Translate

7/09/2013

Ուզում եմ…


Ուզում եմ քեզ ամուր գրկել և լուռ նայել աչքերիդ,
Ուզում եմ բարձրաձայն ասել հաճելի խոսքեր, բայց նախընտրում եմ լռել,
Ուզում եմ կյանքում երբեք անդառնալի չվիճենք, բայց առանց վեճի ձանձրալի կլինի,
Ուզում եմ ասել, այն ինչ մտածում եմ, բայց մի պահ մտածում եմ և ետ կանգնում ,
Ուզում եմ ասել այն ինչ զգում եմ , այն ինչ ցանկանում եմ , բայց մի բան նորից ետ է պահում,
Ուզում եմ ասել, որ կյանքիցս շատ եմ սիրում, բայց մի պահ մտածում եմ, միթե դա այդպես է, թե պահի ազդեցություն, ակնթարթային զգացում,

Ուզում եմ միասին միշտ քայլենք, վիճենք, միմյանց կատակով ծաղրենք,
Ուզում եմ երբեք չբաժանվենք, երբեք միմյանց չատենք, երբեք չզղջանք մեր անցկացրած արկածային օրերի համար,
Ուզում եմ մեր սերը գաղտնի մնա,
Ուզում եմ, որ այն իմ և քո գաղտնիքը մնա, բացահայտ, բայց իր մեջ թաքնված խոր զգացումներով, մեզ ճանաչեն միայն որպես ընկերներ,
Ուզում եմ, որ մեր ընկերությունը այլ ընկերների կորստի պատճառ չլինի, այլ նոր ընկերների ձեռքբերմանը նպաստի,
Ուզում եմ , որ մեր հոգում միշտ ջերմ շողացող արև լինի,
Ուզում եմ , որ միշտ գունագեղ, լուսավոր ճանապարհով քայլենք,
Ուզում եմ, որ խնդիրները մեզ համար աննշան թվան, որ նրանք նույնիսկ իրենց գոյության մասին հիշեցնել չտան,
Ուզում եմ, որ հասնենք հաջողության մեր մասնագիտական բնագավառներում,
Ուզում եմ, որ իմ երազանքների ընկերությունը ունենանք,

Ուզում եմ, որ նպատակների ծառը միասին կառուցենք, և հերթով այն իրականացնենք,
Ուզում եմ, որ մեր հարազատները մեզ տեսնելուց ժպտան և երբեք ամոթի զգացում չունենան,
Ուզում եմ , որ միասին աշխարհում ունենանք մեր առաջնային դերը մեզ ցանկալի ոլորտում,
Ուզում եմ , որ լավ օրինակ ծառայենք,
Ուզում եմ, որ օգնենք, մեկ սյուն ավել դնենք Հայաստանի զարթոնքի համար,
Ուզում եմ, որ կեղծիքի վերացման գործում մեր դերն ունենանք,
Ուզում եմ, որ մենք միշտ միասին լինենք…


Մարիամ Նազարյան



7/08/2013

Հետաքրքիր է, եթե բոլորդ մի պահ մտածեք այս մասին...

Երբ ցանկանում ես նկարագրել ընկերներիցդ մեկին, երևի նկատած կլինեք, որ դուք  ներկայացնում եք այն գծերը, որոնք տեսել եք, իսկ դուք ի"նչն եք տեսնում, այն ինչ ձեր մեջ կա, այն ինչ ձեր <ես>-ի ծառում գուցե եղել է կամ հիմա էլ դեռ կա. այն գծերը, այն հատկանիշները, ինչպիսին դուք եղել եք, կամ դեռ այդպիսին եք կամ ցանկանում եք այդպիսին լինել:
Երբ մտածում ենք, որ մեր ընկերը այս պահին այսպես է մտածում, ինչու" ենք այդքան համոզված. մի պարզ պատճառով, քանի որ մենք այդպես կմտածեինք. դժվար այնքան լավ ճանաչեք ձեր դիմացինին, որ մտքերը կարդաք: Դե հնարավոր է, բայց հազվադեպ, քանի որ դուք ինքներդ ձեզ էլ լավ չեք ճանաչում:
Այ տեսեք, երբ կարդում եք <Փոքրիկ իշխանը>  /գրեթե ամեն օր հիշում եմ նրա էջերի համարյա բոլոր տողերը. գիրք, որը պետք է կարդա յուրաքանչյուրը, և անընդհատ/, խոսվում է այն մասին, որ ամեն օր պետք է ձեր միջից մաքրեք մոլախոտերը, այն է նախանձը, չարը, այն, ինչը ձեզ շեղում է լավ լինելու ճանապարհից: Իսկ մեզնից քանիսն են երեկոյան  կամ առավոտյան մտածում, թե իրենց մեջ  նախանձ ու վատ տրամադրվածություն նորից առաջացել է թե ոչ: Իսկ եթե թողեք այդ ամենը, նրանք կաճեն, կմեծանան և խոր արմատներ կգցեն...
Երբեմն շատ վեր ենք բարձրանում և հասնում մեր <ես>-ի ծառի գագաթին, և բոլորին այդտեղից դիտում: Երբ վերևից նայում ես, միայն քեզ ես տեսնում ու քո <ես>-ը: Այս դեպքում կորում է դիմացինին լսելու կարողությունը: Հաստատվում է եսասիրությունն ու մեծամտությունը: Բոլոր դեպքերում տարաձայնությունները մեր ցանկությունների, դիմացինի կարծիքի և <ես>-ի միջև անվերջ են: Ինչևէ, չի կարելի անընդհատ ասել ես ես ես... 
Երբ չես նկատում շրջապատիդ, երբ միմիայն քեզ ես տեսնում ամենուրեք, մեծամտությունը համակում է քեզ, պետք է զգույշ լինել... միայնությունը կարող է ճակատագրական լինել...
Շատ հետաքրքիր է Փոքրիկ Իշխանի մտերմություն հաստատելու գաղափարը և առաջարկված մեթոդը: Կարծում եմ բոլորդ եք կարդացել և կարիք չկա մեկ անգամ ևս պատմելու: 
Կարևորն այն է, որ այն շատ արդիական է բոլոր ժամանակներում, բոլոր տարիքային խմբերում: Երբ օգնում ես ընկերոջդ, երբ սխալվում է ինքը, հեռանալու փոխարեն մնում ես կողքին, երբ շրջապատումդ ջերմության պակաս չի զգացվում, չեմ կարծում քեզ հետ համակարծիքների և աջակիցների թիվը ավելանալու տեղը պակասի...
Հ. Գ. փորձեք օգնել բոլորին ձեր հնարավորությունների սահմաններում... և մտածեք ձեր <ես>-ի գոյության մասին... :)

