Translate

7/22/2013

Հարցազրույց Մարիամ Այունցի հետ


Մարիամ Այունցը երիտասաարդ ստեղծագործող է:
Հարցազրույցում խոսվում է նրա մարդկային արժեքների, հատկանիշների, մասնագիտական հմտությունների մասին, իսկ վերջում ներկայացված են նրա ձեռքի աշխատանքները:



Ինչպե՞ս ստացվեց և ի՞նչը օգնեց քեզ հասկանալու, որ պատերի դեկորատիվ նկարազարդումը, ամենատարբեր իրերի պատրաստումը ավելի հոգեհարազատ է քեզ և կարող ես քո մասնագիտությանը զուգահեռ օգտակար լինել շրջապատին:
Անկեղծ ասած՝ շատ պատահաբար, ընկերոջս հետ զրուցում էինք, թե ինչ հրաշալի կլիներ զբաղվել հոգեհարազատ ու սիրված գործով՝ հիմնական մասնագիտությունից զատ, և ընկերոջս (այժմ արդեն նշանածիս) խորհրդով փորձեցի մի քանի շապիկ պատրաստել։ Դրական արձագանք ստանալով՝ ոգևորվեցի և սկսեցինք միասին զբաղվել ինտերնետի միջոցով աշխատանքներիս տարածումով։ Պատվերները օրեցօր շատացան, որոշեցինք ընդլայնել ոլորտը. նկարել բաժակների, ապակեղենի, պա երի վրա։ Պատվիրատուների հիացմունքն ու աննկարագրելի դրական արձագանքը ավելի է ոգևորում ու ստիպում երևակայել՝ չձանձրացնելու համար։
Ի՞նչ ես կարծում, 16-18 տարեկան երիատասարդն ունա՞կ է ճիշտ ընտրություն կատարելու մասնագիտության հարցում:
Ես 15 տարեկանում ընդունվեցի ԲՈՒՀ՝ ՀՊՏՀ՝ քաջ գիտակցելով, որ նպատակս հիմնական մասնագիտություն ստանալն է, սակայն հոգուս խորքում միշտ երազում էի արվեստի՝ նկարչության հետ կապված աշխատանքի մասին։ 19 տարեկանում արդեն սկսեցի ստեղծագործական աշխատանքվ զբաղվել: Այսպիսով վստահաբար կարող եմ ասել, որ տիրապետում եմ երկու մասնագիտության։ Չեմ կարծում, որ սխալ եմ արել, քանզի ստացիոնար մասնագիտություն միշտ անհրաժեշտ է մարդուն, իսկ արվեստը միշտ կարող է լինել ուղեկցող մասնագիտություն և չխանգարել հիմնականին։ Քանի որ հասարակության ճաշակն ու պահանջները փոփոխվում են, և երբեք չես կարող կանխատեսել արվեստի պահանջարկը որոշ ժամանակ հետո։
Որքանո՞վ է քեզ անհանգստացնում մարդկանց կարծիքը քո անձի մասին:
Մարդկանց կարծիքը կարելի է դասել մի քանի տեսակի՝ կարծիքներ, որոնք ոգևորում են, մեկ-մեկ քննադատում, սակայն ճիշտ ուղղություն տալիս, կարծիքներ, որոնք կոտրում են, հետ պահում որոշակի քայլերից (սրանք արժեքավոր, մտերիմ մարդկանց կարծիքներն են, ինչու չէ նաև անծանոթների կարծիքներ, որոնք գնահատում են և բարյացակամ վերաբերվում), սակայն կարծիքներ կան, որ միայն արժե անտեսել՝ դրանք անտեղի, անիմաստ ու հիմք չունեցող կարծիքներ են՝ մարդկային նախանձի, չարության արդյունք՝ երբեմն անգիտակցաբար։
Ինչպե՞ս է Մարիամ Այունցը տեսնում կյանքի դժվարությունները, և արդյո՞ք դրանք վախեցնում կամ անհանգստացնու՞մ են իրեն: 
