Չհորինված Ջոնաթան-ճային, որն ապրում է յուրաքանչյուրիս մեջ
Առաջին մաս
Լույսը բացվեց, և ջահել արեգակի ոսկե ցոլքերը պար բռնեցին խաղաղված ծովի հազիվ նշմարելի կոհակների վրա:
Ափից մեկ մղոն հեռու ձկնորսանավը ծով նետեց խայծով լի ցանցը: Այդ լուրը ակնթարթորեն հասավ նախաճաշի սպասող Երամին, և արդեն հազարավոր ճայեր թռան-հասան նավին, որպեսզի խորամանկությամբ կամ թե ուժով կերի փշրանքներ փախցնեն: Հոգսառատ մի օր ևս իր իրավունքների մեջ մտավ:
Սակայն բոլորից հեռու, ձկնորսանավից և ափից հեռու, բացարձակ մենակության մեջ իր մարզական թռիչքներն էր կատարելագործում Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը: Երկինքն ի վեր բարձրանալով հարյուր ֆուտ՝ Ջոնաթանը կախեց թաղանթապատ թաթերը, կտուցը բարձրացրեց, աղեղի պես կորված թևերն առաջ ձգեց և ցավը հաղթահարելով աշխատեց մնալ այդ դիրքում: Առաջ պարզած թևերը նվազեցնում էին արագությունը, և նա թռչում էր այնպես դանդաղ, որ քամին հազիվ լսելի շշնջում էր ականջին, իսկ ներքևում օվկիանոսը թվում էր անշարժ: Նա կկոցեց աչքերը և ամբողջովին դարձավ մեն միակ ցանկությւոն, ահա պահեց շունչը և քիչ... մի քիչ... մի դյույմի չափ բացեց թևերի աղեղը: Փետուրները փշաքաղվեցին, նա բոլորովին կորցրեց արագությունը և ընկավ:
Ճայերն, ինչպես գիտեք, թռիչքի ժամանակ երբեք չեն մտածում և կանգ չեն առնում: Օդում կանգ առնելը ճայի համար պատվազրկում է, խայտառակություն:
Բայց Ջոնաթան Լիվինգսթոնը առանց ամաչելու նորից ու նորից լարում էր դողացող թևերը, ավելի ու ավելի դանդաղ՝ կրկին անհաջողություն: Նա ինչ-որ շարքային թռչուն չէր:
Ճայերի մեծ մասը չի ձգտում թռիչքներից որևէ բան հասկանալ, բացի ամենաանհրաժեշտից՝ ափից հասնել մինչև կերը և վերադառնալ: ճայերի մեծ մասի համար գլխավորը կերն է, որ թե թռիչքը: Իսկ այդ ճայի համար գլխավորը կերը չէր, այլ թռիչքը: Աշխարհում ամեն բանից ավելի Ջոնաթան Լիվինգսթոնը սիրում էր ճախրել:
Բայց նման տենդը, ինչպես հասկացավ, թռչուններին հարգանք չէր ներշնչում: Նույնիսկ ծնողները անհանգստացած էին, որ Ջոնաթանն օր ու գիշեր մենության մեջ է և իր փորձերով տարված՝ նորից ու նորից սավառնում է հենց ջրի երեսին:
Նա, օրինակ, չէր հասկանում, թե ինչու իր թևերի կես բացվածքից պակաս բարձրություն թռչելիս կարողանում էր գրեթե առանց ջանքի օդում երկար մնալ: Նրա ճախրող վայրէջքը չէր ավարտվում ջրում ընկմվող թաթերի սովորական ճողփյունով, այլ՝ երկար փրփրադեզ շիթով, որը ծնվում էր հենց որ թաթերը կիպ սեղմած Ջոնաթանի իրանը կպչում էր ծովի մակերևույթին: Երբ նա սկսեց թաթերը սեղմած սավառնել դեպի ափ, իսկ հետո քայլելով չափել ավազի վրա թողած իր հետքը, ծնողները, բնական է, լրջորեն անհանգստացան:
- Ինչու՞, Ջոն, ինչու՞,- հարցրեց մայրը: - Ինչու՞ չես կարողանում քեզ այնպես պահել, ինչպես բոլորս: Ինչու՞ ջրի վրայով թռչելը չես թողնում ձկնկուլներին ու ալբատրոսներին: Ինչու՞ ոչինչ չես ուտում: Միայն փետուրներդ ու ոսկորներդ են մնացել, որդի՛ս:
- Մայրի՛կ, թող որ միայն փետուր ու ոսկոր դառնամ: Ուզում եմ գիտենալ, թե ինչ կարող եմ անել օդում, ինչ՝ ոչ: Ես պարզապես ուզում եմ իմանալ:
- Լսի՛ր, Ջոնաթա՛ն,- բարյացակամ ասաց հայրը,- ձմեռը սարերի ետևում չէ: Ձկնորսանավերը կսկսեն հազվադեպ երևալ, իսկ ձուկը, որ հիմա լողում է ջրի երեսին, կիջնի խորքերը: Եթե անպայման ուզում ես սովորել, ուսումնասիրիր կերը, սովորիր սնունդ հայթայթել: Թռիչքներն, իհարկե, լավ բան են, բայց միայն թռչելով չես կշտանա: Մի մոռանա՝ թռչում ես, որ ուտես:
Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց: Մի քանի օր նա աշխատում էր անել այն, ինչ մյուսները, ջանում էր ամբողջ ուժով, զիլ ճչում էր, կառամատույցների ու ձկնորսանավերի մոտ կռիվներ սարքում ցեղակիցների հետ, ձկան ու հացի կտորտանքի ետևից սուզվում էր ջրի մեջ: Բայց ոչինչ չէր ստացվում:
«Ինչպիսի՜ անմտություն,- մտածեց նա և դժվարությամբ ձեռք գցած սարդինաձկան կտորը վճռականորեն շպրտեց իր ետևից ընկած ծեր, քաղցած ճային: - Ես կարող էի այս ամբողջ ժամանակը հատկացնել թռչել սովորելուն: Դեռ այնքան շատ բան ունեմ իմանալու»:
Եվ ահա Ջոնաթանը կրկին միայնակ է հեռու ծովում՝ քաղցած, երջանիկ, հարցախույզ:
Նա ուսումնասիրում էր թռիչքի արագությւոնը և մարզումների մեկ շաբաթվա ընթացքում արագության մասին ավելի շատ իմացավ, քան ամենաարագընթաց ճայն այս աշխարհում:
Ծովի վրա հազար ֆուտ բարձրացավ և ամբողջ ուժով թևերը թափահարելով՝ իրեն շեշտակի նետեց խոյաթռիչքի, ու հասկացավ, թե ինչու են խոյահար թռիչքի ժամանակ ճայերը թևերը ծալում: Արդեն վեցերորդ վայրկյանին նա թռչում էր ժամում յոթանասուն մղոն արագությամբ, մի արագություն, որի դեպքում թևը թափահարման պահին կորցնում է կայունությունը:
Միշտ նույն բանն է ստացվում: Ինչ ջանք էլ որ չէր թափում, ինչպես էլ ուժերը որ չէր լարում, բարձր արագության ժամանակ կորցնում էր կայունությունը:
Միշտ նույն բանն էր ստացվում: Ինչ ջանք էլ որ չէր թափում, ինչպես էլ ուժերը որ չէր լարում, բարձր արագության ժամանակ կորցնում էր կառավարումը:
Հազար ֆուտ վերելք: Հզոր պոկում, անցում խոյաթռիչքի, թևերի լարված թափահարում և ուղղաձիգ անկում: Իսկ հետո ձախ թևը, վեր թափահարելիս հանկարծ քարանում էր, ինքը շեշտակի ձախ էր թեքվում, հավասարակշռությունը վերականգնելու համար դադարում էր աջ թևով թափ տալ և, կարծես բոցով բռնկված, աջ թևի վրայով գլուխկոնծի տալով՝ ընկնում էր պտուտաձև անկման մեջ:
Չնայած բոլոր ջանքերին՝ վեր թափահարել չէր կարողանում: Տասը փորձ արեց ու տասն անգամ էլ, հենց արագությունը գերազանցում էր ժամում յոթանասուն մղոնը, նա վերածվում էր փշաքաղված փետուրների չկառավարվող գնդի ու քարի պես ընկնում ջուրը:
Ամբողջ խնդիրն այն է, մինչև վերջին փետուրը թրջվելուց հետո վերջացավ հասկացավ Ջոնաթանը, ամբողջ խնդիրը այն է, որ բարձր արագությունների ժամանակ անհրաժեշտ է բացված թևերը պահել միևնույն դիրքով՝ թափահարել, քանի արագությունը չի հասել ժամում հիսուն մղոնի, իսկ հետո պահել միևնույն դիրքով:
Նա բարձրացավ երկու հազար ֆուտ, մի անգամ էլ փորձեց, խոյաթռիչքի մեջ կտուցը ձգեց ներքև, տարածեց թևերը, իսկ երբ հասավ ժամում հիսուն մղոն արագության, դադարեց թափահարել: Անհավատալի լարվեց, բայց հասավ նպատակին: Տասը վայրկյան նա անորսալի ստվերի նման սլանում էր ժամում հիսուն մղոն արագությամբ: Ջոնաթանը ճայերի համար արագընթաց թռիչքի համաշխարհային ռեկորդ սահմանեց:
Բայց նա երկար չվայելեց հաղթանակի բերկրանքը: Հենց փորձեց դուրս գալ խոյաթռիչքից, հենց փոքր-ինչ փոխեց թևերի դիրքը, նրան գիրկն առավ նախկին դաժան, անհաղթահարելի պտտահողմը, տարավ ժամում հիսուն մղոն արագությամբ ու դինամիտի պես սկսեց պատառոտել մարմինը: Ծովից մի փոքր բարձր Ջոնաթան ճայը չդիմացավ և տապալվեց քարի պես կոշտ ջրի մեջ:
Երբ խելքը գլուխը եկավ, արդեն գիշեր էր. նա լուսնի լույսի տակ սկսեց խաղաղ օվկիանոսի հարթության վրայով: Բզկվտված փետուրները կապարով լցվեցին, բայց անհաջողության լուծն ավելի ծանր բեռան պես իջավ նրա թիկունքին: Աղոտ ցանկություն առաջացավ, որ այդ բեռն աննկատելիորեն իրեն ծովի հատակը տանի, և այնժամ, ի վերջո, ամեն ինչ կվերջանա:
.... Շարունակելի
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»
Առաջին մասի շարունակությունը Երկրորդ մաս |