Translate

2/11/2014

Կյանքը ինքնին հրաշք է


 Կյանքը ինքնին հրաշք է : Պետք է դա գիտակցի մեզանից յուրաքանչյուրը:
Մոլորակի միակ և անկրկնելի հրաշքը մարդն է, որը ծնվում է աշխարհի երեսին իր յուրովի կերպարանքով, չնմանակելով ոչ ոքի:
Մտածե՛ք, որ Դուք, հենց Դուք միակն եք այս աշխարհում ձեր արտաքինով, մտածողությամբ, ձեր գաղափարներով: Հետևաբար Դուք արդեն իսկ ունեք Ձեր ուրույն զբաղեցրած տեղը:
Ամենակարևորը այն է, որ անհատը որքան հանճարեղ և հայտնի է լինում, միևնույն ժամանակ շատ հասարակ և աննկատելի է լինում հասարակական միջավայրերում: Նա կարողանում է իրեն համարել հավասար բոլորին, անկախ նյութական և հոգևոր արժեքներից:
Նման արժեք ունենալուց ավելի բարձր արժեք թերևս չկա: Մարդն ինչքան վեր է դասում իրեն, այնքան վար է գտնվում , նույնիսկ ավելի քան ինքն է պատկերացնում:

            Կրկնեմ Հերման Հեսսեի խոսքերը.<Հռչակի ստվերը, այն խոր, գեղեցիկ կախարդանքները, որ մեծ մարդիկ տարածում են աշխարհի վրա, շատ հաճախ կայուն իրականություն է թվում: Թվում է, թե հասանելի է պիտի լինի այն անդորրությունը, առատությունը, քաղցրությունը, որ պարունակում է հռչակը` այն պատրանքը, թե այդպիսի բան երբեք չի եղել ոչ ծովի վրա, ոչ էլ ցամաքի: Առավոտի գեղեցկությունից ու զովությունից իր բաժինն ունի նաև հռչակը: Ա~խ, եթե միայն մենք կարողանայինք հռչակավոր դառնալ այն օրերին, երբ երազում ենք հռչակի մասին, և ոչ այն ժամանակ, երբ մեր գանգուրները ալիքավորվում են տարբեր երանգներով, դեմքերը գծագրվում այնպիսի կնճիռներով, որոնք խոսում են անցյալի պայքարի մասին, աչքերը լարվածությունից, տենչերից ու տարիների հուսահատությունից խոնջած: Նվաճել աշխարհը կյանքի առավոտին, քայլել ծափահարությունների և կեցցեների տակ, երբ սերն ու հավատքը երիտասարդ են. ի~նչ երազ է զգալ երիտասարդություն ու աշխարհի խանդաղատանքը, արևի լույսը և լուսնի շողերը միաձուլված, երկնքում արևահամբույր մշուշը, լուսնի շողերի անդրադարձումը ջրերի վրա, արթուն մտքի երազների հուշերը: ԱՀԱ, այդպիսին է հռչակը, երբ երիտասարդ ենք. հետագայում այդպես չի լինում>:

           
 Մարիամ Նազարյան           

2/06/2014

Քննարկում. Ալեքսանդր Պուշկին – Պիկովայա դամա, Կրակոց


Վաղվա քննարկումը կլինի Ալեքսանդր Պուշկինի երկու ստեղծագործությունները՝ «Պիկովայա դամա»  և  «Կրակոց»:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու քննարկմանը, որը տեղի կունենա փետրվարի 6-ին /հինգշաբթի/, ժամը 19:30-ին, Հանրապետության 37 հասցեում /մուտքը՝ Մելիք Ադամյան փողոցից, Հովնանյան հիմնադրամ, 2-րդ հարկ/:

Ասում են` դժբախտությունը, հնարավոր է, լավ դպրոց է… Բայց երջանկությունը` լավագույն համալսարանն է:     



1/31/2014

Վայրկյանի ուժը



Մարդկային ամենատարբեր հոգեկան աշխարհի դրսևորումները արտացոլվում են նրա արտաքինում՝ մասնավորապես հայացքում:
Ներքին աշխարհի արտացոլումը արտաքին աշխարհում միշտ չէ որ հասկանալի է թվում:
Ուրախության մեջ թախիծ տեսնելը ոչ բոլորին է հաջողվում:
Կան մարդկային տեսակներ, ովքեր ապրում են միայն հոգևոր կամ միայն նյութական արժեքներով:
Միստիկ գրողներից և ընդհանրապես հոգևոր արժեքներով ապրող մարդկանցից լավագույն օրինակը մեզ համար Գրիգոր Նարեկացին է:
Մարդիկ տարբեր տարիքում և տարբեր հանգամանքներում են սկսում գնահատել իրենց տրված յուրաքանչյուր վայրկյանը:
Ցավալի է, բայց միայն կորստի դեպքում ես հասկանում, որ այն, ինչ ունեցել ես, իսկական ուրախություն և հրաշք էր: Հաճախ ազատության մեջ քայլելով՝ ընկերներիդ, հարազատներիդ հետ զրուցելով, չես էլ կարող մտածել, որ այդ ամենից հրաշալի բան չկա աշխարհում: Իսկ հաճախ, հայտնվելով այնպիսի մի վայրում, որտեղից անհնար է դուրս գալ, գուցե և կարճ ժամանակով, բայց այդ լռությունը, դուրս գալու անկարողությունը, ոչնչով չես փոխարինի, և այդ ամենի գիտակցումը ավելի է խոցում քեզ:

Դժվար է, բայց պետք է գնահատել ապրելու յուրաքանչյուր վայրկյանը, որ քեզ տրված է: Լավի մասին մտածելով՝ միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև, որ այդ ամենը քո ձեռքերում է և դա կարող է երկար չտևել: Իմ կարծիքով երջանկությունը չի կարող մշտական լինել: Դա ընդամենը մի քանի վայրկյան կամ առավելագույնը րոպե է: Եվ զգալ և գնահատել այդ վայրկյանները՝ կարող են հրաշքի վերածել ձեր մյուս օրերը: Դրա մասին անընդհատ հիշելով՝ կարող եք ապրել նույն դրական րոպեները և լցվել նույն լավատեսությամբ:
Պետք է գնահատել ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը, չէ՞ որ այն թանկ է և անգնահատելի բոլորիս համար: Երբ զրուցում ես մտերիմիդ հետ, անգամ չմտածելով, որ տարիներ կամ նույնիսկ վայրկյաններ հետո հնարավոր է կողքիդ չլինի:
Հաճախ հիվանդությւոնը վրա է հասնում անկանխատեսելի և չսպասված ժամանակ, և զարգանում այնպիսի արագությամբ, որ չես հասցնում սթափվել արագընթաց իրադարձություններից: 
Սարսափելի է այն զգացումը, երբ գիտես անզոր ես, անկարող օգնել քեզ համար ամենաթանկ մարդուն:
Երբ գիտես, որ հիվանդությունը իր խոր արմատներն է գցել, և պայքարելը անիմաստ է դարձել:
Երբ ներքուստ արտասվում է հոգիդ, ուզում ես բարձրաձայն հեկեկալ, բայց նայում ես աչքերի մեջ և ժպտում, կարծես ոչինչ չի եղել:
Երբ գիտակցում ես, որ գուցե սա վերջին վայրկյանն է, վերջին րոպեները, և սիրտդ թրթռում է այդ ամենի զգացումից:
Երբ թաքնվում ես մի անկյուն, երբ ուզում ես միայնակ լինել և արտասվել անցանկալի իրականությունից, բայց որքան հնարավոր է երկար ես ցանկանում կողքին մնալ:
Թվում է, թե ինչ է որ, բոլորս ենք մահկանացու, բայց տխրությունը համակում է հոգիդ, մարմինդ և իշխում քեզ անկախ քո կամքից:
Երբ շրջապատը պատվում է մռայլ, գորշ գույներով: Երբ կյանքը ավարտած ես համարում և անկարող այն շարունակելու:
Երբ կյանքը կորցնում է իր իմաստը, երբ չես պատկերացնում և նույնիսկ չես ուզում հավատալ, որ ոչինչ ետ չես բերի, որ այլևս քո կողքին չի լինի, որ այլևս չես տեսնի նրա ժպիտը, քեզ կարեկցող հայացքը:

Երանի՜ ժամանակը կանգ առներ, երանի կյանքը հավերժ լիներ, երանի ոչինչ եղած չլիներ…
Հարազատ էր կորցրել…
Եվ այդ ամենը խորհելու և կյանքը էլ ավելի գնահատելու առիթ էր դարձել:
Երբեմնի կարևոր թվացող նյութական արժեքները ի չիք էին դարձել:
Դժվար է այժմ ուրախանալ մի բանով, որը նախկինում անգամ չես էլ նկատել:
Ի՞նչ անել, ո՞րն է հոգեպես ավելի կարևոր, ապրել՝ գնահատելով ամեն վայրկյանը և զգալով կյանքի վայելչությունը դառնության հետևում թաքնված, թե՞ մեռնել՝ անզոր և թույլ զգալով քեզ դիմադրելու կյանքի քամահրանքներին:
Հանկարծ ապրածդ տարիները մթագնում են գորշ ամպերի մռայլ գույներով, ծածկվում սև շղարշով, և փակում արևի շողերի ցանկացած առկայծող լույսի նշույլները:
Ի վերջո, ապրել և գնահատել, ցնծալ և ուրախանալ՝ վեր դասելով հոգևորը նյութականից:
Վերջապես, գտեք ձեր մեջ ուժ բոլորդ, գտեք և վերգտեք ձեզ այս կյանքում. նոր հնավորություններով, նոր հույսով ու նոր հավատով սկսեք ապրել :)


Մարիամ Նազարյան

comment