Մարիամ Այունցը չնայած 21 տարեկան է, սակայն հասցրել է տեսնել և ճանաչել շատ, երբեմն նաև չափազանց մեծ դժվարություններ, որոնք մեկ-մեկ հիասթափեցրել են, կոտրել, սակայն ճիշտ խոսք կա՝ То, что нас не убивает, делает нас сильнее.. Ինձ թվում է, ցանկացած դժվարության տակ թաքնված են դասեր, որոնք ուժեղացնում են մեզ։ Չնայած, կյանքի դժվարությունները սարսափելի չեն, քանի որ կողքիս ունեմ շատ ուժեղ մարդ, որը ցանկացած դժվարություն վերցնում է իր վրա:
Քո կարծիքով, շատ կամենալու դեպքում, անհատը կարո՞ղ է իրականացնել իր` երազանքի նմանվող ցանկությունները: 
Այո, իհարկե, այն, որ ես 2 տարի առաջ չէի համարձակվի «ցանկություն» անվանել արվեստի ոլորտում այս՝ չնայած փոքր, բայց ինձ համար շաաատ արժեքավոր աշխատանքը, որը դարձավ իրական, և հիմա վստահ քայլերով ընդլայնվում է ու գնում դեպի հաջորդ՝ ավելի մեծ ու ռեալ երազանքիս իրականացում։ 
Ի՞նչը կարող է մղել մարդուն այն գաղափարի ընդունմանը, որ դժվարություններին պետք է ժպիտով նայել ու առաջ գնալ։ 
Ինձ թվում է, միայն համակերպվելու ունակությունը։ Ժպիտով նայելը որոշ հարցերում հնարավոր չէ, սակայն գոնե միշտ պետք է լինի ամեն ինչի անցողիկ լինելու գիտակցումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ ցանկացած բան և ցանկացած մեկը մոռացվում է ժամանակի ազդեցությամբ։
Եթե հնարավորություն լիներ ժամանակով ետ սլանալ և հայտնվել քո մանկության տարիներին, ի՞նչ կցանկանայիր անել, որը չես արել կամ էլ` ետ բերել: 
Անել՝ ինձ թվում է ոչինչ, ամեն ինչ ճիշտ է և իր բնականոն հունով է ընթանում, բայց կուզեի հետ բերել անչափ սիրելի մարդկանց ներկայությունը, որոնց էլ երբեք չեմ տեսնի։
Ի՞նչ ես կարծում, ի տարբերություն այսօրվա մանուկների, դու առավել երջանիկ և խաղա՞ղ մանկություն ես ունեցել: 
Այո, անհոգ ու իրոք մանկական մանկություն եմ ունեցել, իսկ այսօրվա մանուկները զերծ են շփումից ու մանկական խաղերից՝ համակարգիչների, հեռախոսների և այլն՝ մանկության հետ կապ չունեցող իրերից:
Ո՞ր զգացումն ես այս կյանքում համարում շատ վեհ` մարդկային ամեն տեսակ զգացողություններից: 
Սերը։ Դրա ցանկացած տեսակ՝ սիրելիիդ, ծնողներիդ, ընտանիքիդ, ընկերներիդ, մարդու ու Աստծու հանդեպ։ Միայն դրա առկայության դեպքում է հնարավոր անկեղծություն, վստահություն, կապվածություն, միմյանց օգնելու ու բարին տալու ցանկություն։
Ո՞րն է քեզ համար բարի մարդու կերպարը: 
Ինչպես արդեն նշեցի՝ Սիրո, անկեղծության, վստահության, փոխօգնության առկայությունը։ Պարտադիր պայման է չարության, ստի, նախանձի բացակայությունը:
Արդյո՞ք մարդկային բնավորությունը ձևավորվում է լույս աշխարհ գալուց հետո, թե՞ այն ծնվում է և ավարտվում կյանքի հետ: 
Իմ կարծիքով մարդու բնավորության մի մասը տրվում է ի ծնե՝ փոխանցվում ծնողներից, իսկ մյուս մասը կերտվում դաստիարակությամբ, շրջապատի ազդեցությամբ, դժվարություններով։
Բնավորությունը կարելի՞ է փոխել, թե՞ միայն տեսակետն ու աշխարհայացքն է ենթակա փոփոխման: 
Մեծ ցանկության դեպքում կյանքում ամեն ինչ հնարավոր է։ J Ոմանք փոխում են բնավորությունը սիրելիին դուր գալու, ոմանք մարդկանց մեծամասնությանը ձուլվելու, ոմանք դժվարություններին դիմանալու համար։ Դրա համար կարող են պահանջվել երկար օրեր անգամ՝ տարիներ։ Իսկ աշխարհայացքի փոփոխության համար կարող են պահանջվել հաշված րոպեներ՝ ուրախություն, հիասթափություն, անսպասելի դեպքեր՝ այս ամենի ազդեցությամբ մարդը փոխում է աշխարհայացքը։
Հաջողակ ծնվում ե՞ն, թե դառնու՞մ: Ո՞վ է քեզ համար հաջողակ մարդու վառ օրինակը մեր օրերում: 
Այս դեպքում էլ կարծում եմ որոշ չափով ծնվում, որոշ չափով դառնում։ Հաջողակ են այն մարդիկ, ովքեր ծնվել են բարի, սիրող ընտանիքում, մնացածը հնարավոր է ձեռք բերել տարիների ընթացքում։ Հաջողակ մարդ համարում եմ ինչու չէ նաև ինձ՝ ունեմ հիանալի ընտանիք, սիրում եմ ու սիրված եմ, ունեմ 2 մասնագիտություն, ձգտում եմ ամեն ինչ հասցնել կատարելության։ 
Լինելով շատ հաջողակ քո մասնագիտական բնագավառում` ո՞րն է եղել քո առաջին ստեղծագործությունը և ի՞նչ թեմայով էր: 
Առաջին ստեղծագործություն որպես այդպիսին չեմ կարող նշել, քանի որ ստեղծագործել եմ շաատ վաղ տարիքից, ունեմ բազմաթիվ գործեր, որոնք սակայն մնում են իմ արվեստանոցի պատերի ներսում: Իսկ որպես պատվիրվող և վաճառվող աշխատանք առաջինը եղել է DDT խմբի շապիկը։
Ունեցե՞լ ես անհատական ցուցահանդեսներ: 
Ոչ, ցուցահանդեսներ դեռ չեմ ունեցել։ ԱՆկեղծ ասած՝ հակառակ ստեղծագործական ձգտումներին, չունեմ կազմակերպչական ջիղ, որը կօգնի նման հարցերում, սակայն շուտով հույս ունեմ իրականացնել նաև դա, իհարկե, սիրելիիս և մտերիմներիս օգնությամբ։
Ընտանիքում ո՞վ է ուղղորդել քեզ արվեստի ճանապարհով: 
Չնայած, որ ընտանիքիս անդամները միշտ հորդորել են ընտրել այլ հիմնական մասնագիտություն, սակայն բոլորը միշտ ոգևորում են՝ դրական կարծիքներով, խորհուրդներով ուղղորդում՝ երազանքիս հասնելու համար։
Այդ բնագավառում ովքե՞ր են եղել քո ուսուցիչները: 
Անկեղծ ասած չեմ սովորել և չեմ ունեցել այդպիսի մասնագիտական պատրաստվածություն, սակայն հաճախել եմ հրաշալի արվեստագետի արվեստանոց՝ Սամվել Բաղդասարյան, որի՝ թե՛ արվեստի, և թե՛ այլ բնագավառներում արժեքավոր խորհուրդները միշտ հիշում և կիրառում եմ։ Նա կյանքիս շատ կարևոր մարդկանցից է, ով կարողացել է փոխել շատ բնավորության գծեր, աշխարհայացք։







