Translate

Showing posts with label ապրած և չապրած տարիներ. Show all posts
Showing posts with label ապրած և չապրած տարիներ. Show all posts

10/20/2013

Տգեղ աղջիկներ չկան

Տգեղ աղջիկներ չկան



- Հիմա արդեն հիշեցի,- ասացի ես,- դե մենք միայն մի անգամ ենք հանդիպել, այն էլ՝ հեռախոսով: Իսկ նամակը, իհարկե, չեմ մոռացել, թեպետ չորս տարի է անցել:
- Չորս ու կես,- ուղղեց աղջիկը,- երևի ձեր կյանքում շատ բան է փոխվել:
- Հեռախոսի համա՞րը: Փոխվել է:- Հետո ինչ ասել:- Իսկ ձե՞ր կյանքում:
- Նույնն է, համարյա նույնը: Իսկ հեռախոսի համար իմա էլ չունեմ:
Ուրիշ ի՞նչ կարելի է ասել: Ես փորձեցի վերհիշել աղջկա զարմանալի նամակը, որ նա գրել էր տարիներ առաջ: Տխուր, անսովոր մի պատմություն էր, սիրո պատմություն, այդքանը մտաբերեցի, բայց մեջս մանրամասներ չարթնացան: Իմ լռությունը երևի երկարեց: 
- Չգիտեմ ինչու զանգահարեցի,- ասաց աղջիկը:
Երևի նեղսրտեց, որ ոչինչ չեմ հարցնում:
- Որտեղի՞ց եք զանգահարում,- ի վերջո ասացի:
- Ընկերուհիս տանը չէ,- մի պահ լռեց,- նոր գնաց կաթի: Ես էլ հանկարծ մտածեցի զանգահարել: Ձեր նոր հեռախոսը երեկ եմ պարզել:
- Չե՞ք ամուսնացել… - ինչ հիմար հարց:
Նա ծիծաղեց, ինձ թվաց՝ դառը ծիծաղ էր:
- Մի գիտնական էր ուզում: Քսան տարով մեծ է:- Ասաց:
- Եվ ի՞նչ…
- Շատ խելոք մարդ է:
- Դե, եթե խելոք է…
- Խելո՞ք… Այդ դեպքում ավելի լավ չի՞ ամուսնանալ, ասենք, հաշվիչ մեքենայի հետ կամ հանրային գրադարանի:
Ես ծիծաղացի: Իսկ նա փոքր-ինչ լռելուց հետո ասաց.
- Ես դեռ սիրում եմ նրան:
- Ո՞ւմ,- հետո հանկարծ մտաբերեցի. իհարկե, նրա մասին է խոսքը: Բայց մի՞թե,- ո՞ւմ…
- Տեսնում եմ, որ նամակս մոռացել եք:
- Չէ, ինչ եք ասում, ես նույնիսկ պահում եմ ձեր նամակը, թղթերիս մեջ է:
Նա դարձյալ լռեց:
- Ես վերջերս ձեր պատմվածքներից մեկը կարդացի,- ի վերջո ասաց նա,- մի տող հետաքրքիր թվաց: Հերոսներից մեկն ասում է, թե իր կարծիքով տգեղ աղջիկներ չկան: Դո՞ւք էլ նույն մտքին եք:
- Իհարկե,- ինչ լավ էր, որ նամակն, այնուամենայնիվ, արթնացավ իմ մեջ. այո, ինձ հետ խոսող աղջիկը գեղեցիկ չէ, նա ինքն էր գրել, հիշեցի, դա դառը և տխուր նամակ էր,- ես կարծում եմ…
- Այդ դեպքում, խնդրում եմ, գրեք այդ մասին:
- Չէ՞ որ գրել եմ, ինքներդ հիշեցիք:
- Չէ, միայն այդ մասին, վերնագիրն էլ այդպես գրեք, խնդրում եմ: Գտեք իմ նամակը, եթե չեք կորցրել, նորից կարդացեք: Ես էլի կզանգահարեմ:
Եվ դրեց խոսափողը:
Ես քրքրեցի թղթերս և նամակը գտա: Ահա այն բառացի.
«… Ես ուսանողուհի եմ, լրացել է քսանմեկս: Մի շաբաթ առաջ դիմակահանդես էինք կազմակերպել, սրճարանում: Հրավիրել էինք տարբեր տեղերից: Ամենքս դիմակներով էինք, նույնիսկ մեր կուրսեցիներին անհնար էր տարբերել: Շատ ուրախ էր: Ինձ պարի հրավիրեց մի երիտասարդ: Նա ևս դիմակով էր: Ասաց, որ մեր ինստիտուտից չէ: Հրավիրեց նաև երկրորդ պարին: Ինչ կարելի է խոսել պարի ժամանակ: Ես անունս և կուրսս չասացի: Ողջ երեկո նա ինձնից չհեռացավ: Միայն հինգ րոպեով դուրս եկավ և վերադարձավ մի փունջ ծաղիկ ձեռքին: Ոչ մի տղա ինձ դեռ ծաղիկ չէր նվիրել: Երևի ծիծաղելի խոստովանություն է: Երևի: Դե, տղաները ծաղիկ նվիրում են միայն գեղեցիկ աղջիկներին: Ես տեսա, որ նա հևում է, երևի վազել էր: Հետո մենք նորից պարեցինք: Նա ինձ սուրճ հյուրասիրեց, մի-մի բաժակ գինի խմեցինք: Կարմիր գինի էր: Գլուխս պտտվում էր երջանկությունից: Կծիծաղեք երևի: Ինչ լավ է, որ մարդիկ դիմակահանդես են հնարել. չէ՞ որ եթե նա ինձ առանց դիմակ տեսներ, հազիվ թե հրավիրեր պարի կամ ծաղիկ նվիրեր: Նրա դիմակը միայն աչքերն էր ծածկում, թխահեր էր: Խոսեցինք, հիմա րեմ կարող ասել ինչի մասին: Նա նորից հարցրեց անունս, ասաց, որ տուն կուղեկցի: Ես նրան ուրիշ անուն ասացի, հետո խաբեցի, թե քրոջս հետ եմ և շատ մոտիկ եմ ապրում: Հետո էլի խոսեցինք, նա շատ բան պատմեց իր մասին: Երկրաբան էր, այս տարի պիտի ավարտի: Պայմանավորվեցինք, որ կհանդիպենք հաջորդ օրը, երեկոյան: Իհարկե, առանց դիմակների, ծիծաղեց նա, իսկ ես տխրեցի: Պայմանավորվեցինք. ես ասացի, որ կհանդիպենք բաց կապույտ զգեստ և ձեռքիս հովանոց կլինի:
Ամբողջ գիշեր ես մտածում էի նրա մասին, առավոտյան նույնպես: Կարող եք թեթևամտություն համարել: Չեմ վիճի, բայց չէ՞ որ ասում են, որ կա նաև սեր՝ առաջին հայացքից: Մի խոսքով, երեկոյան ես գնացի պայմանավորված սրճարանը: Գնացի նույնիսկ կես ժամ շուտ, անհամբեր էի: Հագել էի բաց կապույտ շորս, բայց հովանոց չէի վերցրել: Նստեցի երրորդ սեղանին /ինչպես պայմանավորվել էինք/: Նա եկավ ճիշտ ժամին, հենց երևաց դռների մեջ, ճանաչեցի: Հայացքով նա որոնեց-գտավ երրորդ սեղանը, ուշադիր հետախույզ նայեց ինձ: Նա շատ գեղեցիկ աչքեր ուներ: Սեղանին չմոտեցավ, այսինքն, իմ սեղանին: Ուրիշ տեղ նստեց. անընդհատ մուտքին նայելոց նստեց մի ժամի չափ: Մեկ-երկու անգամ նայեց ինձ, բայց շատ թեթև, մի ակնթարթ: Ես ամեն ինչ հասկացա, սիրտս նվաց ցավից: Հետո նա գնաց: Ուզեցի վեր կենալ, վազել նրա հետևից: Չկարողացա: Ճի՞շտ արեցի: Չգիտեմ, բայց ի՞նչ անեի: Ես հասկացա. Նա ուրիշ դեմք էր որոնում, իսկ ես գեղեցիկ չէի: Ես չեմ հավատում գրքերին, այսպես կոչված հոգեկան սիրուն: Եթե աղջիկը գեղեցիկ չէ, ո՞ւմ է նա հարկավոր… Վերջ: Դրա համար էլ ուզում եմ հարցնել ձեզ, ո՞ւմ է պետք ձեր թերթի սկսած տաղտկալի խոսակցությունը սիրո, մտերմության մասին: Եթե գեղեցիկ լինեի, առանց ձեր խորհուրդների էլ կգտնեի նրան /ավելի ճիշտ՝ նա կգտներ ինձ/, եթե գեղեցիկ չեմ, ինչո՞վ դուք պիտի օգնեք: Բայց տխուր եմ, մի շաբաթ է տեղս չեմ գտնում այս մեծ, անհասկանալի աշխարհում: Սիրում եմ նրան: Ինչո՞ւ, ո՞ր իրավունքով: Անիծում եմ ինձ, որ տգեղ եմ, ատելությամբ եմ նայում բոլոր գեղեցիկ աղջիկներին, նույնիսկ քրոջս, որին ամեն օր հազար տղա է զանգ տալիս: Ասացեք, ի՞նչ անեմ, և ինչո՞ւ են ծնողները տգեղ աղջիկներ լույս աշխարհ բերում…»:
Ահա և բոլորը:
Երկրորդ օրը նա ինձ կրկին զանգահարեց:
- Կարդացի՞ք:
- Կարդացի:
- Եվ ի՞նչ:
- Պատմեք ինձ շարունակությունը:
- Շարունակություն չի եղել:
- Կարծում եմ եղել է, թե չէ՝ ինչո՞ւ զանգահարեցիք:
- Դե ես ասացի, ձեր պատմվածքը…
- Միայն դա չէ: Միայն դա չէ: Երևի նորի՞ց եք հանդիպել:
Մի քանի վայրկյան աղջիկը լուռ էր, հետո ասաց.
- Հանդիպել եմ:
- Որտե՞ղ, ինչպե՞ս…
- Մի տարի առաջ ավարտեցի: Աշխատանքի նշանակեցին Սևանի ափին: Ո՞ր գյուղում, կարևոր չէ: Երևի գիտեք, որ այդ կողմերում ոսկի են հայտնաբերել: Մի օր մեր ուսմասվարն ասաց, որ մի քանի երկրաբանի հրավիրել է տեսնեմ՝ նա էլ: Ես չէի կարող սխալվել: Հետո, զրույցի ժամանակ հարցրի՝ երբ է ավարտել, հարցրի անունը: Նա էր:
- Հասկանում եմ,- չգիտեմ ինչու ասացի ես:
- Ահա և շարունակությունը, այսինքն՝ վերջը,- ասաց նա ու լռեց: 
Ես ինչ կարող եմ ասել: Ոչինչ: Մխիթարության կարիք չէ, որ նա առօրյա բառը, խոսքը, իսկ այդ պահին հարկավոր էր շատ խորունկ բառեր գտնել, որ ճշմարիտ լինեին, որոնց նա հավատար: Բայց իմ ներսում ոչինչ չկար, բացի տարօրինակ մի տխրությունից. հանկարծ այդ աղջկա վիշտը դառավ իմ սեփականը, սիրո նրա կարոտը՝ իմը, բայց ի՞նչ կարող էի ես անել:


...Շարունակելի

"Ապրած և չապրած տարիներ" գրքից 
Վարդգես Պետրոսյան

10/19/2013

Ծերուկը, որ մոռացել էր մեռնել




Ծերուկը, որ մոռացել էր մեռնել
(ժամանակակից հեքիաթ)



Շատ տարիներ առաջ, մի երիտասարդ երկրում, որի անունը կարևոր չէ, մի քաղաքում, որի անունը նույնպես կարևոր չէ, ապրում էր ջահել մի տղա: Չեմ ուզում տալ տղայի անունը, որովհետև անունը ծնողներն են դնում, չիմանալով, թե ինչ է դառնալու իրենց զավակը՝ փիլիսոփա, թե՞ կոշկակար, մարդասպան, թե՞ բարոյախոս: Նա հանկարծ էր հայտնվել քաղաքում՝ լայն բացված աչքերով, մեծ-մեծ ականջներով: Առաջին օրերին քնում էր բաց երկնքի տակ կամ որևէ բարի մարդու մոտ, ավելի հաճախ՝ անտառում: Քաղաքի բնակիչները դեռ իրենք կարգին տներ չունեին, նրանք կտրում էին մայր անտառը, մետր առ մետր նվաճելով հողը, որի վրա ապագայում պիտի սլանային ասֆալտե փողոցները, ոտքերը հողի մեջ խրեին բարձրահասակ, քարե շենքերը: Քաղաքի տներն այդ ժամանակ փայտից էին, բայց բարի ու համարձակ էր մարդկանց սիրտը, նրանց մատները երազում էին արդարություն ու աշխատանք. և նրանք չէին հոգնում: Ջահել տղայի ձեռքից ոչինչ չէր գալիս. նա չգիտեր փայտ կտրել, տուն սարքել, նա չգիտեր նույնիսկ կարգին երազել, աստղերին նայել…
Բայց մի օր…
Ավելի ճիշտ՝ բայց մի գիշեր…
Ջահել տղան հանկարծ վեր թռավ քնից, տրորեց աչքերը: Առհասարակ քնած, թե արթուն, նա շարունակ խորհրդավոր ձայներ էր լսում, տեսիլքներ, պատկերներ էին գալիս աչքերի առաջ: Վախենում էր, գլուխը պտտվում ու աչքերը հոգնում էին լույսից: Այս անգամ էլ զարթնեց սարսափած, տրորեց աչքերը, լարեց ականջները: Ոչ, տեսիլք չէր. հրդեհ էր սկսվում: Դա բարի մի մարդու տուն էր, հենց անտառի ծայրին, մյուս տներից բավական հեռու: Տղան մի քանի վայրկյան զարմացած նայում էր կրակին՝ դա նրա կյանքի առաջին հրդեհն էր: Գեղեցիկ էր բոցի գալարումը: Եվ մութն էր գեղեցիկ: Բայց միայն այդ չէր, երևի բոլորիվ էլ այդ չէր: Ուրիշ միտք էր, որ այդ պահին խլրտաց նբրա սրտում. տուն էր այրվում, ուրեմն մեկ ուրիշն էլ կդառնա իր նման անտեր-անտիրական: Այդ միտքը մի վայրկյան տևեց: Նա ոտքի թռավ, վազեց դեպի կրակը: «Հրդեհ է, արթնացեք, արթնացեք»: Հրդեհը դեռ նոր էր սկսվում, և նույնիսկ տանտերերը հանգիստ քնած էին: Փայտը նոր էին կտրել անտառից, դեռ թաց էր, դրա համար լավ չէր վառվում: Տղան ճչում էր, կանչում: Գիշերվա, անտառի, երկնքի լռության մեջ՝ այդ կանչը զարհուրելի էր: Ու լսեցին մարդիկ: Բոլոր տներից դուրս թափվեցին, հասկացան կատարվածը, նետվեցին կրակի վրա: Նաև քաջ էին այդ բարի, արդար մարդիկ:
Հրդեհը հանգցրին:
Առավոտյան տղան զարթնեց հերոս դարձած: Ամենքը, իսկ ամենից առաջ փրկվածները, շնորհակալությամբ, սիրով սկսեցին փառաբանել նրան: Հետո քաղաքի մեծահոգի հայրերը որոշեցին տղայի համար տուն կառուցել բարձր բլրի վրա, որտեղից նա կտեսնի քաղաքը՝ ինչպես շախմատի տախտակի վրա: Ինչ իմանաս, հո վերջին հրդեհը չէ՞: Եվ հետո, որոշեցին շեփոր առնել նրա համար, շեփորի ձայնն ավելի զիլ է, բոլորը կլսեն:
- Մեկ է, ես համարյա չեմ քնում,- ասաց տղան,- ձայներ եմ լսում… Իսկ շեփոր ես ինչպե՞ս փչեմ…
- Դա լավ է, որ լսում ես,- ասացին բարի քաղաքացիները,- իսկ փչել կսովորես: Դա դժվար չէ, կսովորես…
Տունը կառուցեցին. Ամենալավ կեչիները կտրեցին անտառից, ներկեցին ամենավառ գույներով, տանիքը ծածկեցին սպիտակ թիթեղով:
- Իմ տան պեսը չկա,- պարծենում էր տղան:
Հաճախ նստում էր լուսամուտի առաջ, փորձում նվագել: Փչում էր ամբողջ ուժով, թոքերը շատ օդ էին տանում, շարժում էր մատները: Բայց եղանակ չէր ստացվում: Բարկանում էր, սև նախանձով նայում անտառի թռչուններին, որ երգում էին առանց երաժշտական կրթություն ունենալու ու որպեսզի նրանց ձայնը չլսվի, փչում էր բարձր, ամբողջ ուժով: Իսկ մի օր մտածեց. «Ասենք, ինչի՞ս է պետք նվագել, կփչեմ և վերջ»:
Երկրորդ հրդեհի զոհը քաղաքապետի տունը եղավ: Վառվեց արշալույսին: Այս անգամ նա զիլ փչեց շեփորը, թեպետ փոքր-ինչ ուշացավ, որովհետև դուր էր գալիս կրակը, որի դեմ պայքարող չկա, որ այրում, մոխիր է դարձնում ամեն ինչ:
Դարձյալ տներից ելավ ամբողջ քաղաքը, հրդեհը հանգցրին: Եվ, որովհետև տունը քաղաքապետինն էր, տղային շքանշան տվին:
Այդ օրվանից նրան կնքեցին շեփորահար անունով, իսկական անունը, որը ոչ ոք չգիտեր, մոռացան:
Անցավ չորս-հինգ տարի, անցան էլի տարիներ:
Շեփորահարն արդեն ջահել չէր, թեպետ դարձյալ սիրում էին նրան, խոնարհվում, երբ նա շքանշանով, շեփորը ձեռքին փողոց էր դուրս գալիս:
Բայց հրդեհներ չկային:
Շեփորահարը տառապում էր անքնությունից, նա նստում էր լուսամուտի առաջ, նայում քաղաքին ու կրակ որոնում, տենդորեն հրդեհ էր որոնում: Արդեն դժվար էր բոլոր լուսամուտները տեսնել, թեպետ նրա տունը բարձր բլրի վրա էր. քաղաքը մեծացել էր, տարածվել, անտառին քշել սարերի գագաթները: Եվ շեփորահարը մի օր դառնությամբ մտածեց, որ եթե այլևս հրդեհ չլինի, կմոռանան իրեն՝ տունը չեն նորոգի, հագուստ չեն տա, շքանշան՝ առավել ևս: Եվ հետո, քաղաքացիները երևի չէին մոռանում, թե ինչպես երկու տարի առաջ, երբ թշնամիները հրով ու սրով լցվեցին քաղաք, ի զարմանս ամենքի, նա հնչեցրեց շեփորը, կարծես ողջունելով հաղթողներին: Ճիշտ է, հետո, երբ քաղաքացիները դուրս շպրտեցին թշնամուն և քաղաք մտան, նորից զիլ հնչեց շեփորը, բայց նա անհանգիստ էր: Բարի մարդիկ հիշաչար չեն, բայց նա գիտեր, որ ամեն ինչ մոռանում են միայն հիմարները: Շեփորահարը տանջվում էր այս մտքերից, իսկ հրդեհներ չկային: Քաղաքի տների մեծ մասը արդեն քարից էր, մարդիկ ավելի զգույշ էին, խելոք:
… Եվ մի գիշեր:
Չար աչքերով, լարված ականջներով նա անցնում էր փողոցից, նայում դռներին, լուսամուտներին: Կեսգիշերը վաղուց էր անցել, բայց շատ տներում լույս կար. մարդիկ կամ ուրախանում էին, կամ խորհում, ճակատները կնճռոտել էին աշխարհի գաղտնիքների վրա կամ տխրություն ունեին: Բայց նրան կրակ էր հարկավոր, կրակ՝ ամեն ինչ լափող, ոչնչացնող, և ամբոխ, որ իրար տրորում էր այդ կրակի ժամանակ և նողկալի ձեռքեր, որ այդ խառնաշփոթության պահին գողանում էին ուրիշի ունեցվածքը, միտքը, պատիվը:
Ոչ մի տեղ հրդեհ չկար:
Նա արդեն իր տան մոտերքում էր, երբ ուղեղի մեջ ասես լուցկի վառեցին: Նա արագ տուն մտավ, վերցրեց նավթով լի ամանը և մոտեցավ հենց առաջին պատահած տանը: Տունը ճոճվում էր մութի և խաղաղության մեջ, ամենքը քնած էին: Տունը փայտից էր, չոր, շատ հին փայտից: Երբ նա ամանի նավթը արդեն թափել էր պատշգամբի փայտերին և լուցկին վառել, նոր միայն հիշեց, թե ում տունն էր: Մի բարի մարդու, որ հաճախ էր կերակրել իրեն, օգնել, սիրել: Ավելի լավ, մտածեց նա, սրանից հետո, երբ հրդեհը հանգնեն, ավելի շատ կօգնի, կսիրի…
Եվ կրակը պատշգամբից սկսեց իր մոլեգին պարը:
Շեփորահարը շտապով տուն վազեց, իր հետ տանելով դատարկ նավթամանը: Բացեց լուսամուտը. այստեղից հրդեհը ավելի լավ էր երևում: Կրակն արդեն մոտենում էր լուսամուտներին, արդեն տանիքն էր բռնկվել, նա լսում էր չոր փայտերի ճարճատյունը:
Եվ փչեց. ուրախ, տագնապալի, բարձր, երևի ինչ-որ եղանակ էլ ստացվեց: Ծերուկ Հոմերոսի օրերից սկսած ոչ ոք այդպես չէր հնչեցրել շեփորը, հաստատ: Բոցի արնագույն լույսը հասնում էր նրա դեմքին, աչքերին, ականջներին, և նա երջանիկ էր:
Քաղաքը զարթնեց, ոչ թե զարթնեց՝ այլ կայծակնահար վեր թռավ:
Հրդեհը, իհարկե, հանգցրին: Բայց տանտիրոջը, նրա երկու աղջիկներին դուրս բերին արդեն այրված ու թաղեցին հաջորդ օրը: Միայն տանտիրուհին ապրեց, թեպետ կուրացել էին աչքերը և միտքը մթագնել էր:
Եվ քաղաքը նորից սկսեց խոսել շեփորահարի մասին, մեծարել նրան, փող տալ: Շտապ նորոգեցին նրա տանիքը, մի նոր շքանշան տվին: Միայն թե փողոցներով սկսեցին շշուկներ սողալ, ահավոր շշուկներ: Բոլորը սկսեցին կասկածել բոլորին, արթուն մնալ գիշերները, դռները երկաթից շինել և սրտերը՝ ավելի երկաթից:
Բայց հրդեհները սկսեցին կրկնվել:
Վառվեց նաև քարաշեն մի տուն, հետո երկրորդը:
Շեփորահարն ուրախացավ. այդ երկու տունը ինքը չէր վառել, ուրեմն, քաղաքում իր նմաններ էլի կային: Զարմանքով, ուրախությամբ՝ ամեն անգամ նա փչում էր դեղին շեփորը և լայն բացած աչքերով տեսնում մարդկանց սարսափը, ստորությունը, թուլությունը: Ու հաճախ, երբ նա սկսում էր փչել, մարդիկ հասկանում էին, որ ինչ-որ տեղ, ուրեմն, վաղուց մարել է հրդեհը և մոխրացել է ամեն ինչ: Իսկ շշուկները սողում էին՝ տնից տուն, սրտից սիրտ և ավելի երկաթակուռ էին դառնում դռները, սրտերը, մտքերը, մարդիկ վախենում էին մտածելիս, անգամ հայելուն նայելիս. թվում էր ինչ-որ մեկն ականջ է դնում:
Տարիներն անցնում էին:
Եվ եկավ տարին, երբ մեռան շշուկները, բացվեցին դռներն ու սրտերը: Հրդեհները վերջացան: Քաղաքն արդեն լրիվ քարաշեն էր, մարդիկ ազատ էին շշուկներից, կասկածներից, նրանք սկսեցին սովորել իրենց մտքերը բարձրաձայն ասելուն: Լավ էր, թեպետ սկզբում՝ անսովոր: 
Այդպես անցավ քսան տարի:
Եվ չեղավ այլևս ոչ մի հրդեհ: Շեփորահարն արդեն զառամյալ էր, կլիներ վաթսուն կամ ութսուն տարեկան: Արդեն շատերը գիտեին, որ նա էր վառել իր բարերարի տունը, որ մեռավ, որի կինն ապրում էր դեռ՝ կույր ու խելակորույս, բայց նույնիսկ դա կարծես ներել էին կամ ուզում էին մոռանալ: Գուցե նա հարյուր տարեկան էր, ո՞վ գիտե, մահն էլ երևի թույլ էր տարիների թվաբանությունից:
Եվ մի գիշեր…
Եվ մի գիշեր նորից լսվեց շեփորի ձայնը: Տագնապով, անցած օրերի սարսափով մարդիկ դուրս թռան տներից, որոնելով հրդեհը, որ հանգցնեն, իրար օգնելով, զգույշ, մեջք մեջքի:
Բայց հրդեհը չկար:
Իսկ ծերուկ շեփորահարը փչում էր: Մարդիկ իրար նայեցին ինչ-որ բան հասկացած, հետո ուրախ ծիծաղեցին, բարձր, զարամացած, իսկ մի քանիսը գնացին դեպի շեփորահարի տուն, որը դեռ բլրի վրա էր: Շեփորը դեռ հնչում էր խռպոտ, չոր ու կատաղի, երբ մարդիկ ներս մտան: Ծերուկը կանգնած էր բաց լուսամուտի առաջ՝ սպիտակ գիշերանոցով, որ պատանքի էր նման: Նա փակել էր աչքերը, որովհետև այդպես հնարավոր էր հրդեհ հորինել, բաց աչքերը խանգարում էին: Նա նման էր դիակի, որ միայն հինգ րոպեով դուրս էր եկել շիրմաքարի տակից. և մարդիկ գոռացին.
- Լռիր, մեռել:
Ծերուկը իրոք լռեց, փակ աչքերով նայեց մարդկանց, ձեռքից ցած գցեց շեփորը, որը զնգաց ժանգոտ ու խեղճ: Նա չտեսավ, բայց լսեց մարդկանց: Հետո փլվեց հատակից ու մեռավ: Երևի պարզապես մոռացել էր մեռնել:
Հիշեցրին: Հիշեց: Մեռավ:
Ահա բոլորը:
Իսկ աշխարհում հրդեհներ այլևս չէին լինելու:
Չէի՞ն լինելու…

1966թ. 


"Ապրած և չապրած տարիներ" գրքից 
Վարդգես Պետրոսյան

10/06/2013

Ինչու են շուտ մեռնում ծաղիկները

Ինչու են մեռնում ծաղիկները
Այս պատմվածքը ես գրել եմ մի աղջկա համար, որն այդպես էլ չիմացավ, թե ես սիրում եմ իրեն: Գրել եմ հարյուր տարում, գուցե ավելի: Գրել եմ հողի տակ: Մի զարմացեք, մարդիկ, ես հիմա կպատմեմ, թե ինչպես մեռա ամառային տոթ մի օր, երբ խշշում էին մեր փողոցի ծառերը...


***


... Ես հիշում եմ իմ կյանքի վերջին օրերը, որ նման չէին ոչ մի անցած օրվա: Աշխարհի համար ես շատ երջանիկ էի. եղբայրներ, քույր ունեի, ընտանիք, երեխա, որ զանգակ էր ու առվի խշշոց: Ուրիշ էլ ի՞նչ էր հարկավոր երջանկության համար: Բայց երևի հարկավոր էր, քանի որ ամառվա շոգին, երբ արևից ու երազներից թմրած՝ կանգնած եք եղել, կատակասեր մեկը սառը ջուր է լցրել ձեր ծոծրակին: Առաջին պահ վեր եք թռել, երևի նույնիսկ կշտամբել այդ անողին, իսկ հետո հանկարծ զգացել եք, որ հենց դրա համար էիք կանգնած արևի տակ, գուցե ամբողջ կյանքում դրա համար էիք կանգնած: Նա այդպես լցվեց իմ կյանքի մեջ՝ խելագար ու զարմանալի, ոչինչ չպահանջող և անզգույշ: Ես հիմա չեմ հիշում՝ գեղեցի՞կ էր նա արդյոք: Նրա աչքերի մեջ կար հարցական մի տխրություն, մի քիչ երկինք և մի քիչ խշշոց: Ինձ թվում էր այդ աչքերն անընդհատ նայում էին կյանքին ու հարցնում՝ ինչու՞... Նա եկավ առանց հարցնելու, փաթաթվեց իմ օրերին՝ ինչպես խաղողի վազն է բարձրանում փայտե հենակների վրա, և ինձ համար կախեց իր ջահելության ողկույզները՝ բոլորը, ինչ ուներ: Եվ ոչինչ չպահանջեց: Ոչինչ: Ես մինչև վերջն էլ չկարողացա այնպես անել, որ նա հավատա, թե ես էլ իրեն եմ սիրում: Այն ժամանակ երևի ես էլ չէի հավատում, քանի որ ամեն րոպե հիշում էի. ես իրավունք չունեմ նրան սիրելու: Եվ գուցե նրա համար, երբ նա իմ ոտքերի տակ էր դնում իմ ամբողջ կյանքը, ես նայում էի ժամացույցիս, նա ինձ էր բերում իր ջահելության ամբողջ մերկությունը, իսկ ես փակում էի վարագույրներն ու հանգցնում լույսը: Ես նրա հետ երբեք դուրս չեկա փողոց, և աշխարհն այդպես էլ չիմացավ, որ ես վերջապես երջանիկ եմ: Մեր սերը նման էր խարույկի, որ մենք ծածկել էինք ուզում ձեռքերի ափերով, թեպետ կրակը թեժ էր ու անդիմադրելի:
Բայց շատ է երկարում իմ սկիզբը:
Իմ մեռնելուց առաջ ես հիվանդ էի: Ամբողջ օրը ինձ մոտ էին մայրս, եղբայրներս, կինս՝ տխուր ու գունատված, թեպետ վերջին օրերին մենք արդեն չէինք հասկանում ու ճանաչում իրար: Չկար նա՛ միայն, որին ամենից շատ էի սպասում ու սիրում: Նա չէր կարող գալ մեր տուն: Եղբայրներս գիտեին, որ ես կմեռնեմ, բժիշկն ասել էր. նրանք հավատում էին, երևի նաև սպասում՝ տխուր ու հաշտված: Միայն մայրս չէր հավատում, բայց ոչ թե նրա համար, որ չգիտեր բժշկի ասածը...
Ավելի լավ է պատմեմ իմ վերջին օրվա մասին: Ես գիտեի  արդեն, որ մեռնելու եմ հենց այդ օրը: Դրա համար էլ ուզում էի ծիծաղել, երբ բժիշկը փորձում էր սրսկել, շոշափում էր ստամոքսս, իսկ հետո էլ դեղ գրեց. "Մի շաբաթ շարունակ՝ օրը երկու անգամ կխմեցնեք": Ես չէի մեղադրում նրան՝ այդ հանգիստ, տաք ձեռքերով մարդուն. նա ուղղակի չէր հասկանում ինձ, և ոչ մի բժիշկ չի հասկանում, որ մարդիկ մեռնում են միայն այն ժամանակ, երբ հոգնում են: Իսկ մեկը կարող է հոգնել տասնութ, մյուսը՝ յոթանասուն տարեկանում: Ես հոգնել էի: Բայց տխուր չէի: Իմ աչքերի առաջ գրապահարանս էր, բայց ես չէի մտածում, որ այդ գրքերին այլևս չեն դիպչի իմ մատները: Ես գիտեի, որ ինչ-որ մատներ կդիպչեն, իսկ գրքերի համար միևնույն է: Գրքերը մի քիչ նման են բամբասասեր մարդկանց. նրանք իրենց գաղտնիքներն ասում են ամենքին, ուրեմն ուրիշին էլ կասեն: Ես տխրությամբ էի նայում միայն իմ լուսամուտի տակ խշշացող ակացիին և երկնքին, որ երևում էր հեռվից: Ես կուզենայի ինձ հետ այնտեղ՝ հողի տակ տանել միայն մի քիչ խշշոց ու մի շերջ երկինք: Բայց գիտեի, որ դա անհնար է:
- Ես գնամ ծխախոտ վերցնեմ,- հանկարծ լսեցի մեծ եղբորս ձայնը, որը, ես գիտեի, չի ծխում:
Նա կամ գնում էր մտերիմներին հեռագիր տալու, կամ չէր ուզում տեսնել, թե ինչպես եմ մեռնում: Ես հասկացա նրան և հայացքով հրաժեշտ տվեցի, որովհետև մենք այլևս չէինք հանդիպելու այս աշխարհում: Նա դուրս գնաց: Ես կնոջս ասացի, որ տնից տանի երեխային՝ մի քիչ օդ շնչելու: - Կտանեմ, - լսեցի ես ու տեսա, որ նա վերջին անգամ էլ չհասկացավ ինձ ու չիմացավ, որ այլևս երբեք չի լսի իմ ձայնը: Ես մորս էլ ինչ-որ բան ասացի, բայց նա չգնաց: Ես շատ տխրեցի դրա համար ու դանդաղ փակեցի աչքերս: Որքան անցավ, չեմ հիշում, միայն հանկարծ լսեցի մորս աղեկտուր ճիչը ու իմացա, որ արդեն մեռել եմ: Փակ կոպերիս արանքից ես տեսա, թե ինչպես ներս ընկան բոլորը, ինչպես դուրս տարան մորս, որն առաջինն զգաց իմ մահը, թեպետ միակն էր, որ չէր հավատում:
Հետո ամեն ինչ եղավ այնպես, ինչպես լինում է:
Երկու օր շարունակ իմ շուրջը մարդիկ էին, և ես տեսա իմ շատ ծանոթների, որոնց տարիներով չէի տեսել: Նրանք լալիս էին կամ կանգնում մռայլ ու լուռ, հետո գնում: Պատահում էր՝ ես հոգնում էի այդ ձայներից ու լռությունից, ուզում էի խնդրել, որ խոսեն կամ լռեն, բայց այնպես անդորր էր իմ ներսում, որ ես չէի բացում աչքերս: Ես սկսեցի զարմանքով նայել մարդկանց, որոնցից շատերին, թվում էր, լավ էի ճանաչում: Նրանք չգիտեին, որ ես նայում եմ ու դրա համար չէին ձևանում: Ես հիշում էի, թե ինչ էի մտածում նրանց մասին, երբ ապրում էի ու, ճիշտն ասած՝ երբեմն ամաչում էի անցած մտքերի ու կարծիքների համար: Բայց ամենից շատ այդ չէր ինձ զբաղեցնողը. ես ամեն օր որոնում էի նրան, որը չէր գալիս: Ես գիտեի, որ նա չէր կարող գալ ու անշշուկ կանգնել իմ գլխավերևում, ինչպես ուրիշները, ես գիտեի, որ հենց նա ներս մտներ, ամենքը կիմանային: Ես շատ էի կարոտել նրան, շատ էի սպասում, ուզում էի նույնիսկ խնդրել մորս, որ կանչի, բայց շատ էի հոգնած և դրա համար չէի կարողանում բացել աչքերս: Շատ էի հոգնած, և հետո՝ առաջին անգամ էր, որ հանգիստ կարող էի մտածել նրա մասին, իմանալով, որ ոչ ոք չի խանգարի՝ ոչ հեռախոսի զանգով, ոչ հայացքով, ոչ սիրով, ոչ ատելությամբ: Ես նրա մասին էի մտածում նաև այն ժամանակ, երբ ինձ տանում էին ձեռքերի վրա՝ իմ փողոցով, որտեղ ես մեծացել էի, սիրել, հոգնել: Փողոցում լիքը արև կար, բայց առաջին անգամ զգացի, որ չեմ շոգում ու ուզում եմ, որ ավելի արև լինի, ավելի մեծ, ավելի տաք: Ես նայում էի իմ փողոցին. տրամվայները, մեքենաները, մարդիկ կանգնել էին ինչ-որ տխրությամբ, որից իմ սիրտը հոգնել էր: Ես չէի ուզում, որ մարդիկ տխրեն նաև իմ պատճառով և դրա համար բոլորովին էլ վատ չզգացի, երբ ծառի տակ տեսա մի տղայի ու մի աղջկա՝ իրար բռնած, ժպտալով իրար աչքերի մեջ նայելիս: Սկզբում ինձ թվաց, թե նրանք դեռ չեն նկատել իմ թափորը, բայց հետո աղջիկը նայեց ուղիղ դեպի ինձ ու նորից ժպտաց: Տղան էլ նայեց՝ բարի, ուրախ աչքերով: Ես էլ ուզեցի ժպտալ, նույնիսկ ձեռքով անել, բայց շատ էի հոգնած և հետո՝ եթե բարձրացնեի ձեռքս, ծաղիկները կթափվեին ներքև: Ես երկար նայում էի իմ փողոցին, օդին, նայում էի այն քարերին, որոնց քսվել են իմ ոտքերը, և տխուր էի: Ես մտածում էի, որ փողոցը միայն մի րոպեով է տխրել՝ մինչև որ մենք անցնենք, հետո ամեն ինչ կլինի այնպես, ինչպես եղել է. մեքենաներն էլ, մարդիկ էլ կգան իրենց ճանապարհով և այդպես կլինի վաղը, միշտ: Ես գիտեի, որ քարերն էլ հիշողություն չունեն՝ ինչպես մարդիկ, և ինձ շուտ կմոռանան: Գիտեի: Հետո մենք մտանք գերեզմանոց և այդտեղ էր, որ տեսա նրան: Տեսա ու ժպտացի. այսինքն, այդ ժպիտը միշտ էլ կար իմ դեմքին, քանի որ վերջին րոպեին ես նրա մասին էի մտածել: Իմ փակ կոպերի արանքից, երկու օր շարունակ, ես տեսնում էի, որ ոչ ոք չի հասկանում այդ ժպիտը, ոմանք էլ նայում էին տարօրինակ ու զարմացած: Բայց գերեզմանի մոտ նա հասկացավ, նույնիսկ տեսա, որ ժպիտով պատասխանեց ինձ: Հետո նրան ծածկեցին իմ հարազատները, իմ մտերիմները, ու ես հիշեցի մեր  վերջին գիշերը... Մենք քայլում էինք մութի միջով. միայն մութի մեջ մենք կարող էինք սիրել բաց աշխարհում, դրա համար էլ ատում էինք ոչ միայն էլեկտրական լույսերը, այլև աստղերը, երբ նրանք չափից դուրս վառ էին լինում: Մենք քայլում էինք մութի միջով, և նա ուզում էր, որ ասեի, թե աշխարհում ամենից շատ սիրում եմ իրեն: Ես լուռ էի, ես երևի զգում էի արդեն, որ հոգնել եմ՝ չասելուց այդ նախադասությունը, որ կուզենայի գոռալ բոլոր բարձրախոսների ձայնով: Հոգնել էի այս մթությունից, լույսերից, ամեն ինչից, իսկ նա սպասում էր: Ես հետո, արդեն հողի տակ, շատ ափսոսացի, որ նրան չեմ ասել այդ բառերը, որ նրանն էին, բայց ուշ էր արդեն:
Մինչ ես մտածում էի մեր վերջին գիշերի մասին, ինձ արդեն ներքև էին իջեցնում: Իմ հարազատների ոտքերի արանքից ես նրան տեսա վերջին անգամ ու լսեցի նրա հայացքը.- Գա՞մ,- ասում էր նա: - Գա՞մ,- այդպես էի ես լսում նրա ձայնը խոսափողի մեջ այն ժամանակ: Այդ վերջին վայրկյանին ես զգացի, որ բավական է գլխով անեմ, և նա կգա, բայց նա ընդամենը քսանմեկ տարեկան էր, և ես նրան պատասխանեցի.- Մնա: Նա այդ անգամ էլ լսեմ իմ հայացքը, լսեց անմռունչ՝ ինչպես միշտ: Հետո նրան ծածկեցին իմ հայացքից, հետո ես տեսա, որ արդեն ներքևում եմ, հետո լսեցի քարերի և հողի ծանոթ աղմուկը: Հետո այլևս ոչինչ չլսեցի. մնաց միայն ծաղիկների խիտ բույրը, որ քարացավ իմ ու հողի արանքում: Հետո ես թմրեցի նրա մասին մտածելով. աշխատեցի հիշել ամսաթիվն ու օրը, բայց միայն մեկ-երկու շաբաթ կարողացա շարունակել օրացույցը:
Այդպես անցան օրեր, ամիսներ, երևի տարիներ: Ու ես հիշեցի այն խոսքերը, որ չասացի նրան, աշխարհին ու դրա համար էլ սկսեցի հողի տակ մրմնջալ ուշացած այս խոստովանությունը: Ես սկսեցի ապրել չասված այդ խոսքերով ու ամեն օր ուզեցի հիշել՝ ինչքան տևեց մեր սերը, մի քանի... ես չհիշեցի թե ինչ՝ ամի՞ս, օ՞ր, տարի՞...


