Որպես ՀՀ քաղաքացի և հոգևոր դասի ներկայացուցիչ ի՞նչ բացասական գծեր եք նկատում մեր երիտասարդների մեջ, որոնք նույնքան բացասական հետևանքներ կարող են ունենալ, նույնիսկ` ճակատագրական կարող են լինել նրանց համար:
Համեմատած անցյալ տարիների` շատ երիտասարդներ կան, ովքեր եկեղեցու հետ ընդհանրապես կապ չունեն, նույնիսկ ամիսը մեկ անգամ չեն այցելում: Որպես քաղաքացի նաև ասեմ, որ շատ երիտասարդներ կան, ովքեր չեն հետաքրքրվում նաև քաղաքականությամբ, հայ մշակույթով, իսկ դասական մշակույթին ուշադրություն ընդհանրապես չեն դարձնում, չեն ուզում առնչվել, որը ինձ հուզող հարցերից է: Քաղաքականությանը հետևել չի նշանակում մտնել քաղաքականություն, ուղղակի պետք է տեղյակ լինել երկրի իրավիճակին, անց ու դարձին և այլն, և, միգուցե, որևէ բանով կկարողանաս օգնել, իսկ եթե դու տվյալ երկրի քաղաքացի ես, դու երիտասարդ ուժ ես, իսկ դա ենթադրում է, որ մի մեծ ուժ ես:
Ամառային արձակուրդներ են, և գիտենք, որ պատանիների մեծամասնությունն իր ժամանակը սոցիալական կայքերում է անցկացնում, ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում եկեղեցին, և արդյո՞ք ճիշտ եք դա համարում:
Սոցիալական կայքերում շատ-շատ բաներ կան, որ միաժամանակ և’ օգտակար են, և’ վնասակար: Կախված է նրանից, թե որքանով ես դու ճիշտ օգտագործում դա: Օրինակ` սոցիալական կայքը ինքը վատ բան չէ, մենք կարողանում ենք կապ հաստատել մեր` արտերկրում գտնվող ընկերների հետ: Բայց եթե չափից ավելի ես օգտվում, դա արդեն դառնում է պատուհաս, այսինքն կախում ես ունենում:
Ո՞րն է Ձեր խորհուրդը թե’ երիտասարդներին, թե’ ծնողներին:
Յուրաքանչյուր մարդ իր զավակին պետք է կարողանա ճիշտ դաստիարակել և զրկել այդ ամենից: Հասարակ օրինակ բերեմ` կերակուրը ինքը շատ լավ բան է մարդու համար, սնունդ է, որը սնում է, նույնիսկ մեր տրամադրությունը կարող է բարձրացնել, բայց չափից ավելի ուտելու դեպքում, գիրանում ենք, բացի դրանից ընկնում ենք մեղքի մեջ, որը կոչվում է որկրամոլություն: Ամեն բան իր չափի մեջ է գեղեցիկ և լավ:
Սուրբ Սարգիս եկեղեցում ամեն երեքշաբթի կազմակերպվում է Խոկման արարողություն, մի փոքր կներկայացնե՞ք այդ մասին:
Ոչ միայն Սուրբ Սարգիս եկեղեցին է կազմակերպում, այլև Մայր աթոռում, Սուրբ երրորդություն եկեղեցում նույնպես կազմակերպվում են Երիտասարդաց հավաքույթներ, մեկնություններ, տարբեր ծրագրեր, խոկման արարողություններ:
Ովքե՞ր են այցելում եկեղեցի և միանում են Երիտասարդաց միությանը, կա՞ ապահով կամ անապահով լինելու հանգամանքը:
Եկեղեցի այցելողները այնպես չէ, որ բոլորը ապահովված են: Այն մարդիկ են, ովքեր իրենց չեն <ծախում>:
Եկեղեցին ամեն հնարավոր բան անում է, ինչը թույլ չի տալիս մարդկանց անդամակցել ամենատարբեր աղանդավորական խմբերին:
Քանի որ ՀՀ օրեսդրությամբ քրիստոնեությունը ՀՀ պետական կրոն չէ, այլ ազգային կրոն է և կազմում է մեծամասնություն, այսինքն` եթե պետական կրոն ունենայինք, մենք չէինք կարող դասվել դեմոկրատ երկրների շարքին: Եվրոխորհրդյան կանոնները ենթադրում են և’ լավ բաներ, և’ վատ բաներ: Դեմոկրատիան լավ բան է, բայց յուրաքանչյուր ազատություն ունի իր սահմանները: Աստված էլ ստեղծեց մարդուն, բայց տվեց իր սահմանները, ասեց` ազատ ես ամեն ինչի մեջ, բացի այս ծառից: Դեմոկրատիան` ինքը ազատություն է, որը պետք է սահմաններ ունենա: Իսկ մարդիկ աշխարհում որոշեցին, որ եթե կրոն ես ընդունում քո երկրում, դու դեմակրոտիական երկրների շարքում չես կարող լինել, և ոչ մեկ քո հետ հաշվի չի նստի:
Բոլոր ժամանակներում էլ եկեղեցու դերը շատ մեծ է եղել: Երբ պետականություն չենք ունեցել, համախմբողը և առաջնորդողը ժողովրդին եկեղեցին է եղել: Որքանո՞վ է այդ համախմբողի և առաջնորդողի դերը կարևորվում մեր օրերում:
Կարող եմ ասել, որ շատ է կարևորվում: Այն ժամանակ, երբ եկեղեցին ժողովրդին ուղղորդել և առաջնորդել է, եթե մեկը փորձեր եկեղեցուն քարկոծել, այդ նույն ժողովուրդը կանգնում էր եկեղեցու դիմաց, որպեսզի առաջինը իրեն քարկոծեն, բայց հիմա շատ քչերը կան այդպիսին. ցավոք, նրանք չեն կարող երկար պահել…
Կարծում եմ կոնկրետ կրոնը, որևէ ազգի կրոնը, դա դպրոց է, որ պարտադիր յուրաքանչյուր մարդ պետք է հաճախի, պետք է կրթվի, այսինքն պետք է ունենալ գոնե մինիմալ հոգևոր կրթություն: Եթե Նոր կտակարան չորրորդ ավետարանիչների ավետարանը ընթերցեք, ապա մինիմալ կրթությունը ապահովված է:
Ի՞նչ եք կարծում, երբ խնդիր է ծագում պատանիների կամ նրանց ծնողների մոտ, ու՞մ պետք է դիմեն. ճի՞շտ է արդյոք հոգեբանին դիմելը:
Հոգեբանները առաջացել են կամ դուրս են եկել եկեղեցուց: Այն հոգևորականները, ովքեր իրենց կարգը փոխում էին կամ կարգալուծ էին լինում, հեռանում էին եկեղեցուց, և հետագայում հոգեբան էին դառնում:
Մեղքերի խոստովանությունը, որ մարդիկ անում են եկեղեցում, արդեն պրակտիկ գիտելիքներ է տալիս, ինչի շնորհիվ հոգևորականը կարող է մարդկանց ճիշտ խորհուրդներ տալ: Եվ այսպես առաջացավ հոգեբանությունն ու հոգեբուժությունը: Նորմալ է, որ մարդը այցելի հոգեբանին, բայց կարևոր է, որ հոգեբանները նույնպես ունենան հոգևոր կրթություն, որովհետև հոգին արդեն հոգևոր է, Աստված է փչել իր շունչը մարդու մեջ, այսինքն առանց հոգու չես կարող բուժել այդ հոգին...
Հոգեբանի աշխատանքը շատ մեծ, դժվարին աշխատանք է. ինչ-որ մեկին, այսինքն` իր ծանր հոգեկան վիճակում լսել, նամանավանդ, խորհուրդներ տալ, որովհետև դու մի պահ ապրում ես այդ աամեն ինչը, տրամադրվում ես և այլն, և պետք է իրեն ճիշտ խորհուրդներ տաս, որպեսզի ինքը հանկարծ չփորձի իրեն վնասի:
Լավ կլինի, որ յուրաքանչյուր ընտանիք, ինչպես առաջ կային համայնքին պատկանող հոգևորականներ /նրանք շրջում էին համայնքում և խորհուրդներ ու խրատներ տալիս/, այնպես էլ հիմա հաճախեն հոգևորականի մոտ:
Նման իրավիճակում գտնվող մարդիկ հոգևորականի հետ անպայման պետք է խորհրդատվություն ունենան: Շատ ճիշտ է, որ յուրաքանչյուր մարդ հոգեբանին այցելելուց հետո գնա եկեղեցի, որպեսզի այդ թողությունը Աստծուց ստանա: Յուրաքանչյուր հոգեկան վիճակ նաև մեղքերի հետևանք է, և առանց թողության չես կարող վերականգնել նախկին հոգեվիճակդ:
Նյութական ծանր պայմաններում ապրող երիտասարդների մոտ կարծեք թե խորացել է չարությունը: ԽՍՀՄ-ի տարիներին մարդիկ միմյանց հավասար էին համարում` անկախ նյութական կարգավիճակից: Իսկ այժմ Հայաստանում կարելի է ասել միջին խավ չկա: Ի՞նչ կառաջարկեք միմյանց հանդեպ չարացած երիտասարդներին այդ վիճակից հանելու համար:
Այսօր էլ կան մարդիկ, ովքեր ապահովված են ապրում, բայց մեկը մյուսի նկատմամբ կամեցող է: Դա նաև դաստիարակությունից է գալիս, երբ մտածում է, թե ինչու նա ունի մի բան, որը ես չունեմ... Մարդը աստվածային էակ է, դրա համար ինքը ունի այն հատկությունը, որը նշանակում է արարել, ստեղծել, ուրեմն պետք է փորձել ստեղծել: Ի՞նչ է նշանակում ընկերություն, բարեկամություն, որ պետք է մեկը մյուսին չօգնի, չաջակցի…
