Translate

1/07/2015

Նարեկ Աղավելյան: Մարդիկ իրենց սառնությամբ օրեցօր վերածվում են անշունչ մանեկենների


Նարեկ Աղավելյան

Իմ նկարները հիմնականում մարդկանց
մեղքերի, հարգանքի և հոգատարության 
բացակայության մասին են: 






- Ընտանիքում ո՞վ է ուղորդել Ձեզ արվեստի ճանապարհով: Այդ բնագավառում ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները:
- Ընտանիքում և՛ մայրս, և՛ հայրս արվեստի մարդիկ են: Հայրս վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է և ֆոտոնկարիչ: Մայրս նույնպես դասավանդում է արվեստի դպրոցում: Այդ բնագավառում բազմաթիվ ուսուցիչներ եմ ունեցել: Սովորել եմ երաժշտական դպրոցում և հաճախել եմ նկարչության խմբակի: Երախտապարտ եմ բոլոր ուսուցիչներիցս. նրանք իմ մեջ սերմանել են սերը դեպի արվեստը:
- Ձեր նկարները իրենց ոճով տարբերվում են: Որքանո՞վ է Ձեզ անհանգստացնում մարդկանց կարծիքը Ձեր աշխատանքների մասին:
- Այո, իմ նկարները իրենց ոճով տարբերվում են: Ես նկարում եմ աբստրակտ ոճում՝ դեկորատիվ գրաֆիկա: Սիրում եմ բոլոր ոճերն էլ: Իսկ դասականի մասին խոսք լինել չի կարող, արվետի բոլոր ճյուղերն էլ ինձ համար մեծագույն արժեք ունեն: Ինձ համար մարդկանց կարծիքը նորանոր կտավներ ստեղծելու առիթ է հանդիսանում:
- Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Իմ ոգեշնչման աղբյուրը կյանքն է, այն ամենը ինչ շրջապատում է ինձ՝ մարդիկ, երևույթները, դասական երաժշտությունը:
- Ձեր կարծիքով, շատ կամենալու դեպքում, անհատը կարո՞ղ է իրականացնել իր՝ երազանքի նմանվող ցանկությունները:
- Այո, կարող է, եթե ունենա մեծ կամք և աշխատասիրություն:
- Ունեցե՞լ եք անհատական ցուցահանդեսներ:
- Անհատական ցուցահանդես առայժմ չեմ ունեցել, բայց մտադրություն ունեմ բացել այս տարի:
- Որքանո՞վ են Հայաստանում մարդիկ հետաքրքրված արվեստի գործերով:
- Հետաքրքրվողներ, իհարկե, շատ կան, բայց ուղղվածությունն է մի տեսակ փոխվել, համակարգչի ժամանակաշրջան է, և մարդիկ շատ են ձգտում օգտագործել համակարգիչը:
- Ի՞նչ է պետք անել, որպեսզի հատկապես դպրոցականների մոտ մեծանա հետաքրքրությունը դեպի արվեստը:
- Դասական ուսումնառությանը զուգահեռ պետք է մտածել կրեատիվ ուսումնական մեթոդներ՝ դասը վերածելով խաղի, մրցույթի: Պետք է ոգևորել,պարգևատրել և խրախուսել երեխաներին, ինչպես նաև շատ զրուցել արվեստի մասին:
- Ինչպե՞ս ստեղծվեց <Մանիկեն> անվամբ աբստրակտ նկարը և ի՞նչ խորհուրդ ունի այն:
- Մանեկենը հենց ինքը՝ մարդն է, կանգնած անիվի վրա: Անիվը նրան առաջ տանելու գործիքն է, որի միջոցով սլանում է իր նպատակի ետևից: Մանեկենն իր մեջ ունի նաև անկենդան մարդու խորհուրդ: Շրջապատող մարդկանց մեջ օր օրի նկատում եմ սառնություն ու մի տեսակ անտարբերություն ուրիշի ցավի հանդեպ և նրանց թիվը օրեցօր աճում է,բայց փառք Աստծո ոչ բոլոր մարդիկ են այդպիսին:
- Ո՞րն է Ձեր նկարների խորհուրդը:
- Իմ նկարների խորհուրդը մարդկանց մեջ հոգատարությունը, կարեկցանքը և սերը արթնացնելն է: Իրենց մեջ կրում են նաև Աստծո հետ մտերիմ լինելու գաղափարը: Վերջնական նպատակը, որպեսզի մարդիկ իրենց մեղքերի բաժինը փորձեն հասցնել հնարավորինս մինիմալի:


Մանեկեն

Դիմակահանդես


Նարեկ Աղավելյանի ֆեյսբուքյան էջը, որտեղ ներկայացված են նկարչի բոլոր նկարները

Մարիամ Նազարյան
06.01.2015

comment