Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը. «Շենացնենք մեր մայր արարատյան հայրենիքը»
Օգոստոսի 16-ին Աղավնաձորում տեղի ունեցավ «Արի տուն-2013» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Վահե Ջիլավյանը և ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները:
Արիտունցիները իրենց ողջույնի խոսքով, ասմունքով, երգով ու պարով հուզեցին ներկաներին: Արիտունցիներին ողջունեց նաև Դալիթա Ավանեսյանը և իր «Welcome to Armenia-Բարի գալուստ Հայաստան» երգով բարի գալուստ մաղթեց և ցանկացավ, որ մասնակիցներն իրենց հետ տանեն լավ ու գեղեցիկ հուշեր ու կրկին ջերմ կարոտով վերդառնան հայրենիք:
Արիտունցիներին հայրենասիրական երգերով ոգևորեցին «Հայկազունք» խմբի երգիչները, որոնց կատարումներին միացան նաև ծրագրի մասնակիցներն ու հյուրերը:
ՀՀ սփյուռքի փոխնախարար պարոն Ջիլավյանը իր և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունեց «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց, որ եկել են և մասնակցում են այս հայրենասիրական ծրագրին: Մասնակիցներին հորդորեց, առաջարկեց, որ բոլորը իրենց բնակության երկրում կատարեն հայրենիքի համար լավ գործեր և ամրապնդեն կապը հայրենիքի հետ: « Մի քանի օրից բոլորդ կլինեք ձեր բնակության երկրում, սակայն հույս ունենք, որ նորից կվերադառնաք հայրենիք, բոլորդ կտեսնեք իրար, տանը կխոսեք հայերեն, եթե ամուսնանաք, ապա միայն հայի հետ և ձեր երեխաներին կկնքեք հայրենի երկրում»:
Երեկոն ավարտվեց ավանդական հրաժեշտի խարույկի մոտ, որի շուրջ մինչև ուշ երեկո պարում, երգում էին ծրագրի մասնակիցները, ովքեր մեկ օր հետո հրաժեշտ էին տալու հայրենիքին՝ նոր վերադարձի ակնկալիքով:
«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցեց շուրջ 120 պատանիներ՝ աշխարհի 15 երկրներից: