Translate

8/31/2013

Դալիթա Ավանեսյանը նոր ուսումնական տարվա սկզբին


Դալիթան այս տարի ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Եվրոպական քոլեջի «Մենեջմենթ» բաժինը:
Դալիթան այժմ սովորում է միաժամանակ երկու երաժշտական հաստատություններում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում և Երևանի պետական ջազ–քոլեջում: Այս շնորհալի  աղջիկը մասնակցել է «Արի տուն» ծրագրի և՛ բացման, և՛ փակման հանդիսավոր արարողություններին` իր երգերով  ողջունելով  արիտունցիներին և նոր հանդիպումների հույս հայտնել:
Դալիթան մեզ բոլորիս 2011 թվականին հիացրել է իր կատարմամբ՝ մանկական եվրատեսիլում:
Մաղթում ենք, որ գալիք ուսումնական տարին Դալիթայի և նրա հասակակիցների համար լավագույնը լինի` նոր գիտելիքների ձեռքբերումներով, իսկ երգը նրա ուղեկիցը լինի ողջ կյանքում:
 
"Արի տուն" ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի փակման արարողություն


Դալիթա Ավանեսյան

 30.18.2013
Աղավնաձոր

8/17/2013

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման արարողություն

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը. «Շենացնենք մեր մայր արարատյան հայրենիքը»
Օգոստոսի 16-ին Աղավնաձորում տեղի ունեցավ «Արի տուն-2013» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Վահե Ջիլավյանը և ՀՀ  սփյուռքի նախարարության աշխատակիցները:
Արիտունցիները իրենց ողջույնի խոսքով, ասմունքով, երգով ու պարով հուզեցին ներկաներին: Արիտունցիներին ողջունեց նաև Դալիթա Ավանեսյանը և իր  «Welcome to Armenia-Բարի
գալուստ Հայաստան» երգով բարի գալուստ մաղթեց և ցանկացավ, որ մասնակիցներն իրենց հետ տանեն լավ ու գեղեցիկ հուշեր ու  կրկին ջերմ կարոտով վերդառնան հայրենիք:
Արիտունցիներին հայրենասիրական երգերով ոգևորեցին «Հայկազունք» խմբի երգիչները, որոնց կատարումներին միացան նաև ծրագրի մասնակիցներն ու հյուրերը:
                                                                                                                                                   
   ՀՀ սփյուռքի փոխնախարար պարոն Ջիլավյանը իր և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունեց «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց, որ եկել են և մասնակցում են այս հայրենասիրական ծրագրին: Մասնակիցներին հորդորեց, առաջարկեց, որ բոլորը իրենց բնակության երկրում կատարեն հայրենիքի համար լավ գործեր և ամրապնդեն կապը հայրենիքի հետ: « Մի քանի օրից բոլորդ կլինեք ձեր բնակության երկրում, սակայն հույս ունենք, որ նորից կվերադառնաք հայրենիք, բոլորդ կտեսնեք իրար, տանը կխոսեք հայերեն, եթե ամուսնանաք, ապա միայն հայի հետ և ձեր երեխաներին կկնքեք հայրենի երկրում»:
Երեկոն ավարտվեց ավանդական հրաժեշտի խարույկի մոտ, որի շուրջ մինչև ուշ երեկո պարում, երգում էին ծրագրի մասնակիցները, ովքեր մեկ օր հետո հրաժեշտ էին տալու հայրենիքին՝ նոր վերադարձի ակնկալիքով:
«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցեց շուրջ 120 պատանիներ՝ աշխարհի 15 երկրներից:

8/11/2013

Սովորե՞լ, թե՞ չսովորել


            Վերջերս ՀՀ գիտության և կրթության նախարարությունը հրապարակում արեց, բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարների թանկացման մասին:
            Ո՞րն է պատճառը ՀՀ-ում ուսման վարձերի թանկացման:
            Այն դեպքում, երբ բոլորը ձգտում են գների իջեցմանը, կրթաթոշակների տրամադրմանը, չգիտես ինչու Հայաստանում գները պրոգրեսիայով աճում են և, ի լրումն այդ ամենի բարձրացրել են ուսման վարձերը, և որոշ բաժիններում հանել են անվճար տեղերը:
            Գերմանիայում պետական համալսարանները անվճար են, իսկ ոչ պետական համալսարանների ամսական վճարը տատանվում է 300-700 եվրոյի սահմաններում:
            Հայաստանը, լինելով զարգացող երկիր, չունի այն համապատասխան մասնագետները, ովքեր կկրթեն երիտասարդներին եվրոպական համալսարանների նման:
            Վարձերի բարձրացման պատճառներից մեկն այն է, որ գլխավոր նպատակը գումար կորզելն է: Համալսարանների եկամուտների 70-80 տոկոսը վարձերից են գոյանում, իսկ կրթության ցածր մակարդակը այսպես են մեկնաբանում, թե ուսանողները գիտությամբ հետաքրքրված չեն, դիպլոմի համար են եկել… Ո՛չ, նման բան չկա: Եթե, օրինակ՝ ՀՊՏՀ-ն ունենար այն կահավորումը, համապատասխան տեխնիկայով հագեցած լսարանները, ինչպես ամերիկյան համալսարանը, ապա համոզված եղեք, որ ոչ միայն ստեղծված մթնոլորտն էր տրամադրող լինելու, այլ նաև սեմինարներ ներկայացնելու ձևը հետաքրքիր և բովանդակալից էր լինելու: Եվ ես հաստատապես կարող եմ ասել, որ ես պատրաստ կլինեմ վճարելու այն գումարը, որը իմ սովորած տարիների համեմատ 100.000 դրամով ավելացել է՝ անհայտ պատճառներով…
            Եթե համեմատվում են եվրոպայի համալսարանների վարձավճարների հետ, ապա կարելի է համեմատվել նաև  որակական հատկանիշների, տրվող գիտելիքների բարձր մակարդակի, պրակտիկ գիտելիքների ստացման հետ…
ԽՍՀՄ-ի տարիներին, երբ կրթությունը անվճար էր, մարդիկ վա՞տ էին սովորում… Իհարկե, Ո՛Չ:
Գտեք այն ստիմուլը, որը կստիպի լավ սովորել, որը կհամախմբի երիտասարդներին ընդհանուր գաղափարների շուրջ, ինչը կդարձնի մեզ ավելի համախմբված և թույլ կտա գերազանց գիտելիքների իմացությամբ մրցել հարևան և եվրոպական երկրների ուսանողների հետ, այլ ոչ թե  վարձավճարի բարձրացմամբ կխոչընդոտի շատերին մուտք գործել պետական համալսարաններ:
Պետք է մտածել այն պատանիների մասին, ովքեր ապագայում կառավարելու են բազմամիլիոնանոց Հայաստանը, որտեղ բնակվելու են մեր օտարության մեջ գտնվող  բոլոր հարազատները…
Թողե՛ք մեզ լավ հիշողություններ, որոնք կգրվեն պատմության էջերին՝ հետագա սերունդներին տեղեկություն տալով ձեր լավ գործերի մասին…

Մարիամ Նազարյան

comment