Արդյոք այսօր ամուսնացող, ընտանիք կազմող հայ երիտասարդը գիտակցու՞մ է ընտանիքի արժեքը և դերը հասարակության մեջ:
Հնում ամուսնանում էին շատ ավելի վաղ տարիքում, երբեմն աղջիկները 14-15տ, տղաները 16-17տ: Չէի ասի` իրենք շատ ավելի զարգացած էին, քան այսօրվա երիտասարդները այդ տարիքի: Բայց, ըստ երևույթին, այն ժամանակ ապրում էին ծնողների հետ, և ծնողները ինչ-որ չափով պակաս տեղերը լրացնում էին:
Այսօր նրանք ամուսնանում են և մեծամասամբ առանձին են ապրում: Իհարկե, ես չեմ քաջալերում ծնողների հետ ապրելը, և ոչ էլ մերժում եմ: Բայց և այնպես, նորաստեղծ ընտանիքի համար ճիշտ է, որ առանձին ապրեն, նոր ընտանիք, նոր թագավորություն ստեղծելու, ինքնուրույն դառնալու համար:
Բայց, բնականաբար, դա չի վերաբերվում 18-20 տարեկան երիտասարդներին: Տարիքը չի կարևորվում, բայց ավելի մեծ տարիքում մարդիկ որոշ չափով ձևավորված և կայացած են, և կարող են իրենց ընտանիքը ճիշտ կազմակերպել:
Ներկա օրերում եկեղեցով ամուսնանալը ճոխություն է, այսինքն մադկանց համար գրեթե նույնն է,ինչպես թանկարժեք մեքենայի, զգեստի կամ ռեստորանի առկայությունը հարսանիքին, այնպես էլ եկեղեցին` նույն արժեքը ունի շատերի համար: Այո’, շատերը կան, որ գիտակցելով են գալիս դրան:
Յուրաքանչյուր մարդ, ով բաժանվում է և եկեղեցով է ամուսնացել, չեմ կարծում, որ բաժանման ժամանակ հիշում կամ մտաբերում է այն խոսքերը, որոնք բարձրաձայն ասաց և խոստացավ կատարել Աստծո առաջ. <տեր> և <հնազանդ>: Եթե այս բառերին մեծ ուշադրություն դարձնեն, չեմ կարծում, որ նույնիսկ բաժանում տեղի կունենա: Ինչի՞ մասին է խոսքը, եթե տեր և հնազանդ պետք է լինեն…
ՀՀ սփյուռքի նախարարությունն ունի մի հրաշալի ծրագիր` <Արի տուն>, որի շրջանակներում ամեն տարի բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ են գալիս Հայաստան և շփվում տարբեր ծագերից եկած իրենց հասակակիցների հետ: Ձեր կարծիքով այդ շփումները կարո՞ղ են մեր երիտասարդներին ինչ-ինչ դրական լիքցեր հաղորդել, առաջնորդել դեպի լավն ու բարին, դեպի համամարդկային բարձր արժեքները:
Միմիայն դրականը: Ինքս արևմտահայ եմ, ծնողներս գաղթել են Սիրիայից, ես ծնվել եմ Հայաստանում, բայց 3 տարի սովորել եմ Երուսաղեմի հոգևոր ճեմարանում: Մենք արևելահայերս շատ բաներ ունենք սովորելու արևմտահայերից, այսինքն` սփյուռքահայերից, և սփյուռքահայերն էլ` հայաստանաբնակներից:
Հայրենիքը իրենց համար իր ուրույն տեղը ունի, Արարատ լեռը իր առանձին տեղը… Հայաստանաբնակներիս համար այդպես չէ: Մենք այստեղ ենք գտնվում և այդ քաղցրությունը չենք զգում: Եվ նույնիսկ ծաղրում ենք նրանց, ովքեր ասում են Արարատի տեսարանով տուն ունենք:
Բացի նրանից` իրենք օտար երկրում են ապրում, Եվրոպայում և թեկուզ Արևելքում, բայց իրենց քաղաքակրթությունը, մշակույթը այլ է Հայաստանի հետ համեմատ:
Ես շատ եմ ուզում, որ արևմտահայերը Հայաստանում բնակվեն, բայց ցավում եմ, որ այնտեղի սերունդները կարող են սովորել այստեղի կարծրատիպերը: Հիմա տեսնենք ապագայում, թե ինչ կլինիի…
Մնում է, որ բոլորս աղոթենք բոլորի համար, և որ Աստված ամեն բան կհարթի…
Մարիամ Նազարյան
20.07.2013