Translate

8/09/2014

Կյանքում կարևոր է ճիշտ մոլորակ ընտրելը

Այս կյանքում յուրաքանչյուրս ունի իր պատմությունը:
Եթե մի պահ հիշենք մեր անցած ուղին, կարծում եմ բոլորս էլ կհիշենք, թե որքան տարբեր մարդիկ են եղել մեր կյանքում: Նրանցից շատերը փոխարինել են հին ընկերներին, շատերը համալրել մեր ընկերների շարքերը:
Անկախ մեր կամքից մենք նմանվում ենք մեր ընկերներին: Դա կարելի է նկատել անգամ հասարակ զրույցներում, երբ օգտագործում ենք մեր ընկերների բառապաշարից բառեր, անկախ մեր կամքից նրանց նման ենք ծիծաղում…
Մեր շրջապատը մենք ենք ընտրում:
Ցանկությունը քոնն  է, ցանկանում ես հասնել ցանկալի արդյունքի, առաջինը նայի՛ր շուրջդ, եթե գտնես հաջողության հասած մարդկանց կողքիդ, ուրեմն ճիշտ ուղու վրա ես, եթե ոչ, ապա մտածի՛ր՝ հայտվել ես ոչ ճիշտ սենյակում, փոխի՛ր քեզ՝ ընտրելով ճիշտ ընկերակիցներ:
Շատ մեծ է ընկերակիցների դերը մեր կյանքում: Շփում հաջողության հասած մարդկանց հետ կարելի է համարել նաև նրանց հաջողության պատմությունները կարդալը: Երբ կարդում ես նրանց անցած կյանքի մասին, ինքդ սկսում ես այդպես մտածել ու փոխվում է աշխարհայացքդ:
Նման ընկերակիցների կողքին, իհարկե, շատ ավելի լավ է:
Կյանքում նոր գաղափարների և ոգեշնչման հիմնական աղբյուրն են  հանդիսանում քո մոլորակում հայտնված մարդիկ:
Ընկերներիցս մեկի հետ զրուցում էինք, վայրկենապես ծնված միտքը առիթ դարձավ գումար աշխատելու: Իսկ արդյունքը շատ արագ ստացվեց, ընդամենը երկու օր հետո գաղափարը իրականություն դարձավ ու եկամուտ բերեց:

Պետք է միշտ հետևես քո մոլորակին և փորձես այնտեղ քեզ համար հիանալի միջավայր ստեղծել:








Մարիամ Նազարյան




8/05/2014

Օր 3-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» մասնակիցներն արժանացան գյումրեցիների ջերմ ընդունելությանը




Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» մասնակից «Կոմիտաս» (ԱՄՆ), «Ովսաննա» և «Նորահրաշ» (ՌԴ) և «Արցախ» (Եգիպտոս) երգչախմբերը եղան Շիրակի մարզում:
Նրանք նախ այցելեցին Հառիճավանք, որտեղ կատարեցին «Հայր մերը»: Այնուհետև վանքի հոգևոր սպասավոր Գարեգին սարկավագ Կադեյանը փառատոնի մասնակիցներին ներկայացրեց եկեղեցական համալիրի պատմությունը, Կոմիտաս վարդապետի գործունեությունն այնտեղ: Սարկավագը մասնակիցների օրհնության կարգ մատուցեց և մաղթեց հաջող համերգային ծրագիր, որը տեղի ունեցավ երեկոյան՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Համերգային ծրագիրը բացեց Միացյալ Նահանգներից ժամանած «Կոմիտաս» երգչախումբը՝ արժանանալով գյումրեցիների բուռն ծափողջույններին:
Դահլիճում առավել ոգևորություն տիրեց, երբ բեմ բարձրացան Մոսկվայից ժամանած «Նորահրաշ» երգչախմբի փոքրիկ կատարողները: Այնուհետև նրանց միացավ «Ովսաննա» երգչախումբը: Տպավորիչ էին նաև Եգիպտոսի «Արցախ» երգչախմբի կատարումները:
Համերգային ծրագրի ավարտին իր խոսքում «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին նման ջերմ ընդունելության համար և շնորհավորեց փառատոնի մասնակիցներին , որ փայլուն ելույթներ ունեցան:







03.08.2014
Մարիամ Նազարյան

7/09/2014

Կարոտի ճամփաներով…



«Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի մասնակիցներ Նաիրա Եփրեմյանը և Արմեն Մաչկարյանը նպատակ ունեն ուսումը շարունակելու Հայաստանում: Լատվիայից ժամանած Նաիրան Հայաստանում է գտնվում ընտանիքի հետ: Հետագայում ուսումը Հայրենիքում շարունակելու մտադրությամբ, նրանք եղել են մայրաքաղաքի մի շարք դպրոցներում, հարցուփորձ արել, տեղեկացել ուսումնական ծրագրերի մասին: Նաիրան հիացած է Հայաստանի եկեղեցիներով, իսկ ամենից շատ՜ Խորվիրապով: Խոստովանում է, որ մեծ սիրով է սովորել մեր ազգային երգն ու պարը, հայոց պատմության կարևորագույն էջերը: Նաիրայի համար Հայրենիքը առեղծվածներով լի մի հրաշք երկիր է,որին հրաժեշտ տալը շատ դժվար է: Աղջիկը համոզված է, որ հրաժեշտն անպայման մի նոր հանդիպումի սկիզբ է դառնալու: Վրաստանից եկած 14-ամյա Արմեն Մաչկարյանին էլ ամենից շատ դուր է եկել Գառնու հեթանոսական տաճարը, շրջակա բնությունը, մաքուր օդն ու սառնորակ ջուրը, ինչպես նաև տաճարի հարևանությամբ գործող հայկական գունագեղ շուկան՝ ախորժելի գաթաներով, հայկական չրերով, պահածոներով և ինքնատիպ հուշանվերներով: «Դեռ որքան գույներ ունի Հայրենիքս,որոնք չեմ տեսել….»,-ասում է Արմենը:
Հայորդիներից շատերի համար է Հայրենիքը առեղծված ու մեծ խորհուրդ. նրանցից շատերի աչքերում է հայրենաբաղձության անափ կարոտը….Այդ կարոտի ճամփաներով էլ նրանք կրկին կգան Հայրենիք:


04.07.2014
Մարիամ Նազարյան

comment