Translate

6/10/2014

Ի՞նչ է տալիս դպրոցը


Հանրակրթական կրթությունը բոլոր ժամանակներում էլ ունեցել է իր մեծ և դրական ազդեցությունը ապագա սերնդի կրթման և դաստիարակման գործում: 
Դեռ հին ժամանակներում, երբ ուսուցման համար համապատասխան գրքեր չկային, եկեղեցին կամ հատուկ ուսուցիչներ միմյանց փոխանցված (դարերից եկած պատմությունները) գիտելիքները ուսուցանում էին եկող սերնդին:
Բոլոր ժամանակներում նրա դերը ահռելի է: ԻՆչպես գիտենք անցյալում եղած պատմությունները ներկայի և ապագայի հայելին են: Եվ չիմանալ այդ ամենի մասին ուղղակի չի կարելի: 
Ասորիները իրենց կրոնի մասին միմյանց միայն բառերով և խոսքով են փոխանցում: Եվ այն, ինչին հասել են նրանք, նախանձել կարելի է: Այդքան մեծ հավատ և համախմբություն աշխարհի տարբեր ծայրերում: 
Այժմ շատերը թերահավատությամբ են մոտենում մեր հանրակրթական դպրոցների տված կրթությանը: Պարզապես մենք ինքներս պետք է կարդանք և սովորենք ինքնուրույն, դասախոսները, ուսուցիչները միայն 30 տոկոսը պետք է տան, այսինքն որոշակի ուղղություն տան: Ամեն ինչ մեր ձեռքերում է և կախված է մեզանից:

Այն ահռելի տեղեկությանը, որ մենք ենք տիրապետում ինտերնետի և էլեկտրոնային գրքերի օգնությամբ, արդեն ամեն ինչ ասված է: Դժվար դրան խանգարի ուսուցչի սխալ վերաբերմունքը կամ նույնիսկ մեծ աջակցությունը:
Մեր կոչը բոլոր երեխաներին, պատանիներին և ուսանողներին՝ կարդացե՛ք ձեր և ձեր ազգի համար պիտանի նյութեր, որոնք կնպաստեն ձեր և մեր հաջողությանը, դրական լիցքեր կհաղորդեն ձեր կյանքին, ընկերներին, իմացե՛ք մեր երկրի պատմությունը (ցավոք մեր թշնամիները ավելի լավ գիտեն, երբ հայտնվում ես Արևմտյան Հայաստանում ապշում ես նույնիսկ պահակի արտահայտած մտքերից), որպեսզի հաջողությունը և հաղթանակը միշտ ուղեկցի ձեզ և մեզ: 



Մարիամ Նազարյան

5/23/2014

Կյանքի դժվարությունները

Կյանքը բաղկացած է մի քանի փուլերից՝ մասնավորապես, ներդրումներից, ակնկալվող արդյունքները տեսնելուց, ամենակարևորը նպատակների իրականացումից:
Մինչ սովորում ես, ապրում ես անհոգ կյանքով, մտածելով միայն լավ ժամանակ անցկացնելու, գիտելիքներ ձեռք բերելու, մաքսիմալ կրթված լինելու մասին:
Եվ ներդրված գիտելիքները երկար չեն կարող սպասել, որպեսզի տեսնեն արդյունքը: Ավարտելուց հետո փորձում ես ներդրածդ ետ ստանալ, թեկուզ մի փոքր մասով, որպեսզի զգաս, որ տարիները զուր չեն անցել, ժամանակը անտեղի չես վատնել, նաև աննպատակ չեն եղել ծախսված գումարները:
Փորձելով ետ ստանալ ներդրվածը՝ ստիպված ես անցնել երկար, բարդ, սկզբում պարզ և կարճ թվացող ճանապարհով, որը իրականանում քո կառուցած նպատակին հասնելու աստիճանն է:

Սկզբում վստահ ես քայլում, քանի որ անհրաժեշտ տեղեկությունը բացակայում է, այնուհետև վհատվում և ետ ես քաշվում: Բայց պետք չէ մտածել ժամանակի մասին, պլաններ կազմել, քանի որ եթե այլ ձևով ամեն ինչ ընթանա, հուսահատությունը անխուսափելի է:
Բոլորն են ձգտում դեպի իրականն ու կանխատեսելին, մաքսիմալ բավարարվածության զգացողությանը, բայց ամեն տարիք տալիս է իր մոտեցման և հասկանալու ձևերը: 
Այնպես որ հուսահատությունը հիմարություն կլինի:
Կողմնորոշվել քեզ առաջարկվող գրավիչ ծրագրերի մեջ, չեմ կարծում ավելի դժվար իրողության հանդիպեք: Բայց ինչպես ցանկացած խնդիր, տվյալ 
դեպքում էլ գտնվում է օպտիմալ լուծումը:
Կարծում եմ առիթ չի լինի Ձեզ նահանջելու, վհատվելու, հուսահատվելու, բոլորդ կընթանաք Ձեր երազանքին ընդառաջ:
Բարի գալուստ դեպի նոր մի աշխարհ … :)

Մարիամ Նազարյան

5/17/2014

Ինչպիսի՞ն պետք է լինի խոնարհ հայ-քրիստոնյան



Այսօր` 21-րդ դարում, չկա խոնարհություն, հեզություն, երբ մարդը իր զոռբայությամբ, բարձր ձայնով, ոտքով հարվածելով կարող է գնալ առաջ: Եվ հիսուսն ասում է՝ հեզ ու խոնարհ մարդիկ տիրելու են աշխարհին: Այդ մարդիկ այնքան քաղցր են, այնքան էներգետիկ, այնքան իրենց ձգող են, որ կարող են հասարակության մեջ խաղաղություն ներշնչել անգամ ամենաբռնկուն պահին: Այն ամենը, ինչ տրված է մեզ Աստծուց` խոնարհությամբ է տրված: Դուք տեսել եք պտղաբեր ծառ, որը դեպի երկինք է նայում: Պտղաբեր ծառը ծանրացած է, կռացած: Հետևաբար այն գլուխը, որը խոնարհ է, լիքն է իմաստությամբ, խոնարհությամբ: Մի պատմություն կա փարիզեցու և մաքսավորի մասին: Փարիզեցու կերպարի մեջ Տերը ցույց տվեց ինքնախաբեություն, ինքնագովասանք: Երբ փարիզեցին աղոթում է, ասում է` Տե'ր, տես ես ինչ մաքուր եմ, ես նման չեմ ուրիշներին: Հպարտությունն էր, որ ավելացրեց փարիզեցու մեղքերը: Հպարտությամբ է, որ մարդիկ կորցնում են ամեն ինչ: Մաքսավորը իր աղոթքում խնդրում էր, որ Տերը ների իրեն: Եվ մաքսավորը եկեղեցուց դուրս եկավ մեղքերից ազատված, իսկ փարիզեցին` ևս մեկ մեղք ավելացրած: Խոնարհությունը զարդ է յուրաքանչյուր մարդու համար, որովհետև Տերը ինքը խոնարհ է: Հիսուսը, երբ քարոզում էր, չէր պարտադրում, նրա քարոզը առաջարկի էր նման: Խոնարհությունը անճարության նշան չէ: Ովքեր համակերպվում են իրավիճակին, ասում են այդպես պիտի լինի. դա խոնարհություն և հեզություն չէ: Համակերպվել վատ երևույթներին` խոնարհ կեցվածք չէ, և հակաքրիստոնեական է: Արտաքինը չի կարող լինել խոնարհ. եթե մարդը միշտ գլուխը կախ, տխուր դեմքով է: Մարդը կարող է խոնարհ լինել` գլուխը բարձր, ուրախ, բայց հոգով հեզ ու խոնարհ:
Քրիստոնեությունը պետք է հասկանանք հոգեբանությամբ: Հոգեբանություն է դա: Ներսի "ես"-ը պետք է խոնարհ լինի: Եթե գիտակցությունը խոնարհ և հեզ չէ, մարդը չի կարող լինել հեզ ու խոնարհ: Հեզությունը թուլության նշան չէ: Հզոր մարդը կարող է լինել հեզ ու խոնարհ: 

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս Եկեղեցու խորհրդակատար Տէր Կարապետ քահանայ Կարապետեան
Խոկման արարողություն 
Մարիամ Նազարյան
13.05.2014



comment