Translate

8/08/2013

<Արի տուն> ծրագրի 6-րդ փուլի մասնակիցներ



17-ամյա Կառլա Սարգիսը և Գոհար Ալաբյանը Հայաստան են եկել Լիբանանից: Կառլան առաջին անգամ է Հայաստանում, իսկ Գոհարը 2 ամիս առաջ ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հայաստան՝ մշտական բնակության:
Լիբանանի հայկական դպրոցում սովորել են արևմտահայերեն գրել, կարդալ, հայրենասիրական երգեր: Այստեղ նեղվում են միայն մի բանից, որ արևելահայերենին լավ չեն տիրապետում,  և կցանկանային արևելահայերեն լավ իմանալ:
Կառլա Սարգիսը փաստաբան է ցանկանում դառնալ, իսկ Գոհար Ալաբյանը Հայաստանում պատրաստվում է սովորել խոհարարություն:
Այստեղ նոր ընկերներ են ձեռք բերել, սակայն այստեղի պատանիների ազատությունը միանգամայն տարբեր է լիբանանահայ պատանիների՝ ազատության մասին պատկերացումներից: «Արի տուն»  ծրագրի շրջանակներում այցելած վայրերից Կառլային ամենից շատ դուր է եկել Սարդարապատը: Նրանք երկուսն էլ սիրահարվել են իրենց հայրենիքին, նրա  բնությանը, օդ ու ջրին…
Կոլյան, Մարիամը և Մարգարիտան եղբայր-քույրեր են: Կոլյան և Մարիամը առաջին անգամ են Հայաստանում, իսկ իրենց ավագ քույրը՝ Մարգարիտան, 4-րդ անգամ է հայրենիք այցելում:
Նրանք Աշտարակի ձորն են ամենից շատ հավանել: Այստեղ տատիկի տանն են հյուրընկալվել: Շատ ուրախ են, որ տատիկի խորհրդով մասնակցել են «Արի տուն» ծրագրին, և այժմ գտնվում են Հայաստանում: Երեխաները հիանալի օրեր են անցկացնում՝ տեսարժան վայրեր այցելելով, իրենց հասակակից հայաստանաբնակ և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ պատանիների հետ շփվելով: Եվ ամենակարևորը՝  արդեն սովորել են հայերեն տառերը…

Մաղինե Զիքյանը Հայաստան է եկել Ֆրանսիայի Մարսել քաղաքից: Վերջին անգամ 9 տարի առաջ է եղել Հայաստանում: Հյուրընկալվել է հարազատների տանը: Հայաստանից ստացած իր տպավորություններով նա կիսվել է «Հայերն այսօրի» թղթակցի հետ:
«Այստեղ շատ ընկերասեր են, շատ ավելի ջերմ, քան Ֆրանսիայում: Ֆրանսիայում սառն են մարդիկ, այնտեղ փողոցները ավելի աղտոտ են, քան Հայաստանում: Ես սիրում եմ Հայաստանը, բայց կցանկանայի հետագայում Իսպանիայում բնակվել, Հայաստանում չեմ կարող…
Հայաստանում ինձ դուր չի գալիս, թե ինչպես են ավտոմեքենաներ վարում…»:
Մաղինեն մասնագիտությամբ կոսմետոլոգ է, և երբ վերադառնա Ֆրանսիա, կաշխատի իր մասնագիտությամբ:
Մարիամ Նազարյան
«Արի տուն» ծրագրի մասնակիցները սիրահարվել են իրենց հայրենիքին, նրա բնությանը, օդ ու ջրին…
«Արի տուն» ծրագրի մասնակից. «Այստեղ շատ ընկերասեր են»


comment