկ ունեմ, որը, Ճիշտ է,  շատ դժվար է բավարարվում, բայց կգտնեմ երիտասարդների, որոնց կսովորեցնեմ ու հաջողության կհասնենք:
4. Ի՞նչ մարքեթինգային քայլեր են կատարվել բիզնեսի զարգացման համար:
Ցանկացած բիզնեսում, երբ դու պետք է սկսես ինչ-որ գործունեություն ծավալել,   կա՛մ դու պետք է ունենաս շատ մեծ գումար, կա՛մ դա պետք է լինի ինչ-որ Know-how, կա՛մ լավ բիզնես առնես արդեն գործող, բայց այդ դեպքում վտանգը մեծ է, որ կարող  է խափանես այդ բիզնեսը ու չկարողանաս նախկին ղեկավարի նման ճիշտ գործել:  Եվ ամենակարևորը  շուկայում պետք է լինես յուրահատուկ: Հայաստանում մի քիչ այլ է, այստեղ քո բիզնեսից հիմնականում օգտվում են քո ծանոթ-բարեկամները:
Ճիշտ մարքեթինգային քայլ իրականացնելու համար պետք է նախ ուսումնասիրես շուկան, վերցնես վիճակագրություն՝ տեսնելու համար, թե ինչպես է զարգացել բիզնեսը, որում ցանկանում ես ներդրում կատարել:
Ամենալավ մարքեթինգը նա է, երբ խոսում ես մարդկանց հետ, սեփականատերերի հետ, ընկերանում ես նրանց հետ, և իրենք շատ հեշտ, առանց որևէ բանի իրենց գաղտնիքները քեզ ասում են:
Այն ժամանակ, շատ պատահական ինչ-որ տարածք էինք գնել, որտեղ հյուրանոց էր եղել, բայց շատ վատ վիճակում էր: Գործընկերներս ասեցին վաճառենք, և որոշեցինք վերանորոգելուց հետո նոր վաճառել: Եվ վերանորոգման ժամանակ զգացի, որ պահանջարկ կա: Դա 2003-2004 թվականներն էր, երբ, մանավանդ Ամստերդամում, տուրիզմը զարգացած էր: Եվ մենք հաջողության հասանք: Բայց հիմա ուրիշ մարքեթինգ պետք է իրակացնել, որովհետև տուրիզմի շուկան նստած է ճգնաժամից հետո: Բիզնեսը 14-16 անգամ արենդայի գինն արժե: Կամ պետք է վերցնես 0-ից մի շենք կառուցես, բայց դա էլ շատ բարդ է, որովհետև այնտեղ լիցենզիա չեն տալիս: Հայաստանում մարդիկ կարող են իրենց տունը հյուրանոց սարքել: Այնտեղ այդպես չէ, բայց, եթե ինչ-որ ժամանակ այդ շենքի վրա եղել է լիցենզիա, դու կարող ես վերականգնել դա: Այդպիսի մի խումբ կար, ու մենք վերցնում էինք տարածքը, պայմանագիր էինք կնքում, իրենք ընթացքում վերականգնում էին լիցենզիան, իսկ մենք կառուցման ժամանակ Ռուսաստանից ֆինանսավորում էինք ստանում: Հիմա այդ բոլոր հյուրանոցները վաճառել ենք: Symphony հոթելները կան, ես այդ ցանցը 0-ից եմ ստեղծել: Ամեն ինչ պահպանվել է իմ ստեղծած ներքին հարդարանքով… պարզապես մենք կարողացանք մեր բիզնեսը բարձր արժեքով վաճառել:
5.Թերևս միակ դժվարությունը Jambo այցելելու, քաղաքից փոքր-ինչ հեռու գտնվելն է: Հետագայում կան տրանսպորտի հետ կապված պլաններ:
Շուտով կլինի: Մենք նույնիսկ երկու հարկանի տրանսպորտ ենք որոշել բերել արտասահմանից, որը ոչ միայն մեզ համար կաշխատի, այլ նաև տուրիստների համար:
6.Ի՞նչ լրացուցիչ ծառայություններ է մատուցում Jambo-ն:
Մենք  2 ամիս է, ինչ բացել ենք Jambo Exotic Park & Restaurant-ը: Ընթացքում նոր հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում: Դահլիճի տանիքին բացօթյա տարածք է լինելու հարսանեկան արարողությունների համար: Միգուցե այստեղ լավ չգործի, պարզապես հայերը ստանդարտներից շեղվել այդքան էլ չեն սիրում: Սակայն մենք առաջարկում ենք օրիգինալ կորպորատիվ միջոցառումներ, հարսանեկան հանդիսություններ, ծննդյան տոնակատարություններ, ձիավարություն: Մանկական ժամանցի մեջ մտնում է նաև Jolly Art ընկերության կողմից առաջարկվող ավազե նկարչությունը:

Jambo Exotic Park & Restaurant-ը հիանալի վայր է Ձեր ընտանիքի, հարազատների և ընկերների հետ ժամանց անցկացնելու համար: Մանրամասն կարող եք ծանոթանալ ֆեյբուքյան էջում - Jambo Exotic Park & Restaurant:

04.07.2014
Մարիամ Նազարյան

6/22/2014

Այսօր մեր բլոգը դառնում է մեկ տարեկան


           
Ամեն ինչ սկսվեց շատ անսպասելի, ընդամենը մեկ ուղարկված նյութից, ինչի համար շատ շնորհակալ եմ Հրաչյա Մանուկյանին, ով հանդիսանում է հաջողության բլոգի, ինչպես նաև https://www.truthly.me/ - ասե՛ք ինձ ճշմարտությունը, սոցիալական կայքի հեղինակը:
Ստանալով ինձ համար շատ կարևոր և դրական արձագանքներ իմ առաջին նյութի վերաբերյալ, այն կրեց շարունակական բնույթhttp://success.am/author/mariam_nazaryan/
Հենց հաջողության բլոգի հեղինակների և իմ ընկերների աջակցությամբ ստեղծվեց այս բլոգը` Սպասված: Տարօրինակ է հնչում, պարզապես այլ տարբերակ չկար, դոմենի խնդիր կար, ի վերջո, այդքան էլ վատ չէ :) Սկզբնական շրջանում մեծ դժվարությունների հանդիպեցի, քանի որ բոլորովին անտեղյակ էի web ծրագրավորումից:
Այնուհետև ձևավորվեց մեր փոքրիկ թիմը, որի անդամների առաջարկություններով այսօր ունենք երեք ֆեյբուքյան էջ՝ ձեռքի աշխատանքների, պատանի նկարիչների և բլոգի ֆեյբուքյան էջը:
Շնորհակալ եմ բոլորին ինձ աջակցելու, մեր փոքրիկ, բայց ջերմ թիմի բոլոր անդամներին, իմ բոլոր ընկերներին, ծանոթներին՝ մեզ հետևելու և բազմիցս աջակցելու համար, ձեր բոլորի շնորհիվ է, որ այսօր մենք արդեն մեկ տարեկան ենք:
<Բացահայտենք կյանքի գույները> խորագիրը կրող այս բլոգը և սպասված բլոգի թիմը պատրաստվում են նոր նախագծերի իրականացմանը:






6/10/2014

Ի՞նչ է տալիս դպրոցը


Հանրակրթական կրթությունը բոլոր ժամանակներում էլ ունեցել է իր մեծ և դրական ազդեցությունը ապագա սերնդի կրթման և դաստիարակման գործում: 
Դեռ հին ժամանակներում, երբ ուսուցման համար համապատասխան գրքեր չկային, եկեղեցին կամ հատուկ ուսուցիչներ միմյանց փոխանցված (դարերից եկած պատմությունները) գիտելիքները ուսուցանում էին եկող սերնդին:
Բոլոր ժամանակներում նրա դերը ահռելի է: ԻՆչպես գիտենք անցյալում եղած պատմությունները ներկայի և ապագայի հայելին են: Եվ չիմանալ այդ ամենի մասին ուղղակի չի կարելի: 
Ասորիները իրենց կրոնի մասին միմյանց միայն բառերով և խոսքով են փոխանցում: Եվ այն, ինչին հասել են նրանք, նախանձել կարելի է: Այդքան մեծ հավատ և համախմբություն աշխարհի տարբեր ծայրերում: 
Այժմ շատերը թերահավատությամբ են մոտենում մեր հանրակրթական դպրոցների տված կրթությանը: Պարզապես մենք ինքներս պետք է կարդանք և սովորենք ինքնուրույն, դասախոսները, ուսուցիչները միայն 30 տոկոսը պետք է տան, այսինքն որոշակի ուղղություն տան: Ամեն ինչ մեր ձեռքերում է և կախված է մեզանից:

Այն ահռելի տեղեկությանը, որ մենք ենք տիրապետում ինտերնետի և էլեկտրոնային գրքերի օգնությամբ, արդեն ամեն ինչ ասված է: Դժվար դրան խանգարի ուսուցչի սխալ վերաբերմունքը կամ նույնիսկ մեծ աջակցությունը:
Մեր կոչը բոլոր երեխաներին, պատանիներին և ուսանողներին՝ կարդացե՛ք ձեր և ձեր ազգի համար պիտանի նյութեր, որոնք կնպաստեն ձեր և մեր հաջողությանը, դրական լիցքեր կհաղորդեն ձեր կյանքին, ընկերներին, իմացե՛ք մեր երկրի պատմությունը (ցավոք մեր թշնամիները ավելի լավ գիտեն, երբ հայտնվում ես Արևմտյան Հայաստանում ապշում ես նույնիսկ պահակի արտահայտած մտքերից), որպեսզի հաջողությունը և հաղթանակը միշտ ուղեկցի ձեզ և մեզ: 



Մարիամ Նազարյան

5/23/2014

Կյանքի դժվարությունները

Կյանքը բաղկացած է մի քանի փուլերից՝ մասնավորապես, ներդրումներից, ակնկալվող արդյունքները տեսնելուց, ամենակարևորը նպատակների իրականացումից:
Մինչ սովորում ես, ապրում ես անհոգ կյանքով, մտածելով միայն լավ ժամանակ անցկացնելու, գիտելիքներ ձեռք բերելու, մաքսիմալ կրթված լինելու մասին:
Եվ ներդրված գիտելիքները երկար չեն կարող սպասել, որպեսզի տեսնեն արդյունքը: Ավարտելուց հետո փորձում ես ներդրածդ ետ ստանալ, թեկուզ մի փոքր մասով, որպեսզի զգաս, որ տարիները զուր չեն անցել, ժամանակը անտեղի չես վատնել, նաև աննպատակ չեն եղել ծախսված գումարները:
Փորձելով ետ ստանալ ներդրվածը՝ ստիպված ես անցնել երկար, բարդ, սկզբում պարզ և կարճ թվացող ճանապարհով, որը իրականանում քո կառուցած նպատակին հասնելու աստիճանն է:

Սկզբում վստահ ես քայլում, քանի որ անհրաժեշտ տեղեկությունը բացակայում է, այնուհետև վհատվում և ետ ես քաշվում: Բայց պետք չէ մտածել ժամանակի մասին, պլաններ կազմել, քանի որ եթե այլ ձևով ամեն ինչ ընթանա, հուսահատությունը անխուսափելի է:
Բոլորն են ձգտում դեպի իրականն ու կանխատեսելին, մաքսիմալ բավարարվածության զգացողությանը, բայց ամեն տարիք տալիս է իր մոտեցման և հասկանալու ձևերը: 
Այնպես որ հուսահատությունը հիմարություն կլինի:
Կողմնորոշվել քեզ առաջարկվող գրավիչ ծրագրերի մեջ, չեմ կարծում ավելի դժվար իրողության հանդիպեք: Բայց ինչպես ցանկացած խնդիր, տվյալ 
դեպքում էլ գտնվում է օպտիմալ լուծումը:
Կարծում եմ առիթ չի լինի Ձեզ նահանջելու, վհատվելու, հուսահատվելու, բոլորդ կընթանաք Ձեր երազանքին ընդառաջ:
Բարի գալուստ դեպի նոր մի աշխարհ … :)

Մարիամ Նազարյան

5/17/2014

Ինչպիսի՞ն պետք է լինի խոնարհ հայ-քրիստոնյան



Այսօր` 21-րդ դարում, չկա խոնարհություն, հեզություն, երբ մարդը իր զոռբայությամբ, բարձր ձայնով, ոտքով հարվածելով կարող է գնալ առաջ: Եվ հիսուսն ասում է՝ հեզ ու խոնարհ մարդիկ տիրելու են աշխարհին: Այդ մարդիկ այնքան քաղցր են, այնքան էներգետիկ, այնքան իրենց ձգող են, որ կարող են հասարակության մեջ խաղաղություն ներշնչել անգամ ամենաբռնկուն պահին: Այն ամենը, ինչ տրված է մեզ Աստծուց` խոնարհությամբ է տրված: Դուք տեսել եք պտղաբեր ծառ, որը դեպի երկինք է նայում: Պտղաբեր ծառը ծանրացած է, կռացած: Հետևաբար այն գլուխը, որը խոնարհ է, լիքն է իմաստությամբ, խոնարհությամբ: Մի պատմություն կա փարիզեցու և մաքսավորի մասին: Փարիզեցու կերպարի մեջ Տերը ցույց տվեց ինքնախաբեություն, ինքնագովասանք: Երբ փարիզեցին աղոթում է, ասում է` Տե'ր, տես ես ինչ մաքուր եմ, ես նման չեմ ուրիշներին: Հպարտությունն էր, որ ավելացրեց փարիզեցու մեղքերը: Հպարտությամբ է, որ մարդիկ կորցնում են ամեն ինչ: Մաքսավորը իր աղոթքում խնդրում էր, որ Տերը ների իրեն: Եվ մաքսավորը եկեղեցուց դուրս եկավ մեղքերից ազատված, իսկ փարիզեցին` ևս մեկ մեղք ավելացրած: Խոնարհությունը զարդ է յուրաքանչյուր մարդու համար, որովհետև Տերը ինքը խոնարհ է: Հիսուսը, երբ քարոզում էր, չէր պարտադրում, նրա քարոզը առաջարկի էր նման: Խոնարհությունը անճարության նշան չէ: Ովքեր համակերպվում են իրավիճակին, ասում են այդպես պիտի լինի. դա խոնարհություն և հեզություն չէ: Համակերպվել վատ երևույթներին` խոնարհ կեցվածք չէ, և հակաքրիստոնեական է: Արտաքինը չի կարող լինել խոնարհ. եթե մարդը միշտ գլուխը կախ, տխուր դեմքով է: Մարդը կարող է խոնարհ լինել` գլուխը բարձր, ուրախ, բայց հոգով հեզ ու խոնարհ:
Քրիստոնեությունը պետք է հասկանանք հոգեբանությամբ: Հոգեբանություն է դա: Ներսի "ես"-ը պետք է խոնարհ լինի: Եթե գիտակցությունը խոնարհ և հեզ չէ, մարդը չի կարող լինել հեզ ու խոնարհ: Հեզությունը թուլության նշան չէ: Հզոր մարդը կարող է լինել հեզ ու խոնարհ: 

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս Եկեղեցու խորհրդակատար Տէր Կարապետ քահանայ Կարապետեան
Խոկման արարողություն 
Մարիամ Նազարյան
13.05.2014



5/16/2014

Ձեր բարեկեցության 37 գաղտնիքները



1. Մարդը չի կարող վերահսկել տիեզերքի օրենքները
2. Անվճար պանիրը միայն մկան թակարդում է
3. Հաջողակ մարդիկ առանձնապես կրոնապաշտ չեն
4. Հարստությունը Ձեզ մոտ չի գալիս, Դուք եք մոտենում հարստությանը
5. Դուք կառուցում եք Ձեր հաջողությունը բառերի օգնությամբ
6. Առողջությունը, սերը, երջանկությունը և փողը- անվերջանալի են
7. Բարգավաճման օրենքները գործում են դատարկ տարածությունները լրացնելու սկզբունքով
8. Փողի մասին մտքերը հետապնդում են ավելի հաճախ աղքատին
9. Կարելի է հարցնել Աստծուն այն մասին, որ Ձեր մտածողությամբ, Դուք ցանկանում եք, բայց ստանում եք այն, ինչի կարիքն իրոք ունեք
10. Իմաստություն- ամենաարդյունավետ գործիքը հաջողության առաջխաղացման համար
11. Բարեկեցություն- դա Ձեր բնածին և բնական գոյության պայմանն է
12. Բարեկեցությունը մեզ շրջապատող միջավայրից է կախված
13. Երբ Դուք պարզեք Ձեզ համար Ձեր նպատակակետը, հաջողությունը կգտնի Ձեզ
14. Եթե Ձեզ է պատկանում մեծ երազանք, ապա ամբողջ աշխարհը Ձեր կամքով կներկայանա
15. Ձեր բարեկեցությունը միշտ կլինի համեմատությամբ Ձեզ մտերիմ 5 ընկերների բարեկեցության միջինը
16. Հաջողության հնարավորության հանդեպ հավատը կարող է Ձեզ հանել դեպի տիեզերքի ընդհանուր գանձարան
17. Բարեկեցությունը առանց փողի չի կարող գոյություն ունենալ
18. Այն, ինչը անվանում են կյանքի փորձություններ, ձևավորում է մասնագիտական հմտություններ, հանգեցնելով կյանքում հաջողության
19. Բնությունը միշտ ստանում է իր բաժինը
20. Երազանքը պետք է լինի այնքան բարձր, էական, ինչպես և Դուք եք
21. Բարեկեցությունը թողնում է մեզ մեր հանելուկի բանալին
22. Երազանքը արագացնում է Ձեր բարեկեցության գալը
23. Բարեկեցությունը չունի ընդհանուր ոչինչ այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսին են բարենպաստ հնարավորություններ, պատահականություն և հաջողություն
24. Բարեկեցությունը-առատ իրերի առկայություն չէ : Դա մտքերի պատկեր է
25. Ձեր մտային կարողությունը կարող է Ձեզ տանել դեպի բարեկեցություն, կամ հասցնել աղքատության շեմին
26. Էգոիզմ- որակ, որը անհրաժեշտ է իրական հաջողության համար
27. Բարգավաճող մարդիկ կենտրոնացած չեն իջեցված գներով գնումներ կատարելու գաղափարին
28. Չկա մայրցամաքում մի վայր, որտեղ չլինի բարեկեցություն
29. Բարեկեցության երևույթները չունեն առանձնացված գնահատման չափանիշներ
30. Փողի նկատմամբ Ձեր վերաբերմունքը ցույց է տալիս Ձեր հրապուրանքը փողի նկատմամբ
31. Չավարտելով նախորդ առաջադրանքը, չի կարելի անցնել հաջորդին