7/07/2013

Ինչպե՞ս գրել բոլորին հասկանալի լեզվով նամակ

Ամենատարածված ձևը ներկա օրերում սոցիալական ցանցերով միմյանց նամակներ գրելն է: Եվ շատ կարևոր է իմանալ, թե ինչպես անել, որ այն ճիշտ և գրագետ ստացվի:
Երբ մենք նստում ենք գրելու որևէ նամակ, տեղի է ունենում հետևյալը.
- Բոլորը մտքերը մի տեղ են ընկնում
- Մենք սկսում ենք մտածել
- Կամ մենք սկսում ենք մտածել հետևյալ կերպ. <Սա նամակ է, և ես այն կգրեմ այն կանոններով, որոնք սովորել եմ դպրոցական կուրսերից, և այն կհասցնեմ ավարտին>:
Ցավն այն է , որ այդ կուրսը գրված է եղել 19-րդ դարի գրքից, այն դեպքում, երբ այդ գրքի հեղինակն էլ բերել է որոշ այլ դարերից եկած կանոններ….
Վատ նամակը կարելի է տարբերակել լավից` պարզապես պատասխանելով այս հարցերին.
- Տվե՞լ է Ձեր նամակը ստացված արդյունքը:
- Հաջողվե՞լ է Ձեզ հասցնել այն ընթերցողին` նամակների մեծ քանակի միջից:
Ենթադրեք Ձեր հասցեատերը այսօր ստացել է երեք նամակ, որտեղ առաջարկվում են տարբեր ապրանքների լավագույն ակցիաները, և Ձերը 4-րդն է և անմիջապես հայտնվում է աղբարկղում: Ամեն ինչ պարզ է, որպեսզի Ձեր նամակը հասցնեք հասցեատիրոջը, այն պետք է նման չլինի մնացածին:
Նամակի վերնագրում, այսինքն այն մասում, որը մինչ այն բացելն է երևում, պետք է տաք այն մասին տեղեկություն, ինչին ուզում եք հասնել այդ նամակով, այն մասին, թե ինչ է սպասվում հասցեատիրոջը այն ընթերցելու դեպքում:
Հետևելով շատ կարևոր մի քանի կանոնների` Ձեր նամակը մեծ հաջողություն կունենա:
Օրինակ` <Դուք կգտնեք Ձեզ համար շատ օգտակար…..> և այլն:
Պարզ է, որ մենք փորձում ենք մեր նամակի սկզբում դրական ռեակցիա ստանալ: Սակայն, եթե, այնուամենայնիվ, այն անհնար է, ապա կարելի է նեգատիվ ձևով փորձել:
Մի կարևոր հանգամանք ևս կա նամակում,այն ինչի մասին գիտեք, որ կարող է չհետաքրքրել, կարելի է սկսել հասարակ նկարագրությամբ և գեղեցիիկ անցում կատարել Ձեր համար ցանկալի տեղեկությանը:
Չեմ կարծում, որ որևէ անձի չի հետաքրքրում իր նամակի արդյունավետությունը, նրա հասանելիությունը, նման և այլ կանոնների կարող եք ծանոթանալ Аллан Пиз Пол Ранн
"приемы деловой и личной переписки" Москва Эксмо 2005 գրքում:

Մարիամ Նազարյան

comment