Translate

Showing posts with label Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը. Show all posts
Showing posts with label Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը. Show all posts

10/08/2013

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը

Երկրորդ մաս


«Նշանակում է, սա՞ է երկինքը, որ կա»,- մտածեց նա և չկարողացավ ժպիտը զսպել: Հավանաբար, այնքան էլ հարգալից չէ դեռ չմտած՝ դատողություններ անել, թե ինչ է երկինքը:
Այժմ, երբ հրաժեշտ տվեց երկրին և երկու շողշողուն ճայերի հետ թև թևի բարձրացավ ամպերից վեր, նկատեց, որ իր մարմինն էլ աստիճանաբար դառնում է նրանց պես ճաճանչավետ: Իհարկե, նույն ջահել Ջոնաթանի իրանն էր, բայց ոսկեգույն աչքերի առջև ինքն արտաքնապես փոխվում էր: 
Ճայի մարմնինն էլ մնաց, բայց և այնպես Ջոնաթանը երբեք այդքան լավ չէր կարողացել թռչել: «Տարօրինակ է,- մտածում էր նա,- ես երկու անգամ քիչ եռանդ եմ թափում, իսկ թռչում եմ կրկնակի արագ, ես ինձ կրկնակի ուժեղ եմ զգում, քան երկրի վրա լավագույն օրերիս»:
Նրա սպիտակ փետուրները փայլում ու շողարձակում էին, իսկ թևերը դարձել էին անթերի ողորկ, ինչպես փայլեցրած արծաթյա թիթեղներ: Նա հրճվանքով սկսեց ուսումնասիրել դրանք և մկանների ուժը փորձեց նոր թևերի վրա:
Ժամում երկու հարյուր հիսուն մղոն արագության ժամանակ նա զգաց, որ մոտենում է հորիզոնական թոիչքի առավելագույն սահմանին: Ժամում երկու հարյուր յոթանասուներեք մղոնի ժամանակ հասկացավ, որ ավելի արագ թռչելու ուժ չունի և փոքրիկ հիասթափություն ապրեց: Նրա նոր մարմնի հնարավորությունները նույնպես սահմանափակ էին, ճիշտ է, հաջողվեց զգալիորեն գերազանցել իր նախկին անձնական ռեկորդը, բայց սահման այնուամենայնիվ գոյություն ուներ և դա հաղթահարելու համար հսկայական ջանքեր կպահաջվեին: «Երկնքում,- մտածեց նա,- ոչ մի սահման գոյություն չպետք է ունենա»:
Ամպերը տեղի տվեցին, նրա ուղեկցորդները բացականչեցին.
- Երջանիկ վայրէջք, Ջոնաթա՛ն,- և անհետացան թափանցիկ օդում:
Ծովի վրայով նա թռչում էր դեպի կոտրված, լեռնոտ ափը: Ժայռերի մոտ հինգ-վեց ճայ թռիչքի տարրեր էին մշակում: Հեռու հյուսիսում, հորիզոնի մոտ, թռչում էին ևս մի քանի ճայ: Նոր հեռուներ, նոր մտքեր, նոր հարցեր: «Ինչու՞ այսքան քիչ ճայ կա: Երկնքում պետք է որ ճայերի շատ ու շատ երամներ լինեն: Իսկ ինչու՞ հանկարծ հոգնեցի: Երկնքում, թվում է, ճայերը երբեք չպետք է հոգնեն և չպետք է քնեն»:
Որտե՞ղ էր լսել այդ մասին: Երկրային կյանքի իրադարձություններն ավելի ու ավելի հեռու էին մղվում: Երկրի վրա նա շատ բան էր սովորել, ճիշտ է, բայց մանրամասները դժվարությամբ է հիշում. կարծես թե ճայերը կռվում էին կերի համար, և ինքն Աքսորյալ էր:
Երբ մոտեցավ ափին, մեկ տասնյակ ճայեր թռան ընդառաջ, բայց նրանցից ոչ մեկը ոչ մի բառ չփոխանակեց: Ջոնաթանը զգաց, որ նրանք ուրախ են, որ ինքն այստեղ է՝ տանը: Այդ օրը շատ երկար էր, այնքան երկար, որ ինքը մոռացել էր, թե երբ է ծագել արևը:
Նա շրջադարձ արեց վայրէջքի համար, թևերը թափահարեց, մեկ դյույմ բարձրության վրա անշարժացավ և փափուկ իջավ ավազի վրա: Մյուս ճայերը նույնպես նստեցին, բայց դրա համար բավական եղավ միայն թեթևակի շարժել փետուրները: Նրանք տարածեցին իրենց ձյունաթույր թևերը, քամու հետ օրորվեցին և փետուրների դիրքը փոխելով՝ կանգ առան հենց այն պահին, երբ որ թաթերը դիպան ափին: Հիանալի վայրէջք էր, բայց կրկնելու համար Ջոնաթանը շատ էր հոգնած: Նա դեռ ոչ մի բառ չէր արտասանել և կանգնած քնեց ավազի վրա:
Առաջին իսկ օրերին Ջոնաթանը հասկացավ, որ այստեղ թռիչքի մասին ավելի շատ բան ունի սովորելու, քան իր ողջ կյանքի ընթացքում: Բայց և այնպես՝ տարբերություն կար: Այստեղ ճայ-համախոհներ էին ապրում: Նրանցից յուրաքանչյուրը կյանքի նպատակը համարում էր թռիչքի գաղտնիքների մեջ թափանցելը, ձգտում էր թռիչքի կատարելության, որովհետև թռչել նրանք սիրում էին աշխարհում ամեն ինչից առավել: Դրանք զարմանալի թռչուններ էին, բոլորն՝ առանց բացառության, և նրանք օրավուր, ժամ առ ժամ կատարելագործում էին օդում շարժվելու տեխնիկան և փորձում սավառնելու նոր ձևեր:
Ջոնաթանը կարծես թե մոռացել էր այն աշխարհի մասին, որտեղից եկել էր, այն ափի մասին, որտեղ ապրում էր Երամը, որը չգիտեր ինչ է թռիչքի երջանկությունը և թևերից օգտվում էր միայն կեր հայթայթելում կերի կռիվ տալու համար: Բայց երբեմն հանկարծակի հիշում էր:
Մի անգամ առավոտյան, երբ իր դաստիարակի հետ միասին ծալած թևերով մի քանի արագընթաց տակառ կատարելուց հետո ափին հանգստանում էր, հիշեց հարազատ վայրերը:
-Սալիվա՛ն, իսկ ո՞ւր են մյուսները,- հարցրեց նա անձայն, որովհետև լիովին տիրապետել էր տեղացի ճայերի՝ տարածության վրա հաղորդակցվելու ոչ բարդ ձևերին. նրանք ոչ ճչում էին, ոչ էլ հայհոյում:
-Ինչու՞ այստեղ մենք քիչ ենք: Գիտե՞ս, այնտեղ, որտեղից եկել եմ, ապրում էին...
-...Հարյուր հազարավոր ճայեր: Գիտեմ,- Սալիվանը գլխով արեց,- Ջոնաթա՛ն, միտքս միայն մի պատասխան է գալիս: Քեզ նման թռչունները հազվագյուտ բացառություն են: Մեզնից շատերն այնքան դանդաղ են առաջ շարժվում: Մենք մի աշխարհից տեղափոխվում ենք նախորդին շատ նման մեկ ուրիշ աշխարհ և անմիջապես մոռանում, թե որտեղից ենք եկել: Մեզ համար միևնույնն է, թե ուր ենք գնում, կարևորն այն է, ինչ կատարվում է այս վայրկյանին: Պատկերացնո՞մ ես քանի-քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում կերով, պայքարով և երամին իշխելով: Հազարավոր կյանքեր, Ջո՛ն, տասը հազար: Իսկ հետո ևս հարյուր կյանք՝ մինչև կսկսենք հասկանալ, որ գոյություն ունի կատարելություն կոչվածը, և էլի հարյուրը՝ մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է: Նույն օրենքը, հասկանալի է, գործում է և այստեղ: Հաջորդ աշխարհը մենք սովորում ենք մեր սովորածին համապատասխան: Եթե ոչինչ չենք սովորել, սովորում ենք մեր սովորածին համապատասխան: Եթե ոչինչ չենք սովորել, հաջորդ աշխարհը կթվա այնպիսին, ինչպիսին սա է, և ստիպված կլինենք հաղթահարել նույն արգելքները՝ թաթերից կախված նույն կապարե գնդերով: 
Նա տարածեց թևերը և դեմքով շրջվեց դեպի քամին:
- Բայց դու, Ջո՛ն, այնքան շատ բան ես սովորել և այնքան արագ,- շարունակեց նա,- որ հարկ չունեցար այստեղ ընկնելու համար հազարավոր կյանքեր ապրել:
Եվ ահա նրանք կրկին օդ բարձրացան, վերսկսեցին մարզումները: Երկուսով տակառ կատարելը դժվար էր, քանի որ շուռ եկած դիրքով թաթերը վեր պարզած թռչելիս Ջոնաթանը պետք է գլխի ընկներ, թե շրջադարձի վերջին փուլում ինչպես կորացնի թևերը, որպեսզի իր շարժումներն անթերի համընկնեն ուսուցչի շարժումներին:
-Մեկ անգամ էլ փորձենք,- նորից ու նորից կրկնում էր Սալիվանը: - Մեկ անգամ էլ փորձենք: 
-Եվ  վերջապես: - Լա՛վ է:
Հետո նրանք սկսեցին մշակել արտաքին օղակը:
Մի անգամ երեկոյան ճայերը, որոնք չէին գնացել գիշերային թռիչքի, միասին կանգնել էին ավազի վրա. նրանք մտածում էին: Ջոնաթանը սիրտ արեց մոտենալ Տոհմավագին՝ ճայ, որն, ինչպես ասում էին, պատրաստվում էր շուտով հրաժեշտ տալ այս աշխարհին:
- Չիա՛նգ...,- փոքր-ինչ հուզվելով՝ սկսեց նա:
Ծեր ճայը քնքուշ նայեց նրան:
- Ի՞նչ է, որդիս:
Տարիների ընթացքում Տոհմավագը ոչ միայն չէր թուլացել, այլ ընդհակառակը, դարձել էր ավելի ուժեղ, նա թռչում էր Երամի բոլոր ճայերից արագ և կատարելապես տիրապետում էր այնպիսի թռիչքաձևերի, որ մնացածնրեը դեռ նոր էին յուրացնում:
- Չիա՛նգ, այս աշխարհը... ամենևին էլ երկինքը չէ, ճի՞շտ է:
Լուսնի լույսի տակ երևաց, որ Տոհմավագը ժպտաց:
- Ջոնաթա՛ն, դու նորից սովորում ես,- ասաց նա:
- Այո: Իսկ ի՞նչ է մեզ սպասում առջևում: Ո՞ւր ենք գնում: Մի՞թե այնպիսի տեղ չկա, որ երկինք է կոչվում:
- Ոչ, Ջոնաթա՛ն, նման տեղ չկա: Երկինքը տեղ չէ և ոչ էլ ժամանակ: Երկինքը կատարելության հասնելն է: - Նա լռեց: - Դու, կարծես, շատ արագ ես թռչում:
- Ես... Ես արագություն շատ եմ սիրում,- ասաց Ջոնաթանը: - Նա զարմացած էր ու հպարտ, որ Տոհմավագը նկատել էր իրեն:
- Ջոնաթա՛ն, դու մոտենում ես երկնքին, երբ մոտենում ես բացարձակ արագությանը: Դա չի նշանակում, որ պետք է թռչես ժամում հազար կամ միլիոն մղոն արագությամբ, կամ թե սովորես թռչել լույսի արագությամբ: Որովհետև յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի: Բացարձակ արագության հասնելը, որդի՛ս, նշանակում է հայտնվել այնտեղ:
Հանկարծ Չիանգը չքացավ և անմիջապես հայտնվեց Ջոնաթանից հիսուն մղոն հեռու, ջրի եզրին: Հետո կրկին անհետացավ և վայրկյանի մեկ հազարերորդականից հետո արդեն կանգնած էր նրա կողքին:
- Սա պարզապես կատակ էր,- ասաց նա:
Ջոնաթանը զարմանքից չէր կարողանում ուշքի գալ: Նա մոռացավ երկինքը:
- Ինչպե՞ս է հաջողվում: Դու ի՞նչ ես զգում, երբ թռչում ես: Ինչպիսի՞ տարածություն կարող ես անցնել:
- Ուզածդ տարածությունը ուզածդ պահին կարելի է թռչել, մնում է միայն ցանկանալ,- ասաց Տոհմավագը: - Ես եղել եմ ամենուր և ամեն տեղ, ուր թափանցել է միտքս, - նա նայում էր ծովի հարթությանը: - Տարօրինակ է, ճայերը, որոնք հանուն ճանապարհորդության մերժում են կատարելությունը, ոչ մի տեղ չեն թռչում, ո՞ւր կարող են հասնել այդ մլուլ տվողները: Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են ճանապարհորդելուց, հանուն կատարելության, երկնաքարերի նման սավառնում են տիեզերքով մեկ: Հիշի՛ր, Ջոնաթա՛ն, երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ո՛չ տեղը, ո՛չ ժամանակը իմաստ չունեն: Երկինքը...
- Դու կարո՞ղ ես ինձ սովորեցնել այդպես թռչել:
Անհայտության դեմ ևս մեկ հաղթանակի անկնալությունից Ջոնաթանը դողում էր:
- Իհարկե, եթե դու ցանկանում ես սովորել:
- Ցանկանում եմ: Ե՞րբ կսկսենք:
- Կարելի է՝ հիմա, եթե չես առարկում:
- Ես ուզում եմ քեզ նման թռչել,- ասաց Ջոնաթանը, և նրա աչքերը տարօրինակ բոցով բռնկվեցին: - Ասա, ի՞նչ եմ անելու:
Չիանգը խոսում էր դանդաղ՝ խորաթափանց նայելով իր ջահել աշակերտներին:
- Մտքի արագությամբ, այլ կերպ ասած՝ ցանկացածդ տեղը թռչելու համար, - սկսեց նա,- նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես...
Չիանգի խոսքերից ելնելով՝ գործի էությունը այն էր, որ Ջոնաթանը պետք է հրաժարվեր պատկերացնել, թե ինքը քառասուներկու դյույմ թևերի բացվածք ունեցող մարմնի գերին է և սահմանափակված է կանխապես ծրագրավորված հնարավորությունների քանակով: Էությունը այն էր, որպեսզի գիտակցեր՝ ճայի իսկական «եսը» չգրված թվի նման կատարյալ է և միաժամանակ գոյություն ունի ժամանակի ցանկացած պահին, տարածության ցանկացած կետում:
...Շարունակելի

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»
Առաջին մասի շարունակություն
Առաջին մաս


10/07/2013

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը

Առաջին մասի շարունակություն
Նա սկսեց սուզվել ջրի մեջ և հանկարծ ներսում, ինչ-որ տեղ անծանոթ, խուլ ձայն լսեց. «Ելք չունեմ: Ես ճայ եմ: Ես կարող եմ միայն այն, ինչ կարող եմ: Եթե ծնված լինեի թռիչքների մասին շատ բան գիտենալու համար, ապա գլխիս փոխարեն հաշվիչ մեքենա կլիներ: Եթե ծնված լինեի արագընթաց թռիչքների համար, ապա թևերս բազեի նման կարճ կլինեին ու մկներով կսնվեի, ոչ թե ձկներով: Հայրս իրավացի է: Խենթությունը մոռանալ է պետք: Ես պետք է վերադառնամ տուն, մեր Երամի մոտ և գոհ լինեմ, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ խեղճ, թույլ ճայ»:
Խուլ ձայնը մարեց, և Ջոնաթանը հնազանդվեց: «Գիշերով ճայի տեղը ափն է, և այսուհետև,- մտածեց նա,- ես ոչնչով չեմ տարբերվի մյուսներից: Այդպես բոլորիս համար էլ լավ կլինի»: 
Հոգնած պոկվեց մութ ջրից և թռավ դեպի ափ՝ ուրախանալով, որ հասցրել են փոքր բարձրություն թռչել ուժերի նվազագույն վատնումով: 
«Բայց ոչ,- մտածեց նա,- ես հրաժարվել եմ կյանքից, այն ամենից, ինչ սովորել եմ: Ես այնպիսի ճայ եմ, ինչպես բոլորը, և պարտավոր եմ թռչել, ինչպես բոլոր ճայերը»: Տանջալի դժվարությամբ նա հարյուր ֆուտ բարձրացավ և թևերը եռանդուն թափահարելով՝ տուն շտապեց:
Նա թեթևություն զգաց Երամի մյուս անդամների պես ապրելու որոշումից: Իմացության մարտակառքից գամող շղթաները փշրվեցին. չի լինի պայքար, չի լինի պարտություն: Ինչ հաճելի է դադարել մտածել և խավարում թռչել դեպի առափնյա կրակները:
-Խավա՛ր,- հանկարծ հնչեց տագնապալի խուլ ձայնը,- ՃԱՅԵՐԸ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԹՌՉՈՒՄ:
Բայց Ջոնաթանը չցանկացավ լսել. «Ինչ հաճելի է,- մտածեց նա,- Լուսինը և փարոսի կրակների պես գիշերային ծովի մեջ խայտացող լույսի արտացոլանքը, չորսբոլորն այնպես խաղաղ ու հանգիստ է»:
-Իջի՛ր: Ճայերը խավարի մեջ երբեք չեն թռչում: Եթե գիշերում թռչելու համար ծնված լինեիր, բվի աչքեր կունենայիր, գլխի փոխարեն՝ հաշվիչ մեքենա: Բազեի կարճ թևեր պետք է ունենայիր:
Գիշերային խավարի մեջ, հարյուր ֆուտ բարձրության վրա Ջոնաթան Լիվինգսթոնը կկոցեց աչքերը: Նրա ցավի, նրա որոշման հետքն անգամ չմնաց: 
Կարճ թևեր: ԲԱԶԵԻ ԿԱՐՃ ԹԵՎԵՐ:
Ահա թե որն է գաղտնիքը: «Ինչ հիմարն եմ ես: Եղած-չեղածը փոքրիկ, բոլորովին պստիկ թևն է: Եղած-չեղածը թևերը լրիվ ծալելն է և թռիչքի ժամանակ միայն դրանց ծայրերը շարժելը: ԿԱՐՃ ԹԵՎԵՐ»:
Ջրի սև զանգվածի վրա նա բարձրացավ երկու հազար ֆուտ, և առանց վայրկյան իսկ անհաջողության, մահվան մասին մտածելու, թևերի լայն մասերն ամուր սեղմեց իրանին, քամուն հանձնեց միայն դաշույնի պես սուր ծայրերը՝ փետուր փետուրի ու նետվեց գահավեժ խոյաթռիչքի:
Քամին խլացուցիչ ոռնում էր գլխավերևում: Ժամում յոթանասուն մղոն, իննսուն, հարյուր քսան, ավելի արագ: Հիմա՝ ժամում հարյուր քառասուն մղոն արագության ժամանակ ուժերի նման լարում չէր զգում, ինչպես առաջ յոթանասունի դեպքում, թևերի ծայրի թեթևակի շարժումը բավական էր խոյաթռիչքից դուրս գալու համար, և նա հրանոթի արկի նման, լուսնի ցոլքից գորշացած, սլացավ ալիքների վրայով:
Աչքերը կկոցեց, որպեսզի տեսողությունը պահպանի քամուց, և երջանկության զգացումը պատեց նրան: «Ժամում հարյւոր քառասուն մղոն: Առանց կառավարումը կորցնելու: Եթե անցնեմ խոյաթռիչքի ոչ թե երկու, այլ հինգ հազար ֆուտից, հետաքրքիր է, ինչպիսի արագությամբ...»:
Բարի մտադրությունները մոռացված են, սրընթաց, փոթորկոտ հողմով քշված-տարված: Բայց Ջոնաթանը խախտելով քիչ առաջ ինքն իրեն տված խոստումը՝ խղճի խայթ չէր զգում: Նման խոստումները կապանք են այն ճայերի համար, որոնց ճակատագիրը շարքային լինելն է: Նրանց համար, ովքեր ձգտում են գիտելիքների և արդեն մեկ անգամ հասել են կատարելության, նման բաները նշանակություն չունեն:
Լուսաբացին Ջոնաթանը վերսկսեց մարզումները: Հինգ հազար ֆուտ բարձրությունից ծովի կապույտ մակերևույթին ձկնորսանավերը տաշեղներ էին երևում, իսկ նախաճաշող Երամը՝ պարող փոշեհատիկներից գոյացած թեթև ամպ:
Նա եռանդով լի՝ երջանկությունից միայն թեթևակի դողում էր: Նա հպարտ էր, որ կարողացել էր հաղթահարել սարսափը: Առանց մտածելու՝ նա թևերի առջևի մասերը սեղմեց իրանին, ծայրերը՝ փոքրիկ անկյունները, հանձնեց քամուն և նետվեց ծովը:
Չորս հազար ֆուտ անցնելով՝ Ջոնաթանը հասավ առավելագույն արագության. քամին վերածվեց հնչյունների հոծ, թրթռացող պատի, որը թույլ չէր տալիս ավելի արագ շարժվել: Նա գահավեժ սավառնում էր ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագությամբ: Նա հիանալի հասկանում էր՝ եթե նման արագության դեպքում թևերը բացվեն, ապա ինքը՝ ճայը, միլիոն կտոր կլինի: Բայց արագությունը հզորություն է, արագությունը երջանկություն է, արագությունը չխամրող գեղեկցություն է:
Հազար ֆուտ բարձրության վրա նա սկսեց դուրս գալ խոյաթռիչքից: Ոռնացող քամին թևերի ծայրերը ճմլել ու այլանդակել էր, առագաստանավն ու ճայերի երամը թեքվեցին և փակելով նրա ճանապարհը՝ ֆանտաստիկ արագությամբ սկսեցին խոշորանալ:
Նա կանգ առնել չգիտեր, նա նույնիսկ չգիտեր նման արագության դեպքում ինչպես շրջվել: 
Բախումը վայրկենական մահ էր: 
Նա փակեց աչքերը:
Եվ պատահեց այնպես, որ այդ առավոտ, արևածագին Ջոնաթան Լիվինգսթոնը աչքերը փակ հասավ ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագության ու քամու փետուրների խլացուցիչ սուլոցի ուղեկցությամբ մխրճվեց նախաճաշող Երամի ճիշտ կենտրոնը: Բայց Հաջողության Ճայն այս անգամ ժպտաց նրան՝ ոչ ոք չզոհվեց:
Այն պահին, երբ Ջոնաթանը երկինք պարզեց կտուցը, դեռ սլանում էր ժամում հարյուր վաթսուն մղոն արագությամբ: Երբ նրան հաջողվեց արագությունը նվազեցնել մինչև ժամում քսան մղոնի  և վերջապես կարողացավ տարածել թևերը, առագաստանավը գտնվում էր ետևում՝ չորս հազար ֆուտ հեռավորության վրա, և ծովի մակերևույթին փոքր էր երևում:
Նա հասկանում էր, որ դա հաղթանակ է: Առավելագույն հաջողություն: Ժամում երկու հարյուր քսանչորս մղոն՝ ճայի համար: Դա պոռթկում էր, անմոռանալի, անկրկնելի պահ Երամի պատմության մեջ և նոր դարաշրջանի սկիզբ՝ Ջոնաթանի կյանքում: Նա շարունակում էր իր միայնակ մարզումները: Ծալում էր թևերը և անցնում խոյաթռիչքի ութ հազար ֆուտ բարձրությունից շուտով սովորեց շրջադարձեր կատարել:
Նա հասկացավ, որ հսկայական արագության դեպքում բավական է մեկ դյույմի չափ թեքել թեկուզ մի փետուր, և արդեն լայն, սահուն շրջադարձ կստացվի: Սակայն ավելի վաղ հասկացավ, որ եթե նման արագության դեպքում թեքի թեկուզ երկու փետուր, ապա մարմինը կսկսի պտտվել հրացանից արձակած գնդակի նման և... Ջոնաթանն աշխարհում առաջին ճայն էր, որ սովորեց բարձրագույն սավառնորդության թռիչքաձևեր կատարել:
Այդ օրը նա ժամանակ չկորցրեց ուրիշ ճայերի հետ դատարկաբանելու համար. արևը վաղուց մայր էր մտել, իսկ նա դեռ թռչում էր ու թռչում: Նրան հաջողվեց մահվան օղակ կատարել, դանդաղեցված տակառ, բազմապարույր տակառ, շրջված խցանահան, հակադարձ իմելման, վիրաժ:
Արդեն խոր գիշեր էր, երբ նա թռավ դեպի ափ՝ Երամի մոտ: Նրա գլուխը պտույթ էր գալիս: Մահու չափ հոգնած էր: Բայց վայրէջքից առաջ ուրախության մահվան օղակ կատարեց, իսկ հետո՝ նաև արագացրած տակառ:  «Երբ նրանց լսեն այդ լուրը,- Պոռթկման մասին մտածեց նա,- երջանկությունից կխենթանան: Ինչքան լիարժեք կլինի կյանքն այժմ: Ափի և ձկնորսանավերի արանքում ծուլորեն թրև գալու փոխարեն իմանալ կյանքի իմաստը: Մենք վերջ կտանք տգիտությանը, մենք կդառնանք այնպիսի արարածներ, որոնց մատչելի կլինեն վարպետությունը և կատարելությունը: Մենք կդառնանք ազատ: Մենք կսովորենք թռչել»:
Ապագան ափեափ լեցուն էր և այնքա՜ն գրավիչ բան էր խոստանում: Երբ նա վայրէջք կատարեց, բոլոր ճայերը հավաքվել էին, որովհետև ուր որ է խորհուրդն սկսվելու էր. երևում է, վաղուց էին հավաքվել: Իրականում նրանք սպասում էին:
- Ջոնաթան Լիվինգսթո՛ն, դուրս արի կենտրոն:
Տոհմավագի բառերը հանդիսավոր էին հնչում: Կենտրոն դուրս գալու հրավերը կամ մեծագույն անարգանք, կամ մեծագույն պատիվ էր նշանակում: Պատվի շրջանը երախտագիտության տուրք է, որ ճայերը մատուցում են իրենց մեծ առաջնորդներին:
«Դե իհարկե,- մտածեց նա,- առավոտ էր, Երամը նախաճաշում էր և նրանք ականատես եղան Պոռթկումին: Բայց ինձ մեծարանք պետք չէ: Ես չեմ ուզում առաջնորդ լինել: Ես միայն ցանկանում եմ նրանց հետ կիսել այն, ինչ սովորել եմ, նրանց ցույց տալ, թե ինչպիսի հեռուներ եմ բացվում մեր առջև»: Եվ քայլ արեց առաջ:
- Ջոնաթան Լիվինգսթո՛ն,- ասաց Տոհմավագը,- դուրս արի կենտրոն: Դու ցեղակիցներիդ առջև քեզ Անարգանքով պսակեցիր:
Նրան կարծես փայտով հարվածեցին: Ծնկները թուլացան, փետուրները կախ ընկան, ականջներն սկսեցին զրնգալ: Անարգանքի՞ շրջան: Չի կարող պատահել: Պոռթկու՞մ: Նրանք չեն հասկացել: Նրանք սխալվե՜լ են, նրանց սխալվել են:
-...Քո թեթևամտությամբ և անպատասխանատու վարքով,- հանդիսավոր ծորում էին բառերը,- ճայերի ընտանիքի սովորույթները և արժանապատվությունը ոտնահարելու համար...
Անարգանքի շրջանը նշանակում է վտարում Երամից, նրան կդատապարտեն մենության՝ Հեռավոր Ժայռերում:
-...Կգա օրը, Ջոնաթան Լիվինգսթո՛ն, կհասկանաս, որ թեթևամտությւոնը չի կարող կերակրել: Կյանքի իմաստը հասկանալ մեզ չի տրված, քանզի այն անիմանալի է, մեզ մի բան է հայտնի. մենք նետված ենք այս աշխարհ, որպեսզի ուտենք և ողջ մնանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր ուժերը կբավականացնեն:
Ճայերը երբեք չեն հակաճառում Երամի Խորհրդին, բայց Ջոնաթանի ձայնը խախտեց լռությունը:
-Թեթևամտությո՞ւն: Եղբայրնե՜ր,- բացականչեց նա:- Ո՞վ է ավելի մտածում Երամի մասին, քան ճայը, որը բացահայտում է կյանքի գերագույն իմաստը, նշանակությւոնը և երբեք չի մոռանա դա: Հազար տարի է՝ մենք թափառում ենք ձկան գլուխ փնտրելով, բայց հիմա վերջապես հայտնի է ինչու ենք ապրում՝ որպեսզի ճանաչենք, հայտնագործենք նորը, ազատ լինենք: ինձ հնարավորություն տվեք, թույլ տվեք ցուցադրեմ, ինչ սովորել եմ...
-Դու այլևս մեր եղբայրը չես,- խմբովի երգաձայն ասացին ճայերը, թևերի փառահեղ շարժումով փակեցին ականջները և թիկունքները դարձրին նրան:
Ջոնաթանն իր օրերի մնացորդն անցկացրեց մենակ, սակայն Հեռավոր Ժայռերից բազմաթիվ մղոններ հեռու էր թռչում: Եվ միայնությունը չէր, որ տանջում էր նրան, այլ՝ ոչ ճայերը չցանկացան հավատալ թռիչքի երջանկությանը, չուզեցին բացել աչքերը և տեսնել:
Ամեն օր նա մի նոր բան էր սովորում: Իմացավ, որ մարմնին շրջհոսելի ձև տալով կարելի է արագընթաց խոյաթռիչքով սուզվել և օվկիանոսում տասը ֆուտ խորությամբ լողացող հազվագյուտ ու համեղ ձուկ որսալ: Նա այլևս ձկնորսանավերի և հացի փշրանքների կարիք չէր զգում: Նա սովորեց օդում հարյուրավոր մղոններ թռչել՝ արևածագից մինչև արևամուտ: Նույն ինքնատիրապետումով նա թանձր ծովային մշուշի միջով սլանում էր դեպի ջինջ, շլացուցիչ փայլով շողշողացող երկինք այն ժամանակ, երբ մյուս ճայերը սեղմվում էին գետնին՝ չմտածելով, որ մշուշից ու անձրևից բացի ուրիշ բան կա աշխարհում: Նա սովորեց ուժեղ քամու հետ թռչել մինչև մայրցամաքի խորքերը և այնտեղ ճաշի համար համեղ միջատներ որսալ:
Նա երջանիկ էր միայն այն հույսով, որ երբևէ սովորածը կիսելու է Երամի հետ: Նա սովորեց թռչել և չէր ափսոսում այն գինը, որ վճարել էր դրա համար: Ջոնաթանը հասկացավ, թե ինչու է այդքան կարճ ճայերի կյանքը. նրանց կրծում էր ձանձրույթը, վախը, չարությունը, բայց նա մոռացավ ձանձրույթը, վախը, չարությունը և երկար ու երջանիկ կյանքով ապրեց:
Ւսկ հետո, մի անգամ երեկոյան, երբ Ջոնաթանը հանգիստ ու միայնակ ճախրում էր այնքան սիրելի երկնքում, մոտեցան նրանք: Երկու սպիտակ ճայերը, որ հայտնվեցին նրա թևերի մոտ, շողում էին աստղերի պես և մթին երկինքը լուսավորում փափուկ, շոյող լույսով: Բայց ավելի զարմանալի էր նրանց վարպետությունը, նրանք թռչում էին՝ անփոփոխ պահպանելով իրենց ու Ջոնաթանի թևերի միջև եղած ճիշտ մեկ դյույմ տարածությունը:
Առանց մի բառ ասելու Ջոնաթանը նրանց փորձության ենթարկեց, որին երբեք ոչ մի ճայ չէր կարող դիմանալ: Նա թևերի դիրքը փոխեց այնպես, որ արագությունը կտրուկ նվազեց, ևս մի փոքր  և անկումն անխուսափելի էր: Շողացող երկու թռչունները տարածությունը չխախտելով՝ միաժամանակ սահուն նվազեցրին արագությունը: Նրանք կարողանում էին դանդաղ թռչել:
Նա ծալեց թևերը, կողքից կողք օրորվեց և ժամում հարյուր իննսուն մղոն արագությամբ նետվեց խոյահար թռիչքի: Ճայերը սլացան նրա հետ միասին՝ անբասիր պահպանելով շարքը:
Վերջապես Ջոնաթանը նույն արագությամբ կատարեց երկար, ուղղահայաց, դանդաղեցված տակառ: Նրանք ժպտացին և տակառը կատարեցին նրա հետ միաժամանակ:
Նա անցավ հորիզոնական թռիչքի, միառժամանակ լուռ սավառնեց, իսկ հետո հարցրեց.
- Հիանալի է: Ո՞վ եք դուք:
- Մենք քո Երամից ենք, Ջոնաթան, մենք քո եղբայրներն ենք:- Նրանք խոսում էին հանգիստ ու վստահ:- Մենք եկել ենք, որպեսզի քեզ կանչենք վեր, տուն տանենք:
-Ես տուն չունեմ: Երամ չունեմ: Ես Աքսորյալ եմ: Մենք այժմ թռչում ենք դեպի Հողմերի Մեծ լեռան կատարը: Եվ իմ լխկած մարմինը կարող եմ ևս մի քանի հարյուր ֆուտ բարձրացնել, բայց ավելի վեր՝ ոչ:
-Դու կարող ես ավելի վեր բարձրանալ, Ջոնաթա՛ն, որովհետև դու սովորել ես: Դու ավարտեցիր մի դպրոց, այժմ ժամանակն է ընդունվել մեկ ուրիշը:
Ջոնաթանը իր ամբողջ կյանքն ապրել էր այդ մտքով, և Ջոնաթանը հասկացավ, հասկացավ ակնթարթորեն: Նրանք ճի՛շտ են: Նա կարող է ավելի վեր թռչել, և ժամանակն է տուն վերադառնալ: Նա մի վերջին երկար հայացք ձգեց երկնքին, այդ հոյակապ արծաթյա երկրին, ուր այնքան շատ բան էր սովորել:
- Ես պատրաստ եմ,- վերջապես ասաց նա:
Եվ Ջոնաթան Լիվինգսթոնը վեր խոյացավ աստղերի պես շողշողուն երկու ճայերի հետ, և չքացավ երկնքի անթափանցելի խավարում:
...Շարունակելի

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»
Երկրորդ մաս
Առաջին մասի սկիզբը


10/06/2013

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը

Չհորինված Ջոնաթան-ճային, որն ապրում է յուրաքանչյուրիս մեջ


Առաջին մաս


Լույսը բացվեց, և ջահել արեգակի ոսկե ցոլքերը պար բռնեցին խաղաղված ծովի հազիվ նշմարելի կոհակների վրա: 
Ափից մեկ մղոն հեռու ձկնորսանավը ծով նետեց խայծով լի ցանցը: Այդ լուրը ակնթարթորեն հասավ նախաճաշի սպասող Երամին, և արդեն հազարավոր ճայեր թռան-հասան նավին, որպեսզի խորամանկությամբ կամ թե ուժով կերի փշրանքներ փախցնեն: Հոգսառատ մի օր ևս իր իրավունքների մեջ մտավ:
Սակայն բոլորից հեռու, ձկնորսանավից և ափից հեռու, բացարձակ մենակության մեջ իր մարզական թռիչքներն էր կատարելագործում Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը: Երկինքն ի վեր բարձրանալով հարյուր ֆուտ՝ Ջոնաթանը կախեց թաղանթապատ թաթերը, կտուցը բարձրացրեց, աղեղի պես կորված թևերն առաջ ձգեց և ցավը հաղթահարելով աշխատեց մնալ այդ դիրքում: Առաջ պարզած թևերը նվազեցնում էին արագությունը, և նա թռչում էր այնպես դանդաղ, որ քամին հազիվ լսելի շշնջում էր ականջին, իսկ ներքևում օվկիանոսը թվում էր անշարժ: Նա կկոցեց աչքերը և ամբողջովին դարձավ մեն միակ ցանկությւոն, ահա պահեց շունչը և քիչ... մի քիչ... մի դյույմի չափ բացեց թևերի աղեղը: Փետուրները փշաքաղվեցին, նա բոլորովին կորցրեց արագությունը և ընկավ:
Ճայերն, ինչպես գիտեք, թռիչքի ժամանակ երբեք չեն մտածում և կանգ չեն առնում: Օդում կանգ առնելը ճայի համար պատվազրկում է, խայտառակություն: 
Բայց Ջոնաթան Լիվինգսթոնը առանց ամաչելու նորից ու նորից լարում էր դողացող թևերը, ավելի ու ավելի դանդաղ՝ կրկին անհաջողություն: Նա ինչ-որ շարքային թռչուն չէր:
Ճայերի մեծ մասը չի ձգտում թռիչքներից որևէ բան հասկանալ, բացի ամենաանհրաժեշտից՝ ափից հասնել մինչև կերը և վերադառնալ: ճայերի մեծ մասի համար գլխավորը կերն է, որ թե թռիչքը: Իսկ այդ ճայի համար գլխավորը կերը չէր, այլ թռիչքը: Աշխարհում ամեն բանից ավելի Ջոնաթան Լիվինգսթոնը սիրում էր ճախրել:
Բայց նման տենդը, ինչպես հասկացավ, թռչուններին հարգանք չէր ներշնչում: Նույնիսկ ծնողները անհանգստացած էին, որ Ջոնաթանն օր ու գիշեր մենության մեջ է և իր փորձերով տարված՝ նորից ու նորից սավառնում է հենց ջրի երեսին:
Նա, օրինակ, չէր հասկանում, թե ինչու իր թևերի կես բացվածքից պակաս բարձրություն թռչելիս կարողանում էր գրեթե առանց ջանքի օդում երկար մնալ: Նրա ճախրող վայրէջքը չէր ավարտվում ջրում ընկմվող թաթերի սովորական ճողփյունով, այլ՝ երկար փրփրադեզ շիթով, որը ծնվում էր հենց որ թաթերը կիպ սեղմած Ջոնաթանի իրանը կպչում էր ծովի մակերևույթին: Երբ նա սկսեց թաթերը սեղմած սավառնել դեպի ափ, իսկ հետո քայլելով չափել ավազի վրա թողած իր հետքը, ծնողները, բնական է, լրջորեն անհանգստացան:
- Ինչու՞, Ջոն, ինչու՞,- հարցրեց մայրը: - Ինչու՞ չես կարողանում քեզ այնպես պահել, ինչպես բոլորս: Ինչու՞ ջրի վրայով թռչելը չես թողնում ձկնկուլներին ու ալբատրոսներին: Ինչու՞ ոչինչ չես ուտում: Միայն փետուրներդ ու ոսկորներդ են մնացել, որդի՛ս:
- Մայրի՛կ, թող որ միայն փետուր ու ոսկոր դառնամ: Ուզում եմ գիտենալ, թե ինչ կարող եմ անել օդում, ինչ՝ ոչ: Ես պարզապես ուզում եմ իմանալ:
- Լսի՛ր, Ջոնաթա՛ն,- բարյացակամ ասաց հայրը,- ձմեռը սարերի ետևում չէ: Ձկնորսանավերը կսկսեն հազվադեպ երևալ, իսկ ձուկը, որ հիմա լողում է ջրի երեսին, կիջնի խորքերը: Եթե անպայման ուզում ես սովորել, ուսումնասիրիր կերը, սովորիր սնունդ հայթայթել: Թռիչքներն, իհարկե, լավ բան են, բայց միայն թռչելով չես կշտանա: Մի մոռանա՝ թռչում ես, որ ուտես:
Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց: Մի քանի օր նա աշխատում էր անել այն, ինչ մյուսները, ջանում էր ամբողջ ուժով, զիլ ճչում էր, կառամատույցների ու ձկնորսանավերի մոտ կռիվներ սարքում ցեղակիցների հետ, ձկան ու հացի կտորտանքի ետևից սուզվում էր ջրի մեջ: Բայց ոչինչ չէր ստացվում:
«Ինչպիսի՜ անմտություն,- մտածեց նա և դժվարությամբ ձեռք գցած սարդինաձկան կտորը վճռականորեն շպրտեց իր ետևից ընկած ծեր, քաղցած ճային: - Ես կարող էի այս ամբողջ ժամանակը հատկացնել թռչել սովորելուն: Դեռ այնքան շատ բան ունեմ իմանալու»:
 Եվ ահա Ջոնաթանը կրկին միայնակ է հեռու ծովում՝ քաղցած, երջանիկ, հարցախույզ:
Նա ուսումնասիրում էր թռիչքի արագությւոնը և մարզումների մեկ շաբաթվա ընթացքում արագության մասին ավելի շատ իմացավ, քան ամենաարագընթաց ճայն այս աշխարհում:
Ծովի վրա հազար ֆուտ բարձրացավ և ամբողջ ուժով թևերը թափահարելով՝ իրեն շեշտակի նետեց խոյաթռիչքի, ու հասկացավ, թե ինչու են խոյահար թռիչքի ժամանակ ճայերը թևերը ծալում: Արդեն վեցերորդ վայրկյանին նա թռչում էր ժամում յոթանասուն մղոն արագությամբ, մի արագություն, որի դեպքում թևը թափահարման պահին կորցնում է կայունությունը:
Միշտ նույն բանն է ստացվում: Ինչ ջանք էլ որ չէր թափում, ինչպես էլ ուժերը որ չէր լարում, բարձր արագության ժամանակ կորցնում էր կայունությունը:
Միշտ նույն բանն էր ստացվում: Ինչ ջանք էլ որ չէր թափում, ինչպես էլ ուժերը որ չէր լարում, բարձր արագության ժամանակ կորցնում էր կառավարումը:
Հազար ֆուտ վերելք: Հզոր պոկում, անցում խոյաթռիչքի, թևերի լարված թափահարում և ուղղաձիգ անկում: Իսկ հետո ձախ թևը, վեր թափահարելիս հանկարծ քարանում էր, ինքը շեշտակի ձախ էր թեքվում, հավասարակշռությունը վերականգնելու համար դադարում էր աջ թևով թափ տալ և, կարծես բոցով բռնկված, աջ թևի վրայով գլուխկոնծի տալով՝ ընկնում էր պտուտաձև անկման մեջ:
Չնայած բոլոր ջանքերին՝ վեր թափահարել չէր կարողանում: Տասը փորձ արեց ու տասն անգամ էլ, հենց արագությունը գերազանցում էր ժամում յոթանասուն մղոնը, նա վերածվում էր փշաքաղված փետուրների չկառավարվող գնդի ու քարի պես ընկնում ջուրը:
Ամբողջ խնդիրն այն է, մինչև վերջին փետուրը թրջվելուց հետո վերջացավ հասկացավ Ջոնաթանը, ամբողջ խնդիրը այն է, որ բարձր արագությունների ժամանակ անհրաժեշտ է բացված թևերը պահել միևնույն դիրքով՝ թափահարել, քանի արագությունը չի հասել ժամում հիսուն մղոնի, իսկ հետո պահել միևնույն դիրքով:
Նա բարձրացավ երկու հազար ֆուտ, մի անգամ էլ փորձեց, խոյաթռիչքի մեջ կտուցը ձգեց ներքև, տարածեց թևերը, իսկ երբ հասավ ժամում հիսուն մղոն արագության, դադարեց թափահարել: Անհավատալի լարվեց, բայց հասավ նպատակին: Տասը վայրկյան նա անորսալի ստվերի նման սլանում էր ժամում հիսուն մղոն արագությամբ: Ջոնաթանը ճայերի համար արագընթաց թռիչքի համաշխարհային ռեկորդ սահմանեց:
Բայց նա երկար չվայելեց հաղթանակի բերկրանքը: Հենց փորձեց դուրս գալ խոյաթռիչքից, հենց փոքր-ինչ փոխեց թևերի դիրքը, նրան գիրկն առավ նախկին դաժան, անհաղթահարելի պտտահողմը, տարավ ժամում հիսուն մղոն արագությամբ ու դինամիտի պես սկսեց պատառոտել մարմինը: Ծովից մի փոքր բարձր Ջոնաթան ճայը չդիմացավ և տապալվեց քարի պես կոշտ ջրի մեջ:
 Երբ խելքը գլուխը եկավ, արդեն գիշեր էր. նա լուսնի լույսի տակ սկսեց խաղաղ օվկիանոսի հարթության վրայով: Բզկվտված փետուրները կապարով լցվեցին, բայց անհաջողության լուծն ավելի ծանր բեռան պես իջավ նրա թիկունքին: Աղոտ ցանկություն առաջացավ, որ այդ բեռն աննկատելիորեն իրեն ծովի հատակը տանի, և այնժամ, ի վերջո, ամեն ինչ կվերջանա:
.... Շարունակելի

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»
Առաջին մասի շարունակությունը
Երկրորդ մաս


comment