 https://www.facebook.com/meriem.desighner




Մարիամ Նազարյան
22.07.2013

7/21/2013

Ջուլիետա...

Ջուլիե~տա... Մեզնից ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ մեր կողքին չի լինի բոլորի լավագույն ընկերը, խորհրդատուն, ամենակարող մայրիկը, անչափ անհանգստացող և իր թոռնիկների համար աշխարհի ամենախելացի տատիկը...
Բոլորի համար է դժվար. աշխատանքային ընկերները, հարևանները, զարմիկները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենց կողքին չէ նրանց լավագույն զրուցակիցը, իրենց ջերմ և եռանդով լի ընկերը...
Բայց նա միշտ մեր հոգում է, նրա խոսքերը, խորհուրդները, ձայնը միշտ կմնան մեր հոգում, նա մեր կողքին է, պարզապես ֆիզիկապես այժմ անհնար է դարձել նրա ներկայությունը...
Իր աշխատանքային ողջ գործընթացի տարիներին երբեք չի թերացել. կարևոր գործերը միայն իրեն են վստահել:
Իր կյանքի անցած ուղին միայն լավ օրիինակ կարող է լինել բոլորիս համար:
Ապրենք նրա նման, նրա օրինակով, մխիթարվենք Աստծով` հավատալով, որ հոգին, իրոք, անմահ է և Ջուլիետա հայուհու հոգին արդեն երկնային մաքու~ր, մաքու~ր բարձրունքներում է...

Մարիամ Նազարյան

7/20/2013

Հովհաննես սարկավագի տեսակետը հայ երիտասարդների մասին


Որպես ՀՀ քաղաքացի և հոգևոր դասի ներկայացուցիչ ի՞նչ բացասական գծեր եք նկատում մեր երիտասարդների մեջ, որոնք նույնքան բացասական հետևանքներ կարող են ունենալ, նույնիսկ` ճակատագրական կարող են լինել նրանց համար:
Համեմատած անցյալ տարիների` շատ երիտասարդներ կան, ովքեր եկեղեցու հետ ընդհանրապես կապ չունեն, նույնիսկ ամիսը մեկ անգամ չեն այցելում: Որպես քաղաքացի նաև ասեմ, որ շատ երիտասարդներ կան, ովքեր չեն հետաքրքրվում նաև քաղաքականությամբ, հայ մշակույթով, իսկ դասական մշակույթին ուշադրություն ընդհանրապես չեն դարձնում, չեն ուզում առնչվել, որը ինձ հուզող հարցերից է: Քաղաքականությանը հետևել չի նշանակում մտնել քաղաքականություն, ուղղակի պետք է տեղյակ լինել երկրի իրավիճակին, անց ու դարձին և այլն, և, միգուցե, որևէ բանով կկարողանաս օգնել, իսկ եթե դու տվյալ երկրի քաղաքացի ես, դու երիտասարդ ուժ ես, իսկ դա ենթադրում է, որ մի մեծ ուժ ես:
Ամառային արձակուրդներ են, և գիտենք, որ պատանիների մեծամասնությունն իր ժամանակը սոցիալական կայքերում է անցկացնում, ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում եկեղեցին, և արդյո՞ք ճիշտ եք դա համարում:
Սոցիալական կայքերում շատ-շատ բաներ կան, որ միաժամանակ և’ օգտակար են, և’ վնասակար: Կախված է նրանից, թե որքանով ես դու ճիշտ օգտագործում դա: Օրինակ` սոցիալական կայքը ինքը վատ բան չէ, մենք կարողանում ենք կապ հաստատել մեր` արտերկրում գտնվող ընկերների հետ: Բայց եթե չափից ավելի ես օգտվում, դա արդեն դառնում է պատուհաս, այսինքն կախում ես ունենում:
Ո՞րն է Ձեր խորհուրդը թե’ երիտասարդներին, թե’ ծնողներին:
Յուրաքանչյուր մարդ իր զավակին պետք է կարողանա ճիշտ դաստիարակել և զրկել այդ ամենից: Հասարակ օրինակ բերեմ` կերակուրը ինքը շատ լավ բան է մարդու համար, սնունդ է, որը սնում է, նույնիսկ մեր տրամադրությունը կարող է բարձրացնել, բայց չափից ավելի ուտելու դեպքում, գիրանում ենք, բացի դրանից ընկնում ենք մեղքի մեջ, որը կոչվում է որկրամոլություն: Ամեն բան իր չափի մեջ է գեղեցիկ և լավ: 
Սուրբ Սարգիս եկեղեցում ամեն երեքշաբթի կազմակերպվում է Խոկման արարողություն, մի փոքր կներկայացնե՞ք այդ մասին:
Ոչ միայն Սուրբ Սարգիս եկեղեցին է կազմակերպում, այլև Մայր աթոռում, Սուրբ երրորդություն եկեղեցում նույնպես կազմակերպվում են Երիտասարդաց հավաքույթներ, մեկնություններ, տարբեր ծրագրեր, խոկման արարողություններ:
Ովքե՞ր են այցելում եկեղեցի և միանում են Երիտասարդաց միությանը, կա՞ ապահով կամ անապահով լինելու հանգամանքը:
Եկեղեցի այցելողները այնպես չէ, որ բոլորը ապահովված են: Այն մարդիկ են, ովքեր իրենց չեն <ծախում>:
Եկեղեցին ամեն հնարավոր բան անում է, ինչը թույլ չի տալիս մարդկանց անդամակցել ամենատարբեր աղանդավորական խմբերին: 
Քանի որ ՀՀ օրեսդրությամբ քրիստոնեությունը ՀՀ պետական կրոն չէ, այլ ազգային կրոն է և կազմում է մեծամասնություն, այսինքն` եթե պետական կրոն ունենայինք, մենք չէինք կարող դասվել դեմոկրատ երկրների շարքին: Եվրոխորհրդյան կանոնները ենթադրում են և’ լավ բաներ, և’ վատ բաներ: Դեմոկրատիան լավ բան է, բայց յուրաքանչյուր ազատություն ունի իր սահմանները: Աստված էլ ստեղծեց մարդուն, բայց տվեց իր սահմանները, ասեց` ազատ ես ամեն ինչի մեջ, բացի այս ծառից: Դեմոկրատիան` ինքը ազատություն է, որը պետք է սահմաններ ունենա: Իսկ մարդիկ աշխարհում որոշեցին, որ եթե կրոն ես ընդունում քո երկրում, դու դեմակրոտիական երկրների շարքում չես կարող լինել, և ոչ մեկ քո հետ հաշվի չի նստի: 
Բոլոր ժամանակներում էլ եկեղեցու դերը շատ մեծ է եղել: Երբ պետականություն չենք ունեցել, համախմբողը և առաջնորդողը ժողովրդին եկեղեցին է եղել: Որքանո՞վ է այդ համախմբողի և առաջնորդողի դերը կարևորվում մեր օրերում:
Կարող եմ ասել, որ շատ է կարևորվում: Այն ժամանակ, երբ եկեղեցին ժողովրդին ուղղորդել և առաջնորդել է, եթե մեկը փորձեր եկեղեցուն քարկոծել, այդ նույն ժողովուրդը կանգնում էր եկեղեցու դիմաց, որպեսզի առաջինը իրեն քարկոծեն, բայց հիմա շատ քչերը կան այդպիսին. ցավոք, նրանք չեն կարող երկար պահել…
Կարծում եմ կոնկրետ կրոնը, որևէ ազգի կրոնը, դա դպրոց է, որ պարտադիր յուրաքանչյուր մարդ պետք է հաճախի, պետք է կրթվի, այսինքն պետք է ունենալ գոնե մինիմալ հոգևոր կրթություն: Եթե Նոր կտակարան չորրորդ ավետարանիչների ավետարանը ընթերցեք, ապա մինիմալ կրթությունը ապահովված է:
Ի՞նչ եք կարծում, երբ խնդիր է ծագում պատանիների կամ նրանց ծնողների մոտ, ու՞մ պետք է դիմեն. ճի՞շտ է արդյոք հոգեբանին դիմելը:
Հոգեբանները առաջացել են կամ դուրս են եկել եկեղեցուց: Այն հոգևորականները, ովքեր իրենց կարգը փոխում էին կամ կարգալուծ էին լինում, հեռանում էին եկեղեցուց, և հետագայում հոգեբան էին դառնում:
Մեղքերի խոստովանությունը, որ մարդիկ անում են եկեղեցում, արդեն պրակտիկ գիտելիքներ է տալիս, ինչի շնորհիվ հոգևորականը կարող է մարդկանց ճիշտ խորհուրդներ տալ: Եվ այսպես առաջացավ հոգեբանությունն ու հոգեբուժությունը: Նորմալ է, որ մարդը այցելի հոգեբանին, բայց կարևոր է, որ հոգեբանները նույնպես ունենան հոգևոր կրթություն, որովհետև հոգին արդեն հոգևոր է, Աստված է փչել իր շունչը մարդու մեջ, այսինքն առանց հոգու չես կարող բուժել այդ հոգին...
Հոգեբանի աշխատանքը շատ մեծ, դժվարին աշխատանք է. ինչ-որ մեկին, այսինքն` իր ծանր հոգեկան վիճակում լսել, նամանավանդ, խորհուրդներ տալ, որովհետև դու մի պահ ապրում ես այդ աամեն ինչը, տրամադրվում ես և այլն, և պետք է իրեն ճիշտ խորհուրդներ տաս, որպեսզի ինքը հանկարծ չփորձի իրեն վնասի:
Լավ կլինի, որ յուրաքանչյուր ընտանիք, ինչպես առաջ կային համայնքին պատկանող հոգևորականներ /նրանք  շրջում էին համայնքում և խորհուրդներ ու խրատներ տալիս/, այնպես էլ հիմա հաճախեն հոգևորականի մոտ:
Նման իրավիճակում գտնվող մարդիկ հոգևորականի հետ անպայման պետք է խորհրդատվություն ունենան: Շատ ճիշտ է, որ յուրաքանչյուր մարդ հոգեբանին այցելելուց հետո գնա եկեղեցի, որպեսզի այդ թողությունը Աստծուց ստանա: Յուրաքանչյուր հոգեկան վիճակ նաև մեղքերի հետևանք է, և առանց թողության չես կարող վերականգնել նախկին հոգեվիճակդ:
Նյութական ծանր պայմաններում ապրող երիտասարդների մոտ կարծեք թե խորացել է չարությունը: ԽՍՀՄ-ի տարիներին մարդիկ միմյանց հավասար էին համարում` անկախ նյութական կարգավիճակից: Իսկ այժմ Հայաստանում կարելի է ասել միջին խավ չկա: Ի՞նչ կառաջարկեք միմյանց հանդեպ չարացած երիտասարդներին այդ վիճակից հանելու համար:
Այսօր էլ կան մարդիկ, ովքեր ապահովված են ապրում, բայց մեկը մյուսի նկատմամբ կամեցող է: Դա նաև դաստիարակությունից է գալիս, երբ մտածում է, թե ինչու նա ունի մի բան, որը ես չունեմ... Մարդը աստվածային էակ է, դրա համար ինքը ունի այն հատկությունը, որը նշանակում է արարել, ստեղծել, ուրեմն պետք է փորձել ստեղծել: Ի՞նչ է նշանակում ընկերություն, բարեկամություն, որ պետք է մեկը մյուսին չօգնի, չաջակցի…
Արդյոք այսօր ամուսնացող, ընտանիք կազմող հայ երիտասարդը գիտակցու՞մ է ընտանիքի արժեքը և դերը հասարակության մեջ:
Հնում ամուսնանում էին շատ ավելի վաղ տարիքում, երբեմն աղջիկները 14-15տ, տղաները 16-17տ: Չէի ասի` իրենք շատ ավելի զարգացած էին, քան այսօրվա երիտասարդները այդ տարիքի: Բայց, ըստ երևույթին, այն ժամանակ ապրում էին ծնողների հետ, և ծնողները ինչ-որ չափով պակաս տեղերը լրացնում էին:
Այսօր նրանք ամուսնանում են և մեծամասամբ առանձին են ապրում: Իհարկե, ես չեմ քաջալերում ծնողների հետ ապրելը, և ոչ էլ մերժում եմ: Բայց և այնպես, նորաստեղծ ընտանիքի համար ճիշտ է, որ առանձին ապրեն, նոր ընտանիք, նոր թագավորություն ստեղծելու, ինքնուրույն դառնալու համար:
Բայց, բնականաբար, դա չի վերաբերվում 18-20 տարեկան երիտասարդներին: Տարիքը չի կարևորվում, բայց ավելի մեծ տարիքում մարդիկ որոշ չափով ձևավորված և կայացած են, և կարող են իրենց ընտանիքը ճիշտ կազմակերպել:
Ներկա օրերում եկեղեցով ամուսնանալը ճոխություն է, այսինքն մադկանց համար գրեթե նույնն է,ինչպես թանկարժեք մեքենայի, զգեստի կամ ռեստորանի առկայությունը հարսանիքին, այնպես էլ եկեղեցին` նույն արժեքը ունի շատերի համար: Այո’, շատերը կան, որ գիտակցելով են գալիս դրան:
Յուրաքանչյուր մարդ, ով բաժանվում է և եկեղեցով է ամուսնացել, չեմ կարծում, որ բաժանման ժամանակ հիշում կամ մտաբերում է այն խոսքերը, որոնք բարձրաձայն ասաց և խոստացավ կատարել Աստծո առաջ. <տեր> և <հնազանդ>: Եթե այս բառերին մեծ ուշադրություն դարձնեն, չեմ կարծում, որ նույնիսկ բաժանում տեղի կունենա: Ինչի՞ մասին է խոսքը, եթե տեր և հնազանդ պետք է լինեն…
ՀՀ սփյուռքի նախարարությունն ունի մի հրաշալի ծրագիր` <Արի տուն>, որի շրջանակներում ամեն տարի բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ են գալիս Հայաստան և շփվում տարբեր ծագերից եկած իրենց հասակակիցների հետ: Ձեր կարծիքով այդ շփումները կարո՞ղ են մեր երիտասարդներին ինչ-ինչ դրական լիքցեր հաղորդել, առաջնորդել դեպի լավն ու բարին, դեպի համամարդկային բարձր արժեքները:
Միմիայն դրականը: Ինքս արևմտահայ եմ, ծնողներս գաղթել են Սիրիայից, ես ծնվել եմ Հայաստանում, բայց 3 տարի սովորել եմ Երուսաղեմի հոգևոր ճեմարանում: Մենք արևելահայերս շատ բաներ ունենք սովորելու արևմտահայերից, այսինքն` սփյուռքահայերից, և սփյուռքահայերն էլ` հայաստանաբնակներից:
Հայրենիքը իրենց համար իր ուրույն տեղը ունի, Արարատ լեռը իր առանձին տեղը… Հայաստանաբնակներիս համար այդպես չէ: Մենք այստեղ ենք գտնվում և այդ քաղցրությունը չենք զգում: Եվ նույնիսկ ծաղրում ենք նրանց, ովքեր ասում են Արարատի տեսարանով տուն ունենք:
Բացի նրանից` իրենք օտար երկրում են ապրում, Եվրոպայում և թեկուզ Արևելքում, բայց իրենց քաղաքակրթությունը, մշակույթը այլ է Հայաստանի հետ համեմատ: 
Ես շատ եմ ուզում, որ արևմտահայերը Հայաստանում բնակվեն, բայց ցավում եմ, որ այնտեղի սերունդները կարող են սովորել այստեղի կարծրատիպերը: Հիմա տեսնենք ապագայում, թե ինչ կլինիի…
Մնում է, որ բոլորս աղոթենք բոլորի համար, և որ Աստված ամեն բան կհարթի…

Մարիամ Նազարյան
20.07.2013

comment