***


Ու մի օր ես նորից տեսա երկինքը, մեր գերեզմանոցը քանդել էին և նրա տեղում այգի էր՝ խոտերմ ծաղիկներ: Ես ծաղիկ էի: Ես հրճվանքով նայեցի շուրջս, ուրախանալով, որ կգտնեմ նրան ու կտամ այս խոսքերը, որ իրենն էին... Բայց նա չկար. իմ շուրջն ուրիշ ծաղիկիներ էին, որոնց չէի ճանաչում: Հասկացա, որ երևի մի ամբողջ հարյուր տրաի մնացել եմ հողի տակ, և նա էլ, երևի, հիմա կամ ծաղիկ է, խոտ կամ մի բուռ ցորեն, ո՞վ գիտի, աշխարհի ո՞ր դաշտերում... Ես պատրաստ էի նրան գտնելու համար ման գալ ամբողջ երկրագունդը, բայց ես միայն ծաղիկ էի և իսկույն մեռա, երբ փորձում էի ոտքերս հանել հողից: Մեռա վերջին անգամ: Եվ երբ նորից դարձա հող, այդ պահին միայն հասկացա, թե ինչու են շատ մեռնում ծաղիկները: Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ-որ մարդիկ են, որոնք հողից դուրս գալով փնտրում են մեկին և որովհետև չեն գտնում, մեռնում են շուտով, մեռնում են վերջին անգամ: ՈՒ ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով. "Մի կորցնեք, մարդի՛կ":


Այս տողերը մի աղջկա համար էին, որին սիրում էի և որին չգտա: Դրա համար ձեզ եմ տալիս, մարդիկ, որ կյանքում միշտ կորցնում եք հենց ամենաթանկը՞

1965

"Ապրած և չապրած տարիներ" գրքից 
Վարդգես Պետրոսյան





comment