Translate

7/06/2014

Արտյոմ Վարդանյան. Հայաստանում ինձ համար շատ դժվար է մասնագետ գտնելը


1.Այսօր Jambo Exotic Park & Restaurant-ն իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստանի ռեստորանների շարքում, ի՞նչը առիթ հանդիսացավ նման համալիր ունենալու հենց Հայաստանում:
Հայաստանը իմ ծննդավայրն է, Հայաստանը աշխարհի իմ ամենասիրելի երկիրն է: Ուրիշ շատ գործեր եմ ձեռնարկել այլ երկրներում, բայց նմանատիպ բան չէ: Չնայած, անկեղծ ասած, յուրաքանչյուր ուրիշ երկրում սա`  որպես բիզնես նախագիծ, շատ ավելի լավ կաշխատի, ինչպես նաև շատ ավելի մեղմ պայմաններում: Ղրիմում շփվել եմ գազանանոցի տիրոջ հետ, որը բացել է կենդանիների պարկ, նաև Ամստերդամի պարկը, որը իր մեջ ներառում է շատ ռեստորաններ, սրճարաններ, իրենք պետության կողմից ստանում են 4մլն դոտացիա, իսկ տոմսերի արժեքը 28 եվրոյից է սկսում: Այստեղ ոչ մի արտոնություն չկա:
2.Քսան տարի ապրելով Հայաստանում, հե՞շտ է Ձեզ համար այստեղ գտնել լավ մասնագետ:
Լրիվ տարբեր է այստեղ մարդկանց մտածելակերպը: 180 աստիճանով տարբերվում է: Այնտեղ ամեն մեկը իր աշխատանքը գիտի: Այս ամենը գալիս է Հայաստանի իրավիճակից, որ հիմա շատ մարդիկ ստիպված են լինում զբաղվել լրիվ ուրիշ մասնագիտությունով՝ լինելով լրիվ ուրիշ մասնագետ: Զբաղվել մի բանով, որը իրենց գործը չի: Մեր մոտ դառնում են շատ լայն պրոֆիլի մասնագետներ: Նրանք կարող է մեր ուսանողների նման շատ բան չիմանան, բայց շատ լավ իրենց մասնագիտությունը գիտեն: Ինձ համար սարսափելի դժվար է մասնագետ ընտրելը: Մարդիկ իրենց փորձով շատ ավելի մեծ արդյունքի են հասնում, քան սովորելով:
3.Կարո՞ղ եք նշել Հայաստանի և Հոլանդիայի աշխատանքային շուկայի տարբերությունները:
Այստեղ աշխատողը ոչ մի բանով պաշտպանված չէ: Ամեն վայրկյան տնօրենը կարող է գործից հանել աշխատողին: Արտասահմանում դու չես կարող հանել գործից աշխատողին առանց լուրջ պատճառի.  օրենքը միշտ աշխատողի կողմն է: Աշխատողը կարող է դատի տալ քեզ ու 100 տոկոսով կշահի դատը: Մեզ մոտ էլ եղավ այդպիսի մի դեպք: Աշխատողներից մեկը շատ վատ էր աշխատում և ես հայկական մեթոդներով ասացի, որ էլ չգա աշխատանքի, և այդ չգալը ինձ վրա նստեց 3 տարի:
Դիմել էր բժշկի, որ դեպրեսիայով հիվանդ է, և 3 տարի իր բուժման զգալի մասը մենք էինք փոխանցում: Աշխատանքային շուկայում աշխատանքի պահանջարկ ունեմ, որը, Ճիշտ է,  շատ դժվար է բավարարվում, բայց կգտնեմ երիտասարդների, որոնց կսովորեցնեմ ու հաջողության կհասնենք:
4. Ի՞նչ մարքեթինգային քայլեր են կատարվել բիզնեսի զարգացման համար:
Ցանկացած բիզնեսում, երբ դու պետք է սկսես ինչ-որ գործունեություն ծավալել,   կա՛մ դու պետք է ունենաս շատ մեծ գումար, կա՛մ դա պետք է լինի ինչ-որ Know-how, կա՛մ լավ բիզնես առնես արդեն գործող, բայց այդ դեպքում վտանգը մեծ է, որ կարող  է խափանես այդ բիզնեսը ու չկարողանաս նախկին ղեկավարի նման ճիշտ գործել:  Եվ ամենակարևորը  շուկայում պետք է լինես յուրահատուկ: Հայաստանում մի քիչ այլ է, այստեղ քո բիզնեսից հիմնականում օգտվում են քո ծանոթ-բարեկամները:
Ճիշտ մարքեթինգային քայլ իրականացնելու համար պետք է նախ ուսումնասիրես շուկան, վերցնես վիճակագրություն՝ տեսնելու համար, թե ինչպես է զարգացել բիզնեսը, որում ցանկանում ես ներդրում կատարել:
Ամենալավ մարքեթինգը նա է, երբ խոսում ես մարդկանց հետ, սեփականատերերի հետ, ընկերանում ես նրանց հետ, և իրենք շատ հեշտ, առանց որևէ բանի իրենց գաղտնիքները քեզ ասում են:
Այն ժամանակ, շատ պատահական ինչ-որ տարածք էինք գնել, որտեղ հյուրանոց էր եղել, բայց շատ վատ վիճակում էր: Գործընկերներս ասեցին վաճառենք, և որոշեցինք վերանորոգելուց հետո նոր վաճառել: Եվ վերանորոգման ժամանակ զգացի, որ պահանջարկ կա: Դա 2003-2004 թվականներն էր, երբ, մանավանդ Ամստերդամում, տուրիզմը զարգացած էր: Եվ մենք հաջողության հասանք: Բայց հիմա ուրիշ մարքեթինգ պետք է իրակացնել, որովհետև տուրիզմի շուկան նստած է ճգնաժամից հետո: Բիզնեսը 14-16 անգամ արենդայի գինն արժե: Կամ պետք է վերցնես 0-ից մի շենք կառուցես, բայց դա էլ շատ բարդ է, որովհետև այնտեղ լիցենզիա չեն տալիս: Հայաստանում մարդիկ կարող են իրենց տունը հյուրանոց սարքել: Այնտեղ այդպես չէ, բայց, եթե ինչ-որ ժամանակ այդ շենքի վրա եղել է լիցենզիա, դու կարող ես վերականգնել դա: Այդպիսի մի խումբ կար, ու մենք վերցնում էինք տարածքը, պայմանագիր էինք կնքում, իրենք ընթացքում վերականգնում էին լիցենզիան, իսկ մենք կառուցման ժամանակ Ռուսաստանից ֆինանսավորում էինք ստանում: Հիմա այդ բոլոր հյուրանոցները վաճառել ենք: Symphony հոթելները կան, ես այդ ցանցը 0-ից եմ ստեղծել: Ամեն ինչ պահպանվել է իմ ստեղծած ներքին հարդարանքով… պարզապես մենք կարողացանք մեր բիզնեսը բարձր արժեքով վաճառել:
5.Թերևս միակ դժվարությունը Jambo այցելելու, քաղաքից փոքր-ինչ հեռու գտնվելն է: Հետագայում կան տրանսպորտի հետ կապված պլաններ:
Շուտով կլինի: Մենք նույնիսկ երկու հարկանի տրանսպորտ ենք որոշել բերել արտասահմանից, որը ոչ միայն մեզ համար կաշխատի, այլ նաև տուրիստների համար:
6.Ի՞նչ լրացուցիչ ծառայություններ է մատուցում Jambo-ն:
Մենք  2 ամիս է, ինչ բացել ենք Jambo Exotic Park & Restaurant-ը: Ընթացքում նոր հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում: Դահլիճի տանիքին բացօթյա տարածք է լինելու հարսանեկան արարողությունների համար: Միգուցե այստեղ լավ չգործի, պարզապես հայերը ստանդարտներից շեղվել այդքան էլ չեն սիրում: Սակայն մենք առաջարկում ենք օրիգինալ կորպորատիվ միջոցառումներ, հարսանեկան հանդիսություններ, ծննդյան տոնակատարություններ, ձիավարություն: Մանկական ժամանցի մեջ մտնում է նաև Jolly Art ընկերության կողմից առաջարկվող ավազե նկարչությունը:

Jambo Exotic Park & Restaurant-ը հիանալի վայր է Ձեր ընտանիքի, հարազատների և ընկերների հետ ժամանց անցկացնելու համար: Մանրամասն կարող եք ծանոթանալ ֆեյբուքյան էջում - Jambo Exotic Park & Restaurant:

04.07.2014
Մարիամ Նազարյան

6/22/2014

Այսօր մեր բլոգը դառնում է մեկ տարեկան


           
Ամեն ինչ սկսվեց շատ անսպասելի, ընդամենը մեկ ուղարկված նյութից, ինչի համար շատ շնորհակալ եմ Հրաչյա Մանուկյանին, ով հանդիսանում է հաջողության բլոգի, ինչպես նաև https://www.truthly.me/ - ասե՛ք ինձ ճշմարտությունը, սոցիալական կայքի հեղինակը:
Ստանալով ինձ համար շատ կարևոր և դրական արձագանքներ իմ առաջին նյութի վերաբերյալ, այն կրեց շարունակական բնույթhttp://success.am/author/mariam_nazaryan/
Հենց հաջողության բլոգի հեղինակների և իմ ընկերների աջակցությամբ ստեղծվեց այս բլոգը` Սպասված: Տարօրինակ է հնչում, պարզապես այլ տարբերակ չկար, դոմենի խնդիր կար, ի վերջո, այդքան էլ վատ չէ :) Սկզբնական շրջանում մեծ դժվարությունների հանդիպեցի, քանի որ բոլորովին անտեղյակ էի web ծրագրավորումից:
Այնուհետև ձևավորվեց մեր փոքրիկ թիմը, որի անդամների առաջարկություններով այսօր ունենք երեք ֆեյբուքյան էջ՝ ձեռքի աշխատանքների, պատանի նկարիչների և բլոգի ֆեյբուքյան էջը:
Շնորհակալ եմ բոլորին ինձ աջակցելու, մեր փոքրիկ, բայց ջերմ թիմի բոլոր անդամներին, իմ բոլոր ընկերներին, ծանոթներին՝ մեզ հետևելու և բազմիցս աջակցելու համար, ձեր բոլորի շնորհիվ է, որ այսօր մենք արդեն մեկ տարեկան ենք:
<Բացահայտենք կյանքի գույները> խորագիրը կրող այս բլոգը և սպասված բլոգի թիմը պատրաստվում են նոր նախագծերի իրականացմանը:






6/10/2014

Ի՞նչ է տալիս դպրոցը


Հանրակրթական կրթությունը բոլոր ժամանակներում էլ ունեցել է իր մեծ և դրական ազդեցությունը ապագա սերնդի կրթման և դաստիարակման գործում: 
Դեռ հին ժամանակներում, երբ ուսուցման համար համապատասխան գրքեր չկային, եկեղեցին կամ հատուկ ուսուցիչներ միմյանց փոխանցված (դարերից եկած պատմությունները) գիտելիքները ուսուցանում էին եկող սերնդին:
Բոլոր ժամանակներում նրա դերը ահռելի է: ԻՆչպես գիտենք անցյալում եղած պատմությունները ներկայի և ապագայի հայելին են: Եվ չիմանալ այդ ամենի մասին ուղղակի չի կարելի: 
Ասորիները իրենց կրոնի մասին միմյանց միայն բառերով և խոսքով են փոխանցում: Եվ այն, ինչին հասել են նրանք, նախանձել կարելի է: Այդքան մեծ հավատ և համախմբություն աշխարհի տարբեր ծայրերում: 
Այժմ շատերը թերահավատությամբ են մոտենում մեր հանրակրթական դպրոցների տված կրթությանը: Պարզապես մենք ինքներս պետք է կարդանք և սովորենք ինքնուրույն, դասախոսները, ուսուցիչները միայն 30 տոկոսը պետք է տան, այսինքն որոշակի ուղղություն տան: Ամեն ինչ մեր ձեռքերում է և կախված է մեզանից:

Այն ահռելի տեղեկությանը, որ մենք ենք տիրապետում ինտերնետի և էլեկտրոնային գրքերի օգնությամբ, արդեն ամեն ինչ ասված է: Դժվար դրան խանգարի ուսուցչի սխալ վերաբերմունքը կամ նույնիսկ մեծ աջակցությունը:
Մեր կոչը բոլոր երեխաներին, պատանիներին և ուսանողներին՝ կարդացե՛ք ձեր և ձեր ազգի համար պիտանի նյութեր, որոնք կնպաստեն ձեր և մեր հաջողությանը, դրական լիցքեր կհաղորդեն ձեր կյանքին, ընկերներին, իմացե՛ք մեր երկրի պատմությունը (ցավոք մեր թշնամիները ավելի լավ գիտեն, երբ հայտնվում ես Արևմտյան Հայաստանում ապշում ես նույնիսկ պահակի արտահայտած մտքերից), որպեսզի հաջողությունը և հաղթանակը միշտ ուղեկցի ձեզ և մեզ: 



Մարիամ Նազարյան

comment