32. Հաջողակ մարդը այնպես չէ, ինչպես մարդկանց մեծամասնությունը
33. Ձեր բարեկեցությունը կաճի արագ, եթե Դուք ինքներդ արագ <աճեք>
34. Բարձր ոգեշնչող ուժերը կարող են միայն հուշել, ինչ անել, բայց պետք է գործեք միայն Դուք
35. Երբ Դուք քննարկում եք ուրիշների անձնական կյանքը, Դուք դուրս եք գալիս Ձեր ճակատագրի դեմ
36. Հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ Ձեր հոգուց <հեռանում > է վրեժը
37. Երբեք Դուք չեք եղել այնքան մոտ Ձեր երազանքի իրականացմանը, ինչպես հենց այս պահին

Մարիամ Նազարյան
Աղբյուրը` Рэнди ГЕЙДЖ
"37 секретов вашего процветания"

3/01/2014

Գորշ գույները անհետանում են


Շուտով բոլորս դուրս կգանք ձմեռային գորշ տրամադրությունից: Ձմռան լռությունը փոխարինվում է ուրախ ձայներով, ջերմությամբ, բոլորս ենք սպասել գարնան արևին:
Ջերմացնող արևի տակ նստած, երբ հետևեք քամուց տատանվող կանաչ խոտին, ծաղկած ծառերին, կնկատեք մի բան, որ ամենաթույլ քամին շարժում է առաջին հերթին բարակ խոտը: Թվում է, թե նույնքան հեշտ է նրանց տեղաշարժելը, հողից հանելը: Բայց փորձեք մեկ անգամ և կտեսնեք որքան ամուր և հաստատակամ են հաստատված հողին: 
Այդպես ենք և մենք. յուրաքանչյուրի թեթև խոսքը, վարմունքը, գործողությունը թեթև քամու պես շարժում է մեր միտքը, երբեմն մեր գործողությունների ուղղությունը: Սակայն մեր ամենաթույլ բնավորությունն էլ անգամ այնքան խոր արմատներ ունի, որ դժվար է արմատախիլ անել: 
<Փոքրիկ իշխանում> նշվում է այն մասին, որ ամեն օր մենք մեր մեջից պետք է արմատախիլ անենք նախանձը, չարը, բացասականը: Բայց այս ամենը միայն մենք կարող ենք անել, այդ ընդունակությունը միայն մեզ է տրված:
Ցանկանում եմ, որ գարնանային երաժշտական յուրաքանչյուր հնչյուն լցնի ձեր հոգին խաղաղությամբ, դրական զգացողություններով, սիրով և բարյացականությամբ յուրաքանչյուր շնչող էակի հանդեպ:
Հաճելի գարնանային օրեր եմ մաղթում ձեզ, ժպտացե՛ք անցկացրած յուրաքանչյուր վայրկյանին և դրականը կփոխանցվի աշխարհին և բազմապատիկ կանդրադառնա հենց ձեզ…J



Մարիամ Նազարյան


2/25/2014

«Կյանք առանց սահմանների»




 Ամալյա Ոսկանյանը «Կյանք առանց սահմանների» (“Life Without Limits”) խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացնում է իր աշխատանքները՝ այս անգամ կերամիկայի վրա կատարված:
Արդեն երկու տարի է ինչ զբաղվում է կերամիկայով: Ամալյա Ոսկանյանը բոլորին հիացրել էր իր յուրօրինակ աշխատանքներով: Այժմ սովորում է  Գեղարվեստի պետական ակադեմիայի կերամիկա բաժնում, մինչ այդ սովորել է Թերլեմեզյանի քոլեջում և ավարտել գեղանկարչության բաժինը:
Պատանի նկարիչներ




Մարիամ Նազարյան
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն (ՆՓԱԿ)
 25.02.2014



comment